HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Կառավարությունը չի հրաժարվում բյուջեն տուգանքներով լցնելու քաղաքականությունից

Կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստում մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական փոփոխությունների առաջարկը՝ բացառել արտադատական կարգով քաղաքացիներից տուգանքների գանձումը եւ կրկնակի չափով կրճատել տուգանքները: Օրենսդրական փոփոխությունների առաջարկի փաթեթը առաջիկայում կքննարկվի նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նման դեպքերում Կառավարության դիրքորոշումը ազդակ է դառնում խորհրդարանի համար, թե նախագծերից որին հավանություն տալ, որին՝ ոչ: Սակայն այս դեպքում նկատի ունենանք, որ օրինագծի հացադրումները նաեւ Հանրապետության նախագահի սեպտեմբերի 11-ի խորհրդակցության թեման են եղել:

Իրավապահ եւ տարբեր վերահսկող կառույցների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ նախագահը հայտնել էր. « ··· մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, եւ նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ եւս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ: Չնչին խախտումներ ասելով՝ ես նկատի ունեմ առաջին հերթին, օրինակ, այսպես ասած, այդ հոծ գծերի տրորումը: ··· Արդյոք մեր ճանապարհներին, մեր մայրուղիներին մենք մոտեցե՞լ ենք ուշադիր եւ այդ բոլոր գծանշաններն արե՞լ ենք կարգուկանոնով եւ հարմարավետություն ապահովելու համար, թե՞ ուղղակի արել ենք, որպեսզի ավելի շատ խախտումներ լինեն»:

Խորհրդակցության ընթացքում նախագահը տվել էր մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ «ապահովել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացումը՝ ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ»:

Այս հանձնարարականների մասին հիշեցրել է նաեւ պատգամավորը՝ առաջարկված օրինագծի փաթեթում, սակայն Կառավարությունն անգամ այս հնարավորությունը չօգտագործեց ՀՀ նախագահի հանձնարարականները կատարելու եւ որեւէ բան փոխելու առումով: Պատճառը, կարծում ենք այն է, որ տնտեսական աճ ապահովելու հարցում ձախողված Կառավարությունը չի ցանկանում հրաժարվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման դիմաց գանձվող մեծ չափերի տուգանքներից:  Հայաստանի ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրող ընկերության՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Ալիկ Զաքարյանը մամուլին վստահեցրել է, որ «ամբողջ տուգանքները միանշանակ գնում են պետբյուջե»:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության հիմքում «Հետքի» այս տարվա մայիսի հրապարակումն էր, որտեղ ներկայացրել էինք, որ Հայաստանում, տարբեր տեսչությունների կայացրած վարչական ակտերի քանակն անցնում է մի քանի հարյուր հազարից: Դատարանները բեռնաթափելու նպատակով, այդ որոշումներով տուգանքներ գանձելու իրավասությունը մեկ տարի առաջ փոխանցվեց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը (ԴԱՀԿ): Վարչական պատասխանատվության մասին որոշումները միանգամից ԴԱՀԿ ուղարկելը նոր խնդիր առաջացրեց՝ ոտնահարվում է քաղաքացու լսված լինելու իրավունքը:

Միաժամանակ, ինչպես իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը եւ իրավաբան Արա Ղազարյանը պարզել էին մի հետազոտության արդյունքում, պետությունը պատժիչ քաղաքականություն է վարում սեփական ժողովրդի նկատմամբ: Տարբեր նախարարությունների եւ կառույցների կազմում գործող տեսչություններն անցնող տարում 1 մլն 500 հազար պատժի որոշում են կայացրել վարչական վարույթներով: Սրանցով գանձված գումարի չափը հաշվարկված չէ:

Այս թվի մեջ ներառված չեն 345 000 վարորդների նկատմամբ կայացված ակտերը, որոնցով տուգանքներ պետք է գանձվեն: Էդմոն Մարուքյանը պարզել է, որ միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար:

Թե' հետազոտության հեղինակները, թե' պատգամավորը հայտարարեցին, որ վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ նախականխումը: «Հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով՝ ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է»,- նշում է Է. Մարուքյանը:

Պատգամավորը նշել է, որ խախտված է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն ամրագրված է թե՛ Սահմանադրության, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածում եւ թե՛ նախադեպային (ինչպես ներպետական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի) մակարդակով:

Վարչական մարմինն անձին ծանուցում է, որ կատարել է ենթադրյալ վարչական իրավախախտում եւ պարտավոր է տուգանք վճարել, ինչի հետ նա մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է, որ համաձայն չէ: Սակայն չունի բավարար գիտելիքներ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն եւ ավելի մեծ ծախսերից խուսափելու համար ստիպված է վճարել վարչական տուգանքը:

Նշվում է, որ դատարանների բեռնաթափման հաշվին զանգվածային ոտնահարման են ենթարկվում հատկապես ցածր իրավագիտակցության ունեցող քաղաքացիների իրավունքները, եւ նրանց հաշվին լցվում է պետական բյուջեն, հարկադիր ծառայության արտաբյուջետային հաշիվը, ինչպես նաեւ սնվում են ճանապարհային երթեւեկության որոշ կանոնների խախտման համար գանձվող տուգանքներից բաժին ստացող մասնավոր եւ այլ կառույցներ:

«Նաեւ գործող օրենքով ոչ թե վարչական մարմինն է տուգանքի բռնագանձման պահանջով դիմում դատարան, այլ անհամաձայնության դեպքում քաղաքացին է դիմում դատարան ու ներկայացնում հայցադիմում՝ բողոքարկելով վարչական ակտը: Փաստորեն վարչական մարմնի բեռը դրվում է քաղաքացու վրա, այնինչ քաղաքացին հարկ է վճարում, որպեսզի վարչական մարմիններն իրեն համապատասխան ծառայություններ մատուցեն»,- նշել է պատգամավորը:

Ներկայացված նախագծերի փաթեթով պատգամավորն առաջարկում է վարչական օրենսդրությունը վերադարձնել նախկին խմբագրությանը, որով մասնավորապես տուգանքի դիմաց գույքի բռնագրավում կամ արգելադրում իրականացնելու վարչական մարմինների իրավունքները վերացվում են: Միաժամանակ, առաջարկում է կրկնակի չափով կրճատել գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող եւ նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները:

Հիշեցնենք, որ գործող օրենքով 200 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում է միայն դատական հայց հարուցվում եւ գումարը դատարանի տրամադրած կատարողական թերթի հիման վրա է գանձվում: Մինչդեռ, պատժիչ ակտերի 95%-ից ավելին չի գերազանցում նշված շեմը, հետեւաբար, քաղաքացիները փաստացի չեն օգտվում դատական պաշտպանության իրավունքից:

Մեկնաբանություններ (1)

President
Այս խայտառակ ու ապօրինի վարչարարության տեսակը որ այնքան բյուջեին փող բերելու, ինչքան կոնկրետ անձի (անձանց) տուգանքի գումարների գերակշռող մասը տալու նպատակ ունի: Սա ոսկու հանք է այդ անձանց համար, իսկ վարորդների համար` ֆեոդալական պարտավորության պես մի բան, օրենքով հաստատված: Երբ Հ. Թովմասյանի մնան վարսավիրները իրավաբանությամբ են զբաղվում, սա է ստացվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter