HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերի եւ ադրբեջանցիների հաշտեցման ռեսուրսներ

Ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին իրենց պատկանելության, մասնագիտական կամ աշխարհաքաղաքական հետաքրքրությունների պատճառով հայ-ադրբեջանական հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահող քաղաքական մեկնաբանները, գործիչներն ու փորձագետները սովորաբար այն «սառեցված հակամարտություն» են անվանում:

Նրանք նաեւ համերաշխ են այն հարցում, որ չնայած կարգավորման համար արված բազմաթիվ առաջարկություններին, մինչ օրս, բացի 1994թ.կնքված կրակի դադարեցման համաձայնագրից, ձեռք չի բերվել որեւէ այլ, կոնկրետ պայմանավորվածություն: Հետեւաբար, առ այսօր չի ստեղծվել հնարավորություն, որպեսզի կողմերը հակամարտության հետ կապված, թող որ դրա կարեւորագույն խնդիրների հետ անմիջապես չառնչվող, պայմանավորվածություններն իրականացնելով` կարողանային մեղմացնել միմյանց հանդեպ եղած մեծ անվստահությունը: Հակառակ ուղղությամբ հաջողությամբ իր գործն է անում տեղեկատվական պատերազմը, որի գլխավոր նպատակն իրենց զանգվածների մեջ սեփական դիրքորոշման ամրապնդումն ու հակառակորդի գաղափարական դրույթների թուլացումն է:

Չլուծված այլ հակամարտությունների համեմատ ղարաբաղյանի բացառիկությունը, թերեւս, դրսեւորվում է նույնիսկ ոչ թե նրա մեջ վառ արտահայտվող աշխարհաքաղաքական բաղադրիչով, այլ այն փաստով, որ կրակի դադարեցման ռեժիմը պահպանվում է ինքնուրույն, առանց հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժերի առկայության: Կան դրվագային փոխհրաձգություններ եւ մարդկային զոհեր, եւ բերվում են այս ընթացքում երկու կողմերի կրած զոհերի քանակի մասին տարբեր տվյալներ: Անցած «ոչ պատերազմի» 13 տարիների ընթացքում այդ թվերը բավական մեծ են եւ համեմատելի Իրաքում ամերիկյան զինուժերի մինչ օրս ունեցած զոհերի քանակի հետ: Եվ նույնիսկ այս փաստը հաշվի առնելով` կրակի դադարեցման պահպանումը զգուշավոր լավատեսություն է ներշնչում որոշ վերլուծաբանների եւ քաղաքագետների: Նրանք կարծում են, որ կողմերի միջեւ կնքված այդ համաձայնությունը փոխվստահության մի ծիլ է, որը հետո երկուստեք ջանքերով կարող է հասունանալ: Սակայն, կրակի դադարեցման ռեժիմի լայնածավալ խախտումը նշանակում է ղարաբաղյան պատերազմի վերսկսում, ինչը, ընդհանուր առմամբ, կարող է տեղի ունենալ, բայց հաստատ ոչ հայկական եւ ադրբեջանական ռազմուժերի միջեւ եղած հավասարակշռության տատանումների պատճառով: Ավելի շուտ դա կարող է պատահել ղարաբաղյան հակամարտության տիրույթում եղած բազմաչափ, բազմաթիվ բաղադրիչներից բաղկացած ընդհանուր հավասարակշռության խախտման հետեւանքով: Հավասարակշռություն, որտեղ ռազմական բաղադրիչների համազորությունն ամենավճռորոշ դերը չի խաղում:

Կարծիք կա, որ կողմերի չափազանց կարծր դիրքորոշումների պատճառով ծայրահեղ սահմանափակ են կարգավորման տարբերակներ փնտրելու հնարավորությունները եւ, ըստ էության, ամեն ինչ արդեն բազմիցս ասված է, վերլուծված, մոդելավորված, արդեն առաջարկված են կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները, հակամարտության ամեն մի նոր վերլուծություն վաղուց արդեն քաջ հայտնի փաստարկների ու հակափաստարկների կրկնություն է: Այս ընթացքում հայ եւ ադրբեջանցի լրագրողները, վերլուծաբաններն ու փորձագետները գրել են շատ հոդվածներ, համատեղ եւ առանձին, անց են կացվել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում որոշ հարցերում կողմերի ներկայացուցիչները համաձայնում էին միմյանց հետ, մյուսների պարագայում սկզբունքորեն մնում իրենց կարծիքներին: Մի դեպքում երեւում են բաժանող փաստարկները, մյուս դեպքերում` համընկնող մոտեցումներն ու դիրքորոշումները: Հաշտեցման ռեսուրսները, որ արտացոլվում էին այդ նյութերում, այսօր արդեն հետպատերազմյան առաջին տարիների լավատեսությունը չեն ներշնչում: Ի վերջո, կենդանի հանդիպումների ընթացքում կամ ինտերնետային վիրտուալ քննարկումների ընթացքում շփվող մասնագետները վաղուց արդեն ճանաչում են միմյանց եւ, ըստ էության, նրանց մոտ ձեւավորվել է մի ընդհանուր զգացողություն` որ գնալով սպառվում են իրենց լայն հասարակությունների հաշտեցման ռեսուրսները: Սակայն նման նյութերը, միեւնույն է, արժեքավոր են: Նրանք թույլ են տալիս հետեւել ոչ միայն կարգավորման, այլեւ երկու հասարակությունների մեջ ընթացող գործընթացներին: Հասարակություններ, որոնք, իմ կարծիքով, ավելի ու ավելի են հայտնվում ընդհանուր, նման, կամ իրարից այդքան էլ չտարբերվող պայմաններում:

Կարծում եմ, որ այդ իմաստով մեր կենտրոնի եւ Բաքվում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հայ եւ ադրբեջանցի փորձագետների մեջ ղարաբաղյան թեմայով անցկացրած տիպային հարցազրույցները կարող են պատկերացում տալ հակամարտության կարեւորագույն հարցերի ընկալման մասին: Հարցեր, որոնց մեջ վեր են հանվում ղարաբաղյան հակամարտության նկատմամբ հայ եւ ադրբեջանական հասարակությունների այսօրվա վերաբերմունքը, երեւում է կարգավորման ասպարեզում արտահայտվող աշխարհաքաղաքական շահերի զարգացման դինամիկան, պարզվում են ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում եւ նրա փոփոխման դեպքում հայ եւ ադրբեջանական ժողովուրդների անվտանգության ինդեքսները:

Հայ եւ ադրբեջանական հասարակությունների հակամարտության նկատմամբ ունեցած վերաբերմունքի խնդրով միեւնույն հարցերին պատասխանել են փիլիսոփայական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը եւ քաղաքագետ Զաֆար Գուլիեւը, իրենց կարծիքները ղարաբաղյան կարգավորման մեջ երեւացող աշխարհաքաղաքական շահերի մասին արտահայտել են «Կովկաս»

վերլուծական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը եւ «Մուսավաթ» կուսակցության Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հիքմեթ Հաջիզադեն, հակամարտող կողմերի անվտանգության թեմայով հարցազրույցներ են տվել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Կիրո Մանոյանը եւ քաղաքագետ Իլգար Մամեդովը, եւ ղարաբաղյան կարգավորման ու ժողովրդավարացման միջեւ կապի մասին իրենց կարծիքներն են հայտնել Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի վարչության նախագահ Ստեփան Գրիգորյանը եւ քաղաքագետ, պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովը: Բոլոր հարցազրույցներն արդեն տպագրվել են «Ազգ» եւ ադրբեջանական «Նովոյե վրեմյա» թերթերում, եւ դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ունեցել են հայ եւ ադրբեջանցի ընթերցողները: Սակայն, փորձենք դիտարկել, թե ի՞նչ զգացողություններ են միավորում հակամարտող կողմերի մասնագետներին, եւ ի՞նչ մոտեցումներ ու մտքեր են ընկած նրանց անհամաձայնությունների հիմքում:

Հասարակություններ եւ հակամարտություն

Ադրբեջանական հասարակության կյանքում ղարաբաղյան հակամարտության ունեցած ազդեցության մասին հարցին պատասխանած Զաֆար Գուլիեւը պնդում է, որ ներկայիս վիճակն արդեն ձանձրացրել է մարդկանց, ադրբեջանական հասարակությունն անտարբեր է հակամարտության նկատմամբ: Կա հիասթափություն նախկինում «ամենահրատապ եւ ցավալի հարցի»` իր ազդեցության ոլորտից ավելի ու ավելի դուրս գալու պատճառով: Կորչում է նրա նկատմամբ հետաքրքրությունը իրենց օգտին արդյունքների հոգնեցուցիչ սպասումների, կարգավորման գործընթացի մշտապես փակ շրջանով պտտվելու պատճառով: Նման գնահատականը որոշակիորեն տարբերվում է այսօր էլ սովորական այն հայտարարություններից, որ ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը ադրբեջանական ողջ հասարակության համար ամենացավոտ եւ իր կարեւորությամբ առաջին տեղում գտնվող հարցն է: Ըստ էության, այսպիսի եզրակացության կարելի է գալ, եթե ղեկավարվենք տարբեր ժամանակաընթացքներում Ադրբեջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյուքներով: Լյուդմիլա Հարությունայի խոսքերով` պատերազմի գլխավոր արդյունքը խնդրի կարգավորումից հակամատող կողմերի հեռացվածությունն է, այլ ոչ թե հաղթողների եւ պարտվողների առկայությունը: Հայ հասարակության մեջ նաեւ հիասթափություն կա, բայց այն բանի համար, որ պատերազմի ընթացքում կրած հաղթանակը մինչ օրս չի հանգեցրել հակամարտության լուծմանը, որ այդ արդյունքը կարող է ոչ ադեկվատ ընկալվել, չընկնել կարգավորման հիմքում այնտեղ` «Սենայի ափերին կամ այլ վայրերում»:

Կարծում եմ` երկու երկրներում եղած մեծ սպասելիքները կապված են այն զոհաբերությունների հետ, որ կատարել են կողմերը հանուն իրենց հաղթանակի, եւ որոնք բնորոշ են պատերազմական փուլերին (մարդկային, նյութական, հոգեբանական եւ այլն): Սակայն, եթե հայ հասարակության համար այդ զոհաբերությունները ներկայիս ստատուս-քվոյի դիմաց վճարած գինն է (եւ ուրեմն` ցանկացած ընդունելի փոփոխություն չպետք է մարդկանց մեջ իզուր գործադրած ջանքերի զգացողություն առաջացնի), ապա ադրբեջանական հասարակության համար կորուստները թելադրում են այսօրվա իրավիճակը փոփոխելու սուր անհրաժեշտություն (եւ ուրեմն` ներկայիս ստատուս-քվոյի ցանկացած ընդունելի փոփոխություն պետք է նպաստի իզուր գործադրած ջանքերի զգացողության հաղթահարմանը):

Վաղուց արդեն սովորական է դարձել հակամարտության մեջ «ներքաշված» հայ եւ ադրբեջանական հասարակությունների մասին լսելն nւ կարդալը: Սակայն ավելի ճիշտ կլիներ այդ հասարակություններին համարել ոչ թե «կողմնակի» ուժեր, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում «ներքաշվել» հակամարտության այս կամ այն փուլերի մեջ, այլ հիմնական մասնակիցներ, քանի որ հենց հասարակություններն են իրենց ուսերին կրել հակամարտության բոլոր փուլերի բոլոր դժվարությունները (ներառյալ նաեւ ռազմական գործողություններինը), եւ ընդունված համաձայնությունների նկատմամբ հենց նրանց վերաբերմունքից է կախված հակամարտության լուծումը: Կասկած չկա նաեւ այն բանում, որ չնայած զանգվածների մեջ եղած հիասթափությանը, ինչի մասին պնդում են փորձագետները, հակամարտության ու դրա վերջնական արդյունքի նկատմամբ վերաբերմունքը կայուն ցավագին է նաեւ այսօր: Ուրիշ բան, որ երկրների զարգացման, հասարակությունների եւ իրենց պետությունների փոխհարաբերությունների տարբեր փուլերում ղարաբաղյան հակամարտության արդիականության աստիճանը դիմանիկ փոփոխվում էր:

Ընդհանրապես, հայերի եւ ադրբեջանցիների վրա ղարաբաղյան հակամարտության ունեցած ազդեցության մասին զրույցների ընթացքում հիշատակվում են հասարակություններն իրենց ամբողջության մեջ, որպես մոնոլիտ կազմավորումներ, որոնք մտածում եւ գործում են միանման: Չէ՞ որ ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն համարվում է հայ եւ ադրբեջանական ժողովուրդների ազգային շահերի հարցը, իսկ քարոզչական կանխադրույթներում Ղարաբաղը հանդես է գալիս որպես ազգային ինքնության, ազգային արժանապատվության փորձություն, հայ եւ ադրբեջանական պետականությունների պահպանման հարց: Հասկանալի է, որ հակամարտության նման նշանակության պարագայում հասարակություններին որպես մոնոլիտ գոյացություններ ներկայացնելը սեփական դիրքորոշումների անսասանելիությունը եւ ցանկացած փոխզիջման անհնարինությունը ցույց տալու միջոց է: Մինչդեռ, ներկայիս հայ եւ ադրբեջանական հասարակությունները բաղկացած են տարբեր հատվածներից, որոնց վրա ղարաբաղյան հակամարտության շուրջ ընդունված որոշումները տարբեր ազդեցություններ են ունենալու, եւ գլխավորը՝ որոնք, այնուամենայնիվ, հակամարտության լուծման հետեւանքներից տարբեր հեռավորությունների վրա են լինելու առաջիկայում: Ամենամոտը եղել եւ լինելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությունը (չէ՞ որ Ղարաբաղի հայ բնակչությունը հայ հասարակության մի բաղկացուցիչն է, եւ այդ մասին, ցավոք, քիչ են հիշատակում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փորձագետները): Հետեւաբար, անկախ այն բանից, թե քանի սերունդ այնտեղ կփոխվի մինչեւ կողմերը գան մի ինչ-որ ընդհանուր հայտարարի, ղարաբաղյան հակամարտությունը միշտ կլինի նրանց հետաքրքրությունների առաջին գծում: Եվ ադրբեջանական հասարակության մեջ կան հատվածներ (Ղարաբաղի նախկին ադրբեջանական բնակչությունը, հայկական ուժերի վերահոսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքների նախկին բնակչությունը), որոնք այսօր, քանի դեռ չեն մեծացել նոր սերունդներ, կայուն ու ավելի շատ են հետաքրքրված հակամարտության ապագա արդյունքներով:

Ադրբեջանում տարածված վստահություն կա, որ երկրի տնտեսական զարգացումը, բանակի ամրապնդման համար արվող ծախսերը հիմք կլինեն տարածքները վերադարձնելու եւ հակամարտությունն իրենց օգտին լուծելու համար: Այդ մասին իր հարցազրույցում պնդում է նաեւ քաղաքագետ Իլգար Մամեդովը («Ադրբեջանի տնտեսական աճը նոր մակարդակի է բերում նաեւ մեր երկրի ռազմական հնարավորությունները, ինչը Հայաստանի վրա ռազմաքաղաքական ճնշման միջոցով մեծացնում է ղարաբաղյան հակամարտությունը արդարացիորեն լուծելու Ադրբեջանի շանսերը»): Նա համարում է, որ շնորհիվ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Հայաստանի վրա գործադրվելիք նման ճնշման Հայաստանն աստիճանաբար «կզինաթափվի», եւ եթե Հայաստանում հաղթանակ տանի խոհեմությունը, ապա խաղաղությունը կարող է գալ նույնիսկ առանց պատերազմի վերսկսման: Հակառակ Հայաստանում եւ Ադրբեջանում արմատավորված այն համոզման, թե ժամանակն աշխատում է իրենց երկրի օգտին, ո՛չ Լ.Հարությունյանը, ո՛չ էլ Զ. Գուլիեւը այդպես չեն մտածում: Հայ փորձագետը կարծում է, որ ժամանակը կարող է աշխատել նրանց օգտին, ով այդ ընթացքում սխալներ չի գործում (արժե ընդգծել, որ չսխալվելու երաշխիք չունի ոչ ոք): Ադրբեջանական փորձագետը կարծում է, որ եթե անցած տարիների ընթացքում քաղաքական եւ տնտեսական կյանքում եղած բացասական միտումների պատճառով Ադրբեջանը չի կարողացել օգտագործել իր նավթային եւ աշխարհաքաղաքական գործոնները, ապա չկա դա նաեւ ապագայում անելու երաշխիք:

Հայ եւ ադրբեջանական հասարակությունների միջեւ շփումները ծայրահեղորեն հասցված են նվազագույնի: Ադրբեջանը պաշտոնապես «չի խոսում Ղարաբաղի» հետ: Մինչդեռ դա «21-րդ դարի քաղաքակրթության նորմն է»,- կարծում է Լ. Հարությունյանը: Պետք է նշել, որ այսպիսի մոտեցման հետ համաձայն են նաեւ Ադրբեջանում մի շարք փորձագետներ:

Անցած տարիների ընթացքում միմյանց մասին պատկերացումները ձեւավորվել են սեփական երկրի աղբյուրներից (իրենց երկրների ԶԼՄ-ներից) ստացվող տեղեկատվության հիման վրա: Կարծում եմ` միանգամայն ճիշտ են փորձագետների պնդումները, թե հասարակությունները չեն ճանաչում իրար, նրանց պատկերացումները հիմնված են ստերեոտիպերի, կանխակալությունների վրա: Եվ եթե հաշվի առնենք, որ այդ ստերեոտիպերը հիմնականում բացասական են, ուրեմն պետք է կարծել, որ հարցման ենթարկված փորձագետների տեսանկյունից իրականում եւ՛ հայ, եւ՛ ադրբեջանական հասարակությունների մեջ կան այնպիսի դրական հատկանիշներ ու երեւույթներ, որոնք կարող են հիմք դառնալ երկու ժողովուրդների մերձեցման համար: Սակայն, ինչպես կարծում է Զ. Գուլիեւը, մոտ ապագայում դժվար թե հնարավոր է գտնել լուծման այն տարբերակը, որը կբավարարի եւ՛ հայ, եւ՛ ադրբեջանական հասարակություններին իրենց ամբողջության մեջ: Իսկ Լ.Հարությունյանի տեսանկյունից ելքն այն է, որպեսզի եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում հասկանան, որ անկախ պետության կարգավիճակով Ղարաբաղն ավելի ձեռնտու է, քան իրենցից որեւէ մեկի կազմում: Հայաստանում եւ Ադրբեջանում մինչ օրս կա հակամարտության ընկալման լուրջ խնդիր: Հայաստանը տառապում է Ղարաբաղի խնամակալության սինդրոմից, քանի որ նրան թվում է, թե առանց դրա ղարաբաղցիների ճակատագիրն ու անվտանգությունը մեկ օրվա ընթացքում հարցականի տակ կդրվի, մինչդեռ «այդ երեխան արդեն մեծացել է» եւ սովորել է խոսել միջազգային հանրության համար հասկանալի լեզվով, կառուցում է, եւ բավական հաջող, ժողովրդավարություն:

Ժողովրդավարացման գործընթացների վրա ղարաբաղյան հակամարտության ազդեցության խնդիրների մասին խոսվում է ինչպես այս թեմայով առանձին հարցազրույցներում, այնպես էլ նյութերի մեկ այլ խմբում, որոնք նվիրված են Հայաստանի ե Ադրբեջանի ժողովրդավարացմանն ուղղված բարեփոխումների դրսեւորումներին: Այս խնդիրներով ստացված արդյունքներն ավելի մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ վերլուծության մեջ, բայց այժմ պետք է ընդգծել հետեւյալը. ղարաբաղյան հակամարտությունը որոշակիորեն ֆունկցիոնալ է ոչ միայն արտաքին ասպարեզում, այլեւ ներքինում: Չնայած հասարակությունների մոնոլիտությունը դրսեւորվում է կրիտիկական պահերին, հակամարտության չլուծվածությունը երկու երկրների բնակչության մեջ իրենց իշխանություններից դժգոհությունների տեղիք է տալիս, իշխանություններ, որոնք ունեն բանակցություններ վարելու եւ իրենց ժողովուրդների շահերը ներկայացնելու լիազորություններ: Դժվար է, իհարկե, չշփոթել հասարակության նկատմամբ հանուն «պետության շահերի» կատարվող «անարդարությունները» (դրանց, մեծ առումով, ըմբռնումով են վերաբերվում) այն «անարդարությունների» հետ, որոնք կրում են նույն նշանաբանը, բայց իրականում հետապնդում են նեղ քաղաքական նպատակներ: Այս սահմանի լղոզվածությունն անդրադառնում է Հայաստանի եւ Ադրդբեջանի ժողովրդավարացման գործընթացների վրա, ինչն իր հերթին չի կարող նպաստել փոխզիջումային որոշումների կայացմանը: Հայաստանում եւ Ադրբեջանում փորձագետների եւ քաղաքական գործիչների մեծ մասը համարում է, որ իշխանությունների կողմից կատարված «կարգավորման գործընթացի սեփականաշնորհումը», եւ մյուս կողմից` որշումներ կայացնելուց հեռու կանգնած հասարակությունները թույլ են տալիս իշխանություներին մնալ իրենց պաշտոններին եւ խաղալ երկու ժողովուրդների զգացմունքների հետ: Այդ պատճառով, ինչպես համարում է Ստեփան Գրիգորյանը, եւ այլ շատ փորձագետներ Հայաստանում, «ղարաբաղյան գործոնի դերը ժողովրդավարացման գործընթացներում այդքան էլ մեծ չէ»: Հակառակը, ժողովրդավարական գործընթացների արգելակումը կարող է էականորեն ազդել (եւ ազդում է, ինչպես պնդում է հայ փորձագետը) կարգավորման ընթացքի վրա: Քանի որ իրենց հասարակությունների մեջ այս կամ այն ոչ պոպուլյար որոշումը կայացնելու համար առաջնորդները պետք է ունենան վստահության բացառիկ մանդատներ, պետք է լեգիտիմ լինեն բառիս բուն իմաստով: Հակամարտության եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացների միջեւ կապ չի տեսնում նաեւ ադրբեջանցի փորձագետը, սակայն բոլորովին այլ հիմնավորումներով: Ֆիքրեթ Սադիխովը համարում է, որ «չարժե կապել տարածքային հակամարտությունը երկրում ժողովրդավարացման գործընթացների հետ», քանի որ հակամարտությունը ծագել է ոչ այն պատճառով, որ Ադրբեջանում կային ժողովրդավարության լուրջ խնդիրներ, այլ՝ քանի որ հայերն ունեն այդ երկրի մի մասը սեփականացնելու դարավոր ձգտումներ: «Հայերը չեն հրաժարվի 1915թ. այսպես կոչված ցեղասպանության ճանաչման գաղափարից, եթե, ասենք, ողջ միջազգային հանրությունը ճանաչի Թուրքիան որպես աշխարհի ամենաժողովրդավարական պետություն, ընդունի նրան Եվրամիություն»,- պնդում է ադրբեջանցի փորձագետը:

Չձանձրացնեմ ընթերցողներին հակամարտության ծագման պատճառների մասին դատողություններով: Այս մասին պնդումների ու քննարկումների, կատաղի բանավեճերի փուլը, կարծես, վաղուց անցյալում է, քանի որ բոլորը հասկանում են մինչ օրս դիրքորոշումների բեւեռային տարբերության պատճառով գաղափարական նման բախումների անարդյունավետությունը: Եվ, ըստ էության, եթե այս հարցում լիներ փոխըմբռնում, ապա գտնված կլիներ բուն հակամարտության լուծման բանաձեւը: Սակայն հարկ է նկատել, որ եթե Ադրբեջանում չլինեին ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ինչպես հակամարտության ծագման սկզբում, այնպես էլ այսօր, հնարավոր է, որ «հակամարտություն» որպես այդպիսին տեղի չունենար, եւ բոլոր հարցերը լուծվեին ղարաբաղյան «խնդրի» շուրջ: Ինչ վերաբերում է Թուրքիային, որը կարող է դառնալ աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը, ապա կարծում եմ, որ «մի քիչ» կամ «բավական շատ» ժողովրդավարական երկրներ առհասարակ չեն լինում, ինչպես բնության մեջ չկան նաեւ «մի թեթեւ հղի» կանայք: Երկրները ժողովրդավարական են համարվում այն ժամանակ, երբ իրենց կյանքի բոլոր ոլորտներում հասնում են համապատասխան ստանդարտների: Հետեւաբար, եթե Թուրքիան ժողովրդավարական դառնա իր ժողովրդավարացման արդյունքում, ապա ինքն էլ կճանաչի ցեղասպանության փաստը:

Ո՞վ կարող է որոշումներ կայացնել

Մի հարցում հայ եւ ադրբեջանցի փորձագետները անվերապահորեն համերաշխ են` պնդելով, որ անցած տարիների ընթացքում ղարաբաղյան հակամարտության մեջ այնքան ցայտուն կերպով են սկսել արտահայտվել այլ պետությունների շահերը, որ եթե նույնիսկ գտնվի կողմերի միջեւ համաձայնության տարբերակ, որը, սակայն, չի համընկնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների շահերին, ապա այն կարող է եւ իրականություն չդառնալ: Օրինակ, ինչպես կարծում է Մանվել Սարգսյանը, հետաքրքրված շատ երկրներ մտորում են այն բանի շուրջ, թե ինչպե՞ս կանդրադառնա հայկական կողմի հաղթանակի ճանաչումն իրենց իսկ հուզող հարցերի վրա: Իսկ եթե հաշվի առնենք, որ շահը դոգմա չէ եւ կարող է փոփոխվել` կախված այս կամ այն հանգամանքից, ապա կարելի է պատկերացնել ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակի ողջ բարդությունը: «Հարավային Կովկասի համար աշխարհաքաղաքական մրցույթը», ինչի մասին իր հերթին պնդում է փորձագետ Հիքմեթ Հաջիզադեն, ընթանում է տարբեր դրդապատճառներով: Նրա տեսանկյունից` տարածաշրջան Արեւմուտքի ներթափանցումը չցանկացող Իրանի եւ Ռուսաստանի համար կարեւոր է ներկայիս ստատուս-քվոյի պահպանումը, մինչդեռ ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին ի դեմս հարավկովկասյան տարածաշրջանի անհրաժեշտ է անվտանգ տրանսպորտային գոտի: Հայ փորձագետի տեսանկյունից հակամարտություն վաղուց արդեն գոյություն չունի, կան միայն դրա շուրջ բանակցություններ եւ անհամաձայնություններ: Եվ քանի որ ղարաբաղյան հակամարտության, եւ գլխավորը` բանակցությունների, շրջանակներն ավելի ու ավելի են լայնանում, հետեւաբար, Մանվել Սարգսյանի կարծիքով, հակամարտությունը վեր է ածվում ուրիշ, ավելի խոշոր խնդրի ընդամենը մեկ բաղկացուցչի: Եվ բացառված չէ, որ ժամանակի ընթացքում այն կարող է հանվել օրակարգից:

Հարցի նման ինքնատիպ մեկնաբանությունն, իհարկե, զուրկ չէ տրամաբանությունից, սակայն զարգացման այդ տարբերակը կարող է իրականություն դառնալ միայն այն դեպքում, եթե այդ մյուս, միջազգային հանրության համար ավելի խոշոր խնդիրը պահանջի ղարաբաղյան հակամարտության կողմերի համախմբում (չի բացառվում, որ նույնիսկ իրար հետ): Դատելով հայերի եւ ադրբեջանցիների համար ղարաբաղյան կարգավորման ստաբիլ կարեւորությունից` կարծում եմ` որպեսզի հակամարտության նման «լուծումը» իրականություն դառնա (այսինքն` որպեսզի այն «տարրալուծվի» մեկ այլ, ավելի խոշոր խնդրի մեջ), այն պետք է սպառնա Հայաստանի եւ Ադրբեջանի, որպես պետությունների, գոյությանը:

Ի տարբերություն այսպիսի հայացքի, ադրբեջանցի փորձագետ Իլգար Մամեդովը համոզված է, որ ավելի կարեւոր խնդիրների ծագման դեպքում (խնդիրներ, որոնք կարող են ազդել աշխարհում ուժերի ողջ հարաբերակցության վրա, օրինակ` եթե երկու-երեք տարի հետո ավելի մեծ խստությամբ բարձրանա իրանական հարցը), Ադրբեջանի առջեւ կարող են բացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ, քանի որ կմեծանա Ադրբեջանի դերը, տեղի կունենա նրա տնտեսության բուռն զարգացում, ինչն իր հերթին թույլ կտա ավելացնել ռազմական ծախսերը:

Ղարաբաղյան կարգավորման վրա հնարավոր ազդեցություն գործող մեկ այլ հարց է Կոսովոյի անկախության ճանաչումը: Իլգար Մամեդովի տեսանկյունից` դա չի կարող նախադեպ դառնալ Ղարաբաղի անկախության համար, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանը հասել է բավական ուժեղ դիրքերի: Հասկանալի է, որ կոսովյան խնդիրը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաեւ Հայաստանում: Ի տարբերություն բազմաթիվ հայ փորձագետների, ովքեր իրավիճակն ընկալում են որպես նախադեպ Ղարաբաղի համար, Կիրո Մանոյանն այլ կարծիք ունի: Նա համարում է, որ Ղարաբաղն ինքը կարող է նախադեպ լինել շատ երկրների համար, քանի որ վերջին տարիների ընթացքում միջնորդների արած առաջարկությունների տրամաբանությունը վկայում է` աշխարհում ղարաբաղյան խնդիրն ընկալվում է որպես ինքնորոշման հարց: Փարիզյան սկզբունքների էությունն այն է, որ «Հայաստանը պետք է ինչ-որ բան ստանա», եւ այն, որ Ադրբեջանի հետ բանակցում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, տեղի է ունենում այդ պատճառով եւ այդ տրամաբանությամբ:

Ի դեպ, Հայաստանում եւ Ադրբեջանում վաղուց են կապում, ավելի ճիշտ` ստորադասում ղարաբաղյան կարգավորումը տարածաշրջանում զգացվող աշխարհաքաղաքական շահերին: Սակայն նկատեմ, որ այս զգացողության մասին բարձր խոսում են փորձագիտական եւ քաղաքական շրջանակների ներկայացուցիչները, բայց ոչ երկու երկրների իշխանությունները: Իհարկե, հասկանալի պատճառներով: Միջազգային եւ միջնորդական շրջանակներում այդպիսի «զգացողությունները» համարում են չարդարացված հնարքներ, եւ նույնիսկ` խորամանկություն: Ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանական հասարակությունների մեջ, կարծես, այդքան էլ չեն հավատում միջնորդների այն հայտարարություններին, թե նրանց համար ընդունելի կլինեն այն որոշումները, որոնք կկայացնեն կողմերը կոնսենսուսային հիմքով: Թվում է, թե այս հարցում հայ եւ ադրբեջանցի մասնագետների այսպիսի համերաշխությունը պետք է առաջացներ նաեւ միանման վերաբերմունք Մինսկի խմբի միջնորդների նկատմամբ: Սակայն մեր հարցազրույցում ադրբեջանցի փորձագետը, ինչպես Ադրբեջանում նրա բազմաթիվ գործընկերները, պնդում է, որ Մինսկի խմբի ներուժը «ծայրահեղ չնչին է», եւ այդ կառույցում մի պետության փոխարինումը մեկ ուրիշով ոչ մի շոշափելի բան չի տա: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում հարցի քննարկանը, ապա Ադրբեջանի համար կարեւոր է, որ այդպես հարցը միջազգային ավելի մեծ հնչեղություն ստանա, քան ունի այժմ: Իր հայ գործընկերների հետ համաձայն է Մանվել Սարգսյանը, որը, հակառակը, կարծում է, որ Մինսկի խմբում ներկայացված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ ի դեմս Ֆրասիայի` ԵՄ-ն, որոնց շահերը մեր տարածաշրջանում բավական որոշակի են դրսեւորվում: Եվ եթե հարցը տեղափոխվի ՄԱԿ, ապա այնտեղ ղարաբաղյան խնդրին կմոտենան իրենց սեփական շահերից ելնելով, իսկ եթե դրանք չլինեն, ապա երկրները կսկսեն վաճառել իրենց ձայնն ուրիշներին, եւ չի բացառվում, որ արդյունքում կարող է տուժել նաեւ Ադրբեջանը:

Թե իրականում ով ավելի շատ կտուժի իրադարձությունների նման զարգացման արդյունքում, իսկապես հիմա դժվար է ասել: Բայց մի բան ակնհայտ է եւ անվիճելի. այն, որ արդյունքում կարող է կտրուկ լայնանալ «օտարների» խաչաձեւ շահերի շրջանակը, որտեղ ո՛չ հայերի, ո՛չ էլ ադրբեջանցիների շահերն արդեն ընդհանրապես տեղ չեն ունենա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter