HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակի ու ձեռքերի բազմաթիվ հարվածներ, փոխարենը` ոչ մի վնասվածք

Շենգավիթի 24-ամյա բնակիչ Վազգեն Կարապետյանը 8 ամիս գտնվում է կալանավայրում` նույն թաղամասի բնակիչ Իգոր Կովալյովի հաղորդման հիման վրա: «Հետքն» անդրադարձել է այս պատմությանը ու շարունակում է հետևել արդեն դատական զարգացումներին:

Վազգեն Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը, այլ պնդում է, որ իրեն ցանկացել են մեկուսացնել, քանի որ ակտիվ խոչընդոտել է մարմնավաճառների ու նրանց հովանավորող անձանց աշխատանքը իրենց շենքի դիմաց, որտեղ գտնվում է «Մայամի» հյուրանոցային համալիրը:

Հիշեցնենք, որ տուժող ճանաչված Իգոր Կովալյովն այս տարվա փետրվարի 7-ի լույս 8-ի առավոտյան զանգահարել է ոստիկանություն ու հայտնել, որ մեկն իրենից զենքի սպառնալիքով 10.000 դոլար գումար է պահանջել: Ահա այս հայտարարության հիման վրա էլ Վազգեն Կարապետյանը փետրվարի 15-ից գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի բավականին ծանր հոդվածներով` ավազակային հարձակում և շորթում, այլ դրվագներով նաև` ծեծ ու գույքի վնասում:

Փաստաբան Ստեփան Ոսկանյան

Նախաքննական մարմինը գործը ավարտել է, ու այն մտել է դատարան, սակայն, ըստ պաշտպանական կողմի, այն կատարվել է թերի, ոչ լրիվ ու ոչ օբյեկտիվ:

Ականատես երկու վկաները չեն դատակոչվել, նրանցից մեկը նույնիսկ չի հարցաքննվել

Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը նշում է, որ թեպետ Իգոր Կովալյովն իր ցուցմունքներում նշել է, որ դեպքի օրը իրենց հետ եղել է ևս երկու անձ` տաքսիստ Արթուր Դավթյանն ու Վազգենի բարեկամ Հարություն Գևորգյանը, այնուամենայնիվ երկուսի անուններն էլ դատակոչի վկաների ցուցակում ու մեղադրական եզրակացությունում չկան. Նրանց դատարան հրավիրելու համար միջնորդություն է ներկայացրել պաշտպանը. «Այն մարդիկ են, ովքեր կարող են լույս սփռել այս գործում: Սակայն Հարությունն առհասարակ չի հարցաքննվել քննիչի կողմից, նշված է, որ նրան չեն հայտնաբերել, իսկ Արթուր Դավթյանի հետ անգամ առերեսում է եղել, որտեղ նա իմ պաշտպանյալին ուղղված մեղադրանքները հերքել է: Սակայն նախաքննական մարմինը ներկայացրել է միայն Վազգենին մեղադրող ապացույցներ: Մինչդեռ նախաքննական մարմինը պետք է կատարի օբյեկտիվ քննություն»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նրա  միջնորդությունները քննիչը հիմանկանում մերժել է: Ոչ մի քայլ չի ձեռնարկվել, որ առգրավվեն ու զննվեն այն փողոցների տեսախցիկները, որտեղով, ըստ տուժողի ցուցմունքի, նրանք անցել են 2 մեքենաներով: Տարօրինակ է նաև այն, որ Կովալյովը ցուցմունք է տվել, որ իրեն Վազգենը քաշքշել է, հարվածել դանակով ու ձեռքերով, սակայն դեպքի հաջորդ օրը փորձաքետը զննել է նրան ու ոչ մի վնասվածք չի հայտնաբերել, անգամ կապտուկ, քերծվածք:

Տուժողի ներկայացուցիչը տեղից հուշում էր պատասխանները

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ դատական նիստ, որտեղ ցուցմունք տվեց տուժող Իգոր Կովալյովը: Նրա հարցաքննությունն անցավ բավականին լարված մթնոլորտում, քանի որ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Հայրապետյանն անընդհատ միջամտում էր ու փորձում օգնել, հուշել իր վստահորդին պատասխանները, ինչին ի պատասխան դատավոր Ազարյանն ասում էր. «Առավելագույնը կարող եք առարկել հարցերի դեմ, ինչ անեմ հիմա` դատավարության դասեր կազմակերպեմ»:

Տուժող Կովալյովը ցուցմունքը սկսեց անգիր սերտած դասի պես. «Սույն թվականի փետրվարի 7-ին ես զանգահարեցի Արթուրին, որը քշում է տաքսի մեքենա…»:

Այնուհետև պատմեց, որ գիշերվա 3-ին մոտ իջել է «Մայամի» համալիրի մոտ տեսնելու Քրիստինա Գալոյան անունով մի աղջկա, ում հետ եղել է գործնական կապի մեջ, ոսկե շղթա է վաճառել նրան: Սակայն դատավորի ու կողմերի հարցերին պատասխանելով` Կովալյովն այդպես էլ չկողմնորոշվեց` Քրիստինային տեսնելու էր գնացել պարզապես, թե նրանից ոսկե շղթայի գումարի որոշ մասը վերցնելու: Չէր հիշում նաև, թե ինչ հեռախոս է եղել իր մոտ այդ օրը:

Տուժողը գիշերը 3-ի մոտ գնացել էր մի աղջկա տեսնելու, բայց այցի նպատակը չէր հիշում 

Նա պատմեց, որ Քրիստինա Գալոյանին «Մայամի» համալիրի մոտ տեսնելուց հետո նույն տաքսիով` Արթուրի հետ տուն գնալուց է եղել, երբ Երևան սիթի խանութի խաչմերուկում իրենց է հավասարվել սպիտակ «Նիվա» մակնիշի մեքենա, վարորդի կողքին նստած է եղել Վազգեն Կարապետյանը, ասել է, որ աջ քաշի-կանգնի: Խոսակցությունը գնացել է Քրիստինայի մասին: Մեքենաներով առաջացել են բաղնիքի մոտ, հետո գնացել «Սբ. Աստվածամայր» հիվանդանոցի հետևի մասի ավտոտնակների մոտ: Տաքսիստ Արթուրն ու Վազգեն Կարապետյանի բարեկամ Հարությունը Իգոր Կովալյովի հորդորով իջել են մեքենայից, սակայն նույն Կովալյովը չէր հիշում, թե ինչքան հեռավորության վրա էին իրենցից գտնվում Արթուրն ու Հարությունը:  

Դանակի ու ձեռքի հարվածներից հետո տուժողը որևէ վնասվածք չէր ստացել

Տուժողի ցուցմունքի համաձայն, Վազգեն Կարապետյանը դանակը փոխանցման տուփի մոտից վերցրել ու պահել է կոկորդին: Իսկ երկրորդ անգամ դանակով ու ձեռքերով է խփել, ինքն էլ պաշտպանվել է, սակայն որևէ վնասվածք չի ստացել, միայն բաճկոնի ձախ թևն է պատռվել: Նախ 10.000 դոլար գումար է ուզել, ապա, չգիտես ինչու, բավարարվել 150 հազար դրամով, ասելով, որ ևս 150.000 դրամ ամսվա վերջին պիտի տա իրեն: Նախաքննական ցուցմունքում նա հստակ նկարագրել էր դանակի կոթի նախշերն ու գույները, իսկ դատարանում ասաց, որ դանակը Վազգենիձեռքին էր ու կոթը չի տեսել: Ըստ նրա ցուցմունքի, հետո Վազգենը դանակը դրել է ու հանել է զենք, ատրճանակ: Բայց դատախազի Կ.Ադամյանի հարցին պատասխանելով` ասաց, որ միգուցե զենքի նման մի բան էր: Դատախազի հարցին պատասխանելով` տուժողն ասաց, որ Վազգենին ճանաչել է դեպքից 5-6 ամիս առաջ, երբ Վազգենն իրեն մոտեցել է նույն Քրիստինայիհարցով ուասել, որ նրան չմոտենա: Մինչ այդ ճանաչել է դեմքով:

Փաստաբան Ոսկանյանը նշում է, որ սկզբում Վազգեն Կարապետյանին մեղադրել են նաև ապօրինի զենքի հոդվածով, սակայն հետագայում, որևէ զենք չգտնելով, հանել են այդ հոդվածը: Ցուցմունքի մեջ Կովալյովն ասաց, որ մեքենաներով աջ են թեքվել Երևան սիթի խանութի խաչմերուկից, ինչը արգելված է: «Վստահաբար ասում եմ ու միջնորդություն պիտի ներկայացնեմ, որ ստուգվի այս փաստը, քանի որ նման խախտման համար ՃԵԿ-ից պիտի տուգանք ներկայացվեր»:    

Իգոր Կովալյովի բջջային հեռախոսից միայն ելքային ու մուտքային հեռախոզազանգերն են հանվել, մատնահետքաբանական փորձաքննություն չի արվել: Հաջորդ օրը հայտնաբերված դանակի վրա պիտանի հետքեր չեն հայտնաբերվել:

Բացի այդ, փաստաբանը շեշտեց, որ «Նիվայից» մեկ ծխուկ է հայտնաբերվել: Իսկ փաստաբանի հարցին  պատասխանելով, Կովալյովը նշեց, որ 2-3 անգամ ծխել է մեքենայում 1 ժամվա ընթացքում: «Էլի հակասություններ կան: Օրինակ` նախաքննական սկզբնական փուլում տուժողը պնդում էր, որ դանակն էլ, ատրճանակն էլ, իբրև, թե պատուհանից է նետել Վազգենը`տեսնելով մոտեցող ոստիկանական մեքենան: Իսկ հետո երբ զենք չհայտնաբերվեց, փոխեց ցուցմունքը` ասելով, թե պարզապես ինչ-որ շպրտվող առարկայի ձայն է լսել ուղղակի»,- ընդգծեց Ստեփան Ոսկանյանը:

Որն է Վազգեն Կարապետյանին մեկուսացնելու իրական պատճառն, ըստ հարազատների

«Մայամի» հյուրանոցային համալիրը գտնվում է Արտաշիսյան 44 հասցեում, իսկ Վազգեն Կարապետյանը ծնողների ու քրոջ հետ ապրում է Արտաշիսյան 46 հասցեում, այսինքն՝ հյուրանոցի հարևանությամբ:

Վազգեն Կարապետյանի մայրը մեզ փոխանցեց, որ ապրում են առաջին հարկում ու մշտապես ականատես են լինում, թե ինչպես են «Մայամիի» մոտ կանգնող կանայք վիճում իրար հետ. «Կանայք, նրանց հետևից եկող տղամարդիկ իրար ծեծում են հաճախ, լսվում են հայհոյանքներ, աղմուկ-աղաղակ: Վազգենն էլ տղամարդկային արժանապատվություն ունի. քույրը, մայրը նստած՝ մեկ էլ հայհոյանքներ են լսվում: Վազգենը ակտիվ պայքարում էր, որ մեր հանգիստը պահպանվի»,-ասաց տիկին Հայկուշը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter