HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է Ռուբեն Հայրապետյանն անցել պաշտպանության

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը հայտնի է իր կոշտ ու կոպիտ բնավորությամբ, պարբերաբար այլոց հանդեպ բռնություն կիրառելով (հիշենք, օրինակ, գործարար Արսեն Ավետիսյանի ծեծը), վերջին շրջանում, ֆուտբոլային լեզվով ասած, անցել է պաշտպանության:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ ելույթներ ունեցավ «Եվրո-2016»-ի ընտրական մրցափուլում ու հակառեկորդ սահմանեց՝ 8 խաղում վաստակելով ընդամենը 2 միավոր, եւ ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում նահանջեց աննախադեպ 36 տեղով: Եվ ոչ թե հավաքականի բախտը չբերեց, այլ թիմն ուղղակի ցույց չտվեց այն խաղը, որին ունակ էր, ու որը երկրպագուները տեսել էին նախորդ երկու մրցափուլերում: Բնական էր, որ երկրպագուների քննադատության առաջին թիրախն այս պարագայում պիտի լիներ ՀՖՖ-ն ու դրա ղեկավարը, քանի որ ազգային թիմի վատ ելույթների, թերեւս, ամենամեծ պատճառը ցածր կարգապահությունն ու ֆուտբոլիստների պատրաստվածությունն էր՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ, իսկ «անթասիբ ֆուտբոլի» (թիմի ղեկավար Սարգիս Հովսեփյանի արտահայտությունն է) թիվ մեկ պատասխանատուն գլխավոր մարզիչն է, որին էլ հենց Հայրապետյանն է դե ֆակտո նշանակում: Մյուս կողմից՝ չմոռանանք հայկական ֆուտբոլում իշխող այն տեսակետը, որ հավաքականում, հատկապես տեղացի մարզիչների պարագայում, ֆուտբոլիստների ընտրության հարցում շատ բան որոշում է հենց ՀՖՖ նախագահը:

Դավադրության տեսություն ըստ Հայրապետյանի, կամ ինչու՞ է «դեմոկրատ» ՀՖՖ-ն խուսափում հրապարակային քննարկումներից

Երբ հոկտեմբերի 16-ին «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ, FAF, First Armenian Front) ֆան-շարժումը մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՖՖ-ից իր 3 պահանջների մասին (1. նոր գլխավոր մարզիչ, ով կլինի արտասահմանցի, պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի անցած կլինի եւ ինքնուրույն որոշումներ կկայացնի, 2. ոչ ֆուտբոլային պատճառներով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստների խնդրի լուծում, 3. տոմսերի գների իջեցում), Հայրապետյանը դրանց հանգամանալից պատասխանելու, լուծումներ առաջարկելու, ինչու չէ՝ քննարկում կազմակերպելու փոխարեն նոյեմբերի 9-ին (ամսի 7-ին «ՖԱՖ»-ը հայտարարեց, որ եթե մինչեւ նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ից պատասխան չլինի, երթ են անելու դեպի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու ու պահանջներին տեր կանգնելու) անցավ հակահարձակման՝ «ՖԱՖ»-ին անվանելով մինի-շոուների կազմակերպման մեծ փորձ ունեցող, ապա մեղադրեց, թե ոչ մաքուր հանձնարարություններ է կատարում, հավաքականն ու ֆուտբոլը ծառայեցնում է իր մանր ամբիցիաներին: ««ՖԱՖ» կոչվող խմբակին խորհուրդ կտամ զբաղվել տուրիստական գործունեությամբ եւ տոմսերի առ ու վաճառքով: Դա ավելի լավ է ստացվում»,- իր ոճով ծաղրել էր Հայրապետյանը:

«Բոլորն են հիշում, թե ինչ ջերմությամբ ու մտահոգությամբ էին նրանք երկրպագում օրինակ Իտալիայի ազգային հավաքականին»,- ասել էր Ռ. Հայրապետյանը: Համացանցի այս դարում ՀՖՖ նախագահին իր խորհրդական/ները կամ մամուլի քարտուղարը լավ կլիներ խորհուրդ տային ձեռնպահ մնալ փաստերի այսպիսի ակնհայտ խեղաթյուրումից: «ՖԱՖ»-ի գործողությունները Հայաստան-Իտալիայի խաղի օրը կարելի է տեսնել այս տեսանյությում:

Ինքս «ՖԱՖ»-ի հիմնադիրներից կամ անդամներից ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, ամեն գնով պաշտպանելու մտադրություն էլ չունեմ, պարզապես ցանկացած ոք դիմացինին մեղադրելու ժամանակ պիտի փաստերով խոսի: Մյուս կողմից՝ դժվար է գտնել հայ երկրպագուի, ով կհերքի 2007-ից գործող «ՖԱՖ»-ի ակտիվ մասնակցությունը հավաքականի խաղերին Հայաստանում ու արտերկրում, կհերքի ֆան-շարժման սրտացավությունը թիմի ելույթների վերաբերյալ:

Ըստ Ռ. Հայրապետյանի՝ Հայաստան-Պորտուգալիա խաղում տրիբունաները լեփ-լեցուն էին, որովհետեւ երկրպագուները եկել էին Ռոնալդուին երկրպագելու. այս պաստառը հակառակի մասին է խոսում

Հայրապետյանը ցանկանում է իր հանդեպ քննադատությունը տեղափոխել նեղ անձնական շահերի բախման տիրույթ՝ ասելով թե ««ՖԱՖ» կոչվող խմբակը լավ կլինի, որպեսզի գիտակցի, որ Հայաստանի հավաքականն ունի հարյուր հազարավոր հավատարիմ երկրպագուների բանակ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, որոնք իսկապես Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական ֆուտբոլի կողքին են ամեն պարագայում»: Սակայն բավական է կարդալ վերջին մի քանի ամիսներին հայկական կայքերում թիմի ելույթների մասին երկրպագուների մեկնաբանություններն, ու ակնհայտ կդառնա, թե Հայրապետյանի ասած հավատարիմ երկրպագուներն իրականում ում կարծիքն են կիսում. հաստատ ոչ ՀՖՖ նախագահի: 

Ինչեւէ. Հայրապետյանի այս հայտարարությունն անարձագանք չմնաց, եւ ֆան-շարժման անդամները նոր հայտարարությամբ արձանագրեցին. «Չկար արձագանք ՀՖՖ-ից՝ կապված խայտառակ մրցաշրջանի հետ, չկային վերլուծություններ եւ ծանրագույն վիճակից դուրս գալու ելքերի առաջարկներ: Երթի մասին մեր տարածած հայտարարությունից հետո խորը քուն մտած ֆեդերացիան ի վերջո արձագանքեց, իսկ արձագանքը մեղադրական ճառեր «ՖԱՖ»-ի հասցեին հնչեցնելն էր… Ներկայացված երեք պահանջները «ՖԱՖ»-ի քմահաճույքը չէին, «ՖԱՖ»-ը եղել է ու կա անկախ կառույց, «ՖԱՖ»-ը երբեք քաղաքական խաղերին չի մասնակցել ու միշտ իրացրել է իր քաղաքացիական պարտքը՝ եղել է մարզադաշտում հավաքականի եւ սոցիալական պահանջների դեպքում ժողովրդի կողքին»:

Նոյեմբերի 16-ին «ՖԱՖ»-ն անցավ իր խոստացած երթի իրականացմանը, որը ՀՖՖ-ի մոտ վերածվեց ոստիկանության հետ բախման: Այդ օրը հնչեց նաեւ նոր պահանջ՝ ՀՖՖ նախագահի հրաժարական:

[gallery id=536]

Նոյեմբերի 10-ին «ՖԱՖ»-ն իր հոդվածում փորձեց հիմնավորել տոմսերի թանկացման պահանջը՝ բերելով նախկին ԽՍՀՄ մի շարք երկրների փորձն ու դրանց գների տարբերությունը հայկականից: ՀՖՖ նախագահը այս անգամ որոշեց հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչը ճիշտ որոշում էր՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, երկրպագուներին հուզող հարցերին պատասխան տալու առումով: Բայց ճիշտ կլիներ հրավիրել նաեւ «ՖԱՖ»-ի ներկայացուցիչներին, քանի որ առճակատումն առաջին հերթին հենց նրա հետ էր: Սակայն Հայրապետյանը գերադասեց միջնորդավորված, մեդիայի միջոցով հայտարարություն տարածելով պատասխանել ակտիվիստներին: Նոյեմբերի 25-ի հայտարարության մեջ ՀՖՖ նախագահը նշում էր իր կառույցի կատարած գործերի մասին, չնայած դրանց կարեւորությունը ոչ ոք չէր հերքել ու չի էլ հերքում, «ՖԱՖ»-ի պահանջները որակում էր այսպես՝ «միտումնավոր կամ չիմացության պատճառով դրանք կազմված են բազմիմաստության, ապակողմնորոշման եւ ապատեղեկատվության սկզբունքով», իսկ վերջում նորից դավադրության տեսությանն էր անցնել. «Այս եւ նմանատիպ շատ հարցերի շուրջ ՀՖՖ-ն եւ անձամբ ես ունեցել եմ հետաքրքիր եւ կոնստրուկտիվ բազմաթիվ քննարկումներ երկրպագուների եւ այլ տարբեր խմբերի, այդ թվում նաեւ՝ «ՖԱՖ»-ի հետ եւ մշտապես «հասանելի» եմ եղել հենց այդ նույն «ՖԱՖ»-ի ղեկավար խմբակի համար: Հարց է առաջանում, թե ինչու հանկարծ հիմա «ՖԱՖ»-ի ղեկավար այդ խմբակը որոշեց ընտրել քննարկման այլ՝ հրապարակային տարբերակ... Արդյո՞ք տոմսերը «թանկ» չէին, արդյո՞ք մարզիչը «խարիզմատիկ էր եւ հանրահայտ», արդյո՞ք այլոք չէին որոշում հավաքական հրավիրվողների ցանկը, երբ հավաքականը լավ էր խաղում... Պատասխանը, համոզված եմ, չի ուշանա եւ բոլորս կիմանանք այս «շոուի» թե իրական նպատակը եւ թե իրական կազմակերպիչներին»:

Զարմանալի է, թե հրապարակային պահանջներ ներկայացնելն ու դրանք հրապարակային քննարկելն ինչու է այդքան վրդովեցրել Ռուբեն Հայրապետյանին, եթե ասում է, որ «ՀՖՖ-ն հայաստանյան բացառիկ այն հանրային կառույցներից է, որ դեռեւս իմ ղեկավարման առաջին իսկ օրվանից որդեգրել է գործունեության թափանցիկության եւ դեմոկրատական աննախադեպ սկզբունքներ, որի հետեւանքով ՀՖՖ գործունեությունը, նրա ֆինանսները, ծրագրերն ու անելիքները հասանելի են դարձել ոչ միայն ֆուտբոլային ընտանիքին, այլ նաեւ ողջ հանրությանը»: Այս հոդվածում դեռ կներկայացնենք այլ հակասություններ Ռ. Հայրապետյանի խոսքերում, ինչը միշտ էլ բնորոշ է եղել նրան: Հետաքրքիր է նաեւ, որ «Ազատության» հետ զրույցում, պատասխանելով «ՖԱՖ»-ի հետեւում կանգնած ուժերի մասին հարցին, ՀՖՖ նախագահը կոչ արեց լրագրողական հետաքննություն անել ու պարզել, թե դրանք ովքեր են. «Ազնվորեն, չեմ էլ ուզում ձեր գործով ես զբաղվեմ»: Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանը մեղադրում է ֆան-շարժմանը «ոչ մաքուր հանձնարարություններ» կատարելու մեջ, ապա դրա ապացուցման բեռը փորձում դնել լրագրողների ուսերին:

«Ռումբ», որ, թերեւս, պիտի շեղեր սեփական անձի հանդեպ քննադատության սլաքները

Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ-«ՖԱՖ» առճակատումը, կարելի է ասել, ստվերվեց Ռ. Հայրապետյանի անակնկալ հայտարարությամբ: Ալբանիայի հետ երեւանյան վերջին խաղի մասին (0-3) Հայրապետյանն ասաց, որ տեղի է ունեցել դավաճանություն. «Ես կարծում եմ՝ կունենամ էդ փաստերը, ես էն մարդը չեմ, որ հենց էնպես հանձնվեմ: Ինձ համար կոնկրետ մեկ խնդիր կա՝ ում եւ ինչ ձեւերով են առել էդ խաղը (ընդգծումը մերն է- հեղ.)»: Ապա «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ դա իր համոզմունքն է, խաղից 20-30 րոպե հետո հասկացել է, թե ինչ է կատարվում, բայց հավելեց, որ հիմա փաստեր չունեն, սակայն կարծում է, որ կլինեն: Առանց փաստերի, միայն իր անձնական կասկածների հիման վրա ՀՖՖ ղեկավարը դավաճանության մեջ մեղադրեց որոշ ֆուտբոլիստների՝ չնշելով անուններ:

Բնականաբար, առիթից օգտվեցին «Եվրո-2016»-ից դուրս մնացած դանիացիներն ու սերբերը, ովքեր ալբանացիների երեւանյան հաղթանակից հետո արդեն մեծ ոգեւորությամբ արտատպում էին խաղի ծախված լինելու մասին լուրերը, որոնք, իրար հղում տալով, տարածել էին սերբական ու ալբանական կայքերը:

Հիշեցնենք, որ, ըստ այդմ, իբր մեր թիմի դարպասապահն ու 3 պաշտպանները կաշառք էին ստացել 500.000-ական եվրոյի չափով՝ խաղը «հանձնելու» համար: Պատահական չէ, որ դանիացիները Հայրապետյանի հայտարարությունն իբրեւ ռումբ որակեցին: Պայմանավորված խաղերի գործերով մասնագետ, իրավաբան Ջեք Անդերսոնը դանիական մամուլին հայտնել էր, որ Հայաստան-Ալբանիա խաղի վերաբերյալ ՈւԵՖԱ-ում ահազանգեր ստացվել են, սակայն դրանք չեն հաստատվել («Ֆուտբոլ+», 02.12.2015): «Բացի այդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը լուրջ ճնշման տակ է, եւ չեմ բացառում, որ նրա հայտարարությունը կարող է նրան քննադատողների ուշադրությունն այլ կողմ շեղելու փորձ լինել»,- դիպուկ նկատել էր Անդերսոնը: Իսկապես, դժվար է հակադարձել վերջինիս տեսակետին:   

Փոխարենը հակադարձողներ եղան Հայրապետյանի խոսքերին: «ՖԱՖ»-ը նոյեմբերի 27-ին նոր հայտարարություն տարածեց, որում իր 3 պահանջների մասին ՀՖՖ ղեկավարի արձագանքից զատ՝ անդրադարձավ նաեւ դավաճանության թեմային ու պահանջեց Ռ. Հայրապետյանի հրաժարականը. «Չունենալով փաստեր եւ երաշխիք դավաճաններին գտնելու՝ Ռուբեն Հայրապետյանը խաթարում է հավաքականի մթնոլորտը: Հավաքականում ստեղծվում է քաոսային վիճակ, որտեղ խաղընկերները պետք է միմյանց կասկածեն դավաճանության մեջ: Կոչով ենք հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի տղաներին: Մենք հավատում ենք, որ այսքան տարի երկրպագել եւ աջակցել ենք թասիբով, երկրի համար սրտացավ եւ պատվախնդիր տղամարդկանցից կազմված հավաքականի: Կոչ ենք անում հերթական անգամ չլռել, հանդես գալ անհատապես կամ միասնական հայտարարությամբ՝ պատասխանել զրպարտանքին ու մեղադրանքներին, մեկ մարդու զգացողությունները հիմք չընդունել թիմում դավաճան ման գալու համար»:

Հավաքականի 9 առաջատարներ (Մխիթարյան, Մովսիսյան, Օզբիլիզ, Արզումանյան, Մարկոս, Ղազարյան, Կասպարով, Մկոյան, Մկրտչյան), ըստ էության, արձագանքելով այս կոչին, նոյեմբերի 29-ին հանդես եկան հայտարարությամբ. «Ալբանիայի դեմ կայացած հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններն ու լուրերը ամբողջությամբ կեղծ են: Մենք լիովին վստահ ենք մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի վրա, եւ մեր հավաքականում դավաճանություն փնտրելը որեւէ արդյունք չի տալու: Համոզված ենք, որ մեր կարծիքը կիսում են հավաքականի բոլոր ֆուտբոլիստները: Անդրադառնալով մեզ` նշենք, որ հավաքականում խաղալու շուրջ 7-10 տարիների ընթացքում միշտ նվիրված եւ անմնացորդ տրվել ենք հավաքականին, ամեն ինչ արել ենք ի շահ հավաքականի, չի եղել դեպք, երբ մենք առողջ լինենք եւ վնասվածքներ չունենանք ու հրաժարվենք խաղալ հավաքականի կազմում: Ավելին, ունենալով վնասվածքներ, սրսկումների օգնությամբ, մարզիչների խնդրանքով մասնակցել ենք հավաքականի բազմաթիվ հանդիպումների` հասկանալով, որ մեր բացակայությունը վնասելու է հավաքականին»: 

Սա աննախադեպ երեւույթ էր, քանի որ 2002-ից ի վեր, ինչ Ռ. Հայրապետյանը գլխավորում է ֆեդերացիան, դժվար է հիշել մի դեպք, երբ հավաքականի որեւէ անդամ նման բացահայտ պատասխան տար նրա խոսքերին, որքան էլ դրանք անհեթեթ լինեին: Փաստորեն, Հայրապետյանը քննադատվեց ոչ միայն երկրպագուների, այլեւ «յուրայինների» կողմից: Այսքանից հետո «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նրան մնում էր ասել. «Եթե ասեմ, որ հավաքականի արձագանքին չէի սպասում, կհավատայի՞ք: Իհարկե, սպասում էի, որ հավաքականը կարձագանքի: Հենց իրենց արձագանքն էլ ուզում էի լսել: Մի քիչ շատ արագ արձագանքեցին, բայց ոչինչ: Եթե հիշում եք, հենց ես ասացի, որ ցանկանում եմ հունվարին հանդիպում կազմակերպել ֆուտբոլիստների հետ՝ խոսելու բոլոր հարցերի շուրջ եւ նրանցից ստանալու հստակ ու վերջնական պատասխաններ: Ես եմ ասել, որ տղաների հետ բազմաթիվ խնդիրներ կան քննարկելու: Մենք դրանք կքննարկենք, հանգիստ եղեք: Ոչ մեկի խորհուրդ չեմ տա իրենց շահերի համար խցկվել մեր արանքը»: 

Իսկ մինչ այդ ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը պիտի ստիպված լիներ Հայրապետյանի խոսքերին անդրադարձած դանիական ekstrabladet.dk կայքին հայտնել, թե «ՀՖՖ նախագահը ոչ մի հայտարարություն չի արել որեւէ կոնկրետ հանդիպման մասին (ավելորդ է այս խոսքերը մեկնաբանելը- հեղ.): Հավանաբար, դուք սխալ եք հասկացել նրա խոսքերը, որոնք նա արել է նոյեմբերի 25-ին մի շարք ԶԼՄ-ների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ռուբեն Հայրապետյանը հստակ ասել է, որ տեղի է ունեցել դավաճանություն, եւ հարցրել ներկաներին. «Մի՞թե դա դավաճանություն չէ, երբ ֆուտբոլիստը ազգային ընտրանու մարզաշապիկով դուրս է գալիս խաղադաշտ եւ չի նվիրվում, ոմանք 15-20 րոպե անց փոփոխություն են պահանջում՝ իբր թե վնասվածք են ստացել»» («Ֆուտբոլ+», 02.12.2015):

Հավաքականի ձախողված ելույթների մասին հայտարարություն տարածեց նաեւ հավաքականի պաշտոնական ֆան-շարժում համարվող «Red Eagles»-ը, որը նաեւ հանդիպում պահանջեց Հայրապետյանի հետ: Նոյեմբերի 30-ին ՀՖՖ ղեկավարն, ի տարբերություն «ՖԱՖ»-ի, ընդունեց այս շարժման անդամներին:

Միակը 2002-ից ի վեր

Չնայած ՀՖՖ ղեկավարը «ՖԱՖ»-ի պահանջների վերաբերյալ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իր հետ ուլտիմատումներով խոսել չի կարելի, եւ ինքը նրանց կընդունի, եթե իրեն խնդրեն հանդիպել, այդուհանդերձ, օրինակ տոմսերի թանկ լինելու եւ իրեն սպառած լինելու մասով «ՖԱՖ»-ն ու Հայրապետյանը, փաստորեն, համակարծիք են: Իր հեռանալու մասին նա ասաց. «Հավաքականի առաջ շատ կարեւոր խնդիր է ծառացած, ես էդ խնդիրը մինչեւ չհարթեմ… Ինքս ազնվորեն հոգնել եմ, ես էլ եմ սպառել ինձ, ազնվորեն ասում եմ: Բայց ես չեմ թողնի էս վիճակում, խնդիր կա, իմ ժամանակ է էդ աղբը լցվել (նկատի ունի «դավաճանությունը»- հեղ.), ես պիտի մաքրեմ ու նոր գնամ: Ինձ էդքան չի հետաքրքրում բացահայտել-պատժելը, ինչքան բացահայտել-մաքրելը: Մյուսների համար լինի խրատ, որ էլ չանեն նման արարք»:

Ռուբեն Հայրապետյանը, ի տարբերություն շվեյցարացի Բեռնար Շալանդի, շատ դեպքերում քննադատություններից պաշտպանում էր Սարգիս Հովսեփյանին (ով նաեւ ղեկավարում է Հայրապետյանի «Փյունիկը»), ու կրկնում, որ նա անհամեմատ խիստ է, այնինչ գլխավոր մեղավորները որոշ ֆուտբոլիստներ են, ովքեր կարգապահ չեն, խաղին չեն նվիրվում, հենց հարստացել են, սկսել են վատ խաղալ եւ այլն՝ մոռանալով, որ եթե մարզիչն իսկապես խիստ ու պահանջկոտ է, բայց նաեւ նուրբ հոգեբան, իսկ հարկ եղած դեպքում՝ նաեւ դիկտատոր, հեղինակություններ չճանաչող, կոպիտ ասած, «սանձեր ձգող», ապա թիմի կարգապահությունը շուտով կերեւա դաշտում ցուցադրած խաղի մեջ: Եվ չնայած հավաքականի գլխավոր մարզիչ չնշանակվեց «ՖԱՖ»-ի պահանջած ու բազմաթիվ այլ երկրպագուների ակնկալած «պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի անցած արտասահմանցի մասնագետ», ՀՖՖ-ի ընտրությունը երեկ կանգ առավ մի մարդու վրա, ով ներկայում հայկական ֆուտբոլում իր խստությամբ, երկար մարզչական կարիերայով ու, խոստովանենք, «էշը ցեխից հանելու» կարողությամբ երեւի միակն է: Դեկտեմբերի 10-ին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Վարուժան Սուքիասյանը, ով 2010-ից հեռացել էր ֆուտբոլից ու աշխատում էր Երեւանի քաղաքապետարանում, 2015-ի ապրիլին ստանձնելով «Արարատի» ղեկը, ցույց տվեց, որ ունակ է անհույս թվացող կոլեկտիվից քամել առավելագույնը: Հենց Սուքիասյանի շնորհիվ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արարատը» ստորին հորիզոնականներից վեր բարձրացավ եւ օրացուցային տարին ավարտեց երրորդ տեղում:

Չնայած աշխարհի 2002 թ. առաջնության ընտրական փուլում Սուքիասյանի ղեկավարած ազգային թիմի արդյունքները դրական չէին (10 խաղ, 5 ոչ-ոքի, 5 պարտություն, 6 թիմերի պայքարում 6-րդ տեղ), այդուհանդերձ, ներկա կադրերը, ֆուտբոլիստների պոտենցիալը, որը հայ երկրպագուն տեսել է «Եվրո-2012»-ի եւ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլերում, հույսի ու հավատի տեղ են թողնում, որ դեռ մեր տղաների կատարմամբ լավ խաղեր շատ կտեսնենք, ինչը միգուցե Հայաստանին 2018 թ. աշխարհի առաջնության ուղեգիր կբերի: Եվ վերջում. Սուքիասյանը Հայրապետյանի պաշտոնավարումից ի վեր (2002 թ.) միակ տեղացի մարզիչն է (2003-ին Իսրայելի հետ ընկերական խաղում, երբ թիմը չուներ գլխավոր մարզիչ, այդ պարտականությունները կատարել է «Շիրակի» մարզիչ Անդրանիկ Ադամյանը), որ նշանակվելուց առաջ կապ չի ունեցել «Փյունիկի» հետ:      

Մեկնաբանություններ (1)

Seroj
ձեր գրածների պատասխանը այստեղ է.. http://www.tert.am/am/news/2015/06/16/hraparak2/1707928

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter