HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տասնամյակներ չվերանորոգված դպրոցների համար պետությունը դեռևս գումար չունի

Արմավիրի մարզպետարանի տվյալներով` մարզում մոտ մեկ տասնյակ դպրոց առաջնահերթ վերանորոգման կարիք ունի: Այդ դպրոցների թվում են Լուսագյուղի, Ջրաշենի և Երասխահունի դպրոցները: Վերջինս համեմատաբար բարվոք վիճակում է, քանի որ դպրոցի մասնաշենքերից մեկը վերանորոգվել է:

Ջրաշեն. 40 «տարեկան» դպրոցը վերանորոգվել է մեկ անգամ, քամուց վնասվելու արդյունքում

Այս տարի Ջրաշենի միջնակարգ դպրոցը նշում է հիմնադրման 40-ամյակը: Դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանն ասաց, որ դպրոցը «շատ անմխիթար վիճակում է»: «Դպրոցում ինչ կա՝ հին է, նոր բան չունեմ: Կահույքն էլ է հին»,-ասում է տնօրենը:

Դպրոցի հիմնադրումից հետո շենքում առաջին անգամ շինաշխատանքներ են իրականացվել անցյալ տարի, երբ ուժեղ քամու հետևանքով վնասվել էր տանիքը: Սամվել Պողոսյանի խոսքով` մարզպետարանն անմիջապես արձագանքել է, և տանիքն ամբողջությամբ փոխվել է: Մասնակի փոխվել են նաև պատուհանները, սակայն գումարը չի բավականացրել՝ 22 պատուհան դեռ փոխված չէ: 48.553.035 դրամի սահմաններում շինաշխատանքներն իրականացրել է «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն:

Իսկ թե ե՞րբ կվերանորոգվի ամբողջ դպրոցը, պարզ չէ, որեւէ ծրագրերում այն ընդգրկված չէ: «Ներքին հարդարման աշխատանքներ պետք է անել: Նախահաշիվ էլ դեռ չի արվել: Անցյալ տարի ենք դիմել մարզպետարան, որպեսզի ծրագրերում ընդգրկեն, ասացին՝ մի քիչ սպասեք, մինչև կիսատ դպրոցները ավարտեն»,- նշում է Ս. Պողոսյանը:

Տնօրենի խոսքերով` եթե պետությունը հնարավորություն չունի գումար հատկացնել դպրոցի շենքի վերանորոգման համար, պետք է այդ գործը մասնակի իրականացնեն գյուղի բնակիչները: Տնօրենը վերջիններիս խնդրել է գումար հավաքել տարրականի դասասենյակները վերանորոգելու համար: «Ծնողներին ասել եմ՝ գումար հավաքենք և դա կոչենք ավագանու կողմից»: Մեր տարակուսանքին, թե ծնողները գումար հավաքեն ու ստացվի, որ ավագանի՞ն է վերանորոգել, պատասխանում է. «Հա, ի՞նչ անենք, ավագանին նույն գյուղի բնակիչն է, էլի»:

Արտաքինից բարվոք վիճակում թվացող դպրոցի ներսի պատերի ծեփը պոկված է, դռները՝ կոտրված, աշակերտական նստարանները մաշված են և վնասված: Դասասենյակների պատերից դեռ «բուրում» է նախորդ ջեռուցման սեզոնից մնացած սոլյարկայի հոտը: Դպրոցը չունի լոկալ ջեռուցում և սենյակները տաքացնում է վառարաններով`հեղուկ վառելիքով:

Այս դպրոցում հին է նաև տեխնիկան: Տնօրեն Պողոսյանը պատմեց, որ դպրոցի համակարգչային սենյակում կա մոտ մեկ տասնյակ համակարգիչ, սակայն դրանցից միայն մեկն է քիչ թե շատ աշխատում: Հիշեց, որ առաջին համակարգիչը շահել են «Բարի լոտո» խաղարկությամբ դեռևս 2000 թվականին: Դպրոցում կա մեկ «ժամանակակակից» համակարգիչ, որը դրված է տնօրենի քարտուղարուհու սեղանին:

Ջրաշենի դպրոց է հաճախում 91 երեխա: Նրանց թիվը տարեցտարի նվազում է: Օրինակ` անցյալ տարի չորս երեխա ընտանիքով մեկնել է Գերմանիա: Հիմնականում արտագաղթում են եզդիները:

Երասխահուն. 482 աշակերտի համար նախատեսված դպրոցում 201 երեխա է սովորում

Երասխահուն գյուղի դպրոցը եւս արտաքուստ բարվոք է, սակայն առաջին հարկի միջանցքը, մասնաշենքերից մեկը վթարային վիճակում են, իսկ աշակերտներն ու ուսուցչական կազմը ապահովագրված չեն անցանկալի դեպքերից: Հատկապես առաջին հարկի միջանցքի պատերը խիստ վտանգավոր են երեխաների համար, դրանց բացվածքներն այնքան մեծ են, որ երեխաները հանգիստ կարող են արանքով անցնել:

2013-2014թթ. մասնաշենքերից մեկը վերանորոգվել է 120.255.770 դրամով, փոխվել է տանիքը, դռներն ու պատուհանները: Այդ նպատակով 2013թ. ծախսվել է 54.890.000, իսկ 2014թ.` 65.365.770 դրամ: Շինաշխատանքներն իրականացրել է «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն:

Դպրոցի տնօրեն Սուսաննա Սարիբեկյանն ասաց, որ այս տարի ևս վերանորոգում նախատեսված է: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից փոխանցել են, որ հատկացվելու է 30 մլն դրամ:

«Աշխատանքներ շատ կան անելու: Լոկալ ջեռուցում չունենք, հեղուկ վառելիքով ու էլեկտրական սալիկներով ենք տաքացնում: Բայց ոչ մի տարբերակն էլ չի տաքացնում, մեր դպրոցը մեծ, տիպային դպրոց է, դասասենյակները 52-72քմ: Վերանորոգված հատվածում ստիպված են էլեկտրական սալիկներով տարածքը ջեռուցել: Մենք մեր միջոցներով գնել ենք սալիկները, մեր միջոցներով էլ պետք է ծայրը ծայրին հասցնենք:  Վերանորոգված դասարանում չենք կարող հեղուկ վառելիք օգտագործել: Էլեկտրաէներգիան էլ թանկացել է, չգիտենք, թե ինչպես ենք տեղավորվելու: Միջանցքներում սառնամանիք է, միջանցքը չի ջեռուցվում»,-ասում է Ս. Սարիբեկյանը:

Դպրոցի ներսում զուգարան ունեն միայն նախակրթարանի երեխաները, մյուսների համար այն դրսում է: Ծրագրով տարրական կորպուսում ևս զուգարան է կառուցվելու:

Այժմ դասերն անցկացվում են շենքի վերանորոգված հատվածում: Իսկ թե երբ ամբողջ շենքը կհանձնվի շահագործման՝ դպրոցի տնօրենը տեղյակ չէ: Տնօրենի խոսքով` ցանկալի է, որ շինաշխատանքները միաժամանակ իրականացվեն` դրանք ճիշտ կազմակերպելու, արդյունավետ լինելու համար: Ըստ նրա` հենց մուտքից դպրոցի վիճակը զգացնել է տալիս: Մինչև մի քիչ քայլում են դեպի վերանորոգված մասնաշենք ու տրամադրվում են, որ այնտեղ վերանորգված է, լավ է,  արդեն տպավորությունը փոխվում է: Բայց քանի որ պետբյուջեի հաշվին է վերանորոգում իրականացվում, իսկ բարերարներ չունեն, հարմարվում են անհարմարությունների հետ:

Սուսաննա Սարիբեկյանն ասում է, որ 482 աշակերտի համար նախատեսված դպրոցում այժմ սովորում է 201 աշակերտ, ինչն էլ բարդացնում է դպրոցի ֆինանսական վիճակը: Օրինակ` այս տարի 10-րդ դասարան չկա դպրոցում: Աշակերտները 9-րդ դասարանից դուրս են եկել և չեն ցանկացել շարունակել ուսումը:

«Մենք ֆինանսական տեսանկյունից «չտեղավորվող» դպրոց ենք, աշակերտների թիվը պակաս է: Աշակերտների թիվը նախագծային հզորության նույնիսկ 60 տոկոսը չի ապահովում: Հազիվ, պարտքերով աշխատում ենք: Աշխատում ենք մանկավարժների աշխատավարձի պարտք չունենալ, որովհետև առանց այն էլ նրանց աշխատավարձը չնչին է, բայց հարկայինին պարտք ենք»,-հավելում է տնօրեն Սարիբեկյանը:

Լուսագյուղ. Տնօրենը չի հիշում, թե վերջին անգամ պետական միջոցներով երբ է վերանորոգվել դպրոցը

Դպրոցը հիմնադրվել է 1964 թվականին: Տնօրեն Հակոբ Բաղդասարյանն ասաց, որ չի կարող հստակ ասել, թե պետական միջոցներով վերջին անգամ երբ է վերանորոգում իրականացվել, կամ արդյոք իրականացվե՞լ է:

«Մասնակի վերանորոգումներ իրականացնում ենք, բայց մեր միջոցներով: Դպրոցի վերանորոգումը ծրագրերում ընդգրկված է, կառավարությունում դպրոցաշինության վերաբերյալ նախագիծ կա, հիմա էլ կա նոր ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամից եկել են, հիմա դրա վրա ենք աշխատում»,-ասում է Հ. Բաղդասարյանը:

Մի քանի դասասենյակների ներքին հարդարանքը թարմացվել է, սակայն դռներն ու պատուհանները փոխված չեն, և դրանք մի կերպ են «կայուն» դիրքում մնում: Դպրոցի միակ «լուսավոր մասը» նախակրթարանի հատվածն է, որը վերանորոգված է:

Տնօրենն ասաց, որ տեղյակ չէ` նախահաշիվ արվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ հիմնադրամը ոչինչ չի ասում: 118 աշակերտ է սովորում այս դպրոցում: Վերջին երկու տարիների ընթացքում այդ թիվը ոչ նվազում է, ոչ՝ աճում:

Հ.Գ. Ինչու՞ էին վախեցել դպրոցի տնօրենները

Վերանորոգման կարիք ունեցող դպրոցների տնօրենները, ի տարբերություն վերանորոգվածների, այնքան էլ հյուրընկալ չէին: Նրանք խուսափում էին շփումից և յուրաքանչյուր բառ ասելուց առաջ ծանրութեթև էին անում: Զուգահեռաբար այցելել ենք նաև մոտ մեկ տասնյակ վերանորոգված դպրոցներ, որոնց տնօրենները խնդիրներ չստեղծեցին:

Ջրաշենի դպրոցի տնօրեն Սամվել Պողոսյանը տեղեկանալով, որ լրագրողներ ենք, պահանջեց հեռախոսները, ձայնագրիչները անջատել և դնել սեղանին՝ իր աչքի առաջ: Տնօրենը չէր ժպտում, արագ-արագ թերթում էր նոթատետրը, որպեսզի գտնի մարզպետարանի համապատասխան պաշտոնյաների հեռախոսահամարները՝ խոսելու թույլտվություն ստանալու համար: Մի քանիսին զանգելուց հետո համաձայնեց խոսել: «Ղեկավարությունը պիտի իմանա, որ ես ձեզ հետ խոսում եմ»,-արդարանում էր Սամվել Պողոսյանը:

Երասխահուն գյուղի դպրոցի տնօրեն Սուսաննա Սարիբեկյանը ոչ տեխնիկան անջատել տվեց, ոչ էլ պահանջեց, որ ձեռքերս վեր բարձրացնենք, պարզապես հայտարարեց, որ տեղեկատվություն չի տրամադրելու: Այս անգամ ստիպված եղանք զանգահարել Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին: Վերջինիս հետ հեռախոսով խոսելուց հետո տնօրենը պատասխանեց մեր հարցերին:

Լուսագյուղի դպրոցի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը մարզպետարանում էր: Փոխտնօրենը նախ պահանջեց մարզպետարանից ներկայացնել գրավոր թույլտվություն, որից հետո միայն կհամաձայնի խոսել մեզ հետ: Այնուհետև դժգոհեց. «Լրագրողներն այդպիսին չեն լինում, գնացեք թույլտվություն բերեք»: Նա դպրոցում նույնիսկ սահմանափակեց մեր տեղաշարժը՝ ասելով. «Եթե թույլտվություն չբերեք, որևէ տեղ չեք գնալու, չեք նկարելու: Հեռախոսով խոսեց տնօրենի հետ: Դրանից մոտ 10 րոպե անց Հակոբ Բաղդասարյանն էր փորձում ճշտել` արդյոք վերևներում տեղյա՞կ են: «Բայց ինչի՞ եք հենց մեր դպրոց եկել»,-անհանգստանում էր տնօրենը:

Մեկնաբանություններ (2)

ominac
Ինչու՞ համար այսքան յետամնաց էք։ Ջարդէն վերջ երբ Պէյրութ գացինք, այդքան կտրուած, արիւնոտ վիճակով, մեր ուժերով առանց որեւէ պետական օգնութեան, քանի տասնեակ դպրոց սարքեցինք, մինչ դուք սովետէն վերջ բոլոր դպրոցները սարքուած վիճակով, նոյնիսկ չէք կրնար դպրոց պահել, մարդ ինչքան յետամնաց մշակոյթ պիտի ունենայ որ իր երեխաները այս տեսակ դպրոց յաճախէ։ Ու՞ր գրուած է որ պետութիւնն է ձեր երեխաներուն ապագան ապահովողը։ Իսկ դուք ինչ կընէք։ Ժողովուրդ մը որ ինքզինքին օգնելու միտք չունի, Ես ի՞նչու իրենց պիտի օգնեմ։ Կրնայ ըլլայ կենաց խմելը քիչ մը դարկէք եւ գործի անցնիք։ Բարձրաձայն լալու իրաւունքը միակ իրաւունքն է որ կօգտագործէք։ Եթէ վարտիքդ վար է, քու պարտականութիւնն է որ վեր քաշէս, ոչ թէ պահանջես որ ուրիշը վեր քաշէ։
Նարեկ
Կենտրոնական բանկի նախագահ ունենք, որ իրեն շեյխի տեղ է դրել, վիզը ստանդարտ վերնաշապիկի մեջ չի տեղավորվում... Կարող է մտքիցդ հանկած, մի ակնթարթ, շատ չէ, մի վարկյան, անցնի, ՑԲ-ի նախագահ, Նոր տարվա կապակցությամբ մի ամսվա համեստ աշխատավարձդ էս դպրոցին նվիրես??? Պտի ասես. նման հայեցակարգ չկա, կամ դու էս երկրի հետ կապ չունես...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter