HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական մարմինների ստացած դրամաշնորհների մասին հանրությունը քիչ է տեղեկացված

«Հետքը» ուսումնասիրություն է իրականացնում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում վերջին հինգ տարիներին ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհների վերաբերյալ՝ պարզելու, թե որքանով է թափանցիկ ԵՄ գումարների ծախսման գործընթացը: Ուսումնասիրությունն ընդգրկում է կառավարման բոլոր ոլորտները: Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այդ հետազոտության առաջին մասը:  

Եվրոպական Միությունն, ի թիվս այլ ուղղությունների, աջակցում է Հայաստանում դատաիրավական, արդարադատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Այս ոլորտներում ի՞նչ կոնկրետ ծրագրեր են իրականացվել ԵՄ ֆինանսական աջակցությամբ 2010-2015 թթ., և որքանո՞վ են այդ ծրագրերը ներկայացվել հանրությանը, ինչպե՞ս են ծախսվել այդ հսկայական գումարները, կա՞ն արդյոք հաշվետվություններ: Այս հարցերի պատասխանները պարզելու նպատակով «Հետքը» դիմել է ՀՀ պետական համապատասխան մարմիններ:

ՀՀ Կառավարությունից ԵՄ ծրագրերի մասին հարցին չեն պատասխանել

Թեպետ ՀՀ Կառավարությունից մեր հարցմանն ի պատասխան դեռևս սեպտեմբերի 18-ին հայտնել են, որ տեղեկատվության տրամադրումը լրացուցիչ աշխատանք է պահանջում, անցել է 40 օր, սակայն Կառավարությունից այդպես էլ պատասխան չունենք:

ՀՀ Ոստիկանությունը տեղեկություն չունի ԵՄ ծրագրերի ֆինանսավորման չափի մասին

ՀՀ ոստիկանությունը համագործակցում է Եվրոպական Միության հետ «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի» շրջանակներում: Ըստ ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, ոստիկանության ծառայողները մասնակցել են սեմինարների, համաժողովների, հանդիպումների ՀՀ-ում և արտերկրում: Բացի այդ, ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ հարցերով խորհրդատուների միջոցով ոստիկանության ծառայողների համար կազմակերպվել  են թեմատիկ դասընթացներ, որը վարել են հրավիրված միջազգային փորձագետները:

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում փորձի միջազգային փոխանակման եռօրյա սեմինարի է մասնակցում  

Արևելյան գործընկերության եվրոպական նախաձեռնության շրջանակներում Եվրոպական Հանձնաժողովի կողմից  նախաձեռնվել է «Հայաստանի Հանրապետության հետ Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում 2015-2017թթ. գործողությունների ծրագիրը», որի ընթացքում միջազգային փորձագետների ներգրավմամբ կլինեն վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական  այցեր:

Սակայն Ոստիկանությունից հայտնել են, որ Եվրոպական Միության կողմից հիշյալ ծրագրերի ֆինանսավորման չափի մասին իրենք տեղեկություններ չունեն: 2010-2015թթ. ֆինանսավորված ծրագրերի հաշվետվությունների հրապարակման վերաբերյալ ևս ՀՀ ոստիկանությունը տեղեկություններ չունի:  

ՀՀ Դատախազությունը ԵՄ-ից դրամաշնորհ չի ստացել

ՀՀ դատախազության աշխատակազմից «Հետքին» տեղեկացրել են, որ վերջին 5 տարիներին այլ պետությունների պետական և Եվրամիության մարմիններից, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններից Հայաստանի Հանրապետության դատախազությունը դրամաշնորհներ չի ստացել:

Արդարադատության նախարարությունը ԵՄ ֆինանսավորմամբ բազմաթիվ ծրագրեր է իրականացնում

2009-2011թթ. ԵՄ ֆինանսավորմամբ Արդարադատության նախարարությունն իրականացրել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության մատչելիությանը» ծրագիրը: Կառավարության այս ծրագրի հիմնական նպատակն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը խթանելն էր։ Ընդհանուր բյուջեն կազմել է 18 միլիոն եվրո:

2014-2016թթ.-ի համար կազմվել է նույն ծրագրի 2-րդ փուլը: «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին-երկրորդ փուլ» ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել առավել անկախ, թափանցիկ, հաշվետու, հասանելի և արդյունավետ դատական համակարգի զարգացմանը՝ ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի համաձայն։ Ծրագրի ընդհանուր արժեքը հաշվարկված է 29 միլիոն եվրո:

2014-2016թթ. իրականացվում է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիր, որի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ամրապնդելու հարցում: Ծրագրի ընդհանուր արժեքը 1,669,211 եվրո է, որից 1,500,000 եվրո հատկացվել է ԵՄ-ի կողմից: Համաֆինանսավորող հանդիսանում է Եվրոպայի խորհուրդը:

«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի մեկնարկը

2011-2014թթ. Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է «Անչափահասների համար արդարադատության մատչելիության կառավարման արդի հայեցակարգերի խթանումը Հայաստանի Հանրապետությունում» անվանումով ծրագիրը: Հիմնական նպատակը անչափահասների համար արդարադատության մատչելիության կառավարման գործում արդի հայեցակարգերի խթանումը և միջազգային լավագույն փորձի ներդնումն էր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 600,000 եվրո, որից 479,999 եվրո հատկացվել է ԵՄ կողմից: Համաֆինանսավորող է հանդիսացել PENAL REFORM INTERNATIONAL UK միջազգային կազմակերպությունը:

2015-2017թթ. նույն նախարարությունն իրականացնում է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և դաժան, անմարդկային վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 500,000 եվրո է, որը հատկացվել է ԵՄ և ԵԽ կողմից:

2015-2017թթ. իրականացվում է «Ամրապնդելով առողջապահությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը կալանավայրերում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, վերապատրաստել անձնակազմը, ինչպես նաև օժանդակել Հայատանի կառավարությանը` քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում` հատուկ ուշադրություն դարձնելով Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 900,000 եվրո է, որը հատկացվել է ԵՄ և ԵԽ կողմից:

Իրականացված ծրագրերի մասին այս ամբողջ տեղեկատվության մասին մենք չէինք իմանա, եթե հարցում չուղարկեինք Արդարադատության նախարարություն: Եվ միայն 2015թ. հուլիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին – II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի երկրորդ հատկացման պայմանների իրականացման վերաբերյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ  

2009-ից սկսած՝ 36 ամիս տևողությամբ ՄԻՊ գրասենյակն իրականացրել է «ՄԻ արդյունավետ պաշտպանությունը ՄԻՊ հաստատության միջոցով` որպես Ազգային կանխարգելող մեխանիզմ» թեմայով ծրագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 97 մլն 845 հազար եվրո:

Աջից՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը

2012-13թթ. ԵՄ 136,405, 233 եվրո ֆինանսավորմամբ ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակի կարողությունների զարգացման ծրագիր է իրականացրել, ստեղծվել են մարզային գրասենյակներ:

Ինչ վերաբերում է այս ծրագրերի հաշվետվությունների հրապարակմանը, ապա, ինչպես «Հետքին» տեղեկացրել են ՄԻ պաշտպանի գրասենյակից,  գումարները ծախսելու համար կազմվել են կառավարության նախագծեր, որտեղ ներկայացվել են ծախսերի բնույթն ու նպատակը և ուղարկվել հաստատման: Որոշումներն ընդունելուց հետո դրանք հրապարակվել են ՀՀ կառավարության կայքում ու պաշտոնական տեղեկագրերում: Իսկ ծախսերի կատարողականները բյուջետային տարվա ավարտից հետո հրապարակվել են նաև պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ՀՀ ԱԺ համապատասխան որոշումներում:

Դատական դեպարտամենտը ԵՄ ծրագրերի գումարների չափի մասին տեղեկություն չունի  

Դատական դեպարտամենտը ԵՄ և ԵԽ աջակցությամբ այս պահին երկու ծրագիր է իրականացնում, սակայն դրամաշնորհային գումարների չափի մասին տեղեկատվություն չունի:

2014-2016թթ. իրականացվում է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիրը, որի գործընկերներն են ՀՀարդարադատության նախարարությունը, Արդարադատության ակադեմիան, Փաստաբանների դպրոցը և ՀՀ դատական համակարգը:

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շնորհանդեսը

«ՄԻԵԿ-ի և ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում» երկամյա ծրագիրը մեկնարկել է 2013-ի հոկտեմբերին:

ՀՀ Դատական դեպարտամենտից տեղեկացրել են, որ միջոցառումների արդյունքների հրապարակումը նախատեսվում է յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո:

Պաշտպանության նախարարությունը ԵՄ-ի հետ անհատական ծրագրեր չունի

Ըստ ՊՆ աշխատակազմի տրամադրած տեղեկատվության՝ նախարարությունը ԵՄ-ի հետ անհատական ծրագրեր չունի, սակայն ԵՄ կազմակերպած միջոցառումներին ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մշտապես մասնակցել են: Դրանք հիմնականում տարբեր երկրներում կազմակերպված ուսումնական սեմինարների, վերապատրաստման ծրագրերի ու դասընթացների ձեւաչափով են եղել: 

ԵՄ ծրագրերի մասին պետական օղակների կայքերում տեղեկություն գրեթե չկա

1992 թվականից սկսած՝ Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 500 մլն եվրո: Տարեկան աջակցությունը աստիճանաբար ավելանում է: Այս տեղեկատվությունը զետեղված է «ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում» պաշտոնական կայքում: Այստեղ ըստ ոլորտների նշված են նաև իրականացված ու իրականացվող ծրագերը: Սակայն «Հետքի» հարցումներն ու ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ պետական մարմիններին վերջին 5 տարիներին ԵՄ-ի կողմից տրված դրամաշնորհների մասին տեղեկատվությունը գրեթե անհասանելի է հանրությանը: Թե որքան գրանտային ծրագրեր է անում պետությունը, հասարակության համար հիմնականում հրապարակային ու թափանցիկ չէ: Էլ չենք խոսում, թե որքան նպատակային կամ արդյունավետ են ծախսվում դրամաշնորհային գումարները: Հաշվետվությունների մասին ինֆորմացիան ևս հիմնականում անհասանելի է: 

Այս նյութը պատրաստվել է ԵՄ աջակցությամբ: Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, եւ այն որեւէ ձեւով չի արտահայտում ԵՄ տեսակետը: 

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter