HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Գյումրի» ԲԿ-ում 2016-ին կշարունակվի «Մեկ ստենտ կյանքի համար» անվճար ստենտավորման ծրագիրը

«Գյումրի» բժշկակական կենտրոնն ամփոփեց տարին՝ լրագրողներին ներկայացնելով անցնող տարվա ձեռքբերումներն ու գալիք տարվա ծրագրերը:

2015 թ.-ին կենտրոնում ստացիոնար բուժում է ստացել 7360 հիվանդ, 18000 հիվանդ ստացել է բժշկական խորհրդատվություն: Ստացիոնար բուժում ստացողների 70 տոկոսը կազմել են պետպատվերի շրջանում բուժվողները, նրանք կենտրոնի ծառայություններից օգտվել են անվճար: Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեծ ձեռքբերում է համարում տարեսկզբին, որպես մարզային հիվանդանոց, «Մեկ ստենտ կյանքի համար» ծրագրում ընդգրկվելու փաստը:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամեն երկրորդ մահացած հիվանդն ունի այդ խնդիրը: Սրտանոթային հիվանդություններով Շիրակի մարզն առաջին տեղում է եւ մեզ հայտնի են դեպքեր, երբ մարդը պարզապես մահացել է, որովհետեւ չի ունեցել անհրաժեշտ գումարը ստետավորվելու համար,- նշում է Արմեն Իսահակյանը,- պետության կողմից ներդրված այս ծրագիրը մեծ աջակցությունն էր հատկապես անվճարունակ խավի համար»:

2016-ին «Գյումրի» բժշկական կենտրոնը կշարունակի ծրագրի շրջանակներում ստենտավորում իրականացնել՝ անվճար տեղադրելով մեկ ոչ դեղապատ ստենտ: Անցնող տարում կենտրոնում անվճար ստենտավորվել է 63 հիվանդ, նրանցից մի քանիսին նույն ծրագրի շրջանակներում հարկ է եղել անվճար տեղադրել նաեւ երկրորդ ստենտը: Կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ եղել են նաեւ ծրագրից հրաժարվողներ, ովքեր ցանկություն են հայտնել, որ տեղադրվի դեղապատ ստենտ:

«Բնականաբար, այդ հիվանդները օգտվել են արդեն վճարովի ծառայությունից՝ թեպետ հիվանդանոց էին տեղափոխվել սուր ինֆարկտով եւ բոլոր ցուցիչներով կարող էին ընդգրկվել անվճար ծրագրում, բայց դա եղել է իրենց ընտրությունը»,- նկատում է Արմեն Խաչատրյանը:

 Գյումրի բժշկական կենտրոնը՝ ունենալով սրտի ինվազիվ միջամտության հնարավորություն, կազմակերպել է 182 հիվանդի ստենտավորում ՝ վճարովի եւ անվճար հիմունքներով: 2015թ-ին կենտրոնում հետազոտվել է սրտանոթային խնդիրներ ունեցող 240 հիվանդ: «Դա նշանակում է, որ այդ հիվանդները, որոնք նախկինում մարզից մշտապես գնացել են Երեւան հետազոտության համար, այլեւս այդ լրացուցիչ ծախսերը չեն անում եւ հետազոտության համար դիմում են մեզ»,- ասում է Արմեն Իսահակյանը:

Ընդհանուր գնաճի ֆոնին բժշկական կենտրոնի տնօրինությունը մատուցվող ծառայությունների գնային փոփոխություն չի կատարել: Աղքատ մարզի բնակչության համար դա եւս մեկ հարված կլիներ, նկատում է կենտրոնի տնօրենը: Չստանալով դոտացիա պետությունից, աշխատելով ինքնածախսածածկման սկզբունքով, կենտրոնը տարին փակել է առանց պարտքերի: 2016 թվական Գյումրի բժշկական կենտրոնը մտնում է 1 մլրդ, 50 մլն դրամ բյուջեով, պետպատվերի մասը կազմում է 680 մլն դրամ, աշխատավարձի ֆոնդը՝ 65 մլն:

«Համալրվել է նաեւ բուժանձնակազմը,- տեղեկացնում է Արմեն Իսահակյանը,- 58 աշխատակից գնացել է թոշակի, նրանց փոխարեն կենտրոն են ընդունվել նորերը, անձնակազմն համալրվել է ավելի երիտասարդ կադրերով: Այս տարի մեր կենտրոն աշխատանքի ենք ընդունել կրծքային վիրաբույժի, մի մասնագետ, որ մարզը տասնամյակներ արունակ չի ունեցել, համալրում եմ համարում երկրորդ նեյրովիրաբույժի առկայությունը: Մենք մեկ նեյրովիրաբույժ ունեինք, որ շատ ծանրաբեռնված էր աշխատում, եւ երբ արձակուրդ էր գնում, ստիպված էինք լինում հիվանդներին ուղարկել Երեւան»:

Գալիք տարում կենտրոնում սպասում են հիվանդների հոսքի ավելացում՝ կապված Ամասիայի ստացիոնար հիվանդանոցի, ինչպես նաեւ Գյումրու «Սամարիթեր» հիվանդանոցի դիալեզի բաժանմունքի փակման հետ: «Այս երկու բուժհիմնարկներից օգտվող հիվանդները բնականաբար արդեն կօգտվեն մեր կենտրոնի ծառայություններից»,- նկատում է փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter