HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Դեղերի շուկայի արհեստական մոնոպոլացում. ու՞մ շահերն է պաշտպանում դեղգործակալությունը

Վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ «Դեղերի փորձագիտական կենտրոնը» այս կամ այն պատճառով (հիմնականում՝ մարքեթինգային նկատառումներով) մերժում է դեղերի ներկրումը : Այն, որ դեղգործակալությունը վերածվել է յուրահատուկ բիզնես պրոյեկտի, արդեն մանրամասն պատմել ենք։ Այս անգամ «Հետքը» ներկայացնում է, թե ինչպես Դեղերի փորձագիտական կենտրոնը, լինելով ոլորտի պատասխանատու կառույց, շուկայում ստեղծում է արհեստական մոնոպոլիա՝ այդպիսով խոչընդոտելով մրցակցությանն ու  դեղերի գնի նվազմանը։

Էժան  դեղերի ներմուծումն արգելվում է «որակի վրա չազդող» փոփոխությունների պատճառովմի  ներկրողի պատմություն

Հովհաննես Մարտիրոսյանը կենսաբանական գիտությունների թեկնածու է, դեղագործ: «Դեղերի փորձագիտական կենտրոն»-ի ստեղծման օրվանից՝ 1992-98թթ., եղել է  Լիցենզիոն վարչության պետը և մինչև 2005թ. աշխատել առողջապահական համակարգում:  Մոսկվայում հիմնելով սեփական դեղագործական բիզնես` վերջերս որոշել է իր  «Վիտաֆարմ» ընկերության միջոցով դեղ ներկրել նաև Հայասատան, ավելի էժան գներով, բայց հանդիպել է  մի շարք խոչընդոտների։

                                                           Հովհաննես Մարտիրոսյան

                                                Քվամատել

Հայաստան դեղերի ներկրման պայմաններից մեկն այն է, որ այն պետք է գրանցված լինի դեղերի պետական գրանցամատյանում։ Հունգարական «Գեդեոն Ռիխտերն» (Gedeon Richter) արտադրում է «Քվամատել 20մգ» (Quamatel ) դեղը։ Հայաստանում այն գրանցված է  4 տարի պահպանման ժամկետով, ներկրման իրավունքը՝ մինչև 2019 թ․ նոյեմբեր։

«Մենք բերեցինք «Քվամատել» դեղը, դեղգործակալությունը մեզ մերժեց,-պատմում է Հ․Մարտիրոսյանը,- իրականացրեց փորձաքննություն և մերժեց՝ ասելով, թե Հայաստանում «Քվամատել 20մգ» դեղը գրանցված է 4 տարի պիտանելիության ժամկետով, ձեր բերածի պիտանելիության ժամկետը 5 տարի է, թույլ չենք տալիս»:

«Դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 581 որոշման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետություն ներմուծման պահին դեղերի և (կամ) դեղանյութերի պիտանիության մնացած ժամկետը պետք է լինի նվազագույնը մեկ տարի»։

Ավելին՝  նույն  «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը նույն «Քվամատել 20մգ» դեղը իր և մի շարք այլ երկրների համար արտադրում է 5 տարի պիտանիության ժամկետով։ Հարց է առաջանում, եթե նույն արտադրողն իր երկրի համար արտադրում է 5 տարի պիտանիության ժամկետով, ինչո՞ւ է Հայաստանում այն մերժվում։

Այս առիթով Հ․ Մարտիրոսյանը դիմում է Առողջապահության նախարարություն, և լսումներ են կազմակերպվում։ «Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է Հայաստանում 4 տարի,-պատմում է Հ․Մարտիրոսյանը,- դեղգործակալության փորձագետն ինձ պատասխանում է, որ արտադրող կազմակերպությունն իրենց դիմել  է ու ասել, որ 4 տարի հետո այդ դեղորայքի կայունության որակը վատանում է, այդ պատճառով մենք գրանցում ենք 4 տարի: Եթե այդ պրեպարատի որակը 4 տարում վատանում է, հունգարացիներն իրենց երկրում ինչու՞ են գրանցում 5 տարով, ոչ ոք չի կարողանում պատասխանել» ։

Հետաքրքիր է, որ նույն «Գեդեոն Ռիխտերն» արտադրում է նույնանուն «Քվամատել» դեղը 40մգ,  որի պահպանման ժամկետը Հայաստանում արդեն  5 տարի է։
Դեղագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ եթե նույն 40մգ հաբը կիսես 2 20մգ մասերի, ապա նրա պահպանման ժամկետը որևէ կերպ չի նվազի և դառնա 4։

«Այն գինը, որով մենք պետք է վաճառեինք այստեղի  դիստրիբյուտորներին, էժան է մոտավորապես 60%-ով,- նշում է Հ․Մարտիրոսյանը։- Պրեպարատներ կան, որ գնի մեջ 300% տարբերություն են տալիս»։

Գալազոլին

Մեկ այլ խնդիր առաջացել է «Գալազոլին» (Galazolin)  քթի կաթիլներ ներկրելիս։ Դեղորայքն արտադրում է լեհական «Polfa» / «Պոլֆա»  ընկերությունը։ Ամբողջ աշխարհում այն գրանցված է և սպառվում է  «Գալազոլին», ներքևում գրված է «0,1%  քթի կաթիլներ», Հայաստանում գրանցել են «Գալազոլին 0,1%»։ Ստացվում է, որ ներմուծված նույն դեղը Հայաստանում փաստացի գրանցված է այլ անունով՝  0,1% չակերտների մեջ է։ 

 

« Կառավարության  N581 որոշում, 18-րդ կետ․

«Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել միայն Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող դեղերը, որոնց փաթեթավորման փոփոխությունները չեն ազդում արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա, և երբ առկա է արտադրողի կողմից տրված որակի հավաստագրի բնօրինակը, կամ արտադրողի կողմից այլ երկրների ներմուծողին տրված հավաստագրի պատճենը` վավերացված արտահանող կազմակերպության կնիքով»

 

                                                                     Ցեռուկալ

«Ցեռուկալ» (Cerucal) ամպուլաներն արտադրում է խորվաթական  «Pliva»/ «Պլիվա» ընկերությունը, որի իրավատերը գերմանական «AWD pharm» / «ԱՎԴ  ֆարմ» ընկերությունն էր։ Այդպես էլ և գրանցված է դեղերի պետկան ռեեստրում։

Վերջերս «Pliva»/ «Պլիվա»-ն դարձել է իսրայելական «TEVA»/ «Տեվա» ընկերության անդամը։

Այսինքն՝ դեղը դարձյալ արտադրվում է Խորվաթիայում, սակայն իրավատերը «Տեվա»-ն է։  «Մենք բերել ենք դեղեր, որտեղ որպես իրավատեր նշված է «Տեվա»-ն, մեզ ասում են՝ ըստ ռեեստրի իրավատերը «ԱՎԴ»-ն է, թույլ չենք տալիս»,-պատմում  է Հ․ Մարտիրոսյանը։

Ստացվում է՝  դեղերի գրացնամատյանում փոփոխություն չի կատարվել, և այն մնացել է գրանցված,  սակայն արդեն՝  որպես կեղծ դեղ (մի իրավատիրոջ անունով է, որն այժմ գոյություն չունի)։

                                                Խալիքսոլ

Մոտավորապես նույն խոչընդոտն առաջացել է «Խալիքսոլ» (Halixol syrup) հազի օշարակների ներմուծման ժամանակ։ Հայաստանում որպես այդ դեղի արտադրող գրանցված էր հունգարական «Էգիս» ԲԲԸ-ն, մինչդեռ «Էգիս»-ն արդեն ՓԲԸ է դարձել։ «Վիտաֆարմի» ներկրած  տուփերի վրա նշված է եղել «Էգիս» ՓԲԸ։ Դեղգործակալությունում առաջարկել են դիմել «Էգիս» ընկերության հայաստանյան ներկայացուցչություն։

Այնտեղ Հ․Մարտիրոսյանին պատասխանել են, որ իրենք 7 դեղորայք արդեն վերաձևակերպել են  ՓԲԸ-ի, իսկ  «Խալիքսոլը»՝ դեռ  ոչ, քանի որ «իրենց պահեստներում դեռևս «Խալիքսոլ» ունեն ԲԲԸ-ի տուփով» և մինչև դրանք չսպառվեն,  փոփոխություն չեն անի: 

Օրերս Հ․ Մարտիրոսյանին տեղեկացրել են, որ խմբաքանակը սպառվել է, անունը՝ վերաձևակերպվել, և նա արդեն կարող է վաճառել դեղը։

                                      Մետրոգիլ

Հնդկական «Մետրոգիլ» լուծույթը նշված և ոչ մի խնդիրը չուներ`ժամկետը, արտադրողն ու չակերտները ճիշտ էին դրված։ Սակայն, այն դեռևս պահեստում է, քանի որ դեղգործակալությունը պահանջել է ներկայացնել դեղորայքի «սերիայի հավաստագիրը»՝ BATCH  certificate-ը (բաչ սերտիֆիկատ), որը, սակայն, ներկրելիս չի պահանջվում։ 

«Ասում են (դեղգործակալությունից-հեղ․)՝ մենք չենք կարող կողմնորոշվել «Յունիք» («Unique Pharmaceutical») ընկերությունն այդ դեղը ո՞ր արտարամասում է արտադրել՝ Բոմբեյո՞ւմ, թե՞ Կալկաթայում»,-պատմում է Հ․Մարտիրոսյանը։ Օգոստոսի 11-ից նա դիմել է արտադրող ընկերությանը, որպեսզի ստանա այդ սերտիֆիկատը։

                                       Ֆինլեպսին

Նույն BATCH certificate-ին է «սպասում» նաև իսրայելական «Տեվա» ընկերության «Ֆինլեպսին» (Finlepsin) դեղի առնչությամբ։ Վերջինս տրվում էր նաև պետպատվերով, սակայն 2013թ․ այն փոխարինվեց «Արփիմեդ» ընկերության  «Կարբամազեպին»-ով, որի հետ կապված շատ դժգոհություններ կային (այդ մասին մանրամասն՝ մեր նախորդ նյութերում՝ 1 և 2):

Ըստ Հ․ Մարտիրոսյանի՝ դա ուղղակի ժամանակ ձգձելու ձև է․ «Դիմել ենք դեղարտադրողին ու սեպտեմբրի 29-ից էլ այդ սերտիֆիկատին ենք սպասում»,-ասում է նա։

Ընդհանուր առմամբ՝ 2015թ․ մարտից ի վեր մերժվել է «Վիտաֆարմ» ընկերության ներկրած 7 անուն դեղորայք։ Մերժումներից և ոչ մեկը կապված չի եղել դեղի որակի հետ։

Հարցը կարգավորելու համար Հովհաննես Մարտիրոսյանն արդեն դիմել է  դատարան։ Առաջին դատական նիստը կայացել է հոկտեմբերի  29-ին, հաջորդը լինելու է հունվարի 16-ին Շենգավիթի վարչական դատարանում։

               «Գեդեոն Ռիխտեր» ՍՊԸ-ի բաժնետեր հյուպատոսները

 «Քվամատել»  դեղորայքը և առհասարակ հունգարական «Գեդեոն Ռիխտեր» ընկերության բոլոր դեղերը 1992թ․ առ այսօր դեռևս ոչ մի ընկերություն չի ներկրել, բացի Հայաստանում գրանցված «Գեդեոն Ռիխտեր» ՍՊԸ-ի։ Ընկերության 51% բաժնեմասը  հունգարական նույնանուն դեղարտադրող ընկերությանն է, իսկ մոտ 10-ական տոկոս բաժնետոմս պատկանում է 5 այլ անձանց։

Նրանց թվում են Սլովենիայի հանրապետության պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը և Լիտվայի պատվավոր հյուպատոս Լևոն Սաղաթելյանը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարի հրամանով՝ պատվավոր հյուպատոսներն ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ 

Ուշագրավ է, որ ՍՊԸ-ի գործունեության իրավաբանական և գործունեության հասցեն պետռեգիստրում գրանցված է նույն հասցեով, ինչ պատվավոր հյուպատոսների գրասենյակները՝ Ղազար Փարպեցու 22։

Դեղգործակալության այսպիսի քաղաքականության պատճառով դեղերի շուկայում ձեւավորվում է մոնոպոլիա: Դեղերի գները, բնականաբար, ոչ միայն չեն նվազում, այլ հաստատված մենաշնորհի արդյունքում դառնում են կամայական: Իսկ հայաստանյան շուկայում դեղերի մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունները կախման մեջ են հայտնվում դեղարտադրողից։

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter