«Էս կյանքում հեշտ բան չկա»,- ասում է 3 երեխաներին միայնակ մեծացնող Արփինեն
Մարինե Մարտիրոսյան
Արփինեն ժիլետի ծայրով կիսով չափ փակում է դեմքը, երբ խոսում է: Ճակատին կախված մազափնջի տակից երևում են նրա աչքերը: Ժպտալիս աչքերի շուրջը մանր ծալքեր են երևում: 3 տարի առաջ՝ երրորդ հղիության ժամանակ, տան բակում ընկել է, վերին ատամնաշարը ջարդել: Մեկ շաբաթ առաջ «Փարոսի» միջոցով օգտվել է ատամնաբուժական ծառայությունից: Մինչև ձմեռ հույս ունի, որ պրոթեզավորումը կանեն:
Արփինե Մխիթարյանը 31 տարեկան է: Իր 3 երեխաների՝ 10-ամյա Մարիամի, 8-ամյա Սարգսի ու 2,5-ամյա Հակոբի հետ բնակվում է Արարատի մարզի Այնթապ գյուղում՝ կիսակառույց տանը: Նրանց տուն տանող ճանապարհին զրուցում ենք Արփինեի հետ: Հարցերին կարճ է պատասխանում: Մինչև տուն հասնելը ցույց է տալիս տնամերձ հողամասը, որտեղ այս տարի սխտոր է աճեցնում: Ասում է, որ նախորդ տարի հողամասի միայն մի մասում էր աճեցրել, բայց չկարողացավ վաճառել, քանի որ քիչ էր: Այս տարի աճեցնում է վաճառելու համար: 1 կիլիոգրամը 1000 դրամով է վաճառելու:
Տան մոտ շունն է՝ Արջուկը: Երկու մեծ քար է դրված շան բնի ծածկին. քամին Արջուկի «բնակարանը» հաճախ է քանդում: Տան մոտ փայտյա զուգարանն է: Արփինեն ժպտում է: Ինքն ու իր հարևան պապիկն են մեխել տախտակները:
Տան բակի խոնավ հատակին ավելի հետքեր կան: Կոկիկ դասավորված կոշիկներն են աթոռի տակ: Դռան աջ մասում ծորակն է: Ձմեռային բաճկոն են գցել ծորակի վրա, որովհետև ջուրը հաճախ է սառչում, գիշերները ևս մեկ բաճկոն են ավելացնում եղածին:
Տան օդը սառը չէ: Փայտյա վառարանը կամաց-կամաց հանգում է, վառարանի մոտ երեխայի կոշիկ է դրված: Հարցնում եմ՝ փայտո՞վ են վառում վառարանը: Արփինեն մեղմ ժպտում է, թե փայտն ամառվա աշխատանքով է գնել՝ 2խմ, բայց պահում է ձմեռվա համար: Հիմնականում երեխաների մաշված կոշիկները, հագուստ են վառում: Երբեմն նաև Արփինեի մայրն է բերում վառելու հագուստ ու կոշիկ: Շենգավիթ վարչական շրջանում վերջինս փողոց ավլող է, Արփինեն ասում է՝ գործի բերումով շատ է պատահում, որ բերում է:
«Կարևորը՝ տունը տաք լինի, էրեխեքս չմրսեն»,- ասում է 31-ամյա կինը: Չի սիրում, որ բողոքում է կյանքից: «Հա, ի՞նչ անենք, դժվարություն որտե՞ղ չկա»,- հաճախ է կրկնում:
«Որ բողոքեմ, ի՞նչ, ինձ է ո՞վ է լսելու»
Արփինեն արդեն 2 տարի միայնակ է ապրում երեխաների հետ: Ամուսնուց բաժանվել է: Ասում է՝ «շատ էր խմում, շատ էր սուտ խոսում, աշխատածը տուն չէր բերում»: Հիմա չի էլ իմանում, թե ամուսինը որտեղ է:
Ամուսնացել էին 2005-ին: Սկզբից վարձակալած բնակարանում էին ապրում, հետո տեղափոխվել էին Արփինեի մայրական տուն: Սակայն, զրուցակիցս նշում է, որ ամուսինն աշխատած գումարը տուն չէր բերում, «շատ էր խմում»: Առաջնեկի ծնվելուց հետո մոտ 9 ամիս Արփինեն ապրել է մոր, ամուսինը՝ բարեկամներից մեկի տանը:
Այնուհետ միացել են: 4 տարի ապրել են Այնթապում՝ «դոմիկի» մեջ: Շենգավիթի հանրակացարանում Արփինեի մայրը վաճառել է իր մեկ սենյակը 4000 դոլարով և հողամաս է գնել աղջկա համար: Կիսակառույց տունը, որտեղ հիմա բնակվում է Արփինեն, իրենք են կառուցել:
Փրփրապլաստե առաստաղով տունը
Տան առաստաղը չեն հասցրել բետոնապատել: «Փրփրապլաստ ենք դրել, վրան էլ տախտակներ»,- երբ նայում եմ առաստաղին, ավելացնում է Արփինեն: «Անձրևի ժամանակ չի՞ կաթկթում»,- հարցնում եմ նրան: «Դե չէ, մեկ-մեկ էդ անցքերից կարող ա կաթկթա, բայց փակում եմ»,- պատասխանում է:
Ես մտածում եմ, թե Արփինեի մեջ այսքան ուժ որտեղից, որ կարողանում է խնամքով թաքցնել իր կարիքները: «Ես ուժեղ մարդ եմ»,- ասում է նա:
Սեղանին դրված գազօջախին սուրճ է պատրաստում մեզ համար: Երեխաները մոտ չեն գալիս կոնֆետին, մուտլֆիլմ են նայում: Երեքն էլ համեստ ու լռակյաց են: Արփինեն ցածր է խոսում նրանց ներկայությամբ: Ասում է՝ իրեն հիմնականում մայրն է օգնում: Հեռուստացույցն էլ է նա գնել:
Ննջասենյակի, զգեստապահարանի դռներին, պատերին կավճով գրություններ կան: Մարիամն է հեղինակը: Արփինեն ասում է՝ երեխաները գրատախտակ ունեին, երբ ջարդվեց, սկսեցին պատերին, դռներին գրել, ինքը շատ չի խոսում դրա համար, առանց այդ էլ երեխաները շատ բանից են զրկված: Ննջասենյակում Սարգիսն ու Մարիամն են քնում: Իսկ հյուրասենյակըև՛ խոհանոց է, և՛ բաղնիք, և ննջասենյակ: Հակոբի մանկական մահճակալն է անկյունում: Տան մուտքի դռան մոտ ալյումինե տաշտն է: Արփինեն առանց իմ հարցի էլ պատասխանում է. «Դե, հա, էդ էլ մեր բաղնիքն ա, էդտեղ ենք լողանում»:
Եղունգների բաց մանուշագույն ներկն ավելի է ընդգծում նրա կոշտացած մատները: Ամռանը Արփինեն առավոտյան ժամը 6-ից դաշտերում օրը 3000 դրամով բամիա, վարունգ է հավաքում: Աշխատած գումարով էլ ձմեռվա 2 խմ փայտն է գնել: Հիմա մտածում է աշխատանք գտնել՝ խանութում հավաքարարություն անել: Ասում է՝ գտնելը խնդիր չէ, որ լավ փնտրի, կգտնի, պարզապես Հակոբին նայող չկա: Ամռանը Մարիամն ու Սարգիսն էին նայում, երբ ինքը դաշտ էր գնում, հիմա դասերն սկսել են:
Գյուղում մանկապարտեզ կա, այդտեղ էր դիմել, որ Հակոբին ընդունեն: Սակայն մերժել են՝ ասելով, թե տեղ չկա: Մինչդեռ դրանից օրեր անց, ըստ Արփինեի, երեխաներ են ընդունել: Փորձում է հասկանալ պատճառը, ասում է՝ դե, երևի ինքն այդքան շատ հնարավորություններ չունի, դրա համար: Մանկապարտեզի վարիչն էլ գյուղապետի կինն է: Գյուղապետարան էլ է դիմել այդ հարցով, սակայն այդտեղ էլ պատասխանել են, որ տեղ չկա, կարող է տանել հարևան գյուղ կամ քաղաք: Իսկ դրա համար, ասում է, տրանսպորտի գումար է պետք, չի հասցնի:
«Էս կյանքում հեշտ բան չկա»
«Ձմեռ է գալիս, պիտի մի գործ գտնեմ, էրեխեքիս պահեմ»,- նշում է 31-ամյա մայրը: 3 երեխաների համար ստանում է 36.000 դրամ նպաստ: Ասում է՝ խանութներին պարտք չունի, փորձում է խնայողաբար օգտագործել գումարը: Երբեմն հարևաններն են օգնում, օրինակ, հարևաններից մեկը կարտոֆիլով է օգնում:
15 օր է՝ մայրը զրկվել է աշխատանքից: Առողջական խնդիրներ ունի, բայց բուժման գումար չունի: «Մտածում եմ՝ աշխատանք ճարեմ, իրանց կարողանամ պահեմ-մեծացնեմ»,- շարունակում է Արփինեն՝ նայելով երեխաներին:
Մարիամն ասում է՝ սկզբից որոշել էր բժշկուհի դառնալ, բայց վարսավիր է դառնալու, Սարգիսը՝ ոստիկան, Հակոբը՝ ֆուտբոլիստ: «Գնդակդ կբերե՞ս խաղանք»,- դիմում եմ Հակոբին: «Ծղվել ա»,- պատասխանում է՝ ուսերը թոթվելով:
Արփինեն մեր իրականության մեջ ապրող այն քիչ մարդկանցից է, որ, կարիքների մեջ լինելով, չի դժգոհում: Մեր զրույցի ժամանակ միակ կետը, որտեղ թույլ զգացվում է նրա բողոքը, երեխաներին մշակութային միջոցառումներից զրկելն է: Ասում է՝ օրեր առաջ դպրոցում թատրոնի տոմսեր էին վաճառում, ինքը չկարողացավ գումարը տալ: Նախորդ անգամ էլ դպրոցի աշակերտներին թանգարան էին տարել, ու ինքը կրկին չկարողացավ գումար գտնել: «Այ, դրա համար էլ եմ ուզում, որ աշխատեմ, որ իմ էրեխեքին չկտրեմ էդպիսի բաներից»,- նշում է նա:
Երեխաներն ասում են՝ սենյակներում մկներ են երևում, Արփինեն դա էլ է փորձում կոծկել, թե ոչինչ, մեկ-մեկ են երևում: «Մի բան խնդրեմ, էլի. իմ էս կողքի հարևանը դոմիկում ա ապրում, երկու հաշմանդամ երեխա ունի, իրենց մասին գրեք, էլի, խնդրում եմ: Ճիշտ ա, ես սենց պայմաններում եմ, բայց իրանք ինձնից վատ վիճակում են, կուզեի, որ իրենց օգնեին»,- ասում է, ապա ավելացնում, թե 1 րոպեի ճանապարհ է, եկեք գնանք:
«Էս կյանքում հեշտ բան չկա, ամեն ինչ էլ դժվարություններով է լինում»,- բացատրում է Արփինեն: Իրեն համարում է երջանիկ մարդ, որովհետև 3 լավ երեխա ունի: Սա ասելուն պես նայում է նրանց: Դրսում թեև ցուրտ է, ինքն առանց բաճկոնի է: Ասում է՝ սովորել է ցրտին: Մեզ ուղեկցում է մինչ գլխավոր ճանապարհ:
Երևան գալու ճանապարհին դեռ մտածում եմ Արփինեի տեսակի, նրա երեք երեխաների մասին, ովքեր ասում են, որ Ձմեռ պապիկին չեն հավատում:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել