HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Բարեգործների ջանքերն ապարդյուն անցան

Այսօր մանկատան շրջանավարտների խնդիրներով զբաղվող մի շարք ՀԿ-ներ եւ հոգեբաններ նշում են, որ մանկատանը մեծացած երեխաներին օգնելու ցանկացած նախաձեռնություն հաճախ ցանկալի արդյունք չի տալիս միայն այն պատճառով, որ այդ երեխաները պատրաստ չեն որոշակի նյութական օժանդակություն ստանալուց հետո շարունակել ինքնուրույն ապրել եւ կառուցել իրենց ապագան:

«Հայ ժողովրդավարական ֆորում» ՀԿ-ն վերջին տարիներին ուսումնասիրել է մանկատան մոտ 300 շրջանավարտի վարքը: «Նրանք շատ հաճախ դժվարանում են հարմարվել մենակ ու ինքնուրույն կյանքին: Իհարկե, ոչ բոլորը, բայց հաճախ ավելի շատ սպառողական տրամադրվածություն ունեն, քան ինքնուրույն ինչ-որ բան նախաձեռնելու եւ ստեղծելու: Նրանք մեղավոր չեն, բայց չպետք է այդպես միշտ շարունակվի»,- ասում է կազմակերպության մանկավարժական խմբի ղեկավար, հոգեբան Անահիտ Սահակյանը:

Ամերիկահայ բարերարներ Մայք եւ Սոնա Օհանյանների միջոցներով 90-ականների կեսերին Հերմոն գյուղում (Վայոց Ձորի մարզ) կառուցվեցին 4 երկհարկանի քարե տներ, որոնցում բնակեցվեցին ծնողազուրկ եւ ազատամարտիկների երեխաների 7 ընտանիքներ: Ամեն մի շենքը կառուցվել է 12.000 ԱՄՆ դոլարով: Երկհարկանի տներից յուրաքանչյուրը նախատեսված է երկու ընտանիքի համար, յուրաքանչյուր բնակչի համար կա առանձին մուտք, հողամաս, կից շինություններ անասունների համար: Ընտրվեց Հերմոն գյուղը, որովհետեւ այն փոքր է, ունի 50 ընտանիք-բնակիչ, եւ բնակչությունը շատացնելու խնդիր կար: Գյուղի դպրոցի ամեն մի դասարանում 3-5 աշակերտ է սովորում, ընդհանուր` 30 հոգի: Հերմոնը մարզկենտրոն Եղեգնաձորից 25 կմ հեռու է, ավտոբուսն աշխատում է ամեն օր մեկ անգամ:

Այսօր այդ 7 ընտանիքներից Հերմոնում ապրում են միայն երեքը, մյուս տները դատարկ են, իսկ բարերարները հրաժարվում են շարունակել ծրագիրը եւ կառուցել նախատեսված եւս 6 շենքերը` 12 բնակարան: Հերմոնում ապրած բոլոր շրջանավարտները մեծացել են Գավառի մանկատանը:

«Այդ 7 ընտանիքներն այստեղ սկսեցին ապրել 2000 թվականից: Յուրաքանչյուր ընտանիքի տան եւ հողամասի տարածքը 1200քմ է, այգում մրգատու տնկիներ տնկեցինք, հող տվեցինք, անասուններ` հավեր, ոչխարներ, կով, ձի, մեղվի 5-ական փեթակ յուրաքանչյուր ընտանիքին: Գույք էլ տվեցինք` սեղան, աթոռներ, անկողին, գազօջախ, սառնարան, լվացքի մեքենա ... այս հնարավորությունը նրանցից յուրաքանչյուրի համար շահելու նման մի բան էր: Բայց նրանք պատրաստ չէին այստեղ ապրել: Գյուղում ապրելու համար պետք է գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ զբաղվեն, իսկ նրանք վաճառեցին կամ չպահեցին տվածը ու գնացին, էլ ի՞նչ կարող էինք անել նրանց համար: Նրանց մտքում սա վաճառելն էր: Նրանք չուզեցին կապել իրենց կյանքն այս տների եւ այս գյուղի հետ»,- ասում է «Սյունիք» բարեգործական կազմակերպության տնօրեն Մայիս Մկրտչյանը, ով բարեգործների անունից պայմանագիր է կնքել նշված 7 ընտանիքների հետ:

Պայմանագրով, որը 2001 թվականի նոյեմբերին տրվել էր Սյուզաննա Մաշկովիչայի ընտանիքին, ամրագրված է, որ 5 տարի ժամկետը լրանալուց հետո տան եւ հողի սեփականության իրավունքն անվճար կտրվի նրան: Այսօր արդեն այդ պայմանը չի գործում:

«Բարերարներն այսօր հրաժարվում են սեփականության իրավունք տալ տների նկատմամբ, քանի որ մտավախություն ունեն, որ նրանք կվաճառեն այս տները կամ վարձով կտան: Բայց չէ՞ որ այս տները վաճառքի կամ վարձով տալու համար չեն կառուցվել: Նրանք կարող են անժամկետ ապրել այդ տներում, բայց չեն կարող տնօրինել որպես իրենց սեփականությունը»,- ասում է Մայիս Մկրտչյանը:

Սյուզաննա Մաշկովիչան 3 երեխաների եւ ամուսնու հետ մինչեւ 2005 թվականն ապրել է Հերմոն գյուղում: Այնուհետեւ «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակում բնակարան է ստացել Երեւանում: Հիմա ապրում է Էրեբունու նախկին հանրակացարանային 32քմ սենյակում: «Որոշեցինք Երեւան գալ, որովհետեւ մեր կողքի հարեւաններն անընդհատ պրոբլեմներ էին ստեղծում: Կռիվներ, գողություններ էին լինում, համերաշխ չէին ապրում: Բայց մեզ շատ են օգնել Հերմոնում, իսկ ոմանք չգնահատեցին, ու մի երկու հոգու պատճառով բոլորս էինք զրկվում»,- ասում է Սյուզաննա Մաշկովիչան:

29-ամյա Արմինե Գեւորգյանն արդեն 5 տարի ամուսնու եւ 5 երեխաների հետ ապրում է Հերմոնում: Արմինեն 3 տարեկանից մեծացել է Գավառի մանկատանը, այնուհետեւ տեղափոխվել Մեղրի: Ո՛չ Արմինեն, ո՛չ էլ նրա ամուսինը չեն աշխատում, ապրում են նպաստով` 39.000 դրամ, որը տրվում է Արմինեին որպես միայնակ մայր, քանի որ նրանց ամուսնությունը գրանցված չէ:

Արմինեն ասում է, որ ինքը չի կարող աշխատել, իսկ ամուսինը չի ուզում: «Երբ տունը տվեցին, սեղան, աթոռ, անասուններ` հավ, ոչխար, կով ստացանք: Հիմա անասուն չունենք. մի մասը սատկեցին, մի մասը վաճառեցինք, մնացածն էլ մորթեցինք: Մենք չենք կարողացել անասուն պահել, մենք սովոր չենք տենց բաների»,- ասում է Արմինեն:

Արմինեին տունը շատ է դուր գալիս. «Գյուղում ըսենց տուն էլ ո՞վ ունի ... »: Արմինեի երեխաներից մեկը հիմա հիվանդանոցում է. ընկել էր երկրորդ հարկից: «Ես չգիտեմ քանի տարեկան եմ, մամաս ինձի չի սովորացնում: Ինքն էլ չի կարա ասի, հլա փոքր ա»,- քրոջ փոխարեն պատասխանում է Լիանան` Արմինեի ավագ աղջիկը:

«Ցավոք սրտի, մանկատան շրջանավարտների մոտ դեռեւս լիարժեք երջանիկ ընտանիք չեմ տեսել, եթե նույնիսկ զույգերից երկուսն էլ մանկատան շրջանավարտներ են: Նկատել եմ նույնիսկ, որ նույն խնդիրները փոխանցվում են նրանց երեխաներին: Սա կոչվում է սոցիալական ժառանգություն, երբ երեխան իր տեսած ընտանեկան մոդելի հիման վրա կառուցում է իր սեփական ընտանիքը»,- ասում է Անահիտ Սահակյանը:

21-ամյա Հայարփի Ոսկանյանի հայրը 1990 թվականին զոհվել է Արենի գյուղում, եւ որպես ազատամարտիկի երեխա` նա 2003 թվականից ամուսնու եւ աղջկա հետ ապրում է Հերմոնում: Հայարփիի ամուսինն աշխատում է Հերմոնի հիդրոէլեկտրակայանում, որը 2 կմ ներքեւ է գյուղից: Ստանում է 25.000 դրամ: Արմինեի ընտանիքը նույնպես անասուններ եւ մեղվի փեթակներ էր ստացել որպես օգնություն: Նա ասում է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ամուսինը երբեք չէին կարող ինքնուրույն այսպիսի տուն գնել: «Մենք սովոր ենք ապրել գյուղում, արդեն ամեն տարի մոտ 500 կգ մեղր ենք ստանում: Այստեղ մեզ շատ է դուր գալիս, բայց չգիտենք` այս տունը մերը կլինի՞, թե՞ ոչ: Որ իմանամ սա մերը կլինի, ուզում ենք որպես հիմնական տուն այստեղ այգի տնկել, բայց ուզում եմ վստահ լինել, որ իմ ստեղծածը իմ երեխաներին կփոխանցվի»,- ասում է Հայարփին: Հայարփին ասաց, որ տան հետ կապված դեռեւս ոչ մի պայմանագիր չունի:

«Հիմա մենք մտածում ենք, որ այս տներում կարող են ապրել ուսանողներ կամ ուսուցիչներ, ովքեր կցանկանան ապրել այս գյուղում, աշխատել դպրոցում: Այդ ամենը պետք է համաձայնեցվի բարերարների հետ: Անցած ամռանը եկել էին Հայաստան, բայց չցանկացան Հերմոն գալ: Մենք ուզում ենք, որ տունը մնա այն ընտանիքներին, որոնք պատրաստ են ապրել այս գյուղում, իսկ մնացածը կծառայեն այլ բարեգործական նպատակներով»,- ասում է «Սյունիք» բարեգործական կազմակերպության տնօրեն Մայիս Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter