HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Նոյ» հանրահայտ ապրանքանիշի համար պայքարում են եւ՛ կայացած, ե՛ւ չկայացած գործարարները

«Բջնի» հանքային ջրերի գործարանը, որի սեփականատերը հայտնի գործարար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, «Նոյ» ապրանքանիշով աղբյուրի ջուր է արտադրում 1999թ.-ից, իսկ 2000թ. Մտավոր սեփականության գործակալությունը նրան հանքային ջուր արտադրելու համար 32-րդ դասիչն է տվել:

Նրանից առաջ, 1998թ. նոյեմբերին, «Ֆիրմա Նոյ» արտադրական կոոպերատիվի (ԱԿ) նախագահը «Նոյ» ապրանքանիշը գրանցել էր ՀՀ Արտոնագրային վարչությունում, իսկ 2000թ. մարտի 23-ին Մտավոր սեփականության գործակալությունում (ՄՍԳ) նշանների գրանցման պետական մատյանում գրանցվել է նրա սեփականության իրավունքը «Ֆիրմա Նոյ» համակցված ապրանքային նշանի նկատմամբ: Արտադրություն սկսելու համար նրան տրամադրվել են մի շարք դասեր, այդ թվում նաեւ 32-ը, որի տակ «Ֆիրմա Նոյ» ԱԿ-ի նախագահ Գագիկ Սարգսյանը, իր ասելով, օշարակ է արտադրել:

«Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ն 2005թ. մարտի 24-ին դիմել է ՄՍԳ եւ հայտնել, որ արդեն 5 տարի է «Նոյ» ապրանքանիշը գրանցված է, սակայն ապրանքային նշանի սեփականատերը նախորդող 5 տարվա ընթացքում այն անընդհատորեն չի օգտագործել, եւ խնդրել են ՀՀ-ում դադարեցնել թիվ 4971 գրանցման համարով «Ֆիրմա Նոյ» բառային արտահայտությամբ համակցված ապրանքային նշանի գործողությունը չօգտագործման պատճառով:

ՀՀ մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդը 2005թ. հուլիսի 8-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել է «Բջնի» հանքային ջրերի գործարանի դիմումը եւ վաղաժամկետ դադարեցրել է «Ֆիրմա Նոյ» ԱԿ-ին պատկանող (վկայագիր թիվ 4971) համակցված ապրանքային նշանի գրանցման գործողությունը նրան տրված ԱԾՄԴ 16, 21, 22, 29, 30, 32, 33 եւ 35 դասերի նկատմամբ: ՄՍԳ-ի բողոքարկման նիստում արձանագրվել է, որ «Ֆիրմա Նոյ»-ն իբրեւ ապրանքանիշն օգտագործելու փաստարկ ներկայացրել է միայն վիճակախաղի տոմս, որը չի կարող ապացույց համարվել այլ դասերի ապրանքների օգտագործման համար, իսկ դա ապացուցում է միայն նրան տրված 41 դասի օգտագործումը: Գործակալության բողոքարկման խորհուրդն իր որոշմամբ «Ֆիրմա Նոյ» ԱԿ-ից վերցրել է 9 դասերը` նրան թողնելով միայն մեկը՝ 41-րդը:

Այնուհետեւ, 2006թ. փետրվարի 1-ին Մտավոր սեփականության գործակալությունը գրանցել է «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ սեփականության իրավունքը «Նոյ» ապրանքային նշանի նկատմամբ՝ նրան տալով 7 դասեր՝ ԱԾՄԴ 16, 21, 22, 29, 30, 32, 35: «Ֆիրմա Նոյ» ԱԿ-ին թողնելով 41-րդ դասը` Գործակալությունն իր որոշմամբ, փաստորեն, ընդունել է, որ «Ֆիրմա Նոյը» գոնե մի դասով գործողություն կատարել է «Նոյ» ապրանքանիշի անվան տակ, եւ նրան թույլ է տվել օգտագործել «Նոյ» անվանումը: «Ֆիրմա Նոյին» ապրանքանիշը տրվել է 10 տարի ժամանակով եւ ուժի մեջ է մինչեւ 12.11.2008թ.-ը, որից հետո, եթե սեփականատերը շարունակի գործունեություն ծավալել, ժամկետը կարող է երկարացվել:

««Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի փաստարկը, որ 5 տարվա ընթացքում ապրանքային նշանը չենք օգտագործել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ բոլոր դասերում էլ օգտագործվել է: Ես ունեմ կնիք «Նոյ» ապրանքանիշի պատկերով, մենք բազմաբնույթ գործունեություն ենք ծավալել՝ վիճակախաղի տոմսեր ենք թողարկել, գովազդային, տպագրական գործունեություն ենք իրականացրել, որոնց վրա օգտագործվել է ապրանքանիշը»,- ասաց «Ֆիրմա Նոյի» տնօրենը: Գ. Սարգսյանի ասելով` 32-րդ դասի տակ օշարակ են արտադրել, այնուհետեւ ընդհատել են օշարակի որակը կատարելագործելու նպատակով: Օշարակի համար 2002թ. նաեւ շիշ են արտադրել՝ պլաստմասսայե տարաներ, որի նմուշը ներկայացրեց մեզ: Մեր հարցին, թե ինչու նա 5 տարի առաջ չէր բողոքում, երբ «Նոյ» ապրանքային նշանով եւ նույն 32 դասով «Բջնին» աղբյուրի ջուր էր արտադրում, Գագիկ Սարգսյանը պատասխանեց. «Ինձ չի անհանգստացրել իմ ապրանքանիշի անվանումն օգտագործելը, որովհետեւ գիտեի, որ «Բջնիի» արտադրանքը արտոնագրված չի, իսկ նշանի նկատմամբ իմ սեփականության իրավունքը պաշտպանված է օրենքով»:

Չհամակերպվելով ապրանքային դասերն իրենից վերցնելու որոշման հետ` 2006թ. հունվարի 8-ին «Ֆիրմա Նոյ»-ը դիմել է Տնտեսական դատարան ընդդեմ ՀՀ մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ՝ «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի՝ ՄՍԳ բողոքարկման խորհրդի 08.07.05թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: «5 տարվա մեջ եթե 1 անգամ ապրանքանիշը օգտագործել ենք, ուրեմն օգտագործվել է»,- պնդում է Գ. Սարգսյանը: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Սաֆարյանն այն կարծիքին է, որ բողոքարկման խորհրդի որոշումն ընդունվել է օրենքի եւ բողոքարկման խորհրդի կանոնակարգի խախտումներով:

Փաստաբանը պնդում է, որ ապրանքային նշանի սեփականատերը ապրանքանիշը բազմիցս օգտագործել է՝ օշարակ է արտադրել, գովազդային գործունեություն է իրականացրել հեռուստատեսությամբ, ցուցանակներով, տեսահոլովակներով: Ինչպես նաեւ ապրանքանիշն օգտագործել է ապրանքների պիտակների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը եւ որոնց արտադրության իրավունքն ունի: Մասնավորապես, «Ֆիրմա Նոյ» ԱԿ-ի նախագահը 2001թ.-ին սնունդ արտադրելու թույլտվություն է ստացել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից, որով նրան թույլատրվել է սննդի ցանկացած տեսակ արտադրել: Տպագրություն իրականացնելու թույլտվություն է ստացել արդարադատության նախարարությունից: «Այս ամենը ներկայացրինք ՄՍԳ-ին, սակայն դրանք հաշվի չառնվեցին»,- հայտնեց Գ. Սարգսյանը:

«Բջնի» ՓԲԸ-ն դատարանին ներկայացրած առարկության մեջ հայտնել է, որ Գ. Սարգսյանը բողոքարկման խորհրդին բացի վիճակախաղի տոմսից այլ ապացույցներ չի ներկայացրել, շիշը ներկայացրել է առանց պիտակի, չի ներկայացրել, թե նշված շշերի օգտագործմամբ երբեւէ արտադրանք արտադրվե՞լ է, իսկ եթե արտադրվել է, արդյոք վաճառվե՞լ է առեւտրի ցանցում: Նույն կարծիքին է նաեւ գործակալությունը՝ «միայն պլաստիկ շիշը չի կարող դիտվել նշանի օգտագործումը հիմնավորող ապացույց»: Դա վերաբերում է նաեւ գործունեության մյուս տեսակներին՝ գովազդին, տպագրությանը եւ այլն, որոնց համար նույնպես ոչինչ չի ձեռնարկվել:

«Նա միայն մի դասն է օգտագործել՝ վիճակախաղի կազմակերպում, որի մասով էլ ես հրաժարվեցի դիմում ներկայացնելուց, մյուս դասերը չի օգտագործել, բայց իրենով է արել ու ուրիշին էլ զրկում է այն օգտագործելու հնարավորությունից: Ի վերջո, 5 տարի ժամկետը, որ օրենսդիրը սահմանել է ապրանքանիշը օգտագործելու համար, հենց դրա համար է սահմանել, որ անբարեխիղճ մրցակցություն չլինի: Եթե Գագիկ Սարգսյանը շուկայում տեղ գրավելու նպատակ ունենար, 1998-2005թթ.-ը իրականացրած կլիներ»,- ասաց «Բջնի» հանքային ջրեր ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Սայադ Հովհաննիսյանը:

Այսօր «Նոյը» մեր երկրում գրանցված 15 հանրահայտ ապրանքային նշաններից մեկն է: «Նոյ» անվանումը «Բջնի» հանքային ջրերի գործարանը տնօրինում է 1999թ.-ից` «Նոյ» հանքային ջուրը արտադրելով 32-րդ դասի տակ, որը նրան տրված է եղել միայն աղբյուրի ջրի համար: 34-րդ դասի տակ «Գրանդ տոբակոն» «Նոյ» անունով ծխախոտ է արտադրում: 33-րդ դասը, որը նախատեսված է ալկոհոլային խմիչքների համար, տնօրինում է Երեւանի գինու-կոնյակի կոմբինատը, որի սեփականատեր ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը «Նոյ» անվանումով կոնյակ է արտադրում:

«Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Սայադ Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ նշված ընկերություններից ոչ մեկը «Նոյ» ապրանքային նշանը հանրահայտ դարձնելու հարցում այնքան ներդրում չի ունեցել, որքան իրենք: «Մենք 2004թ.-ին դիմել ենք Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը, որպեսզի ամբողջ աշխարհում գրանցում ստանանք ու գործունեություն ծավալենք: Մենք հանրահայտության ուժով կարող ենք օգտագործել ապրանքանիշը եւ «Ֆիրմա Նոյի» գրանցումը չեղյալ համարել: Այդ հնարավորությունը տալիս է «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի» 6-րդ հոդվածի 1-ին կետը, որի համաձայն հանրահայտ ճանաչված ապրանքային նշանը կարող է հիմք ծառայել այլ անձի անունով ապրանքային նշանի գրանցումը մերժելու, այլ անձի անունով գրանցված ապրանքային նշանի գրանցումը անվավեր ճանաչելու կամ արգելելու այլ անձանց այնպիսի ապրանքային նշանների օգտագործումը, որոնք նույնական կամ շփոթության աստիճան նման են նույնատիպ ապրանքների համար հանրահայտ ապրանքային նշանին, եթե ապրանքային նշանի հանրահայտ ճանաչելու թվականը նախորդում է այլ անձի ապրանքային նշանի առաջնության թվականին»,- մեկնաբանում է պրն Հովհաննիսյանը:

«Նոյ» ապրանքանիշը մեր հանրապետությունում սկսել է հանրահայտ դառնալ 2000թ., իսկ ՄՍԳ-ում նշանի հանրահայտությունը գրանցվել է 2006թ. հունվարին: Հանրահայտի կարեւորությունն այն է, որ օրենքը ապրանքային նշանի այս տեսակի համար օգտագործման ժամկետ չի սահմանում, բացի այդ, այն անբարեխիղճ մրցակցությունից պաշտպանված կլինի:

Մտավոր սեփականության գործակալությունից տեղեկացանք, որ 2006թ.-ին վաղաժամկետ դադարեցվել է 24 ապրանքանիշի գործունեություն, իսկ 15-ը իրենց դիմումի համաձայն են դադարեցրել, քանի որ ապրանքանիշը գրանցել են, բայց 3 տարի անընդմեջ չեն օգտագործել, ինչպես օրենքն է պահանջում: Գործակալությունից տեղեկացանք նաեւ, որ ապրանքանիշի նկատմամբ տեղական կազմակերպությունների իրավունքները հազվադեպ են վաղաժամկետ դադարեցվում, հիմնականում դադարեցվում են արտասահմանյան ընկերություններինը, որոնք Մտավոր սեփականության միջազգային կազմակերպությունում միանգամից շատ երկրներում են իրենց ապրանքանիշը գրանցում, բայց հետո այնտեղ գործունեություն չեն ծավալում:

Ներկայումս գործակալությունը օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել ԱԺ, որպեսզի «3 տարի անընդմեջ չօգտագործելու պատճառով» իրավունքը դադարեցնելը փոխարինվի 5 տարով, ինչպես ընդունված է այլ երկրներում: Գործակալությունում հավաստիացնում են, որ մեզ մոտ դեռեւս բիզնես չէ ապրանքանիշ գրանցելն ու հետո վաճառելը, սակայն արդեն նման դեպքեր գրանցվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter