HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հացը երկաթից ենք քամում»,- ասում է վարպետ Ռաֆիկը

«Դուք եկել եք Հայաստանի Սիբիր՝ Գեղարոտ»,- ծիծաղում է վարպետ Ռաֆիկը՝ սոճու ճյուղը դնելով օջախի մեջ: Կրակայրիչով վառում է օջախը, հետո երկաթի կտորը վերցնելով՝ տաքացնում այնտեղ: «Նալբանդությունը, դարբնությունը մեզ մոտ պապական է գալիս: 10 տարեկանից հորս մոտ կանգնում էի, սովորում»,- զնդանի վրա դնելով երկաթի տաք կտորը՝ ասում է վարպետը:

Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում վարպետ Ռաֆիկին գիտեն բոլորը: Գյուղում հիմա մի ձի կա ու մի նալբանդ, չնայած վարպետն ասում է՝ երկու ձի կա: Կինը՝ Օսանը, ուղղում է, թե հիմա մի ձի է մնացել: Վարպետը դժվարությամբ համաձայնում է՝ հա, երևի արդեն մի ձի է մնացել:

Գյուղացիներն ասում են՝ գյուղում դարբնությամբ, նալբանդությամբ զբաղվել է նախ Ռաֆիկի հայրը՝ Ռուբենը, հետո եղբայրներով են սկսել զբաղվել: Արհեստանոի սառն օդն սկսում է տաքանալ: Աթարի կտորները աղյուսների պես կոկիկ դասավորված են: Վարպետը նալ է պատրաստում ու բացատրում մեզ, թե ոնց կարելի է լավ նալ պատրաստել:

Մուշից՝ Գեղարոտ

Ռաֆայել Ասատրյանը 65 տարեկան է կամ, ինչպես ինքն է ասում, 50 թվի ծնված: Հայրը մեկ տարեկան էր, երբ ընտանիքը Մուշից 1915-ին գաղթել է: Պապը տատին ասել է, թե քանի որ երեխային չեն կարող տանել, գցեն ջուրը, տատը հրաժարվել է: 5 եղբայր են եղել: Հարցնում եմ՝ ո՞րերորդն էր հայրը, պատասխանում է. «Փոքրից մեծը»: «Այսինքն՝ չորրո՞րդը»: «Չէ, երրորդը»,- ժպտում է:

Մուշից դժվարությամբ հասել են Հայաստան: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում էին ապաստան գտել, այնուհետ 4 հորեղբայրները գնացել են քաղաք, հայրը՝ տեղափոխվել է հարևան Գեղարոտ գյուղ: Վարպետ Ռուբենը 60-70 տարի աշխատել է Գեղարոտի սովխոզի արհեստանոցում՝ դարբնություն է արել: Նրա արհեստը ժառանգել են երկու որդիները՝ Հրանտն ու Ռաֆիկը, իսկ փոքր որդին վարորդությամբ է զբաղվել:

Գյուղում պատմում են, որ եղբայր դարբինների միջև ուժգին մրցակցություն էր: Վարպետ Ռաֆիկը համաձայնում է: Ասում է՝ եղբայրն իրենից 10 տարով մեծ էր, և, իրոք, մրցում էին: Սկզբից հայրական տանն էին ապրում, ավտոտնակում էին աշխատում երկուսով, հետո բաժանվեցին՝ ամեն մեկն իր արհեստանոցը ստեղծեց: Եղբայրը հիմա ողջ չէ, բայց վարպետը շարունակում է նրա մասին խոսել ներկա ժամանակով. «Ինքն էլ է լավ արհեստավոր, վատ արհեստավոր չէ: Ինքն ինձից շուտ է աշխատել: Մանկությունից աշխատել է հորս մոտ: Ես մաքուր գործեր եմ արել, լավ գործեր եմ արել: Հաճախորդն ում մոտը գնա, նա էլ արել է»:

Վարպետն ասում է՝ ամեն ինչ էլ պատրաստում է՝ ուրագ, մուրճ, վառարաններ, «կաչկաներ»: «Կաչկան ընենց կսարքեմ, որ պետականի նման կէղնի, ու ավելի շատ կդիամանա»,- նշում է նա՝ հետո մուրճը դնելով գետին՝ մոտենում է պատին հենած «կաչկային»:

«Գործը խոդի չի հիմա»

Այս տարի վարպետի հաշվարկով 10-15 ձի է պայտել, իսկ մինչև հիմա՝ 100-ից ավելի: Ինչքան ձին մեծ է չափսերով, պայտն այնքան մեծ է: Ընդ որում՝ վարպետն ասում է՝ առջև ոտքերի պայտերը մեծ են, հետևինը՝ փոքր: Մեկ-մեկ պատահում է, որ ուրիշի պայտած ձիերն են բերում իր մոտ՝ մեխերն է ձգում կամ եթե մեխը մաշված է լինում՝ փոխում է: Հիմա պայտի համար մեխերը շուկայից է գնում, իսկ նախկինում ինքն էր սարքում: «Դե, մի քիչ ջանջալ է մեխ պատրաստելը, բայց, օրինակ, կովերի նալի մեխերը ես եմ պատրաստում»,- նշում է նա, ավելացնում, որ կովերի պայտը կիսալուսնաձև է լինում: «Էշ էլ կպայտիմ, բայց գյուղում չկա»,- ասում է նա:

Նախկինում գյուղում 8 ձի կար, հիմա ձիերին տեխնիկան է փոխարինել: «Չոբաններն անասնակերը ավտոյով են տանում, մենակ մի հոգի է, որ ձիով է տանում»,- նկատում է վարպետը՝ ուժգին հարվածելով երկաթին: «Չէ, չէ, տեխնիկայի հետ թշնամություն չունեմ»,- ծիծաղում է:

Գյուղում հիմա շատ բան է փոխվել: Նախկինում գործը շատ էր, պատահում էր, որ մինչև գիշերվա ժամը 1-ը աշխատում էր, նույնիսկ եղել էն դեպքեր, երբ ձմռանը 40-50 աստիճան ցրտին է աշխատել, որ պատվերը ժամանակին հասցնի ավարտել: «Գործ ու աշխատանք չունի ժողովուրդը: Հիմա փեչը սարքել եմ, բայց չեն գալիս տանեն, փող չունեն»,- ասում է վարպետը: Կինը ավելացնում է՝ «հիմի գործը խոդի չի»: Վարպետը շարունակում է, թե «առաջ ձիանցը կբերեին, կնալեի, շատ զակազներ կլինեին: Բայց հիմա խոդի չի...»: Դարբնի մոտ հարևան գյուղերից էլ են բերում ձիեր, որ պայտի, ինքն է գնում Սպիտակի գյուղերը, բայց մեկ է՝ գործն առաջվանը չէ:

Երկրում արհեստավորները քչանում են

Գեղարոտցի վարպետն ասում է՝ ինքն էլ է տեսնում, որ երկրում արհեստավորները քչացել են, ժողովուրդն էլ մի տեսակ անտրամադիր է: «Երկրաշարժից էս կողմ ժողովրդի տրամադրությունն ընկել է՝ թե ապրելակերպն է, թե ինչ է՝ էդպես է»,- ասում է վարպետը:

Օրերով պատվեր չի ունենում, բայց ամեն օր աշխատում է: Ասում ՝ մի բան գտնում է արհեստանոցում, որ սարքի: Կինը հաստատում է, թե մեկ-մեկ ճաշն էլ են բերում արհեստանոց: «Ժողովրդին պիտանի մարդ եմ եղել, ով կգա կիդմե, իրենց գործը կանեմ, ճամփու կդնեմ»,- շարունակում է դարբին Ռաֆիկը:

Հիմա մտածում է մի բանի մասին՝ թե ինչու երիտասարդները չեն սիրում արհեստը: Մտահոգվում է, ասում է՝ 4 երեխա ունի՝ 3 աղջիկ և 1 տղա: Վերջինս, ըստ վարպետի, լավ մասնագետ է, «մետլախ, կաֆել է շարում լավ, ձեռքից ամեն ինչ գալիս է, բայց իր արհեստի հանդեպ սեր չունի: «Դրա համար էլ արհեստավորները պակասում են»,- ասում է նա:

Միայն փոքր թոռան՝ Ռաֆայելի կողմից է հետաքրքրվածություն նկատում իր արհեստի հանդեպ: «Երևի թոռս կշարունակի գործս, 100 տոկոս չեմ կարող ասել»,- նշում է դարբինը:

Երկաթի ձողով կրակը խառնում է: «Սա շատ տանջանքի գործ ա, վրեդնի ա: Երկաթի հետ աշխատելը շատ դժվար է, մենակ նալը չէ, բալգարկեք կդնեմ, ուրագ կսարքեմ, մուրճ կսարքեմ: Հազարից մեկ անգամ կնոջս կասեմ, որ գա օգնի ինձ, բայց ինքն էլ հասակով կին է, չի կարողանում կվալտը խփել»,- ասում է վարպետը: Հարցնում եմ՝ «եթե դժվար է, ինչո՞ւ է աշխատում»: Պատասխանում է. «Ով սեր ունի, էն կաշխատի: Ես սեր եմ ունեցել, աշխատում եմ առ էսօր, էն օրը, որ գործ էլ չեմ ունենում, մի բան կգտնեմ-կզբաղվեմ. մեկի համար մի սավոկ կսարքեմ, կռուպնի գործեր են լինում, անում եմ, գումար եմ առնում»:

«Իսկ ճի՞շտ են ասում, որ արհեստավորը մինչև կեսօր է սոված մնում»,- դարձյալ հարցնում եմ: Ծիծաղում է, թե հա, «հիմի վախտ է լինում մինչև կեսօր փող եմ առնում, վախտ էլ լինում է, որ չի լինում: Արհեստը լատարեի նման բան է»:

«Էսօրվա հերոսը արհեստավորն է»

Վարպետ Ռաֆիկն ասում է՝ կարևոր չէ, որ իրեն մեդալ տան, միլիոն տան, միայն իր աշխատանքը գնահատեն: «Էսօրվա հերոսը էն ա, ով արհեստավոր ա, բարի գործ ա անում: Այո, իրոք որ հերոս է իր արհեստով, մասնագիտությամբ, որ ժողովրդի գործերը կանե: Մեր գյուղում, գյուղից դուրս էլ բոլորը գնահատում են: Սաղ էլ կգնահատեն, հորս գործը շարունակում եմ»,- ասում է նա:

Մեր զրույցի վերջում տիկին Օսանը սուրճ է բերում: Վարպետը բաժակը դնում է զնդանին ու խմում, ես հետևում եմ նրան: Հանկարծ բաժակներին նայելով՝ ասում է. «Էս զնդանը սուրբ ա: Հերս ջղայնանում էր, որ մեկնումեկը հանկարծ զնդանին բան կդներ»: Ես անմիջապես վերցնում եմ բաժակս, վարպետը ծիծաղում է, թե չէ, ինքը չի ջղայնանում, հետո շորով մաքրելու է: «Մենք, իրոք, հացը երկաթից ենք քամում: Էս զնդանը մեր հացն ա»,- ավելացնում է վարպետը: Դարձյալ վերադառնում ենք երկրի վիճակին, ասում է՝ տղան էլ է գնում դրսում աշխատում, բայց ինքը երկրից գնալ չի կարող, հող ու ջրի հետ կապվածություն ունի: «Տխրության դեմ կարաս պայքարես աշխատանքով, եթե աշխատանք լինի, ժողովուրդն աշխատի, գումար ստեղծի, ուրախ կլինի: Բայց որ չկա, այ, էդ չկան է, ժողովրդի վիճակը հիմի լավ չէ»,- ասում է դարբինը:

Իսկ արհեստանոցում կրակը քիչ-քիչ մարում է: Օդում կրակի կապույտ ծուխն ու փոշին խառնվել են: Մենք շարունակում ենք խմել սուրճը: «Արհեստանոցում կերածն ու խմածն ուրիշ ա»,- ասում է տիկին Օսանը: «Իսկապես»,- արձագանքում ենք մենք: Վարպետը ժպտում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter