HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Արարատի մարզի աղբավայրերը

Սառա Պետրոսյան, Անի Հովհաննիսյան, Նարեկ Ալեքսանյան

Գյուղական համայնքների գերակշիռ մասում աղբահանում չի իրականացվում: Լավագույն դեպքում աղբը պարզապես հեռացնում են փողոցներից ու տների բակերից: Հեռացնելու դեպքում էլ դրանք կենտրոնացվում են ինչ որ տեղ, որոնք ոչ թե աղբավայր են, այլ աղբաթափման վայրեր, որովհետեւ գյուղական համայնքներում առկա աղբավայրերն անգամ չեն համապատասխանում օրինակելի աղբավայրերի նվազագույն պահանջներին: Բացի այդ, գյուղաբնակներն իրենց տներին անհամեմատ մոտ հատվածները, հիմնականում, դաշտերն ու ձորերը, ինքնաբերաբար վերածում են աղբավայրերի:

Արարատի մարզում «Հետքն» ուսումնասիրել է եւս 15 համայնք, որտեղ աղբի կուտակումները կատարվել են նույն սկզբունքով, իսկ համայնքների վարչական ղեկավարումն իրականացնողների՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու համար, այն մտահոգիչ չի եղել եւ շարունակում է մնալ այդպիսին:

Ստորև ծանոթացեք Արարատի մարզում մեր արձանագրած աղբավայրերին 

Չնախատեսված վայրերում աղբը կուտակելու պատճառները մի քանիսն են· առաջինը՝ համայնքներում շրջակա միջավայրն աղբից զերծ պահելու բավարար գիտակցական մոտեցում չկա: Տեղական իշխանությունները աղբահանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը կարեւորում են այնքանով, որքանով այն խորթ չէ իրենց մտածելակերպին ու պատկերացումներին: Չեն կարեւորում դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի եւ մարդու առողջության վրա:

Համայնքների ղեկավարները մշտապես շեշտադրում են ռեսուրսների բացակայությունը՝ բնակչությունը վճարունակ չէ, որպեսզի հավաքված գումարով հնարավոր լինի բավարար չափով աղբահանում իրականացնել եւ համայնքային բյուջեի միջոցներով հնարավոր չէ աղբահավաք տեխնիկա ձեռք բերել: Շրջանցվում է հիմնականը՝ վատ աղբահանումը կազմակերպչական աշխատանքի բացակայության եւ վարչարարություն չկիրառելու արդյունք է:

Աղբահանություն իրականացնելու առաջին հիմնական ռեսուրսը տվյալ համայնքի բնակիչներն են, որոնց ուժերի համախմբումով հնարավոր է կամավորության սկզբունքով գոհացուցիչ արդյունքների հասնել՝ բնակիչներին մասնակից դարձնել աղբահանմանը իրենց իսկ՝ անհատների տեխնիկան օգտագործելով: Աղբահանման համար, թեկուզ խորհրդանշական, վճարներ սահմանել, որպեսզի սեփական ներդրումը զգոնացնի բնակչին եւ ինքը դառնա վերահսկողը: Միաժամանակ, վարչական պատասխանատվության օրենքով սահմանված մեխանիզմները կիրառվեն կարգազանցների համար:

Արարատի մարզի 15 համայնքների բյուջեների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրացից ընդամենը երեքն են բյուջեի եկամտային մասում աղբահանման վճարներ նախատեսել: Մյուսները համայնքային բյուջեի «Շրջական միջավայրի պաշտպանություն» հոդվածով գումար են նախատեսել աղբահանման համար կամ աղբահանմանը հատկացրած գումարը ներկայացրել են սանիտարական մաքրման ծախս: Մինչդեռ, աղբահանումը վճարովի ծառայություն է եւ տեղական բյուջեից գումարներ հատկացնելու իրավունք չունեն: Ամեն տարի համայնքի ավագանին պետք է սահմանի վճարի չափը՝ հիմք ընդունելով «Աղբահանության եւ սանմաքրման» մասին ՀՀ օրենքով սահմանված աղբահանության վճարի դրույքաչափերը: Իսկ համայնքի վարչական ղեկավարությանը մնում է կիրառել օրենքը` ծառայության համար բնակիչներից գումարներ գանձել, նաեւ բացատրել վճարման  կարգը, չվճարելու համար նախատեսված պատասխանատվությունը եւ այլն:

Ընդ որում այդ տողով հատկացված գումարներն անգամ գնալով նվազեցվում են անտեսելով, որ աղբի ծավալները գնալով մեծանում են, շրջակա միջավայրի աղտոտվածությունը գնալով ավելանում է հատկապես մեր կենցաղ ներխուժած պլաստիկի եւ պոլիէթիլենային պարկերի հաշվին: Որոշ համայնքներում աղբի տեսակավորում իրականացնելով այն առանձնացնում եւ վերամշակման են հանձնում, մյուսները, օրինակ Ջրահովիտ համայնքում գերդասում են դրանք լցնել ջրանքներն ու առուները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգիրքը մի շարք տուգանքներ է սահմանել չնախատեսված վայրում աղբ թափողների համար: Սակայն թվարկված համայնքներից ոչ մեկը «Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար» եւ «Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառման» տողերով բյուջեներում եկամուտներ՝ տուգանքներ, չի նախատեսել:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի օրենսգրքի` չսահմանված եւ (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպված եւ (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով (20000-30000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով (40000-100000 ՀՀ դրամ): Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով (30000-50000 ՀՀ դրամ), պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով (100000-200 000 ՀՀ դրամ): 

Արարատի մարզ
Create your own infographics

Ջրահովիտ համայնքի բյուջեի եկամուտների բաժնում` Համայնքի կողմից աղբահանություն կազմակերպելու համար` աղբահանության վճար 500,000 դրամ: Բյուջեի ծախսային բաժնում՝ նախատեսված է  1560000 դրամ:

Այգավանի աղբահանության համար տեղական վճար սահմանել ամսական 1 շնչի հաշվով` 50 դրամ  2015 թ.-ի համար: 

Արարատ  քաղաքում  եւ  ՈԿՖ  բանավանում  յուրաքանչյուր  բնակչի  համար կեցաղային աղբահանության  վճարի  չափը  2015թսահմանել 190 դրամ: 

Նշվածներից Սուրենավան եւ Տափերական համայնքները «Վեդի միջհամայնքային միավորման» մեջ են ընդգրկված: Այսինքն, այս համայնքներում աղբահանումն իրականացնում են միասնական, Արարատի տարածաշրջանի 15 գյուղական համայնքների հետ միասին:

Արարատի մարզպետարանը  2014 եւ 2015 թթ.-ին հիշյալ համայնքներից մի քանիսում՝ Դաշտաքար, Ուրցաձոր, Սուրենավան, վարչական հսկողություն է իրականացրել եւ արձանագրել է աղբաթափման դեպքեր· «Մի  շարք  փողոցներում  ու  միջհամայնքային  ճանապարհաեզրերին  առկա  էր  կենցաղային  ու  շինարարական  աղբ»: Համայնքների  ղեկավարներին մարզպետարանի վերահսկող հանձնաժողովն  առաջարկել նշված հատվածները մաքրել աղբից, սեղմ ժամկետում վերացնել թերությունները եւ ձեռք բերել աղբահավաք կոնտեյներներ:

Սակայն, ինչպես տեսնում եք, նույն համայնքներում, նույն վայրերում այսօր էլ աղբն առկա էր, իսկ կոնտեյներներ տեղադրված չեն: Պատճառն այն է, որ Արարատի մարզպետարանի վարչական հսկողության հանձնաժովը ոչ մի բառով չի անդրադարձել «Աղբահանության եւ սանմաքրման» մասին ՀՀ օրենքի եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի պահանջների կիրառմանը: Հետեւողական չի եղել նաեւ իր հանձնարարականի կատարման հարցում:

Հ.Գ. Արարատի քաղաքապետարան այս տարի արժանացել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության եւ «Հայաստանի Համայնքների Միության» «Մաքուր համայնք 2015» մրցանակին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter