HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Աուդիոգրքերի գրադարան և "AIR" սարք. 17-ամյա Գևորգի մտահղացումն իրականանում է

“AIR”-ը  մի խումբ հայ երիտասարդների նախաձեռնություն է, որի նպատակը Հայաստանում  աուդիոգրքերի գրադարան ստեղծելն է։

Նախագծի  մտահղացման հեղինակը Գեւորգ Հայրապետյանն է, ով ընդամենը 17 տարեկան է, սովորում է դպրոցում՝ ավարտական դասարանում։ Պատրաստվում է կրթությունը շարունակել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարման ֆակուլտետում։ Թիմում ընդգրկված մյուս անդամների տարիքը չի գերազանցում 20-ը։

Նախագիծը չի սահմանափակվում միայն աուդիոգրքերի ստեղծմամբ թիմի առաջիկա պլանների մեջ է նաեւ աուդիոսարքի ստեղծումը, որն արդեն ամբողջովին նախագծված է։

Մանրամասների համար զրուցեցինք մտահղացման հեղինակ եւ “Air”-ի հիմնադիր Գեւորգ Հայրապետյանի հետ։  

Պատմության դասաժամին ականջակալներն ամրացրեցի գրքին․․․ 

Ինչպես արդեն գիտեք՝ ավարտական դասարանում եմ սովորում։ Աուդիոգրքերի գրադարան ստեղծելու միտքը առաջացավ հենց դպրոցում՝ պատմության դասաժամին․ դիմացս գիրք էր դրված, ընկերս սեղանին էր թողել ականջակալները եւ դուրս եկել դասարանից։ Ես սկսեցի խաղալ ականջակալներով, ամրացրեցի գրքին ու մտածեցի՝ ինչ լավ կլիներ, որ հայկական աուդիոգրքերի մեծ բազա լիներ, որից ես ինքս էլ կկարողանայի օգտվել։ 

“AIR”-ը հապավում է, չնայած անգլերեն համապատասխան «ՕԴ» բառն էլ չի խանգարում 

Աշխատանքներն սկսել ենք ընդամենը երեք ամիս առաջ․ նախագծի անվանումը ծագել է “Audio Infromation Reader” մեր հեղինակած հապավումից։ Այս հապավումը ներկայացնում է նաեւ սարքի հիմնական գործառույթը․ սարք, որը թույլ է տալու աուդիինֆորմացիան «ընթերցել»։ Չնայած, որ անվանումն առաջացել է հապավումից, բայց բառախաղի միջոցով այն երբեմն ներկայացնում ենք «օդ»-ի իմաստով, որն այդքան անհրաժեշտ է մեր կյանքի համար։ 

Մեր թիմը երիտասարդական է, բայց ավելի լուրջ, քան կուսակցությունները կարող են լինել 

Մեր թիմը բաղկացած է բացառապես երիտասարդներից։ Սա ամենամեծ դրական նշանն է, չնայած, որ կարող է թերահավատություն առաջացնել։ Մենք արդեն կարողացել ենք գտնել գործընկերներ եւ անհատներ, ովքեր տեսնում եմ մեր ստեղծածը, ոչ թե առաջնորդվում երիտասարդին չվստահելու վատատեսությամբ։ 

Թիմում ընդգրկվածներս հավատում ենք մեր գաղափարներին, ու այդ առումով մեկ-մեկ ասում եմ, որ մեր թիմը երիտասարդական է, բայց ավելի լուրջ, քան կուսակցությունները կարող են լինել։ 

Ներկա պահին 6 հոգի ենք․ ես որպես ծրագրի հեղինակ եւ հիմնադիր-ղեկավար,  ստեղծագործական աշխատանքները ղեկավարում է համահիմնադիր Լեւոն Թադեւոսյանը (17 տարեկան, ապագա ֆիզիկոս), ով զբաղվում է նաեւ լսումների կազմակերպմամբ, հանրայնացման գործընթացով, ինչպես նաեւ գրքերի ցանկը կազմելու աշխատանքներով, մյուս համահիմնադիրը Ֆլորա Բաբաջանյանն է (20 տարեկան, սովորում է ԵՊՀ Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետում)։

Կայքի, հեռախոսային հավելվածների, ինչպես նաեւ սարքի դիզայնով զբաղվում է Լեւոն Հովհաննիսյանը (17 տարեկան, սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնես ֆակուլտետում)։ Արդեն մեր շարքերը համալրել են Արտյոմ Քոսյանը, ով զբաղվում է իրավաբանական հարցերով եւ Էրիկ Անանյանը՝ որպես հասարակայանության հետ կապերի պատասխանատու։ 

Աշխատում ենք շատ համակարգված․ այնպես, որ թիմի բոլոր անդամների կարծիքները եւ գաղափարները լսելի լինեն եւ քննարկվեն։ Այս պահին թիմը զբաղվում է աուդիոգրքերի ձայնագրմամբ եւ աշխատում է հեռախոսային հավելվածների, ինչպես նաեւ վեբ կայքի թողարկմամբ։ 

“AIR” սարքը նման է ժամացույցի, որը կարելի է անցկացնել ձեռքին 

Սարքի ստեղծման գաղափարը ծնվել է հիմնականում մեր՝ որպես ուսանողների եւ ավագ դպրոցականների, ինչպես նաեւ շատ այլ մարդկանց հարցումներից ստացված վերլուծություններից: 

“AIR”-ը իրենից ներկայացնում է փոքր, կոմպակտ սարք․ այն պարզ է օգտագործման համար, «խելացի» է, ոճային եւ պարզապես շատ ժամանակակից։ Աուդիոգրքերը ինտեգրված են փոքր էլեկտրոչիպերի մեջ, եւ ընդամենը պետք է դիպչել այդ չիպերին “AIR” սարքով` գրքի ակնթարթային ներբեռման համար: 

“AIR”-ն իր դիզայնով եւ օգտագործման եղանակով նման է ժամացույցի կամ ապարանջանի՝ հեշտ է ձեռքին ամրացնելու եւ օգտագործելու համար: Պարզապես տեղադրում եք սարքը ձեր դաստակին, եւ սարքի մագնիսացված ծայրերը ինքնուրույն մոտենում են իրար: Մնում է միայն «հագնել» «Bluetooth» ականջակալները,  եւ սարքը պատրաստ է օգտագործման: 

Արտաքին տեսքը (ինտերֆեյսը) պարզ եւ հարմար է բոլորի համար՝ անկախ տարիքից եւ տեխնոլոգիաների հետ վարվելու ունակություններից: Նույնիսկ տեսողական խնդիրները չեն խանգարի վայելել սարքի աշխատանքը: 

Սարքի ոճը ընտրված է մարդկանց տարբեր խմբերի նախասիրությունների ուսումնասիրման հիման վրա․ նրանց համար, ովքեր սիրում են էլեգանտ ոճը, սարքը պատրաստված է սեւ կամ շականակագույն կաշվից, իսկ սպորտային ոճը նախընտրողների համար ներկայացնելու ենք սիլիկոնից պատրաստված սպիտակ, դեղին, կանաչ, կապույտ  սարքերը։ 

Գրքերի ընտրությանը շատ լուրջ ենք վերաբերում

Գրքերի ընտրությանը մոտեցել ենք շատ լուրջ, եւ քանի որ մեր նախագիծը առաջին հերթին նպատակ ունի  նպաստել կրթական պրոցեսին, գրքերի ցանկը կազմելիս առաջնորդվել ենք դպրոցներում եւ համալսարաններում հանձնարարվող գրականության ցանկերով։ Բայց չենք սահմանափակվել միայն այդ ցանկով, մենք անընդհատ ուսումնասիրում ենք գրական աշխարհի նորությունները եւ պարբերաբար թարմացնում գրքերի ցանկը բեսթսելլերներով եւ գրականության նորագույն նմուշներով։ Այս առումով պատրաստ ենք ընդունել եւ լսել մասնագիտական կարծիքներն ու խորհուրդները։ 

«Բիզնես հրեշտակները» այս պահին հիմնական պոտենցիալ ներդնողներն են

Ինչպես արդե նշեցի՝ մենք ընդամենը 3 ամիս է, որ գործում ենք, բնականաբար, դեռ ներդնողների մեծ քանակի մասին չենք կարող խոսել, բայց արդեն հասցրել ենք կապ հաստատել եւ համագործակցության առաջարկներ անել բավականին մեծ թվով կազմակերպությունների։

Այս պահին մեր հիմնական գործընկերն է “World Vision Armenian”-ն,  որը մեծ ներդրում է կատարել՝ տրամադրելով ֆինանսական միջոցներ՝ ձայնագրման ստուդիան 2 տարի ժամկետով վարձակալելու համար։ Գործըներկներից է նաեւ Զեյթունի Մշակույթի տունը։

Ուրախալի է այն, որ ունենք մի քանի գրքերի անհատական պատվերներ, որոնցից առաջացած ողջ գումարը նույնպես ուղղվելու է ծրագրի իրականցմանը։

Պատրաստվում ենք ավելի խորը ուսումնասիրման առարկա դարձնել կազմակերպության համար ներդնողների ներգրավման քաղաքականությունը․ փորձում ենք էլ ավելի զարգացնել մեր նախագծի իդեոլոգիան եւ բիզնես պոտենցիալը։ Համոզված եմ՝ այն պահին, երբ տարբեր ներդնողները կսկսեն պայքարել միմյանց միջեւ մեր ծրագրին օժանդակելու համար, հաստատուն կլինի, որ մեր աշխատանքը հասել է իր նպատակին:

Այս պահին ֆինանսներ փնտրելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը մեզ համար, թերեւս,  մասնակցությունն է տարբեր ճյուղային կոնֆերանսների եւ սկսնակների (start-up) մրցույթներին։

Մեզ համար կարեւոր են «բիզնես-հրեշտակները»՝ ներդնողները, ովքեր պատրաստ են տրամադրել գումար, օգնել կոնտակտներով, խորհրդատվությամբ եւ այլ միջոցներով։ 

ՀԳԼուսանկարները տրամադրել է Գեւորգ Հայրապետյանը։ Նախագծի մանրամասն զարգացումների կարող եք հետեւել ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter