HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլենդել Հիլզ»-ի զոհերը և անհետացած միջոցները

Արթուր Հարությունյանը Լոռու մարզի Լեռնանցք համայնքի բնակիչ է: Մասնագիտությամբ փաստաբանը դատարանում աղետի գոտու ութսունից ավելի անօթևան ընտանիքիների իրավունք է պաշտպանել: Նա ևս այն բնակիչներից է, ով սեփականության իրավունքով իր հողը հանձնել է պետությանը և մինչ օրս հետ չի ստացել:

«2010-ին Գյումրիում և Սպիտակում պետությունը սկսեց տների շինարարություն: Իրավիճակը այսպիսի էր. սկսում էին տներ կառուցել, հետո վիճակահանությամբ տրամադրում այն քաղաքացիներին, ովքեր դա ստանալու իրավունքը ունեին: Գյուղական համայնքներում ծրագիրն այլ կերպ էր. մարդիկ իրենց հողը սեփականության իրավունքով տալիս էին «Գլենդել Հիլզ» ընկերությանը, նա պարտավորվում էր 290 օրվա ընթացքում կառուցել բնակելի տուն, հետո փոխանցում պետությանը, նա էլ՝ նվիրաբերում քաղաքացուն:  Հիմա այդ հողմասերը սեփականության իրավունքով պատկանում են «Գլենդել Հիլզ»-ին, այսինքն՝ բնակչի  հողը իրենը չէ»:

Բնակիչը հնարավորություն ունի դատարան դիմելու, հետ վերցնելու իր հողամասը: Դրանից հետո անհայտ է՝ պետությունը կատարելո՞ւ է իր պարտավորությունը, թե՞ ոչ: Հարությունյանը հարցումներով պարզել է, որ տան կառուցման այդ ծրագիրը իրականացնում է քաղաքաշինության նախարարությանը։ Վերջինս էլ ծրագրի իրականացման համար պայմանագիր է կնքել  «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի հետ։  Այժմ «Գլենդել Հիլզ»-ը սնանկացման գործընթաց է սկսել, իսկ տների մեծ մասը կառուցված չէ:

«Այս ծրագիրը, որքանով գիտեմ, Ռուսաստանից վերցված վարկով է իրականացվում: Մոտավոր հաշվարկով 40% շինարարական աշխատանքը կատարվեց: Մնացած գումարը անհետացավ: Ցավում եմ, որ չեմ տեսնում պատասխանատու պաշտոնատար անձան ցանկությունը՝ հետ բերելու այդ գումարները, հարցը կարգավորելու»,- ասում է Ա․Հարությունյանը։  

2010-ի աշնանը Լեռնանցք համայքնի իր հողը նա սեփականության իրավունքով հանձնել է «Գլենդել Հիլզին»: Նախատեսվում էր 2011-ի աշնանը կառուցված տները հանձնել համայնքի բնակիչներին։ Մինչ օրս ընդամենը պատի երեք շար է կառուցված: Ա․Հարությունյանը 2015-ի գարնանը քաղաքաշինության նախարարությանը  հարցում է ուղարկել՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ է լինելու իրենց տների ճակատագիրը: Պատասխանը ներկայացնում ենք նույնությամբ, որպեսզի նաեւ պարզ դառնա, թե ուր են անհետանում բյուջեի փողերը եւ ինչպես է նախարարությունը պատասխանատվությունից խուսափում:

«Ի պատասխան ՀՀ քաղաքաշինության նախարարին ուղված Ձեր՝ 2015 թվականի մարտի 19-ի հարցման, Ձեր ընտանիքի բնակարանային խնդրի լուծման հետ կապված հարցերի վերաբերյալ հայտնում եմ.

ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝Ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների (այդ թվում՝ Ձեր ընտանիքի) բնակարանային խնդիրները նախատեսված էր լուծել այդ ընտանիքների համար Ծրագիր շրջանակներում կառուցված բնակելի տների հատկացմամբ:

Ինչպես հայտնի է, Ծրագրի շրջանակներում կառուցապատող ընկերություն է հանդիսանում «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), որը Ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների համար բնակելի տների կառուցման նպատակով այդ ընտանիքների և ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ կնքել է բնակելի տների կառուցման համար անհրաժեշտ հողամասի առուվաճառքի եռակողմ պայմանագրեր, որոնցով պարտավորվել է պայմանագրերով նախատեսված ժամկետում կառուցել բնակելի տներ և հանձնել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի վերջինս այդ բնակելի տները նվիրաբերի շահառուներին: Ընդ որում, Ընկերության հետ կնքված պայմանագրերի դիմաց վճարումները կատարված են նախապես և ամբողջությամբ:

Հարկ է նշել, որ Ընկերության կողմից որոշ ընտանիքների (այդ թվում՝ Ձեր ընտանիքի) հետ կնքված պայմանագրերով նախատեսված պայմանագրային պարտավորությունները ինչպես պայմանագրերում ամրագրված ժամկետներում, այնպես էլ մինչ օրս չեն կատարվել: Ընդ որում, պարտավորությունների չկատարման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով առաջարկվում է դիմել Ընկերություն:

Ինչ վերաբերում է Ձեր ընտանիքի համար նախատեսված՝ 5-սենյականոց բնակելի տան կառուցման համար նախատեսված գումարի չափին, ապա պետք է նշել, որ Ծրագրի շրջանակներում կառուցված բնակելի տան արժեքը ձևավորում է դրա կառուցապատման մակերեսի և պետական գնման թիվ ՄԲԱՊՁԲ-08/41 պայմանագրով նախատեսված՝ մեկ քառակուսի մետրի  արժեքի (167400ՀՀ դրամ) բազմապատիկից: Հաշվի առնելով, որ Ձեր ընտանիքի համար կառուցվող բնակելի տան շինարարական աշխատանքներն ավարտված չեն, դրա արժեքի վերաբերյալ հնարավոր չէ տրամադրել տեղեկատվություն:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հաշվի առնելով Ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետների ձգձգման հանգամանքը, Ծրագրի շահառու ճանաչված, սակայն Ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների (այդ թվում՝ Ձեր ընտանիքի) բնակարանային խնդիրները նախատեսվում է լուծել 2016 թվականի ընթացքում՝ ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով»։ 

«Այդքան փողը անհայտացել է, հիմա էլ 2016-ի բյուջեից կտրամադրեն, ինչ-որ տեղից պարտք կվերցնեն, որը կրկին մեր սերունդները պետք է մարեն: ԱԺ-ի նիստերին քննարկվում էր 2016-ի բյուջեն, բայց, որքանով հասկացա, ուղղված էր Շիրակի մարզին: Իրենց տված պատասխանը, թե 2016-ին կառուցվելու է, իրականությանը չէր համապատասխանում»,-ասում է Հարությունյանը:

Նա խոստովանում է, որ եթե հնարավորություն ունենար տունը կառուցել, մեծ հաճույքով կաներ՝ պետությունից ակնկալիք չունենալով: Ա․ Հարությունյանի 7 հոգանոց ընտանիքն այժմ ապրում է վագոն տնակներից հավաքած տանը: Պետությունը նախօրոք ստորագրություն է վերցրել, որ կառուցված տունը տրամադրելուց հետո այդ տնակը քանդելու են:

Ա․Հարությունյանի մոտ օրեր առաջ եկել են «Գլենդել Հիլզ»-ի երեք պահակներ, որոնք պատմել են, որ իրենք չեն ստացել իրենց մի քանի ամսվա աշխատավարձը: Այսինքն՝ այդ ընկերությունը չի վճարել նաեւ իր աշխատակիցներին աշխատավարձը։  

Այդ ընկերության դեմ սնանկացման վարույթ կա հարուցված:  Նման իրավիճակում ընկերության դեմ հայցեր չի կարող քննվել: Այդ համայնքում կա քսանից ավելի մարդ, ով իրեն պատկանող 1000 մետր և ավելի հողամասերը տվել է ընկերությանը: Արդյունքում՝ այս ընտանիքների հողերը վերցված  և «Գլենդել Հիլզի» սեփականությունն են համարվում:

«Մի օր կարող է գան, ասեն, ձեր հողը վաճառում ենք: Ցանկանու՞մ եք, եկեք գնեք, չէ՞, ուրիշին կառաջարկենք: Սկզբից սեփականությունը փոխանցելու տրամաբանությունը չհասկացանաք՝ պարզապես ուրիշ տարբերակ չկար: Կամ դու տալիս էիր այդ հողամասը, տուն ստանում, կամ չէիր տալիս և չէիր օգտվում այդ ծրագրից: Մի օրինակ կա, որ անձը չուներ հողը, չընդգրկեցին հերթացուցակում: Պետությունը ձեռքերը լվաց ու ասաց. «Հող չունես, ուրմեն քեզ էլ տուն չեմ տալիս»»,- ասում է Ա․Հարությունյանը։

Նա կարծում է, որ հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, որ սնանակացման վարույթով մտնող ընկերությունը իրականում ստեղծված լինի հենց նույն «Գլենդել Հիլզ»-ի սեփականատերերի կողմից: Այդ ընկերությունը պարտքերի դիմաց կարող է վերցնի «Գլենդել Հիլզ»-ի ներկայիս սեփականությունը՝ ներառյալ բնակիչների հողերը: Պետության նման դիրքորոշումը մեկնաբանում է երկու վարկածով. «Կամ նրանք անմիջապես մասնակից են այս գործընթացին, կամ էլ «դուխները չի հերիքում», որովհետև այնտեղ ուրիշ սեփականատեր է, և իրենք քանի գլխանի են, որ այդ հարցերով զբաղվեն: Այս երկու դեպքում էլ պարզապես պետության համար ամոթ է: Այլ կերպ չես կարող նկարագրել»,- եզրափակում է Ա․Հարությունյանը։   

Դիանա Ղազարյան, ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետ,  4-րդ կուրս

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter