HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Ան-12». պատասխանատվության ծանր բեռը

սկիզբը

Ովքե՞ր են պատասխանատուները

Նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում վթարի ենթարկված «Ան-12ԲԿ» օդանավի շուրջ կարծես կրքեր են թեժանում: Այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն ու քաղավիացիայի մամլո խոսնակը ամսի 4-ին հայտարարեցին, որ օդանավը գրանցված է եղել Տաջիկստանում՝ «Asia Airways» ընկերության անվամբ, հետեւեց պատասխանը:

«Asia Airways»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Նարզիկուլ Խամրոեւը նույն օրը «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալությանը հայտնեց, որ ճիշտ է՝ օդանավը թռել է իրենց ընկերությանը հանձնված համարի ներքո (EY-406), շահագործվել է «Allied Services Limited» սուդանական ընկերության կողմից, սակայն կատարել է Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված ավիափոխադրողի պատվերները: Այս վերջին ընկերության անունը շուտով հայտարարեց Տաջիկստանի տրանսպորտի նախարարության քաղավիացիայի վարչության պետ Յուսուֆ Ռահմոնովը: Ըստ այդմ՝ կործանված ինքնաթիռը պատկանում էր հայկական (Ռահմոնովի բնորոշումն է) «Ala International Ltd» ընկերությանը, բայց գրանցված էր տաջիկական մասնավոր «Asia Airways»-ի ռեեստրում: «Վերջինս հիմնականում բեռնափոխադրումներով էր զբաղվում, իսկ այս պահին չի գործում»,- նշել էր պաշտոնյան: Ռահմոնովի ասելով՝ նոյեմբերի 4-ին տաջիկական փոխադրողի չվերթները կասեցվել են՝ կապված միջադեպի հետ: «ICAO-ի պահանջների համաձայն՝ սուդանական իշխանությունները հետաքննություն են սկսել դեպքի վերաբերյալ, եւ «Asia Airways»-ի հետագա գործունեության հարցը կորոշվի դրա ավարտից հետո»,- «Asia-Plus»-ին ասել է Ռահմոնովը՝ հավելելով, որ իրենք ստուգելու են նաեւ ընկերության մյուս օդանավերը: Վարչության պետը շեշտել է, որ չնայած օդանավը տեղական ընկերության ռեեստրում է, պայմանագրով սեփականատերն ու օպերատորն էին պատասխանատու օդանավի թռիչքային պիտանիության համար, ասել է թե՝ «Ala International Ltd»-ն եւ «Allied Services Limited»-ը:

«BBC»-ի հետ զրույցում բավականին կտրուկ է արտահայտվել Ն. Խամրոեւը. «Ոչ Տաջիկստանը, ոչ մեր ընկերությունը ոչ մի կապ չունեն այդ օդանավի հետ. ոչ ներկա աշխատանքին, ոչ էլ բեռնափոխադրումներին: Կործանված տրանսպորտային ինքնաթիռը հայկական «Ala International Ltd» եւ սուդանական ընկերության տրամադրության տակ էր: Թռիչքի ժամանակ, երբ տեղի է ունեցել վթարը, տաջիկական կողմը ոչ մի կապ չի ունեցել դրա հետ: Իմ խոսքերի ապացույցներ կան»:

Սրան հետեւեց ՀՀ ՔԱԳՎ մամլո խոսնակ Ռուբեն Գրդզելյանի պատասխանն այն մասին, որ «Ala International Ltd»-ն գրանցված չէ Հայաստանում, իսկ «Ան-12» չունի ՀՀ-ում գրանցված ոչ մի ավիաընկերություն. «Այդ օդանավի ազգային գրանցման համարը EY-406 է, Տաջիկստանի նիշն է դա: Այսինքն՝ ակնհայտ է, որ օդանավը գրանցված է հենց այդ երկրում»: Գրդզելյանը հավելել է, որ «Ան-12»-ի գրանցումը ՀՀ-ում արգելված է օրենսդրորեն (ինչպես գրել ենք, 1957-1972 թթ. արտադրված այս տիպի ինքնաթիռներից շատ երկրներ վաղուց հրաժարվել են):

Այս «փոխհրաձգության» պատճառը պարզ է. ոչ մի կողմ չի ցանկանում ստանձնել ծանր պատասխանատվությունը: Իրականում Հայաստանի ավիացոն իշխանությունները դրա իրավունքն ունեն, քանի որ իսկապես նման ընկերություն ՀՀ-ում չկա, ՔԱԳՎ-ն դրան չի տվել օդանավ շահագործողի վկայական (այլ կերպ ասած՝ գրանցում): Բայց ճշմարտության հատիկ կա նաեւ տաջիկական կողմի խոսքերում. ցանկացած օդանավ տվյալ երկրում գրանցվելիս նախ ստանում է գրանցման սերտիֆիկատ (certificate of registration of civil aircraft), ապա նաեւ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ (certificate of airworthiness of civil aircraft): Այս երկու փաստաթղթերում նշվում են պատասխանատուները՝ սեփականատերը եւ շահագործողը (օպերատորը): Թերեւս, հավատանք տաջիկներին, որ սեփականատերը «Ala International Ltd»-ն է («Asia Airways»-ից առաջ՝ 2008-2014 թթ., օդանավը շահագործել է հայկական «Տարոն-Ավիան», որի գրեթե բոլոր օդանավերի սեփականատերը նույն հիմնադրին պատկանող «Ala»-ն է եղել), որը, սակայն, հայկական չէ: «Հետքը» գրել է, որ «Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանի այս ընկերությունը գրանցված է ԱՄԷ-ի Շարժա քաղաքի օդանավակայանի միջազգային տնտեսական ազատ գոտում (SAIF-Zone): Այն զբաղվում է ոչ կանոնավոր (չարտեր) թռիչքների կազմակերպմամբ եւ օդանավերի վարձակալությամբ (լիզինգով), սակայն երբեք օպերատոր չի եղել, այսինքն՝ հանդես է եկել զուտ իբրեւ վարձատու, սեփականատեր (ԱՄԷ-ում երբեւէ թռիչքային գործունեություն ծավալած ընկերությունը ցանկը տես այստեղ):

Ինչ վերաբերում է կործանված «Ան-12»-ի շահագործողին, ապա այստեղ հարցեր են ծագում: Այո, այն փաստացի շահագործել է սուդանական ընկերությունը, որն իր աննուն ու լոգոն էր դրել «Ան-12»-ի վրա: Բայց ո՞վ է փաստաթղթերում նշված եղել իբրեւ օպերատոր, եթե տաջիկական կողմն ընդունում է, որ գրանցումը (EY-406) «Asia Airways»-ինն է: Վերջինիս ղեկավար Խամրոեւը լավ կաներ իբրեւ իր ասածի ապացույց ներկայացներ վերը նշված սերտիֆիկատներից մեկը, որովհետեւ եթե դրանք տրվել են Տաջիկստանի ավիացիոն իշխանությունների կողմից, ապա իբրեւ օպերատոր պիտի նշված լիներ այդ երկրում գրանցված ընկերության անուն:

«Allied Services Limited»-ի մասով էլ հավելենք, որ այն չկա նույնիսկ Հարավային Սուդանի ավիաընկերությունների ոչ պաշտոնական ցանկում: Ու եթե  ընկերության ունեցած եւ «Ֆեյսբուքում» ներկայացված երկու օդանավերից մեկի՝ EY-406 համարով «Ան-12ԲԿ»-ի մասին տվյալներ կան ավիացիոն տեղեկատուներում, ապա EY-409-ի («Ան-12ԲՊ») մասին տեղեկությունները բացակայում են: Ընդ որում՝ երկուսի նկարներն էլ արդեն հեռացվել են սոցցանցից:  

Ընհանրապես, «Ան-12»-ի այս պատմությունը շատ նման է 2012-ի նոյեմբերի 30-ին Կոնգոյում կործանված «Իլ-76Տ»-ի ճակատագրին: Այդ օդանավի սեփականատերը հայկական «Ռիջ Էյրվեյս»-ն էր, որը փաստացի պատկանում էր գեներալ Ստեփան Գալստյանին: Օդանավը 2011-ի օգոստոսից դուրս էր եկել ՀՀ օդանավերի գրանցման ռեգիստրից (մինչ այդ շահագործում էր հայկական «Air Highnesses»-ը) ու վարձակալմամբ տրվել էր կոնգոլեզյան «Aero-Service»-ին: Չնայած տրամաբանորեն այն պիտի գրանցված լիներ Կոնգոյի ռեգիստրում ու կրեր այդ երկրի կողմից տրված համար, թռչում էր հայկական EK-76300 համարով: Աղետից հետո, երբ ծագեց պատասխանատվության եւ փոխհատուցման հարց, «Aero-Service»-ը Եգիպտոսում ՀՀ դեսպանությանը փոխանցել էր, որ ինքն ընդամենը վարձակալ է եղել ու որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ կապ չունի անձնակազմի ու ինքնաթիռի ապահովագրության, աշխատանքային պայմանագրերի հետ, որոնք, ըստ նրա, հայկական սեփականատիրոջ ուսերին են, այնինչ «Հետքի» հետ զրույցում կոնգոլեզցիների համար աշխատած օդաչուներից մեկը վստահեցրել էր, որ հենց աֆրիկացիների հետ են իրենք պայմանագրեր կնքել: Աֆրիկայում աշխատած օդաչուներից մեկն էլ «Հետքին» ասել էր, որ կործանված «Իլ»-ը համապատասխան տեխսպասարկում չէր անցել ու թռիչքային թույլտվություն չուներ («Ան-12»-ի մասին նույն բանը հայտարարել է «Անտոնով» ուկրաինական ձեռնարկությունը, որը այս տիպի օդանավերի կոնստրուկտորն է):

«Asia Airways»-ը հայկական ընկերությունների հետ աշխատելու փորձ ունի

«Asia Airways» ընկերությունը հիմնադրվել է 2007-ին (ICAO-ի կոդը՝ ASW), կենտրոնակայանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն է: Զբաղվում է գլխավորապես բեռնափոխադրումներով: Ըստ պաշտոնական կայքի՝ 2011-ին այդ երկրի տրանսպորտի նախարարի որոշմամբ նշանակվել է ազգային բեռնափոխադրող: Համագործակցում է ռուսական, ուկրաինական, ղրղըզական ընկերությունների հետ: Ուղեւորափոխադրումների արտաքին ուղղություններն են Աֆղանստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Իրանը, ԱՄԷ-ն:

Ըստ aerotarnsport.org ավիացիոն տեղեկատուի՝ իր 8-ամյա պատմության ընթացքում «Asia Airways»-ն ունեցել է 17 օդանավ՝ «Իլ-76», «Ան-72», «Ան-12», «Ան-26», «Fokker F27»:

Այս օդանավերից 4-ը տաջիկներն ընդունել են հայկական ընկերություններից: Դրանցից մեկը կործանված EY-406-ն է («Ան-12ԲԿ»), որի նախորդ շահագործողը «Տարոն-Ավիան» էր: Նույն տիպի եւս երկու ինքնաթիռ (EY-411 եւ EY-415) ու մեկ հատ էլ «Ան-12ԲՊ» ընկերությունը ժամանակին ստացել է «Էյր Արմենիայից»:

Հետաքննությունը միայն սուդանցիների գործը չէ

Աղետից հետո Հրվ. Սուդանի իշխանությունների սկսած հետաքննությանը Միջպետական ավիացիոն կոմիտեն չի մասնակցում: Այս կառույցը, որին անդամակցում են ԱՊՀ 11 երկրները, որպես կանոն, մասնակցում է այն միջադեպերի հետաքննություններին, որոնցում ներգրավված են ԱՊՀ երկրների օդանավերը: Իր հերթին «Անտոնով» ձեռնարկությունը հայտարարել է, որ ICAO-ի կանոններով՝ Հրվ. Սուդանի կամ գրանցման երկիր հանդիսացող Տաջիկստանի իշխանությունները պետք է պաշտոնապես դիմեն ուկրաինական ավիացիոն մարմնին կամ իրեն, որպեսզի կոնստրուկտորական բյուրոն մասնակցի հետաքննությանը: Դիմումից հետո միայն ուկրաինական իշխանությունները պետք է որոշում կայացնեն:

Նշենք, որ նման դեպքերում հետաքննությանը մասնակցում են օդանավի հետ կապ ունեցող բոլոր կողմերը: Օրինակ՝ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Սինա թերակղզում կործանված «Airbus A321»-ի հետաքննությանը ներգրավվել են դրա փաստացի շահագործող «Կոգալիմավիա» ռուսական ընկերությունը, օդանավի կոնստրուկտոր Ֆրանսիան («Airbus» ընկերությունը) ու արտադրող Գերմանիան (Համբուրգի օդանավակայանը), աղետի վայր դարձած Եգիպտոսը, Միջպետական ավիացիոն կոմիտեն եւ Իռլանդիան, որտեղ EI-ETJ համարի ներքո գրանցված էր օդանավը: Նմանապես «Ան-12»-ի պարագայում պիտի մասնակցեն ոչ միայն սուդանցիները, այլեւ «Ala International Ltd»-ն, «Allied Services Limited»-ը, «Անտոնովը», Տաջիկստանը, ՄԱԿ-ը, «Ան-12»-ի արտադրող Տաշքենդի գործարանը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ «Ala»-ի տեր Գառնիկ Պապիկյանը նույնպես Հրվ. Սուդանում է: Նրա բջջային հեռախոսը շարունակում է անհասանելի մնալ, իսկ «Ala»-ում չեն մեկնաբանում կատարվածը՝ հորդորելով դիմել Պապիկյանին:    

Ռուսաստանը կգործակցի Հայաստանի հետ

«ՌԻԱ Նովոստին» հայտնել է «Ան-12»-ի զոհված անձնակազմի ռուս անդամի անունը: Դա 1970 թ. ծնված Մ. Ն. Վոլկովն էր («Հետքի» տեղեկություններով՝ անունը Մաքսիմ է, եղել է շտուրմանը): Իսկ մինչ այդ Հրվ. Սուդանի տրանսպորտի նախարարը տեղեկացրել էր, որ զոհվել են նաեւ օդանավում գտնվողներից եւ փրկված 3 հոգուց 2-ը: Կենդանի է մնացել միայն մեկ երեխա: Այդպիսով՝ օդանավում եղած 18 հոգուց 17-ը զոհվել են, իսկ գետնի վրա զոհվածների մասին տարբեր թվեր են շրջանառվում: Ընդհանուր թիվը մոտ 40 է: Ուգանդայում ՌԴ դեսպանատան աշխատակիցները աղետից հետո մեկնել են Ջուբա, իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է օգնել պաշտոնական Երեւանին, եթե դիմում լինի: ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն էլ հայտնել է, որ Եգիպտոսում մեր դեսպանին հանձնարարվել է կապի մեջ լինել Գաբոնի ռուսական դեսպանության հետ, որը հավատարմագրված է նաեւ Հրվ. Սուդանում: Ըստ այդմ՝ ռուսական ու հայկական կողմերը համագործակցելու են «Ան-12»-ի անձնակազմի անդամների փաստաթղթերը ստանալու, ինչպես նաեւ աճյունները տեղափոխելու նպատակով:

«Ֆրանս Պրես»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 5-ին աղետի վայր էին ժամանել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մաս կազմող բանգլադեշցի սուզակները, որոնք սկսել են Սպիտակ Նեղոսում փնտրել «Ան-12»-ի «սեւ արկղերն» ու հնարավոր զոհվածների աճյունները: Հրվ. Սուդանի տրանսպորտի նախարարի ասելով՝ գլխավոր նպատակը դա է, որից հետո միայն հնարավոր կլինի ամբողջական հետաքննություն վարել: Ամսի 5-ի դրությամբ տեղի իշխանությունները դեռ փորձում էին գտնել նաեւ օդանավի թռիչքային ցուցակը՝ պարզելու թե վերջապես իրականում քանի մարդ է եղել ինքնաթիռում: Հիշեցնենք, որ ըստ Ջուբայի օդանավակայանի կառավարման աշտարակի տվյալների, որոնք ստացվել են օդանավից, այնտեղ եղել է 18 մարդ:         

«BBC»-ն էլ, հղում անելով նույն ֆրանսիական գործակալությանը, մեջբերել է վթարի ականատեսներից մեկի խոսքերը: Վկան պատմել է, որ չնայած օդանավը կարող էր ընկնել շուկայի վրա, ըստ էության, օդաչուն վերջին պահին շեղել է ուղղությունը: «Ձայնն այնքան բարձր էր… Ինքնաթիռը սկսեց անկում ապրել ու ընկավ իմ դռան առաջ: Ակերից մեկը պոկվեց ու գլորվեց իմ տան մեջ, բայց, փառք աստծո, ոչ մեկի չվնասեց»,- ասել է տեղացի ֆերմերներից մեկը:  

Գլխավոր լուսանկարը՝ AFP-ի (Charles Lomodong), մյուս լուսանկարները՝ AP-ի, Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter