HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուսալեռցիների փրկության վավերագրերը՝ մեկ գրքում

Մուսալեռցի Գաբրիել Փանոսյանի հայրը 7 տարեկան էր, երբ 1915 թ. սեպտեմբերին մոտ 4000 մուսալեռցի Մուսա լեռան վրա պայքարում էին Օսմանյան կայսրության դեմ իրենց փրկության համար: Հայրը տարիներ անց պատմել է երեխաներին, թե ինչպես  ֆրանսիական ռազմածովային նավատորմը փրկեց իրենց՝ տարհանելով Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ: Հայրը պատմել է, թե ինչպես էին Սուեզի ջրանցքում լողում, իսկ այդտեղով անցնող նավերից նավաստիները մետաղադրամներ էին նետում իրենց: Մետաղադրամները սուզվում էին, իսկ իրենք՝ դրանց հետևից՝ որսալու համար: Այն ժամանակ երեխաներին սա զվարճանք էր թվում:

100 տարի անց այս պատմությունը ներկայացնելիս Գաբրիել Փանոսյանի ձայնի մեջ խզում կա: 4 տարի 4000 մուսալեռցիները բնակվել են վրաններում, որից հետո դարձյալ վերադարձել են Մուսա լեռ, քանի որ այդ ժամանակ այն ֆրանսիացիների ձեռքում էր: Իսկ 1939 թ., երբ տարածքը կրկին անցել է Թուրքիային, գաղթի ճանապարհն են բռնել: Միայն 30 մուսալեռցի ընտանիք է հրաժարվել հեռանալ: Գ. Փանոսյանի խոսքով՝ երկրորդ գաղթի ժամանակ մուսալեռցիներն ընտրության հնարավորություն չունեին: Նրանք չէին ցանկանում ապրել թուրքերի լծի տակ:

1915 թ. 4000 մուսալեռցիները լեռան վրա պայքարում էին բազմամիլիոնանոց Օսմանյան կայսրության դեմ: Այդ ժամանակ նրանք երկու ընտրություն ունեին՝ կամ պիտի բռնեին գաղթի ճանապահը, որտեղ կրկին զոհվելու էին, կա՛մ պիտի բարձրանային լեռը՝ պայքարելով զոհվեին: Գ. Փանոսյանն ասում է՝ մուսալեռցիները նախընտրել էին երկրորդը: Նրանց փրկվելու հույսը պայմանավորված էր Միջերկրական ծովով անցնող անգլիական ու ֆրանսիական նավերով: Այդ ժամանակ ֆրանսիական ռազմական նավատորմը շրջափակել էր Սիրիայի ափերը, որպեսզի թուրքական զորքերը ծովից մատակարարում չստանան: 1915 թ. սեպտեմբերին մուսալեռցիները մեծ խաչ են պարզում լեռան վրա՝ հուսալով, որ նավերը կնկատեն այն:

Գ. Փանոսյանը նշում է, որ այդ ժամանակ փոխծովակալ Լուի Դարթիժ դե Ֆուրնեն նկատել է խաչը: Հայերը նրան նամակ են տարել, որտեղ նկարագրել են իրենց կացությունն ու օգնություն խնդրել: Մեկ շաբաթ անց դե Ֆուրնեն վերադարձել է՝ տարհանելով մոտ 4000 հայ: Մինչ այդ նա հեռագիր է ուղարկել ֆրանսիական կառավարությանը, ըստ զրուցակցիս, հայտնելով, որ լեռան վրա քրիստոնյաներ կան, ովքեր կռվում են Օսմանյան կայսրության դեմ: Հեռագրի պատասխանը ստացվել է 3 ամիս անց: Այդտեղ գրված էր մոտավորապես հետևյալը. «Բացատրեք՝ որտեղ է գտնվում Մուսա լեռը քարտեզի վրա»:

Այնինչ մուսալեռցիներին փոխծովակալն արդեն տեղափոխել էր Պորտ Սաիդ:

Գ. Փանոսյանն ասում է, որ իրենց կյանքի համար պարտական են ֆրանսիացի փոխծովակալին: Պորտ Սաիդ տեղափոխելուց հետո դե Ֆուրնեից այլևս լուր չունեին: Միայն նախորդ տարի գտել են նրա շիրմաքարը՝ Փարիզից 800 կմ հեռավորության վրա գտնվող մի գյուղում: Այդտեղ Լիբանանի հայկական Անջար բնակավայրից, որը հիմնել են մուսալեռցիները, քարեր են տարել ու տեղադրել:

Նախկին ռազմական ինժեների գիրքը

«Մուսալեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը Գ. Փանոսյանի աջակցությամբ այս տարի հրատարակել է Ժորժ Գևորգյանի՝ «Ֆրանսիական ռազմածովային նավատորմի օգնությունը հայերին 1909-1915 թթ.» գրքի արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակները (գիրքը ֆրանսերենով է հրատարակվել)՝ նվիրված Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակին:

Ժ. Գևորգյանը ֆրանսահայ է, նախկին ռազմական ինժեներ: Նա գործունեության մեծ մասը նվիրել է սուզանավերի հետ աշխատանքին:

Նախկին ինժեները ֆրանսիական արխիվներից հավաքել է այն փաստաթղթերը, որտեղ արտացոլվել է 1909-1915 թթ. Օսմանյան կայսրությունում բնակվող հայերին օգնելու հանգամանքը ֆրանսիական ռազմական նավատորմի կողմից: Գրքի մեծ մասը նվիրված է 1915-ի Մուսա լեռան իրադարձություններին: Այն վավերագրություն է պատմության այդ ժամանակահատվածի մասին:

Ի՞նչ է փոխվել 100 տարի անց

«Խորքին մեջ բան մը չի փոխված: Ինչ-որ կընենք մենք, անցյալը չմոռանալը ճիգ մըն է ըրածներս: Օրինակի համար, իմ հորս կալվածները հոն են դեռ՝ նարնջի պարտեզները հոն են, տունը քանդված գացի տեսա ես: Ատոր բոլոր փաստաթուղթերը մեզ մոտ են, բայց չեմ գիդեր, չեմ կըրնար քեզի բան մը ըսել, որ բան մըն փոխվեցավ, կամ բան մը կըրնանք փոխել: Չես գիդեր՝ աշխարհքը ի՞նչ կբերե, որովհետև Մուսա լեռան այդ շրջանը եղած է Սուրիո հողամաս»,- ասում է Գ. Փանոսյանը:

Վերջինս արդեն 11 տարի բնակվում է Հայաստանում: Ասում է՝ սկզբից շատ են եղել դժվարություններ, բայց դրանց մասին տեղեկացված լինելով է եկել: Երևանում հավաքել է երիտասարդ մուսալեռցիներին, ովքեր, նրա ասելով, թույլ գիտակցություն ունեին իրենց արմատների մասին: Հիմնել է «Մուսալեռ» հայրենականցական միության երիտասարդական թևը: Այսօր, ըստ Գ. Փանոսյանի, հայրենիքը սիրելու պակաս կա: Չնայած, ըստ նրա, 10 տարի առաջ այդ խնդիրն ավելի մեծ է եղել: Այսօր մեկ ուրիշ երևույթ կա, որ անհանգստացնում է հայրենադարձ մուսալեռցուն. ժողովրդի հուսալքությունը: Պատճառները քիչ չեն՝ երկրի ղեկավարության անտարբերությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը: «Հուսահատությունը պետք է վերանա երկրում»,- ավելացնում է մուսալեռցին:

Մեկնաբանություններ (1)

Haroutiun vrt.Bezdikian
Իմ հայրը տասը իսկ մայրս հինգ տարեկան էին -նոյն դրուագները եւ նոյն գողգոթան իրենք ալ ապրած եւ մեզի չորս քոյր-եղբայրներուս փոխանցած ։եւ շուրջ հարիւրամեայ իրենց կեանքը անցուցած վերադարձի պատրանքներով ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter