HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դասընկերները միասին հող են մշակում` ավարտական ծախսերը հոգալու համար

Արշակը փողկապով, կոկիկ հագնված ներկայացել է դասի: Նրա և դասընկերների տեսքից դժվար էր գուշակել, որ ամբողջ գիշեր չեն քնել, ոռոգել են 3600 քմ կաղամբի ցանքատարածությունը: Տղաները սովորում են Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի դպրոցի 12-րդ դասարանում: Միասին որոշել են թեթևացնել ծնողների հոգսը և ընկերներով հող մշակել: Այս տարի կաղամբ են մշակել և լավ բերք են ակնկալում:

«Ավարտական դասարանում ենք սովորում, եկող տարի ծախսերը շատ են լինելու, և ընկերներով որոշեցինք այդ ծախսերը չթողնել ծնողների վրա: Նրանք ո՞ր հոգսը հոգան, գոնե մի մասով մենք թեթևացնենք: Որոշեցինք հողագործությամբ զբաղվել: Սկզբնական շրջանում մեզ օգնեցին ծնողները, բայց հիմա ամբողջ հողը ընկերներով ենք մշակում ու դրանից մեզ լավ ենք զգում»,- պատմում է Արշակը:

Կաղամբի մշակությամբ ակտիվ զբաղվում են դասընկերներից երեքը: Նրանք պատրաստվում են ծնողներին վերադարձնել նաև այն գումարները, որ հողի մշակության սկզբնական փուլում վերցրել են նրանցից:

Արշակը օրեր առաջ է դարձել 17 տարեկան և իրեն արդեն հասուն մարդ է համարում: Նույնիսկ խոսելիս իրեն մեծի նման էր պահում, փորձում էր նախադասությունները ճիշտ կառուցել` տպավորություն ստեղծելով, որ ինքը չափահաս և պատասխանատու անձ է:

Ասում է, որ վաղ մանկությունից պետք է երեխային պատրաստել, հղկել, որպեսզի լավ քաղաքացի մեծանա, և իրենք փորձում են լինել այդպիսին:

Արշակն իր հասակակիցներին խորհուրդ է տալիս դուրս գալ ծնողների «թևի» տակից և ինքնուրույնություն սովորել, օգնել ավագներին և պատրաստ լինել կյանքի դժվարություններին:

«Այդ տարիքի տղաները պետք է ինքնուրույնություն սովորեն, որոշումներ կայացնեն և ինքնուրույն լինեն իրենց որոշումների մեջ: Սկզբում դժվար է, բայց մի երկու փորձից արդեն հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բանով զբաղվել, ունակ ես ինքնուրույն գործողություններ անել: Ինքնուրույնությունը շատ լավ բան է, պիտի փորձեն»,-ասում է Արշակը:

Տղաները հույս ունեն, որ բերքն իրացնելու դժվարություն չեն ունենա: Արշակը պատմեց, որ Լուկաշինում տարածված է ձմերուկի մշակությունը: Երբ ձմերուկ գնողները եկել են գյուղ, իրենք արդեն բանակցություններ են վարել նրանց հետ, որ սեզոնին կաղամբը հենց իրենցից գնեն:

«Մտածում ենք, որ խնդիրներ չենք ունենա, կաղամբը կիրացնենք: Չենք տրտնջում դժվարությունից, ամեն ինչ լավ ա: Օրինակ՝ ամբողջ գիշեր ջուր ենք արել, չենք քնել, առավոտյան եկել ենք դպրոց, բայց ուրախ ենք, չենք դժգոհում»,- նշում է 17-ամյա Արշակը:

Հողագործությունը ռիսկային է` արտադրություն է բաց երկնքի տակ: Արշակին ու իր ընկերներին չեն վախեցնում նույնիսկ ցրտահարության, կարկտի ու երաշտի «սպառնալիքները»:

«Վնասներից չենք վախենում, քանի որ բոլոր ծախսերը կիսվում են մեր մեջ, և յուրաքանչյուրիս առանձին-առանձին ավելի քիչ գումար է բաժին հասնում, ինչն էլ նվազեցնում է մեծ վնասների ռիսկը: Հետո էլ՝ պիտի փորձենք, առանց փորձելու ի՞նչ իմանանք՝ ինչ է լինելու»,- ասում է Արշակը:

Տղաները, բացի իրենց ընդհանուր հողը մշակելուց, օգնում են նաև ծնողներին: Օրինակ` դասընկերներով հավաքվում և օրը մեկի հողամասում աշխատում են: Այդպես լուծում են նաև գումարները արդյունավետ ծախսելու հարցը և այլ աշխատուժի համար ծախսեր չեն կատարում:

Լուկաշինի դպրոցի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասում է, որ հպարտանում է տղաների պահվածքով: «Նրանք լավ քաղաքացիներ են մեծանում, օրինակ պիտի լինեն շատերի համար»,- ասում է տնօրենը:

Արմինե Պետրոսյանն ասում է, որ տղաները չեն բացակայում դասերից և իրենց աշխատանքով զբաղվում են գիշերը կամ դասերից հետո:

«Որքան վաղ տարիքից է մարդը սկսում աշխատել, այնքան գիտակցում է, որ հարգում է իրեն, ծնողներին, հարգում են նրանց աշխատանքը և մտածում են, որ, ի վերջո, սա է կյանքը: Ումի՞ց կամ որտեղի՞ց օգնություն խնդրեն: Իրենք իրենց միջոցներով գտնում են իրենց օգնությունը: Ինչպե՞ս չգնահատես նրանց աշխատանքը»,- ասում է հայոց լեզվի ուսուցչուհի Շուշան Աղաջանյանը: Նրա կարծիքով` լավ օրից չէ, որ տղաներն այս քայլին են դիմել, սակայն դժվարությունն էլ պետք է արժանապատվորեն հաղթահարել:

Մեկնաբանություններ (1)

Aram
I bet many said to these brave hearts CHI KARELI, which is one of the two most demoralizing words in Hayastan. The other one being VOCHINCH

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter