HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորի օգնականը` ամբաստանյալ, դատավորը` վկա

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մի գործ, որտեղ ամբաստանյալի աթոռին նույն դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի օգնականն է` Արմինե Կարապետյանը:

Ըստ մեղադրանքի, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Գարիկ Եսայանի նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատժատեսակը նշանակելու համար նրա մորից` Ալինա Հովհաննիսյանից, դատավորի օգնական Արմինե Կարապետյանը 2014-ի մայիսի 7-ին պահանջել է 1500 ԱՄՆ դոլար՝ դատավորին կաշառք տալու նպատակով: Մեր դատական պրակտիկայում քիչ է կիրառվում խափանման միջոց չկիրառելը: Նշենք, որ դատավորի օգնականի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել: Եվս մեկ ուշագրավ հանգամանք` գործը սկզբում մակագրվել է հենց Վլադիմիր Գրիգորյանին, ում օգնականը եղել է Արմինե Կարապետյանը: Հետագայում դատավոր է նշանակվել Արտուշ Գաբրիելյանը, քանի որ Վլադիմիր Գրիգորյանն այս գործով վկա է հանդիսանում: 

Տուժողի խոսքով, դատավորի մարդիկ վախեցրել են իրեն

Տուժող ճանաչված Ալինա Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ անցյալ տարի, երբ դատավորի օգնական Արմինե Կարապետյանը կանչել ու իրենից 1500 դոլար է պահանջել, որ տղային չազատազրկեն, հարևաններից է գումար խնդրել, սակայն ոչ մեկը չի ունեցել. «Փողը չեմ տվել, իմ տղային դատարանի նիստերի դահլիճից կալանավորել են: Ինչի՞ համար, խուլիգա՞ն էր, մարդասպա՞ն էր, թե՞ որ 1500 դոլար չտվեցի` դրա համար»:

Տուժողը պատմեց, որ տղայի գործով իրենց կանչել են ՀՔԾ-ից. «Ես սկզբից չէի ուզում ցուցմունք տայի, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի մարդիկ վախացնում էին ինձ` մորքուրի տղան և փաստաբանը, որ ինքը շատ հարուստ ու շատ հզոր մարդ ա, ձեր տունը կգմփացնի, մի մոռացի, որ տղա ունես բերդում, ինչ ասես կսարքի գլխին: Վախենալով գնում էի` ասում էի` ոչ, տենց բաներ չեմ անի: Հետո տեսա, որ ոչ մի բան չեն անում, իմ տղային չեն ազատում, ես գնացի ՀՔԾ ու ասեցի լրիվ ճիշտը` ոնց են կանչել, ոնց են ինձանից գումար պահանջել»,- նշեց Ալինա Հովհաննիսյանը, ով Արմինե Կարապետյանին մեղադրող ցուցմունք է տվել ավելի քան երկու ամիս անց:

Ալինա Հովհաննիսյանի խոսքերով, դատավոր Վլադիմիր Գրիգորյանի մորաքրոջ տղան` Խաչիկը Աբրահամյանն, իրեն ասել է. «20.000-ից ա սկսում իրա ստավկեքը»:

Տուժող Ալինա Հովհաննիսյանի որդին` 20-ամյա Գարիկ Եսայանը, 2014 թ.-ին մեղավոր է ճանաչվել ՔՕ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (ըստ դատավճռի, խաբեությամբ հափշտակել է խոշոր չափի ոսկեղեն): Դատավոր Վլադիմիր Գրիգորյանի` 2014 թ.-ի մայիսի 27-ին կայացրած դատավճռով Գարիկ Եսայանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Վերաքննիչ դատարանը, սակայն, իր հուլիսի 25-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է մեղադրող Ավետիս Ափյանի և ամբաստանյալ Գարիկ Եսայանի վերաքննիչ բողոքները: Արդյունքում` Եսայանի պատժատեսակը փոխվել է. նշանակվել է տուգանք 600.000 դրամի չափով:

Ո՞րն է եղել ցուցմունքները փոխելու պատճառը

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց լրագրողներին լուսանկարել ու տեսանկարահանել դատական նիստը` նշելով, որ միայն կարող ենք արձանագրել:

Երեկվա դատական նիստում շարունակվեց դեռ նախորդ նիստից սկսված վկա Նոնա Բարսեղյանի հարցաքննությունը, ով տուժողի հարևանուհին է: Նրան հարցեր տվեցին ամբաստանյալի պաշտպանը, դատավորը, դատախազն ու տուժողի ներկայացուցիչը: Բոլորը ցանկանում էին պարզել, թե որն է եղել ցուցմունքները փոխելու պատճառը: Երկար ժամանակ վկան չէր կարողանում պատասխանել այդ հարցին: Սակայն ընդմիջումից հետո ասաց, որ սկզբում Ալինան` իր հարևանուհին, չի ցանկացել «վատություն» անել Արմինեին` դատավորի օգնականին, քանի որ նշել էր, թե հարցը դատավորի հետ է: Սակայն դատարանն այդպես էլ չիմացավ ցուցմունք փոխելու և դատավորի օգնականին մեղադրելու պատճառը: Ամբաստանյալի պաշտպանը հայտարարություն արեց` նշելով, որ ընդմիջմանը տուժողը վկային հուշում էր, թե ինչ պետք է ասի:

Դատավոր. «Դատարանը սուրբ տեղ է»

10 րոպեով հայտարարված ընդմիջման ժամանակ տուժողն ու ամբաստանյալը վիճեցին: «Էստեղից պիտի ձեռնաշղթաներով դուրս գա, ոնց-որ իմ տղային հանեցին»,- ասաց տուժող Ալինա Հովհաննիսյանը: Բարձրացած աղմուկի վրա ներս մտավ դատավորը: «Դատարանը սուրբ տեղ է»,- ասաց նա:  

Ընդմիջումից հետո վկան ասաց, որ Ալինան գտնում էր, որ Արմինեն ուղղակի դերակատար է եղել: «Հիմնականը դատավորն էր… դատավորը գումար էր պահանջել»,- ասաց վկա Նոնա Բարսեղյանը: Հարցին, թե որտեղից է իմացել գումար պահանջելու մասին, վկան պատասխանեց, որ անձամբ չի լսել, ասաց, որ Ալինան իրեն էլ է դիմել, որ գումար տա: Բացի այդ, վկան ասաց, որ Ալինայից իմացել է` սկզբում Արայիկ անունով մեկի միջոցով 5000 դոլար են պահանջել՝ տղային չազատազրկելու համար: «Ասել են` կեսը դատավորինն ա, կեսը` դատախազինը»,- նշեց վկան:

Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 7-ը: 

Մեկնաբանություններ (2)

Անժելա
անհեթեթ մեղադրանք է
Սոնա
Տղան գոխություն թե խարդախություն է արել, մերը գիշերները դատախազի հետ 45 անգամ հեռախոսազրույցների և SMS-ների մեջ է, դատախազը ամենափողոցային հայհոյանքներ է տալիս հեռախոսով, բայց մայրը արդարություն է պահանջում, սրա երեխեքի հայրը գիտի՞ որդու և կնոջ վիճակի մասին, ինչի տեր չի կանգնում ընտանիքին, իսկ դատախազն ինչի՞ է էդքան կրծքով պաշտպանում: Երևում է դատախազի տանն էլ ...մարդ չկա, որ գիշերները հեռախոսն անջատի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter