HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող երեխայի անունով նոր տարվա սեղան են ուզում զարդարել

39-ամյա նկարչուհի, գրող, սոցիալական աշխատող Արև Ղամբարյանն իր երեք անչափահաս երեխաների և թոշակառու մոր հետ արդեն 13 տարի ապրում է Վանաձորի ուսանողական 14 հանրակացարանում (2 ամսով տեղափոխվել են վարձով բնակարան. հանրակացարանի սենյակը վերանորոգման կարիք ունի): Միայնակ մայրը պնդում է, որ իր միջնեկ երեխայի` ի ծնե հաշմանդամ 9-ամյա Սյուզի Ղամբարյանի անունը շահարկելով` «ՎԻ ԸՆԴ ԷԻ» կազմակերպությունը դրամ է հավաքում` քաղաքացիներին վաճառելով ամսագրեր:

Արև Ղամբարյանի միջնեկ երեխան` Սյուզին, ծնվել է «Պիեռ Ռոբինի» համախտանիշով` «գայլի երախ», ունի սկոլիոզ, սրտի արատ,  երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, լսողական խնդիր, թեպետ 9 տարեկան է, բայց հասակը համապատասխանում է 5 տարեկան երեխայի հասակի: «Արաբկիր ԲԿ»-ում կատարվել է երկու վիրահատություն:

Պատահաբար թակել էին Ղամբարյանների դուռը

Չիմանալով, որ վարձով բնակարանում ապրում է հենց Ղամբարյանների ընտանիքը, կազմակերպության կամավորներից մեկը, ով ներկայացել է Դավիթ անունով, երեկ թակել է հենց այդ բնակարանի դուռը: Կամավորը Արև Ղամբարյանին առաջարկել է ամսագրեր, գրքույկներ` ասելով, որ հասույթը հաշմանդամ Սյուզի Ղամբարյանին է փոխանցվելու բարեգործական նպատակներով: «Ասեցի` հիմա գումար կհանեմ, բայց հանեցի ու սկսեցի նկարել, ասեցի, որ Սյուզին իմ աղջիկն է, իր գրքերը թողեց ու դուրս եկավ տնից,- պատմեց Արև Ղամբարյանը` նշելով, որ, իր կարծիքով, այդ կամավորը կապ չուներ կազմակերպության հետ: Հետո Արևը ոստիկանությունում իմացել է, որ տղան անչափահաս է. «Ուղղակի ուզում էր փող ախատեր»:

Արև Ղամբարյանի խոսքով, մի քանի ժամ անց նույն երիտասարդը վերադարձել է Սիրուշիկ անունով մի աշխատակցուհու հետ. «Եկել էին իրենց թողած գրքերի հետևից: Բերդ քաղաքից մի երեխայի տվյալներ էլ կային, որը իրենց հաջորդ ակցիայի զոհը պիտի լիներ: Զոհ բառից չեմ խուսափում, որովհետև իրոք զոհ է: Թղթերը վերցրեց, ասեցի` դրեք թղթերը, ասեցի, որ ոստիկաններ են գալու»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Արև Ղամբարյանը` նշելով, որ թղթերը ետ չի տվել աշխատակցուհին ու սկսվել է խառնաշփոթ:

«Գրքերը», նաև Բերդ քաղաքից այլ երեխայի տվյալներ   

«Սյուզին ահաբեկված էր: Ամբողջ գիշեր վեր էին թռչում, իսկ տղաս` Սմբատը դեմքը ուռած է զարթնել այսօր»,- ասաց երեք երեխաների մայրը: Արևի փոքր աղջիկը` 7 տարեկան Սոնան այդ պահին կողմնորոշվել ու նկարահանել է խառնաշփոթի պահը:

Արև Ղամբարյանը նշեց, որ ունի կապտուկներ, վնասվել են եղունգները, քանի որ ձեռքերը հետ է ճկել կազմակերպության աշխատակցուհին: Ղամբարյանի պատմելով, նա ասել է, որ բարեկամը, հորեղբայրը դատախազ է: Միայնակ մայրը հաղորդեց, որ դրանից հետո եկել են ոստիկանները, և ինքը բաժնում հաղորդում է ներկայացրել`կցելով նաև գրքույկները: Երկուշաբթի օրն էլ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:

Արևը պնդեց` չի դիմել որևէ կազմակերպության

Գարնանը իրեն է մոտեցել մի սոցիալական աշխատող` Նարեկ անունով, ով ասել է` կա կազմակերպություն, որը օգնում է կարիքի մեջ գտնվողներին, հաշմանդամ երեխաներին: Արև Ղամբարյանի սենյակի հոսանքը 2014-ի հոկտեմբերից անջատված է եղել պարտքի պատճառով: Նա խնդրել է էլեկտրաէներգիայի վարձը վճարել, կտրոնն իրեն տալ ու հատուկ դհոլ գնել Սյուզիի համար. «Սյուզիի ձեռքերը իր հասակակիցների ձեռքերից կարճ են, չի կարողանում նվագել: Բայց իրենց խոստացած մայիս ամսվա վերջը անցավ, խոստումը չկատարեցին, զանգում էի, անջատում էին հեռախոսները»: Այնուամենայնիվ, Արևը նշեց, որ 30.000 դրամ են իրեն տվել, իսկ հոսանքի` ավելի, քան 100.000-անոց պարտքն այդպես էլ չեն վճարել:   

Այդ ժամանակ Արև Ղամբարյանը դիմել է ոստիկանություն` ներկայացնելով նաև մենեջեր ներկայացած տիկին Մելանյայի հետ իր հեռախոսազրույցը (իրականում նա «ՎԻ ԸՆԴ ԷԻ» կազմակերպության հիմնադիրն է ու տնօրենը միաժամանակ): Այս ամենից հետո Արևին տվել են 120.000 դրամ ու խոստացել են, որ Սյուզի Ղամբարյանի անունը այլևս չեն շոշափի:

«Բայց վեց ամիս անց ինձ Վանաձորում մարդիկ տեսնում են ու ասում, որ գիրք են գնել, որտեղ գրված է` իմ երեխային` Սյուզիին 250.000 դրամ է փոխանցվել… երեկվա գրքերը դեկտեմբեր ամսվա տպագրության էին»,- ասաց Արև Ղամբարյանը, ով տարակուսած է, որ իր երեխայի անունը շահարկելով մարդիկ գումար են աշխատում:

Գրքույկները վաճառվել են 1200 դրամով, տպագրվել են «ՎԻ ԸՆԴ ԷԻ» ՍՊԸ-ի պատվերով: Գրքույկի մեջ նշված հեռախոսահամարը` 550-994 գոյություն չունեցող համար էր:

Ո՟ւմ է պատկանում «ՎԻ ԸՆԴ ԷԻ» կազմակերպությունը

«ՎԻ ԸՆԴ ԷԻ»-ը ՍՊԸ է, գրանցվել է 2015. 06.09-ին, ըստ ՀՀ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների: Հիմնադիրը Մելանյա Ավետիսյանն է:

«Հետքը» փորձեց կապ հաստատել Մելանյա Ավետիսյանի հետ Արև Ղամբարյանի փոխանցած բջջային համարով, պատասխանեց երիտասարդ, ով ներկայացավ որպես Վաչիկ, ասաց, որ Մելանյան իր մայրն է, ասաց նաև, որ ինքը պառլամենտի Վազգեն Սաֆարյանի քրոջ որդին է, ասաց, որ ես չեմ էլ պատկերացնում` ում հետ եմ խոսում. «Ուրեմն շատ զգույշ եղի, դու չգիտես` ում ես զանգել,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում սպառնաց «ՎԻ ԸՆԴ ԷԻ» ՍՊԻ-ի տնօրենի տղան` Վաչիկ Անտոնյանը,- Ես իրավաբան եմ, ավարտած, դիպլոմով, աշխատում եմ»:

Երբ ասացի, որ գրքույկի մեջ գրված քաղաքային հեռախոսահամարը գոյություն չունեցող համար է, Վաչիկ Անտոնյանը պատասխանեց` երևի անջատել են: Հարցիս, թե ինչով է զբաղվում իրենց ՍՊԸ-ն, պատասխանեց` ամսագրի խմբագրություն ա, հարկ վճարող ՍՊԸ ա:

Արև Ղամբարյանը Ամանորի նախաշեմին կդառնա գործազուրկ

Արև Ղամբարյանը

Արև Ղամբարյանը համացանցի միջոցով է փորձել բարձրաձայնել իր խնդիրների մասին: Ամռանը արձագանքել է «Մայր Մանե» հասարակական կազմակերպությունը. «Նախագահը եկավ, տեսավ մեր պայմանները, նկարահանեց, անմիջապես մի բարերար Միացյալ Էմիրաթներից հոսանքի համար գումար է փոխանցեց, ու չցանկացավ նշել իր անունը: Դեռ ահագին գումար էլ մնաց: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումից ենք նվերներ ստացել»,- պատմեց Արևը, ով երեխաներին մանկուց մեծացնում է մոր օգնությամբ. ամուսինը վաղուց է հեռացել:

Սոնա Ղամբարյանը

Անկախ ընտանեկան դժվարություններից` միայնակ մայրը փորձում է հոգալ երեխաների թե նյութական, թե հոգևոր պահանջմունքները: Երեք երեխաներն էլ հաճախում են տարբեր խմբակների: Սմբատն արդեն Վանաձորի Դրամատիկական թատրոնին կից թատերական ստուդայի դիպլոմ ունի, Սյուզին ներառական դպրոցի հետ մեկտեղ հաճախում է դհոլի խմբակ, Սոնան էլ կարատե մարզաձևում ունի հաջողություններ, նաև ասմունքում է ու պարում:

Արև Ղամբարյանը որպես սոցիալական աշխատող աշխատում է Վանաձորում գործող հասարակական կազմակերպություններից մեկում: Բայց ծրագիրն ավարտվել է, և նա դեկտեմբերի 30-ից գործազուրկ է մնալու: Հարցիս, թե ինչպես եք ապրելու, պատասխանեց` չգիտեմ, մի դուռ հաստատ կբացվի…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter