HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Մեր ձևանոցը երրորդ հարկում էր, ցնցումներն օր սկսվավ, մենք գիտեինք, թե թուրքն է վրա տվել…»

Դիլանյանների կացարանն առաջին հայացքից դասական «դոմիկից» տարբերվում է: Անգամ հմուտ շինարար չլինելով՝ միայն քարերի խարխվլածությունից կարելի է կռահել, որ 27 տարի առաջ տան տղամարդիկ հապճեպ՝ պատսպարվելու նպատակով, մի կերպ շաղաղով իրար են կպցրել ձեռքի տակ եղած քարն ու տան նմանվող կառույց ստացել՝ մտածելով, որ «ժեշտե դոմիկից»  լավ է լինելու:

Ովքեր ապրել են ու շարունակում են ապրել «դոմիկ»-ներում, կհասկանան այս համեմատության իմաստը, ովքեր անգամ մեկ ժամ չեն անցկացրել դեկտեմբերի 7-ի աղետից հետո Գյումրին ծածկած տնակներում, ասեմ, որ «ժեշտե դոմիկներում» ամռանը սովորաբար մարդիկ խեղդվում են անտանելի շոգից, իսկ ձմռանը ստիպված են լինում դիմանալ մետաղե պատերից փչող սառնությանը: Հետո, տարիների ընթացքում, սկսում են սովորել նաեւ փտած տնակի հատակից ու տանիքից իրենց կյանք ներխուժող առնետների ու տարբեր զեռունների ներկայությանը:

Տեսնելով քարաշեն կառույցը՝ սկզբում ուրախանում եմ՝ մտածելով, թե մարդիկ որոշակի առավելություն ունեն փտող տնակներում ապրողների համեմատ, սակայն ներս մտնելուց հետո պատկերը կտրուկ փոխվում է: Տունը նախամուտք չունի: Դուռը բացվելուն պես հայտնվում ես…գիտե՞ք, եթե դա բնակարան լիներ, ես այն երեւի կոչեի նախասրահ, բայց հետո հասկացա, որ Դիլանյանների համար այդ փոքրիկ տարածքը միջանցքի, նախասրահի, խոհանոցի, հյուրասենյակի, ձմռան ամիսներին նաեւ չորանոցի տեղ է ծառայում:

Երկու թախտ, սեղան, էլեկտրական վառարան, պատով մեկ ձգվող լարի վրա չորացող լվացք: Տանտիրուհին՝ 63-ամյա Անահիտ Դիլանյանը, գյումրեցուն բնորոշ ջերմությամբ ներս է հրավիրում: Ծանոթանում եմ տնեցիների հետ: Թախտին հարմարավետ տեղավորված տղամարդկանցից մեկը տանտերն է՝ 65-ամյա Հակոբ Դիլանյանը, մյուս մեծահասակ տղամարդը՝ Հովսեփ Խանչալյանը, տանտիրոջ հորեղբոր տղան է, ապրում է Դիլանյանների հետ: Օրվա երկրորդ կեսն է, եւ տանն են նաեւ Դիլանյանների աղջիկը՝ Աիդան եւ նրա երկու երեխաները:

Իմ մուտքը Դիլանյանների տուն անտարբեր  է թողնում միայն փայտե վառարանի մոտ քնած կատուներին: «Պահում ենք, որ կռիսները մեզ չուտեն,-ասում է տիկին Անահիտը,-էս մի քանի տարի է տունը մկնանոց է դարձել: Մարդիկ տուն ստացան, դոմիկները քանդեցին գնացին, մնացել ենք էս հատվածում, մենակ ենք, տունը դարձել է մկնանոց ու կռիսանոց»:

Տան առաստաղն այնքան ցածրիկ է, որ անգամ նստած դիրքում թվում է, թե հիմա-հիմա կփլվի գլխիդ: Տեսնելով հայացքս՝ Աիդան առաջարկում է անցնել կից երկու փոքրիկ սենյակներն եւս, որպեսզի կարողանամ հստակ պատկերացում ունենալ իրենց խնդիրների մասին: «Կռիշը փետ ու հող է, արդեն կիջնի գլխներիս, տախտակների կարերը բացվել է, նստած տեղերս հողը մեկ էլ կթափի գլխներիս, երեխեքը կնեղվին, բայց ինչ էնենք, ճար չունինք: Անօթեւանների հերթացուցակում գրանցված ենք, բայց ընձի կըսեն, գնա հանգիստ տեղդ նստի՝ սպասե, մինչեւ շենք կորցրածներին չտանք, սեփական տներին չենք անցնի»,-ձեռքով առաստաղի պոկված ծվենները մի կողմ տանելով բացատրում է Աիդան:

Նախքան երկրաշարժը՝ Դիլանյանները բնակվել են մասնավոր տանը՝ կառուցված 1900-ականներին: Տունը փլվել է 1988թ, դեկտեբերի 7-ի երկրաշարժին: Այն ժամանակ Դիլանյանների 4 անձից բաղկացած ընտանիքը մարդկային զոհեր չի կրել: Տիկին Անահիտին խնդրում եմ, որքան էլ որ ծանր լինի, հիշի այդ օրվա ժամանակագրությունը՝ կապված իրենց ընտանիքի հետ: Կնոջ աչքերն անմիջապես տամկանում են, փորձում է իրեն հավաքել, խոր շունչ է քաշում ու սկսում պատմել:

30 տարի Լենինականի կոշիկի ֆաբրիկայում (Լենկոշ) է աշխատել, որպես ձեւարար: Այդ օրն էլ աշխատանքի էր: Երեխաներն առավոտյան դպրոց էին գնացել, ամուսինը՝ աշխատանքի Ողջի գյուղի քարհանքում:

«Մեր ձեւանոցը երրորդ հարկում էր, ցնցումներն օր սկսվավ մենք գիտեինք , թե թուրքն է վրա տվել, ըդպես պատկերացրեցինք, հետո օր շուշեքը շրխկալով իջան ցած՝ ժողովուրդը ճվացին՝ փախե՜ք, փախե՜ք: Հասանք նարդվանների մոտ, տեսանք փլվող աստիճանները մարդիկ վրեն ըդպես կիջնի, պանելները կընգնին վրեքը, վախեցա, տեսա օր ինչ կկատարվի, վազեցի դեպի ջարդած շուշեքը, մեկ էլ տեսնիմ օր մեկը կճվա՝ թռի, թռի, նայեմ օր ճվացողը տեգրս է, ընձի կըսե Անո ջան թռի, մի կանգնի: Ըսի կեցի, օր բդի մնամ էս փլատակների տակը, հարազատներս ընձի չգտնին, ավելի լավ է թռնիմ, կարող է փրկվիմ: Ընկա արմատուրների վրա,  ծունկս վնասեցի, բայց ընդհանուր առմամբ շատ բան չեղավ»,-տիկին Անահիտի աչքերն արցունքոտվել են, արտասվում է նաեւ ամուսինը:

«Օր ընկածս տեղից ելա, նայեցի կողքս ու բոլորս, հըմի կճվամ երեխեքս, երեխեքս, տեգրս թե՝ դու գնա տուն, ես կերթամ երեխեքի հետեւից,-աչքերը սրբելով՝ շարունակում է պատմությունը զրուցակիցս,- բայց կհավատաք, օր բլած շենք չեմ տեսել, էդ դեմը 9 հարկանի շենքեր կային, ըդոնք էլ էին բլել, բայց ընպես փոշու ամպ կար կանգնած, օր բան չեմ տեսել, մենակ օր եկա հասա մեր թաղի հինգ հարկանի շենքի մոտը, տեսա պադեզդը իջած է, նոր ըդտեղ գլխուս ու արեւիս տվեցի: Հետո տեգրս եկավ երեխեքի հետ, տեսա օր սաղ սալամաթ են, ամուսինս էլ քարհանքից եկավ, ըդպես հավաքվանք իրար գլուխ: Բայց իմ հարազատներից ահագին կորուստ եմ ունեցել՝ երկու քույրս, քրոջս աղջիկները, հարսը, հորեղբորս տղեն՝ կնոջ երեխեքի հետ, սաղ անմեղ նահատակ եղան»:

Պատմությունից հետո մնացած տխրությունը ցրելու նպատակով խնդրում եմ ընտանեկան լուսանկարներ գտնեն, որտեղ կլինեն իրենք՝ ողջ ընտանիքով: Մայր ու աղջիկ խառնվում են իրար, պահարաններից մեկից գտնում են ցելոֆանի մեջ փաթաթված լուսանկարների մի կապոց: Սեղանն արագորեն ծածկվում է խորհրդային տարիներին արված, արդեն խունացած սեւ-սպիտակ լուսանկարներով: Աիդան մեկ առ մեկ զննում է բոլորն ու զարմացած հայտնաբերում, որ ինքն ու եղբայրը ծնողների հետ ոչ մի ընդհանուր լուսանկար չունեն: «Այ քեզի բան, փաստորեն ֆոտո չունինք սաղս իրար հետ, ամենաշատը մամայի նկարներն են, էն էլ գործի տեղը, ինքն իրա գործը շատ կսիրեր, թերթի էլ են տվել էն ժամանակ»,-Աիդան ծիծաղում է:

Աշխատանքային տարիների հիշողությունները մի պահ ստիպում են տիկին Անահիտին ժպտալ, զրույցին միջամտում է ամուսինը՝ հիշելով, որ տիկնոջ նկարը պատվո տախտակից ցած չէր իջնում` որպես լավագույն ձեւարարի: «Է՜հ, զատո հըմի գործ չկա, օր մարդ աշխատի, կրնանա իրա ձեռքով իրա տունը սարքե,-նեղսրտում է տիկին Անահիտը,-մենակ երկու անգամ ամուսինս է վիրահատվել՝ աչքերն է, փառ կիջնի վրեն, լավ չի տեսնի, երեք անգամ ես եմ վիրահատվել՝ ճողվածք է, հըմի 5 կիլոյից ավել ընձի չի թույլատրվի վերցնեմ, աղջիկս ընդհանրապես չի աշխատի, տղես էլ Ռուսաստան է՝ հազիվ իրա ընտանիքը կպահե, մենք էլ ուրդեղի՞ց տուն ունենանք» :

Աիդան պատմում է, որ տիկին Անահիտի երեք վիրահատության համար գումար վերցրել են բանկից, ու արդեն երկու տարի է տոկոս են փակում. «Առաջի վիրահատությունը 2013թ. էր ու շատ անհաջող էր: Նարկոզ տվող բժիշկը հարբած էր եղել, էնքան էր դոզան տվել, օր մորս հետո հազիվ էին ուշքի բերել: Բժիշկ Խումհարյանն էլ կըսեն խմած էր եղել, մորս բերինք հասցրինք տունը՝ փորի կարերը բացվավ, էլի ետ տարանք Ճերմակ հիվանդանոց, Խումհարյանը կըսե` ինչի՞ եք բերել, ես իմ գործս արդեն էրել, վերջացրել եմ: Երկրորդ վիրահատությունը Գյուլբենկյան հիվանդանոցն էրեցին ու էլի ոչ հաջող, նոր երրորդ վիրահատությունն օր էս տարի է եղել Գյումրու բժշկական կենտրոնում՝ հաջող է անցել: Տուն փող կմտնի թոշակի ու երեխեքի նպաստի ձեւով, բայց դե չի հերիքե օր ապրինք, հետն էլ բանկին փող կփակվինք» :

Այս տարի մեկ տասնյակ տնակատերերի հետ Աիդային էլ են հրավիրվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ: Քաղաքապետարանից առաջարկել են տան տարածքը սեփականաշնորհած հանձնել իրենց, որ հետագայում սեփական ուժերով բնակարան կառուցեն: Աիդան հրաժարվել է. «Ես հիմիկվա պարտքերս չեմ կռնա տա, ես ի՞նչխ նորից վարկի տակ մտնիմ, թեկուզ 20 տարով: Կսպասենք մինչեւ տուն տան, ուղղակի չիդենք, թե երբ կեղնի»:

Տան աղքատիկ վիճակն ազդում է նաեւ 10-ամյա Ջոնի եւ 12-ամյա Սիրանույշի վրա՝ ամաչում են դասընկերներին տուն հրավիրել: Դեկտեմբերի 9-ին Սիրանույշի ծննդյան օրն է, սակայն կբավարարվեն ընտանիքում նշելով: Դիլանյաններին աջակցում են «Շիրակ կենտրոն»  ՀԿ-ն ու «Դեպի առաջ» կրթական բարեգործական կենտրոնը: Շնորհիվ Վահան Թումասյանի, երեխաներն արդեն 4-րդ ամիսն է՝ ունեն հովանավոր արտերկրից:

«Ամիսը 100 դոլար փող կղրգե երեխեքին,-բացատրում է Աիդան,-երեխեքն էդ ժամանակ արդեն կհաճախեին «Դեպի առաջ»  կենտրոն, ես մե օրմ գնացի տնօրենի մոտ՝ Խաչատրյան Աիդայի, ըսի, թե տրանսպորտի փող չունինք, օր երեխեքը գան, ըդուրից հետո Վահանը Թումասյան ամերիկահայ Նելլի Օհանյանի հետ եկավ մեր տուն, փող տվեցին ու ըսին, օր կհովանավորեն»:

«Շիրակ կենտրոնն»  աջակցում է նաեւ վառելիքով, իրենք էլ փորձում են ինչ որ բան հայթայթել հարեւանությամբ գործող կենցաղային տեխնիկայի խանութներից: «Բայց դե կարդոն վառելով էս մառոզներին չես տաքնա,-ասում է Հակոբ Դիլանյանը,-սաղ օրը նստած տաշեղ կքցեմ, բայց հենց քիչմ մարավ՝ տունը կցրտե»: Տեսողությունը գրեթե կորցրած տանտերիոջ միակ ուրախությունը թոռներն են ու տնակին կից, շատ ավելի բարվոք փոքրիկ կառույցում բնակվող փետրավորները՝ աղավնիները: «Օր իրանց կտեսնիմ, ինչխոր դարդերս քիչմ մոռանամ»,-ասում է զրուցակիցս:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter