HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սամվել Բալասանյան. «2016-ին ակնկալում ենք 600-1000 նոր աշխատատեղերի ստեղծում Գյումրիում»

Գյումրին «ոտքի կանգնեցնելու» երկու հիմանական ճանապարհ է տեսնում քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ աշխատատեղերի ստեղծում եւ անօթեւանության վերացում: Ասում է. «Եթե հնարավորություն ունենայի, կսկսեի աշխատատեղերից: Գյումրեցին ստեղծող, արարող տեսակ է՝ ունենար աշխատանք, ինքը հիմա վաղուց իր տունը սարքել էր: Ցավոք, կյանքը ցույց տվեց, որ այդ նույն նվեր ստացած բնակարանը աշխատանք ու ապրուստ չունեցող մարդիկ վաճառեցին՝ հանապազօրյա հացն ապահովելու համար: Հիմա հասել ենք մի այնպիսի կետի, որ այս երկու պրոբլեմը պիտի փորձենք միաժամանակ լուծել»:

Քաղաքում շատացել են «վաճառում եմ» եւ «տրվում է վարձով» ցուցանակները, սրան ի պատասխան քաղաքապետն ասում է՝ մի քիչ էլ համբերեք, գալիք տարին հենց Գյումրու տարին է լինելու: «Թեթեւ արդյունաբերության ոլորտը զարգացնելու լայն հնարավորություն է ընձեռվել մեզ, որից պետք է անպայման օգտվենք,- ասում է Սամվել Բալասանյանը,- 2016 թ.-ին 600-ից 1000 նոր աշխատատեղի ակնկալիք ունենք: Մի քանի ամիս առաջ հանդիպում եղավ տեղի գործարարների եւ շվեյցարահայ Վարդան Սրմաքեշի ներկայացուցչի միջեւ: Առաջարկ եղավ տեղի գործարարներին ցածր տոկոսադրույքով վարկեր վերցնել՝ բիզնեսն ընդլայնելու կամ նորը ստեղծելու համար: Ասեմ, որ արդեն 4 ծրագիր ներկայացվել է, գուլպա-նասկեղենի արտադրությամբ զբաղվող «Լենտեքս» ֆիրման է մտադիր ընդալյանվելու եւ, բնականաբար, աշխատատեղերի թիվն է ավելացնելու, տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող «Գեւորգ-Վահան» ՍՊԸ ունենք Գյումրիում, այ իրենք լուրջ ծրագիր ունեն, կանադական ինչ-որ ֆիրմայի հետ են համագործակցում եւ կրկին ընդլայնվելու ցանկություն ունեն, կարծում եմ՝ նրանց օրինակին էլի հետեւողներ կլինեն»:

Սամվել Բալասանյանը հիշում է խորհրդային տարիներն թեթեւ արդյունաբերության ոլորտում Գյումրու ունեցած դերն ու նշանակությունը, նշելով, թե այդ տարիներին միայն տեքստիլ կոմբինատում համեստ հաշվարկներով մոտ 7000 մարդ էր աշխատում: Նույն ծավալներն ամբողջությամբ վերականգնելն, իհարկե, անհնար է, անգամ այդ մասին խոսելն է անիրատեսական, սակայն որոշակի հաջողություններ այդ բնագավառում գրանցելու հեռանկարները յոթ սարի հետեւում չեն, եւ դրա սերմերն արդեն գցված են:

«Նախկին մարզային հիվանդանոցի շենքը կառավարության որոշումով նույնպես տրամադրվեց կարի արտադրության համար: Վարդան Սելմաքեշն այնտեղ հիմնելու է ուսումնական կենտրոն, կարի արտադրության հետ կապված ուսուցում է լինելու, գործելու է կարի գործարան: Էնտեղ մենք 400 աշխատատեղի ակնկալիք ունենք: Հիմա, որպեսզի ծրագիրը իրականացվի, տարածքում ապրող 12 ընտանիք կա, որոնց բնակարանային խնդիրները պետք է լուծենք, տարածքների հատկացման խնդիր կա, որ ուզում ենք արագ կարգով անենք, իրենք էլ կարողանան սկսել պրոցեսը»,- նկատում է քաղաքապետը:

Բիզնես-ծրագրերից անմասն չի մնացել նաեւ Սամվել Բալասանյանը: Եվ Սելմաքեշի ղեկավարած բանկային կառույցին, եւ «Ասիական Զարգացման բանկի»-ին ներկայացրել է կարտոֆիլի փոշու եւ ֆրիի, ինչպես նաեւ ածիկի արտադրության ծրագիր:

«Փորձելու ենք ածիկի արտադրություն բացել,-ասում է Սամվել Բալասանյանը,-25 հազար տոննա գարու արտադրություն է դա: Եթե հաջորդ տարի սկսենք այդ նոր արտադրամասը շահագործել, կունենանք գարու խնդիր, մի քիչ շուկայի հարցն է էստեղ, որովհետեւ մեր համար հիմնական շուկան արտահանման առումով ոչ թե Եվրոպան է, այլ Ռուսաստանը, բայց հույս ունենք, որ ընթացքում այդ հարցերն էլ կլուծվեն: Կլինի 200-250 աշխատատեղ միայն գործարանում: Բայց դե պատկերացրեք, որ գարու ու կարտոֆիլի արտադրության հետ կապված տարածաշրջանում կկարողանանք աշխատանքով ապահովել գյուղացուն էն իմաստով, որ իրացման խնդիր չեն ունենա»:

«Ասիական Զարգացման բանկի»-ի հետ աշխատանքներ են տարվում նաեւ անօթեւանության խնդրի հետ կապված: Քաղաքապետն առաջարկել է Գյումրիում ցածր տոկոսադրույքներով հիփոթեքային վարկեր տալ այն տնակատերերին, ովքեր ցանկություն կունենան իրենք կառուցել իրենց տունը: Այդ նպատակով մեկ ամիս առաջ քաղաքապետարան էին հրավիրվել անօթեւան այն ընտանքիները, որոնք պետությունից բնակարան ստանալու ակնկալիք չունեն, սակայն ապրում են տնակներում:

«Մենք այդ տնակների տակի հողը սեփականաշնորհում, տալիս ենք իրենց, որ կարողանան գրավի առարկա դարձնել եւ վարկ ստանալ,- բացատրում է քաղաքապետը,- կարծում եմ, որ վատ տարբերակ չէ, եւ տեսնենք, թե քանի ընտանիք կուզենա օգտվել այդ ծրագրից, բացի դրանից Սրմաքեշը տնաշինական կոմբինատ է կառուցում եւ 1 քմ-ը շատ մատչելի գնով պատրաստվում է բնակարաններ կառուցել: Պետությունն իր պարտավորությունը, կարելի է ասել, կատարել է, մոտավորապես 22 հազար 440 բնակարան տարբեր ծրագրերով, այդ թվում եւ՝ ԲԳՎ, հանձնվել է անօթեւան ընտանիքներին: Թվում է, թե 27 տարի անց մենք այլեւս չպիտի ունենայինք դոմիկ հասկացությունը, բայց այն շարունակում է լինել ու գոյատեւել անգամ թաղամասերի տեսքով: Դեռ 2700 տնակ կա Գյումրիում որոնցում մոտ 8000 մարդ է ապրում, ահա այս խնդիրն է, որ պիտի լուծենք: Անցած 2,5 տարում 4263 տնակից 1029-ը ապամոնտաժել ենք, ու բնակարանների ձեռք բերմանը զուգընթաց այս գործընթացը շարունակվելու է»:

Ստեղծվել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամ, որի նպատակը բնակարանների ձեռքբերումն է լինելու անօթեւան ընտանիքների համար: Առաջին հերթին փորձելու են լուծել տնակներում ապրող չորս եւ ավել անչափահաս երեխաներ ունեցող բազմազավակ ընտանիքների հարցը: 2015 թ.-ին Սամվել Բալասանյանը բազմազավակ մի ընտանիքի բնակարան նվիրել էր, 2016-ին թիվը հավանաբար կկրկնապատկվի: 3-րդ տարին է՝ «Մեկ բացիկ՝ մեկ բնակարան» ծրագրով անօթեւան որեւէ ընտանիքի համար բնակարան են գնում սուրբ Յոթվերք եկեղեցու «Բարեգործական ջոկատի» անդամները: Արտերկրից տարբեր բարերարների միջոցով անցած տարիներին եւս բնակարաններ են գնվել, սակայն Սամվել Բալասանյանի համոզմամբ, ճիշտը հիմնադրամի ստեղծումն է, որի միջոցով հնարավոր է միանգամից մի քանի բնակարան գնել:

«Բոլորն էլ գիտեն, որ քաղաքապետ ընտրված օրվանից ես իմ աշխատավարձը չեմ ստանում, հիմա տարեկան դա կազմում է 3 մլն դրամ, որը փոխանցելու եմ հիմնադրամ, կգտնվեն էլի մարդիկ, ովքեր նորից գումարներ կավելացնեն, եւ այդպիսով մենք կկարողանանք տարեկան մի քանի բնակարան գնել է»:

Այն ընտանիքների համար, որոնք ապրում են տնակներում, սակայն արտոնություն չունեն օգտվելու որեւէ ծրագրից ու չեն կարող ինքնուրույն բնակարան ձեռք բերել, կկառուցվեն սոցիալական բնակարաններ: Այդ նպատակով կփորձեն ավարտին հասցնել Գյումրիից դեպի Վահրամաբերդ տանող ճանապարհի աջ եւ ձախ կողմում գտնվող կիսակառույց թաղամասերի շենք-շինությունները: Քաղաքապետարանում արդեն հաշվարկել են, որ եթե անհրաժեշտ գումարը լինի, ապա 180 սոցիալական բնակարանի հարց կլուծվի:

«Աշխարհում շատ փող կա, քիչ ծրագրեր, Գյումրիում հակառակն է՝ կան շատ ծրագրեր, բայց փող չկա, հիմա մենք պիտի կարողանանք փողն ու ծրագիրը համադրենք,- նկատում է Սամվել Բալասանյանը,- հիմի տեսեք, մեզ կառավարությունից 23 մլն եվրո հատկացրեցին, որ մենք կարողանանք մինչեւ 2018-ը իրականացնել բոլոր մագիստրալ փողոցների ասֆալտապատումն ու ապահովենք լուսավորություն քաղաքի ամբողջ տարածքով, սա մեզ հնարավորություն կտա գումարներ խնայել բյուջեից եւ ուղղել հիմնադրամ՝ բնակարանների ձեռք բերման նպատակով կամ այլ համայնքային նշանակության հարցեր լուծել: Անցած երկու տարում 536 մլն դրամի փողոցաշինական աշխատանքներ ենք իրականացրել, միայն 12 փողոց հիմնանորոգել ենք, որից երեքը տուֆապատել ենք, չհաշված իհարկե կատարած փոսային աշխատանքները: Մինչեւ տարվա վերջ քաղաքում տեղադրած լուսային կետերի թիվը հասցնելու ենք 6000-ի ու սա շարունակական աշխատանք է, ինչպես գիտեք: Այս տարի 12 մանկական խաղահրապարակ ենք տեղադրել: Փորձում ենք մեր ունեցած 3 մլրդ դրամ բյուջեի շրջանակներում անել հնարավորինն ու անհնարը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter