HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիան հրաժարվել է ալյուրի պարտադիր հարստացումից քաղցկեղի զարգացման ռիսկի պատճառով

Նոյեմբերի 6-ին Ավստրիայի առողջապահության դաշնային նախարարությունը պատասխանել է այդ երկրում բնակվող Գևորգ Գրիգորյանի գրավոր հարցերին, որոնք վերաբերում են ալյուրի հարստացմանը: Նախարարի ռեֆերենտ Ֆլորիան Ֆելինգերը (Florian Fellinger) Գրիգորյանին ուղարկած պատասխաններում նշել է, որ դրանք կարող են ընդունվել իբրև դաշնային նախարարության պաշտոնական դիրքորոշում: Ֆելինգերի փոխանցմամբ՝ 2006 թ.-ին Ավստրիայի առողջապահության նախարարությունն ալյուրի պարտադիր հարստացման մասին օրինագիծ էր պատրաստել: Այն մեկ տարի տևած հանրային քննարկումներից հետո հանվել է օրակարգից: Գևորգը մեզ հետ զրույցում ասում է, որ դա առիթ է դարձել Ավստրիայի ԱՆ-ին հարցեր ուղղելու եւ պարզելու, թե ինչու, ի վերջո, Ավստրիայի կառավարությունը հրաժարվեց այդ նախաձեռնությունից:

Ֆելինգերը Գրիգորյանի հետ նամակագրության ժամանակ նշել է, որ ալյուրի պարտադիր հարստացման օրինագծի վերաբերյալ կարծիքների մեծ մասը հարստացման օգտին չէր: Հարստացմանը դեմ են արտահայտվել մասնագետները, առեւտրի պալատը, սպառողների խմբերը: Այդ իսկ պատճառով երկրի խորհրդարանում օրինագծի ընդունման գործընթաց չի էլ մեկնարկել:

Ոչ միայն հանրային քննարկումների մասնակիցների մեծ մասը, այլև առողջապահության նախարարությունը խոստովանել են, որ երկարաժամկետ կտրվածքով ալյուրի պարտադիր հարստացումը ֆոլաթթվով ռիսկի տակ է դնում հանրության որոշ խմբերի («…folic acid mandatory enrichment can in long put some groups of population at risk…»), մինչդեռ կամավոր հարստացումը չի կարող արգելվել համաձայն ԵՄ օրենսդրության:

Ֆ. Ֆելինգերը նաև հայտնել է, որ ԱՆ-ն և քննարկումների մասնակիցների մեծ մասը հայտնել են, որ երիտասարդ կանանց մոտ ֆոլաթթվի հարցը կարգավորելու ավելի լավ միջոցներ կան, ինչպես օրինակ թիրախային հավելումները, բժիշկների կոնսուլտացիաները, առողջության մասին գիտելիքների մակարդակի բարձրացումը եւ այլն:

Գ. Գրիգորյանի ճշգրտմանը, թե կարող ենք արդյոք պաշտոնապես հայտարարել, որ ռիսկ ասելով հասկանում ենք քաղցկեղի հնարավոր զարգացման ռիսկերը (possible cancer developing risks), նախարարի ռեֆերենտը պատասխանել է. «Այո, անհանգստությունները վերաբերում էին քաղցկեղի ռիսկին (worries referred to cancer risk)»:

Գևորգ Գրիգորյանը մեկ այլ հարցում էլ է ուղղել Ավստրիայի դաշնային ԱՆ-ին՝ նշելով, որ Հայաստանի առողջապահության նախարարության պաշտոնյաները պնդում են, թե Ավստրիայում 480 անուն ապրանք հարստացվում է: «Այս թվի մասին շատ են խոսում: Ուզում եմ հասկանալ հետևյալը. արդյոք կա հարստացված ապրանքների ցանկ (եթե նույնիսկ հարստացումը պարտադիր չէ)»,- իր նամակում գրել է Գ. Գրիգորյանը:

Ավստրիայի ԱՆ-ի սննդի օրենսդրության, անվտանգության և որակի բաժնի աշխատակից Ամիր Մահմուդը (Amire Mahmood), ի պատասխան Գրիգորյանի հարցադրմանը, նշել է, որ Ավստրիայում հարստացված ապրանքների ցանկ չկա, քանի որ Ավստրիան չունի այդպիսի ապրանքների մասին ծանուցման համակարգ, այսինքն՝ հարստացնողը նախարարությանը չի ծանուցում այդ մասին: «Ես չգիտեմ՝ որտեղի՞ց է ծագել 480 թիվը (I do not know where the number of 480 comes from)»,- պատասխանել է Ա. Մահմուդը՝ նշելով, որ Ավստրիայում նախատեսված չէ պարտադիր հարստացում, իսկ կամավոր հարստացում պետք է կատարվի ԵՄ օրենսդրության նորմերով (Regulation (EC) No 1925/2006):

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 6-ին Հայաստանի առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը հայտարարել էր, թե Ավստրիան 480 մթերք հարստացնում է երկաթով և ֆոլաթթվով՝ չմանրամասնելով, թե ինչպիսի հարստացման մասին է խոսքը:

Գ. Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջիկայում այդ մասին տեղեկացնելու է Ավստրիայի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի «համապատասխան գնահատական տրվի, և, եթե հնարավոր է, դիպլոմատիկ նոտա հղեն Հայաստան»:

Հ.Գ. Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է մեկ տարով հետաձգել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի քննարկումը՝ որոշելով շարունակել ուսումնասիրությունները, հրավիրել խորհրդարանական լսումներ, հրավիրել մասնագետների:

Մեկնաբանություններ (2)

Vartan
Հա, բայց ՀՀ իշխանությունների նպատակը իր ժողովրդին սպանելն ա, էդ հո նորություն չի՞։ Սրանք ամնե միջոց դնում են հայ ժողովրդին փչացնելու համար։ Սահմանադրություն են փոխում, բնությունն են ավերում, մթերքն են թուանվորոմւ։ Աշխարհում կա ՞ մի ուրիշ երկիր, որ սեփական ժողովրդին էսպես ցեղասպանության ենթարկած լինի
Միշո
ավստրացին ինչ ա հասկանում քիմիայից, հայ մասնագոթերը իրանցից լավ գիտեն: Սուս ու փուս կերեք էդ բուժիչ հացը, կամ բերած սարքերի փողը (դվայնոյ) հավքեք տվեք թե ախորժակներիդ չի գալիս: վիզ են դրել մարդիկ, գործ են բռնել, ոնց քաշվեն ձեր պատճառով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter