HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հոռոմի համայնքապետը մարզպետի որոշմամբ տուգանվել էր 100 հազար դրամով

Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Հոռոմի համայնքապետարանում այս տարվա առաջին եռամսյակում մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներից կազմված հանձնաժողովը մի շարք ստուգումներ էր անցկացրել տարբեր ոլորտներում: Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանը մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի որոշմամբ ենթարկվել էր վարչական տույժի եւ սեփական գրպանից պետական բյուջե մուծել 100 հազար դրամ:

Հանձնաժողովը ստուգումների արդյունքում արձանագրել էր, որ խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջները՝ առանց հողերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթների անցկացման, առանց համապատասխան պայմանագրեր կնքելու եւ պետական գրանցման ենթարկելու, 2012-2014թթ. համայնքային սեփականություն հանդիսացող 5,94 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերը տրամադրվել են վարձակալությամբ:

«Ճիշտն ասած՝ այդ մոտ 6 հա հողատարածքի հետ կապված պրոբլեմը եղել է 2002թ.-ից, այսինքն՝ նախորդ համայնքապետի օրոք դեռեւս: Խնդիրը մեզ անցել է ժառանգաբար, մեր թերացումն էլ էն է, որ հետեւողական չենք եղել,-ասում է Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանը,-Հոռոմ համայնքի վարչական տարածքում գտնվող 142,58 հա վարելահողերը վարձակալական հիմունքով տրամադրված են, պայմանագրերն էլ կնքված են, գումարներն էլ գանձվում են, ուղղակի էդ 6 հա-ն էն գլխից առանց պայմանագրի է եղել»:

Համայնքապետարանի հաշվապահ Սրապիոն Ղարաղազարյանը բացատրում է, որ թերացումը կապված է եղել կադաստրային պայմանագրերի բացակայության հետ: «Հողի անձնագրավորում չի եղել, դրա համար էլ պայմանագիր չի կնքվել: Հիմա մենք աշխատում ենք, 2016թ. բյուջեով նախատեսված գումարներ ունենք, էդ հողերը մենք պիտի անձնագրավորենք, որ հետո նորից աճուրդ-վաճառքով կարողանանք տրամադրել,-բացատրում է Սրապիոն Ղարաղազարյանը,-վարձակալական հողերից ընդհանուր առմամբ բյուջե մուտք է լինում տարեկան 1մլն 634 հազար դրամ: Էն, որ էդ 6 հա-ի համար մենք պայմանագիր չենք ունեցել, էդ դեռ չի նշանակում, թե գումար էլ չի գանձվել: Վարձակալությամբ տրված բոլոր տարածքների համար էլ մենք գումար գանձում ենք, եւ արդեն երեք տարի է` մեր բյուջեն 100 տոկոսով կատարվում է»:

Հոռոմ համայնքում հողերի անձնագրավորման պրոբլեմները սկսվել են 2002-ին, երբ Երեւանից եկած մասնագետներն են չափագրումներ իրականացրել ու կազմել գոտիավորման քարտեզ: Թույլ տված սխալներն այս տարիների ընթացքում միմյանց հերթափոխող համայնքապետերն աշխատում են ուղղել, հատկապես, երբ տարաձայնություններ են առաջանում սեփականատերերի միջեւ:

 «Մեր միջոցով, կադաստրի միջոցով այդ սխալները ուղղում ենք, որովհետեւ մարդկանց հողերի սահմանները սխալ են նշվել, բայց դե ամեն մեկը գիտի իր հողն ինչքան է կամ մինչեւ որտեղ է ու ըստ այդմ էլ մուծումներն անում են, բայց եթե լինում են բողոքներ, շտկումներ անպայման անում ենք: Որովհետեւ կան դեպքեր, որ մեկ բնակչի հողը չափագրվել է մյուսի վրա, եւ սեփականության վկայականներն եկել են արդեն ուրիշի անունով: Հողի հարկի, վարձավճարների գանձման ժամանակ դա խնդիրներ է առաջացնում»,-ասում է համայնքապետը:

Թերություններն ամբողջությամբ վերացնելը համայնքապետարանի ուժերից վեր է, բնակիչները եւս դժգոհում են, քանի որ չափագրման եւ կադաստրային գործարքների համար ծախսվող գումարը կազմում է մոտ 30 հազար դրամ: «Միայն չափագրելը 15-20 հազար դրամ է, մի 7 հազար դրամի չափով էլ մուծում են անձնագրի համար, ու սա, ասենք, վարելահողերին է վերաբերում, բա տնամերձե՞րը: Եթե, ասենք, մի տարով իրավասություն տան, որ գոնե փոքր չափագրման սխալները կադաստրի հետ համայնքապետը կարողանա կարգավորել, գումարային առումով բնակիչներն էդքան էլ չեն տուժի»,-նկատում է Սրապիոն Ղարաղազարյանը:

Արոտների ջրարբիացման ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում Հոռոմում կազմակերպել են 2013թ. մարտ ամսին: Համայնքապետի փոխանցմամբ՝ բավական արդյունավետ է եղել, համաձայնության են եկել ու 310 հոգանոց կոոպերատիվ ստեղծել, որը բնականոն աշխատում է՝ գույք ենք ձեռք բերել, հեռագնա փարախներ եւ հովիվի տուն ենք կառուցել: «Իսկ մնացած հարցերով, որ ճիշտն ասեմ, մարդիկ քննարկումների չեն գալիս, ավագանու նիստերին էլ չեն մասնակցում, բայց մենք մեր իսկ նախաձեռնությամբ բնակիչների հետ անպայման հանդիպում ենք»,-շեշտում է Հոռոմի համայնքապետ Աշոտ Պասկեւիչյանը:

Տարբեր գերատեսչությունների կողմից համայնքում տարեկան մեկ կամ երկու անգամ իրականացվող ստուգումներից համայնքապետը չի դժգոհում: Առաջարկում է, որ դրանք լինեն յուրաքանչյուր եռամսյակում՝ ավելի զգոն կլինեն մարդիկ: «Թող ստուգեն, մենք բաց, թափանցիկ աշխատում ենք, հնարավոր է՝ մանր-մունր թերություններ ունենանք, էդ էլ որ արձանագրում են, աշխատում ենք շտկել: Լիքը ծրագրեր ենք արել գյուղում եւ պատրաստ ենք էլի ծրագրեր բերել՝ համայնքի ներդրումային մասնակցությամբ իհարկե»:

Հոռոմ համայնքի բյուջեն մոտ 50 մլն դրամ է՝ 38 մլն 800 հազար դրամը պետության կողմից հատկացվող դոտացիան է, 10 մլն 300 հազարն էլ սեփական եկամուտներն են: 2015թ. համայնքը «Հայկական Կարիտաս»-ի աջակցությամբ 3 կմ խմելու ջրի ներհամայնքային ցանց է կառուցել, 14 մլն դրամ արժեցած ծրագրի 10 տոկոսը՝ 2 մլն 200 հազար դրամը, եղել է համայնքի ներդրումը: Ոռոգման ցանցի մաքրման ու գյուղամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ են կատարում սեփական եկամուտների հաշվին, կրկին 250 մ խմելու ջրի ջրագիծ են կառուցել գյուղում, սակայն այս անգամ ինքնուրույն, համայնքային բյուջեի հաշվին՝ տրամադրելով 987 հազար դրամ: Գիշերային լուսավորության ցանցը եւս բարվոք վիճակում է՝ 130 կետ ունեն գյուղում, որից միայն 30-ը տեղադրել են այս տարի: Համայնքային ենթակայության տակ գործող մանկապարտեզի համար տարեկան 8 մլն դրամ են ծախսում: Ի տարբերություն շատ գյուղական համայնքների, Հոռոմում փոքրիկները մանկապարտեզ հաճախում են նաեւ ձմռանը:

«Մեր հոգսը մանկապարտեզի տիպային շենք չունենալն է,-ասում է համայնքապետը,-32 երեխա է հաճախում մանկապարտեզ, մեկ խմբով է գործում մշակույթի տան մի հատվածում: Եթե կարողանանք պետական ծրագրով մի հատ մանկապարտեզ կառուցել, հաճախող երեխաների թիվն էլ կավելանա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter