Առաջին անգամ էի լսում, որ գյուղում կարող է հանրակացարան լինել: Բայց Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում ինձ ուղեկցեցին հանրակացարան, որտեղ մեծ մասամբ ապրում են փախստականներ ու անապահով ընտանիքներ: Գյուղի դպրոցի փոխտնօրենն ասաց, որ անպայման այցելեմ Գևորգյաններին. «Հիվանդ մայրը մենակ երկու երեխա է պահում. գոնե բարի մարդիկ կգտնվեն»:
Անցա հանրակացարանի քարուքանդ, մութ միջանցքներով մինչև հասա Գևորգյանների սենյակի մոտ: Միակ սենյակը վարագույրով կիսված էր երկու մասի: Գետնին նստած կինը, ինձ տեսնելով, փորձեց ոտքի կանգնել. «Թելեր էի ման գալիս, ձմեռ ա գալիս, գուլպա եմ ուզում գործեմ, համ էլ պատվերներ եմ անում… համեցե՛ք»:
Ռուզաննա Գևորգյանը 36 տարեկան է, ծնունդով Վանաձորից է: Պատմեց, որ շուտ է կորցրել մորը, 17 տարեկանում ամուսնացել, ապրել են Ռուսաստանում, աշխատել է ամուսնուն հավասար, բայց 13 տարի նրա հետ ապրելուց հետո մի գիշերվա մեջ փախել է ամուսնուց՝ փրկելով երկու որիների ու իր կյանքը: Բայց հատուցել է առողջությամբ: Ռուզաննան տառապում է էպիլեպսիայով, ամեն օր ընդունեում է Կարբամազեպինի հաբեր, 2-րդ կարգի հաշմանդամ է, նրան անհրաժեշտ է լիարժեք բժշկական զննում:
«Էրեխեքիս հոր հետ ապրում էի ծեծի մեջ՝ նամուսի գերի: Ամեն ծանր աշխատանք արել եմ` վայրի սխտոր եմ հավաքել, ծախել, կով եմ մորթել: Բայց էրեխեքիս հերը խմում էր ու էնքան էր խփում գլխիս, որ հեմատոմաներ եղան ուղեղիս մեջ: Ողնաշարս էլ մի կողմից: Արդեն մի քանի տարի դժվար եմ քայլում՝ չալիկի ումուդին, բայց կարևորը՝ էրեխեքս առողջ լինեն, ուրիշ բան չեմ ուզում»,- ասում էր հազիվ ոտքերը շարժող կինն ու գոհունակություն հայտնում Աստծուց ու բարի մարդկանցից, ովքեր իրենց են տվել այդ կացարանը:
Այս երեք հոգանոց ընտանիքում երկուսը՝ մայրն ու կրտսեր որդին՝ 9 տարեկան Պավելը հաշմանդամներ են: Այս ամսվանից Պավելը նույնպես ստանալու է հաշմանդամության թոշակ՝ 19.500 դրամ: Նա ունի երիկամային խնդիրներ, հեռատեսություն, մտավոր զարգացման դանդաղում:
Փաստորեն Գևորգյանների ընտանիքը գոյատևում է 30.000 դրամ անապահովության նպաստով ու հաշմանդամության թոշակներով: Դաշտերում տարբեր վարձու աշխատանքներ է անում նաև Ռուզաննայի մեծ տղան`15-ամյա Ռաշիդը, որ գումար ունենա հիվանդ մորն ու փոքր եղբորը խնամելու համար:
Իմ այցելության սկզբում Ռաշիդը տանը չէր, գնացել էր պոմիդոր հավաքելու, բայց գալուն պես ասաց, որ հարևանին է օգնել ու գումար չի վերցնի աշխատանքի դիմաց:
«Լինում են օրեր, որ դասերս գիշերը 12-ին եմ վերջացնում, լինում են օրեր, որ ընդհանրապես չեմ կարում դպրոց գնամ գործի պատճառով: Մտածում եմ` ավելի պետքական ա փող աշխատեմ»,- ասում է Ռաշիդը ու հուզվում:
Չգիտեմ` անջատեմ տեսախցիկը, թե շարունակեմ նկարահանումը: Տեսածս իրականությունից Ռաշիդի անմանկություն առօրյայի մասին լսելուց հարցերս էլ են ուշանում: Մեր զրույցի ամբողջ ընթացքում չտեսա Ռաշիդի ժպիտը, փոխարենը տեսա անսահման տխրություն:
Ռուզաննայի ավագ որդին դասերն անելու ու խաղալու փոխարեն ստիպված է տուն մաքրել, ավլել հատակը, մորն օգնել լվացք անելիս, առավոտյան, երբ 2 ժամ ջուր են տալիս, հավաքել ջրերը, գումար աշխատել: Նա պատմեց, որ ամեն գործ էլ անում է. «Կաղամբ ենք կտրում, բարձում, խոտ հավաքում, բանջարեղեն ու միրգ քաղում, հող մշակում»,- ասում է ժամանակից շուտ մեծացած ու տղամարդ դարձած Ռաշիդը:
Ռաշիդն ունի երազանքներ` լավ սովորել ու դառնալ ծրագրավորող, որ մորն ու եղբորը իր աշխատած գումարով կարողանա լավ պահել: 15 տարեկան տղան իր աշխատած 20.000 դրամ գումարով կարողացել է մի հին համակարգիչ գնել, որը հիմա չի աշխատում: Գևորգյանների սենյակում չկա նաև անհրաժեշտ գույք, լվացքի մեքենա, սառնարան, բայց Ռուզաննան ու երեխաները համակերպվում են, փառք տալիս Աստծուն, որ միասին են:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել