HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարչական տույժի են ենթարկվել Շիրակի մարզի 4 համայնքների ղեկավարներ

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Արեւշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի սեպտեմբերի 15-ի որոշմամբ տուգանվել է 100 հազար դրամով: Մարզպետարանի պաշտոնական կայքում տեղադրված որոշման մեջ նշված է, որ համայնքի ղեկավարը խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջները, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 26.0 հեկտար մակերեսով վարելահողերը առանց վարձակալության պայմանագրերի եւ պետական գրանցման օգտագործման՝ տրամադրել է 60 քաղաքացու, իսկ 7.2 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարել 26 քաղաքացու: Նշված հողատարածքները տարիներ շարունակ վերջիններիս կողմից օգտագործվել է առանց պետական գրանցման:

100 հազար դրամ տուգանքը Արեւշատի համայնքապետն արդեն իսկ փոխանցել է պետական բյուջե: Սայադ Խաչատրյանը նշեց, որ արձանագրված խախտումն արվել է նախկին համայնքապետի կողմից 2002թ-ին, իսկ ինքը համայնքի ղեկավարումը ստանձնել է 2005թ-ին:

«Խոսքը վերաբերում է հողերի պետական գրանցմանը: Մարդիկ հողերն առել են, բայց պետականորեն կադաստրում չեն գրանցել, նոտարով չեն հաստատել: Հիմա ես, որպես նախորդ համայնքապետի ժառանգորդ, ժառանգել էի նաեւ այս պրոբլեմն ու աչքաթող անելու համար եմ տուգանվել,- պարզաբանում է Արեւշատի համայնքապետը,- պիտի մարդկանց շահագրգռեինք, որ գնային պետական գրանցման հարցը լուծեին, բայց չենք արել: Հասկանում եմ, որ գյուղապետարանը թերացել է, բայց դե մարդկանց ձեռքն էլ փող չկա, որ անեն»:

Համայնքապետը տուգանվել է, հողօգտագործողներն էլ զգուշացվել վարձակալությամբ եւ սեփականություն համարվող հողատարածքները պետական կադաստրում գրանցելու գործընթաց սկսելու վերաբերյալ: Սայադ Խաչատրյանի փոխանցմամբ այս պահին որեւէ ավարտուն գործ չունեն:

«Ծախսերը կազմում են 35-ից 45 հազար դրամ, դիմացը աշնան բերքահավաքի հետ կապված աշխատանքներն էին, դրա համար էլ մարդկանց մեծ մասը կադաստրի հետ կապված էդ գրանցումները թողել են ձմռան ամիսներին: Ես բոլորին հրավիրել եմ, բացատրել, որ չանտեսեն, պայմանավորվել ենք չափագրողների հետ, որ գան, միանգամից բոլորի հողերը չափագրեն, գնան»,- ասում է համայնքապետը:

Շիրակի մարզպետի սեպտեմբերի 15-ի որոշմամբ տուգանվել են նաեւ Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն, Աշոցքի տարածաշրջանի Թորոսգյուղ եւ Ախուրյանի տարածաշրջանի Առափի համայնքների ղեկավարները, նրանց նկատմամբ եւս կիրառվել են վարչական տույժեր: Մարզպետի որոշման համաձայն` այս համայնքների ղեկավարները խախտել են ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի տարբեր պահանջներ:

Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանի նկատմամբ նշանակվել է 150 հազար դրամ տուգանք: Վերջինս՝ խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վերահոսկողություն չի իրականացրել «Տուֆագործ-90» եւ «Կ.Գորոյան եւ գործընկերներ» ՍՊԸ-ների եւ համայնքի ղեկավարի միջեւ կնքված՝ 2004 թվականի մայիսի 14-ի ու 2003 թվականի հոկտեմբերի 14-ի պայմանագրերի համաձայն, շինարարության համար նախատեսված քարի արտադրության համար ընկերություններին վարձակալությամբ տրամադրված հողամասերի ըստ նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ:

Ախուրյանի տարածաշրջանի Առափի գյուղի ղեկավար Ալբերտ Այվազյանը տուգանվել է 150 հազար ՀՀ դրամի չափով: Համայնքի ղեկավարը, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները, վերահսկողություն չի իրականացրել շարժական կապի բջջային կայան տեղադրելու նպատակով «Ղ-ՏԵԼԵԿՈՄ»  ՓԲԸ օգտագործման տրամադրված համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողերի գործառնական նշանակության 0.01 հեկտար, համայնքային սեփականության, գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքերի, կադարստային ծածկագրով էներգետիկայի, կապի տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողամասերի ըստ նպատակային եւ գործառնական նշանակությամբ օգտագործման նկատմամբ:

Թորոսգյուղի համայնքի ղեկավար Արմենակ Սարգսյանի վարչական տույժը կազմել է 100 հազար դրամ: Մարզպետի որոշման համար հիմք է ծառայել այն, որ համայնքի ղեկավարը՝ խախտելով ՀՀ կառավարության 2010թ հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից եւ խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» թիվ 1477-Ն որոշման պահանջները, համայնքային սեփականության 640.42 հեկտար արոտավայրերի օգտագործման համար վարձավճարները չի գանձել եւ արոտավայրերն օգտագործվել են առանց համապատասխան վարձակալության պայմանագրերի կնքման:

Վարչական տույժերը մուծելու համար սահմանվել է 15 աշխատանքային օր: Համայնքի ղեկավարներն իրավունք ունեն մարզպետի որոշումը գանգատարկել դատական կարգով` տասն օրվա ընթացքում: «Հետքին» մարզպետարանից փոխանցեցին, որ վարչական տույժի ենթարկված համայնքապետերը կատարել են վճարումները եւ որեւէ մեկը չի գանգատարկել մարզպետի որոշումը դատական կարգով:

Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության եւ հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանի փոխանցմամբ համայնքներում խախտումները հայտնաբերել են Կադաստրի գեոդեզիայի եւ հողերի վերահսկողության պետական տեսչությունը:

«Իրենք առաջարկ են ներկայացրել մարզպետին, հիմնավորել են հայտնաբերած խախտումները, մարզպետն էլ տվել է գնահատական եւ այդ 4 համայնքապետերն ենթարկվել են վարչական տույժի,-նկատում է Զորիկ Խաչատրյանը,- մեր տեսչական ստուգումների արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում երկու փաստ է արձանագրվել Հոռոմ եւ Բերդաշեն գյուղերում, համայնքապետերն ենթարկվել են վարչական տույժերի»:

Մեկնաբանություններ (1)

Vardan
Ուրեմն 35-45 հազար դրամ են վերցնում նոտար - կադաստրը ցանկացած թղթակտորի ձեւակերպման համար: Եթե մեկը 100 մ հող է հարեւանին վաճառում մետրը 5 դրամով՝ իսկ դա այն գինն է որով Արմավիրի մարզում ջոջոներին հեկտարներով հող էին տվել (այդ մասին հիշատակվել է մամուլում) ապա առք ու վաճառքի պայմանագրի գումարը կազմում է 500 դ իսկ ձեւակերպման համար մուծվում է 35-40 հազար, այսինքն 60-70 անգամ ավել տուրք է վճարվում (!) Սա ինչ հայկական աբսուրդ է? Կա արդյոք աշխարհում նման երեւույթ? Որքան տեղյակ ենք պետական տուրքը տատանվում է մասնավոր պայմանագրի գումարի 5% սահմաններում (նորմալ երկրներում:) Իսկ եթե դա միայն ֆիքսված ,,սերվիս,, է, ապա ինչու այդքան թանկ եւ կադաստրն ու նոտարն ինչու են պետական կոչվում ու աշխատավարձ ստանում? Գժվելու հարցեր կան այստեղ, իմ կարծիքով: ,,Հետքին,, խնդրում ենք, որ ճշտեն թե ինչեր են դրված մեր հատած ու հանգած գյուղացիների գլխին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter