HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս անչափահաս երեխաները՝ նպաստի եւ բարեգործական կազմակերպությունների հույսին

Նունե Գրիգորյանը Սպիտակ քաղաքի իտալական թաղամասի տնակներից մեկում է ապրում: Տնակի դուռը բացեց վտիտ մի  աղջիկ, որի անունն Էմիլիա է: Տնակի անշուք հյուրասենյակում ինձ դիմավորեցին 4 անչափահաս երեխաներ: Հարևան սենյակից դուրս եկավ շփոթված 43-ամյա Նունեն: «Նոր մտա տուն: Գնացել էի ամուսնացած աղջկաս տուն` ուտելիք բերելու: Նպաստս 47 հազար դրամ է: Վարկ եմ վերցրել, մի կերպ փայտ եմ առել: Աստված տալիս է, էնա ապրում ենք, էլի»,- ասաց Նունեն:

Եղանակն արևոտ էր, տան դիմաց կապած շունը, որն ինձ տեսնելուց հետո գլուխը կորցրած հաչում էր, միայն Նունեի սաստելուց հետո հանդարտվեց: Նունեն հասկացել էր՝ ով եմ և առանց հարց տալու սկսեց խոսել. «Ես իմ երեխաներին պահում եմ նպաստով, մեկ էլ կույսերն են օգնում՝ էն մանաշկեքը, որ արտասահմանից են եկել»: Նա 6 երեխա ունի, ավագ աղջիկն ամուսնացած է, մյուս 5-ից 4-ն անչափահաս են: Նունեին հարցրի ամուսնու մասին: «Չկա, Ռուսաստան է գնացել: Ես երկրորդ անգամ եմ ամուսնացել, էլի անբախտացել: Խաբել, փախել գնացել են»,- պատասխանեց նա:

Ինձ օտարոտի նայող չորս երեխաներից ուշիմ հայացքով առանձնանում էր Էմիլիան, ով երեխաներից ավագն էր: Նունեի գրկին մի գեղեցիկ, թմբլիկ շեկլիկ կար: «Էս պուճուրիս պատճառով գործից դուրս եկա, չկարողացա աշխատել: Ասեցին՝ տուն կտան, դիմի մարզպետարան: Դիմեցի մարզպետարան, ասացին՝ գնա սոցնախարարություն՝ բազմազավակներին տուն են տալիս: Գնացի: Այնտեղ էլ ասացին՝ սպասի հերթիդ: Էս տնակն էլ Սահակյան Գագիկն է տվել՝ Սպիտակի  քաղաքապետը: Նրանից շատ գոհ եմ: Ամեն օգնության մեջ ինձ գրանցել ա»,- պատմեց նա:

Արդեն մեկ ամսից ավելի է՝ 5-րդ դասարանում սովորող Էմիլիան դպրոց չի գնում: «Էմիլիային չեմ կարողանում դպրոց ուղարկել: Գերազանցիկ էլ սովորում է: Վանաձորցիները  իրեն կոշիկ, սապոգ տվեցին, մեծ ռազմերի էր»,- բացատրեց Նունեն: Տղան՝ Արսենը, որպես անապահով ընտանիքի երեխա գիշերօթիկ դպրոցի 2-րդ դասարանում է սովորում: Երեխաներից 6 տարեկան Սյուզանը եկող տարի է դասի գնալու: Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանից տեղեկացանք, որ Էմիլիային  որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի նոր են տաք կոշիկ ու վերարկու տվել: Նարեկ Սարգսյանի ասելով՝ Էմիլիայի ոտքի համարը հենց Նունեից են ճշտել: «Էմիլիա Մագոյանն անցյալ տարի սովորել է Սպիտակի կրթության կարիք ունեցող երեխաների գիշերօթիկ դպրոցում: Մենք պարզել ենք, որ Էմիլիա Մագոյանը  հատուկ դպրոցում տեղավորվել է զուտ սննդի պատճառով: Երեխան լուրջ ընդունակություններ և տրամաբանություն ունի, մինչդեռ նրան գիշերօթիկ դպրոցում գրանցել են որպես ուսման ունակությունների յուրահատուկ խանգարում ունեցողի:

Էմիլիային տեղափոխել ենք Սպիտակի թիվ 5 դպրոցի 5-րդ դասարան: Նա շատ լավ սովորող երեխա է»,- հայտնեց Նարեկ Սարգսյանը: Սպիտակի թիվ 5 դպրոցի տնօրեն Հրաչիկ Դավթյանը մեզ հայտնեց, որ Էմիլիա Մագոյան ազգանունով աշակերտուհի իր ղեկավարած դպրոցում չի սովորում: Մեր զանգից հետո տնօրենը պարզել էր, որ  Էմիլիան սովորում է թիվ 5 դպրոցի 5-րդ դասարանում: «Այսօր  հարևանի երեխայից տեղեկացա, որ  մայրը՝ Նունե Գրիգորյանը, Էմիլիային  դպրոց չի թողնում գա՝ փոքր եղբորը պահելու համար»,- հայտնեց տնօրեն Հ. Դավթյանը: Դասղեկ Անժելա  Մանյանը գովեստով խոսեց Էմիլիայի մասին. «Շատ կարգապահ, ընդունակ երեխա է Էմիլիան, բայց շատ է բացակայում սոցիալական խնդիրների պատճառով: Մայրը գալիս է մեզ տեղյակ է պահում, որ չի գալու դասի: Այս պահին տեղյակ եմ, որ նա  ջրծաղիկով հիվանդ է»,- ասաց դասղեկ Ա. Մանյանը:

«Նունե Գրիգորյանին մենք բազմիցս աշխատանք ենք առաջարկել, սակայն նա չի ուզում աշխատել: Ամբողջ օրը երեխաներին թողած՝ օգնություն ստանալու  պատրվակով մարզպետարանից վազում է քաղաքապետարան, այնտեղից էլ՝  սոցիալական ու բարեգործական հիմնարկներ»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter