HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Up Where We Belong». չսպասված և վիճահարույց հիթը «Paramount Pictures»-ից

Նաիրա Հայրապետյան 

Ռեժիսոր Թեյլոր Հեքֆորդի « Սպան և ջենթլմենը» (An Officer and a Gentleman) ֆիլմը շատերին է ծանոթ, հատկապես Ռիչարդ Գիրի երկրպագուներին: Սակայն տարիների հեռավորության մեջ փաստվեց, որ այն առավելապես տպավորվել է ոչ այնքան ֆիլմի, որքան սաունդթրեքի շնորհիվ, որտեղ հիմնական դերը պատկանում է  հանրահայտ ու շատ սիրված մի երգի` «Up Where We Belong»–ին: Անկրկնելի Ջո Քոքերի և Ջենիֆեր Ուորնսի կատարմամբ այս երգը փայլուն հաղթարշավ ունեցավ միանգամից մի քանի երկրների հիթ-շքերթներում, գրավեց ամենատարբեր լսարաններ և հեղինակավոր մրցանակների արժանացավ: Մինչդեռ ինչեր ասես չէին անցել նրա կողքով, մինչև լույս աշխարհ գալը ...

Ամերիկյան մելոդրամատիկ այս ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին արդեն և նույնիսկ մոնտաժված սևագիրն էր պատրաստ, երբ երգահան Ուիլ Ջենինգսին առաջարկվեց, այսպես ասած, փակման երգ գրել: Ընթերցողներին հիշեցնեմ, որ Ջենինգսը հայտնի է նաև  «Tears in Heaven» և «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր սաունդթրեքի` «My Heart Will Go On» երգերով: Ֆիլմարտադրող ընկերությունը «Paramount Pictures»-ն էր, որտեղ երաժշտական բաժինն այն ժամանակ  ղեկավարում էր Ջոել Սիլը: Հենց նա էլ Ջենինգսին առաջարկեց մտածել հետաքրքիր մի բան այդ ֆիլմի համար:

«Երբ ես ֆիլմի սևագիր մոնտաժը նայեցի, շատ սիրեցի այն և սկսեցի լրջորեն տրամադրվել երգը գրելուն:- ասել է Ջենինգսը հարցազույցներից մեկում,- Ես ինքս «բանվոր դասակարգից» եմ, և այդ մարդիկ, ովքեր ֆիլմում փորձում են գտնել իրենց հաջողությունը, նրանք պարզապես իմն են, իմ մարդիկ են»:   

Who knows what tomorrow brings
In a world few hearts survive
All I know is the way I feel
When it’s real, I keep it alive
The road is long
There are mountains in our way
But we climb a step every day

 

Love lift us up where we belong
Where the eagles cry
On a mountain high
Love lift us up where we belong
Far from the world below
Up where the clear winds blow

«… Լեռան պատկերը դեպի վեր ձգտելու խորհուրդն է: Մարդիկ հաճախ սխալ են հասկանում տեքստի իմաստը: Այնտեղ երգվում է. «Ուր ճչում են արծիվները, բարձր լեռան վրա... », ոչ թե՝ « Ուր սավառնում են արծիվները, բարձր լեռան վրա»… Եթե դուք երբևիցե լսել եք արծվի ճիչը, կռինչը, զգացել նրա ուժն ու գեղեցկությունը, նրա վայրի ազատությունը, ապա, անպայման, կհասկանաք տարբերությունը: Իսկ ինչ  վերաբերում է «Ես գիտեմ միայն այն, ինչ զգում եմ» արտահայտությանը... դե, գիտե՞ք ինչ` երբ ձեզ ոչ մի բան չի հուշում, թե ինչպես կողմնորոշվել կյանքում և ինչ անել, ապա ստիպված եք հույսը միմիայն զգացմունքների վրա դնել… Եթե դուք ճանապարհից շեղվել եք, մոլորվել, ապա միայն բնազդը և  զգացմունքները կարող են ձեզ ուղղորդել»:

Երգի խոսքերը գրեցին ֆիլմի սցենարի հեղինակները՝ Ջեք Նիցշեն և Բաֆֆի Սենթ-Մարին: Երգչուհու՝ Ջենիֆեր Ուորնսի թեկնածությունը առաջարկեց ֆիլմի ռեժիսորի՝ Թ. Հեքֆորդի մտերիմ ընկերներից մեկը, ով նաև երգչուհու մենեջերն էր: Հեքֆորդը սկզբում հրաժարվեց ընդունել առաջարկը, որովհետև Ուորնսի ձայնը շատ չէր հավանում: Բացի այդ, իրեն անհրաժեշտ հատվածում, որը պետք է ձևավորվեր «Up Where We Belong» -ով, նրա կատարումը շատ թույլ էր թվում և ոչ այնքան ազդեցիկ: Սակայն հաջողվեց համոզել. Հեքֆորդին համոզեց Ջո Քոքերի հետ զուգերգի մտահղացումը:

Երբ երգը ձայնագրվեց, նոր խնդիրներ ի հայտ եկան. բանն այն է, որ պրոդյուսեր Դոն Սիմփսոնը անսպասելիորեն պահանջեց հանել երգը ֆիլմից: Պատճառը նա ներկայացնում էր մասնագիտական վստահությամբ՝ « Երգը լավ երգ չէ: Այն չի կարող հիթ դառնալ»: Հաջորդ մեկնաբանությունն արդեն լրացնում էր Հեքֆորդի նախնական մտահոգությանը՝ « Նա (Ջենիֆեր Ուորնսը) շատ քաղցր ձայն ունի, բայց երբեք հիթ չի ունենա, մանավանդ որ սա, միանշանակ, չի լինի»:

Սա կարծես բավական չէր, երբ նոր պատմություն սկսվեց «Up Where We Belong»-ի շուրջ. գլխավոր դերակատար Ռիչարդ Գիրը սկսեց բոյկոտել ֆիլմի ավարտն ու գրեթե հրաժարվեց նկարահանումներից: Ֆիլմի վերջին մասն իսկապես ռոմանտիկ էր. Գիրի հերոսը՝ Զակը, իր սպայական սպիտակ ու գեղեցիկ համազգեստով համարյա ներխուժում է այն գործարանը, որտեղ աշխատում էր սիրելի աղջիկը՝ Պոլան: Վերջինս անակնկալի է գալիս, ապա գրկախառնվում են, համբուրվում, և Զակը նրան դուրս է տանում ձեռքերի վրա՝ աշխատակիցների հուզված հայացքների ու ծափերի ներքո: Դերասանի  կարծիքով՝ որպես վերջաբան դա չափազանց սենտիմենտալ էր, ուստի հրաժարվում էր այդ տեսարանները խաղալուց: Բայց հետագայում նա ստիպված էր այլ բան խոստովանել…

Հեքֆորդը ուշադիր լսում էր դերասանի չափազանց բռնկուն դիտարկումները և ժամանակ առ ժամանակ վստահեցնում, որ լիովին համաձայն է: Թերևս ինչ-որ առումներով նաև համաձայն էր, բայց այս տրամադրությունը տևեց այնքան ժամանակ, քանի դեռ այդ հատվածի նկարահանումները չէին սկսել: Հենց փորձի ժամանակ, նկարահանման հրապարակում գտնվող մարդկանց բազմությունը՝ գործարանի աշխատողներ-դերասանների խումբը, տեսարանից սկսեց հուզվել, ծափահարել և, նույնիսկ, լաց լինել: Եվ դա ռեժիսորի աչքից չվրիպեց: Երբ ավելի ուշ դեռևս իր կարծիքը պնդող Գիրը տեսավ այդ հատվածի պատրաստի տարբերակը՝ երաժշտության ուղեկցությամբ, ինչպես ինքն է խոստովանել, «մինչև ծոծրակը հասնող սարսուռ անցավ մարմնով»: Հիմա նա լիովին վստահ էր, որ ռեժիսորը միանգամայն ճիշտ ընտրություն էր արել:

Չնայած Սիմփսոնի «պայքարին» ու թերահավատությանը՝ երգը մնաց ֆիլմում և ապացուցեց, որ փորձառու պրոդյուսերն ու միաժամանակ ընկերության նախագահը սխալվել էր այս անգամ: Երգը ֆիլմի այցեքարտը դարձավ և մնաց ավելի հայտնի, դրանով իսկ՝ երկարակյաց, քան ֆիլմն էր:

1982թ. «Up Where We Belong» երգը թողարկվեց առանձին տարբերակով՝ որպես սինգլ և շատ արագ բարձրացավ դեպի «Billboard Hot 100»-ի առաջին հորիզոնականը: Այն առաջին շարքում էր նաև Կանադայում և Ավստրալիայում, 7-րդը` Մեծ Բրիտանիայում: Այս կատարման համար 1983թ. Ջենիֆեր Ուորնսը և Ջո Քոքերը «Գրեմի» հեղինակավոր մրցանակի արժանացան: Նույն թվականին այն մրցանակներ շնորհեց նաև հեղինակներին՝ «Ոսկե գլոբուս» և «Oscar»` որպես լավագույն նոր ստեղծագործություն: Մեկ տարի անց նույն անվանակարգում մրցանակ շնորհվեց նաև «Կինոյի և հեռուստատեսության արվեստի բրիտանական ակադեմիայի»-ի կողմից: «Up Where We Belong»-ը երաժշտության ձայնադարանում վաղուց արդեն պլատինե բաժնում է:

Գլխավոր լուսանկարը՝ Ron Wolfson / WireImage.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter