HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանու նոր տարին

Նոր տարին սկսվում էր մեր հավաբնից եկող թռչունների ծղրտոցով. հայրս ու մայրս երբեք համաձայնության չէին գալիս, թե քանիսը մորթեն, չնայած երկուսն էլ երկմտում էին, թե բա որ հանկարծ հերիք չանի: Մերս էդ օրը սովորականից մեծ ամանով ցորեն էր լցնում հավերի առաջ, որ սրանք քուջուջ անեին ու իրենք հասցնեին մեծերը ջոկել: Ամբողջ ընթացքւմ տատս տարբեր պատրվակներով պտտվում էր հավաբնի շրջակայքում՝ աչքի պոչով հետևելով, որ կարմիր աքլորին ձեռք չտան. էդ ժամանակներում Սուրբ ծննդի մասին համարյա տեղյակ չէինք, բայց տատս ամանորյա տոներից հետո, ամսի 6 կամ 7-ին, մատաղ էր անում, որ անցած տարվա բոլոր ցավերը հետևում մնան:

Հետո բակով մեկ լսվում էր մորս ձայնը՝ «Վանիի՜, մի եկ է՜, ապրես տու…» Սհականց Վանին թաղի ամենալավ մորթ անողն էր: Էնպես չէր, որ հերս դպրոցի դիրեկտոր տեղով հավ չէր մորթի, տատս չէր հավանում, ասելով, թե վիզները կարճ ես կտրում…

Վանին չաղլիկ տղա էր, ծանր քայլերով դարպասից ներս էր մտնում ու միանգամից վրա տալիս, «Ա¯, աշխարհի վերջն ա՞, էսքանը հի՞նչ խաբար ա»: Հետո դառնում էր հորս կողմը, «Բա վեր աստղագիտության կիսամյակս էրկու էիր տինում, մետդ չէ՞ր, վեր հավերը մուրթիլի ա, կարունքն ալ բոստանը թոխրեցի, թաղերը կըպեցի, մի իրեքի կուտուրը հի՞նչ ա, վեր ձեռքդ կամ չի…»

Իզուր էր հայրս փորձում հումորի վերածել, ասելով, թե տարվա վերջին չի թողնի որ նույն դասարանում մնա: Վանին, միևնույն է, շատ կարևոր գործով զբաղվող մարդու դերի մեջ մտած, շարունակում էր՝ «Բա ընկեր Լիլիկը մաթեմատիկա, գումարում ա սուվըրցնում, կարում չի՞ հաշվի, թե էս հավերը քանի ծու կըծեին, էդ ծուն ալ քանի կապեկ ա…»:

Ասոււմ էր ու աչքերը ճըպչճըպացնելով դանակը քաշում. մեկ, երկու, երեք…«Էս մինը ըկեր Շմավոնին, էս մինը Ալավերդյանին, էս մինն ալ ընկեր Էմուն…» ասում էր ու թվարկում դպրոցի ուսուցիչների անունները: Նրա կարծիքով մեր տան ամբողջ պատրաստությունն արվում էր ուսուցիչների համար ու դա նրա սրտով չէր, որովհետև անբավարար գնահատականների համար միշտ չարացած էր նրանց վրա ու չէր թաքցնում, որ ժամ առաջ ուզում էր դպրոցն ավարտել ու գնալ, պրծնել աստղագիտությունից էլ, մաթեմից էլ…

Ի¯նչ արտագնա աշխատանք, ի¯նչ արտագաղթ, էդ բառերի մասին սկի անգլերենի ոսւոսւցչուհի ընկեր Պավլինան չէր լսել, իմանար, գոնե մի օր կասեր, էնքան անծանոթ բառեր գիտեր տնաշենի կնիկը, որ իմանար, դրանց անուն էլ կտար: Վանին ոչ անգլերենն էր սիրում, ոչ էլ ռուսերենը, նրա համար անհասկանալի էր, օրինակ, թե ինչու են օ գրում, բայց ա կարդում. «Չունե՞ն, եթե օ ա պետք, թող օ գրեն»,- պատասխանում էր ուսուցչի հանդիմանանքներից սրտնեղված մորը:

Փոխարենը մենք ոգևորված էինք, որ գովասանագրեր ունեինք ու թիթիզանում էինք դրանով, մտքներովս չանցկացնելով անգամ, որ կարող ա և ստանում ենք, որովհետև դաստով հորս դարակում մաքուր գովասանագիր կար, մայրս էլ, որպես գեղեցիկ ձեռագիր ունեցողի, ինքն էր լրացնում դպրոցի ատեստատներն էլ, գովասանագրերն էլ…Երևի էդ ամենի մասին չէինք մտածում, թե չէ փոքր քույրս հարց չէր տա, թե էդ Բրեժնևն ամեն անգամ նստում ա նկարվու՞մ, թե՝ գործարանն ա նրա նկարներն արտադրում…

Վանին երբեք նոր տարուն մեր տուն չէր գալիս, նաև իրենց տանը չէր համբերում, որ ժամը 12-ը լրանա: Շուտ էր քնում, ասելով, թե՝ «հավայի պան ա, հինչ տոնածառ, հինչ Ձմեռ պապ…»:

Նոր տարին նրա համար մի բանկա «Կիլկի» կանսերվա էր, 2 հատ լիմոնադ, մեկ էլ, եթե շրջկոպի խանութը մանդարին ստացած լիներ, մի քանի մանդարին, հա, եթե հաջողացներ, Զումբրուտ տատի լոբու «ղըզղանան» կարող ա մի շիրեփ ալ էփած կարմիր լոբի փըթաթեր լավաշի մեջ: Վանին կոնֆետ էլ չէր սիրում. «Ծեզ հետի լակուտ չեմ»- ամեն անգամ հրաժարվում էր հյուրասիրությունից, համոզված լինելով, որ կոնֆետներով երեխեքին են խաբում:

Կարող ա և Վանին էր ճիշտ, որ նոր տարին չէր սիրում, որովհետև այն ժամանակ էլ այն վերածվում էր կենդանական աշխարհի տարբեր տեսակների սպանդի խրախճանքի: Առավոտից հեռախոսը գուժում էր՝ «Խոզի բուդ կուզե՞ք, բա տոլմի համար տավարի փափուկ տեղերից կտրել, պահել եմ, ոչխարի խաշլամացու, դըմակ, խրովածացու, հինգ ամսական ճագար, վայրի խոզ… Ու ոչ մեկին հայրս չէր մերժում. «Մարդիկ նեղություն են քաշել, մորթել, տուն ա, թող լինի.. »

Մենակ Վանին չէր, որ նոր տարին չէր սիրում, բա Քազարանի Ժենին, ով գյուղում որքան երեխա էր ծնվում, ինքն էր կարի մեքենայով տակաշորեր կարում, ու դրա դիմաց ընդամենը մի մերուցք մածուն տալուց հետո իրեն ոչ ոք չէր հիշում ու ինքը շարունակում էր երազել, թե կլինի՞, որ իր երեխու համար էլ երբևէ մի չէփչիկ կարի:

Ժենին մի ոտքից թեթև կաղում էր, դժվար էր քայլում, բայց օրումեջ երկար ճանապարհ էր անցնում փուռից հաց առնելու համար: Փուռի վարիչ Լենոն, նրան տեսնեով, մի փափուկ, տաք հաց էր ջոկում ու չնայած գիտեր, որ Ժենին, միևնույն է, ոչ մեկին չէր վստահի հաց առնելու արարողությունը, քթի տակ փնփնթում էր. «Ադե, ասի, ղարկեմ էլի, էդ հալին….»: Վերջին բառերից Ժենին շատ էր նեղվում. «Խե՞, ես անճա՞ր եմ», -ասում էր ու մի քանի վայրկյան կարծես նրան հաջողվում էր իրանն այնպես ձգել, որ ոտքի թերությունը չերևա: Հետո խանութ էր մտնում ու մի հարյուր գրամ սուրճ գնում. Նախորդ անգամվա առածի կեսից ավելին դեռ մնում էր, իր տուն եկողն ո՞վ ա, բայց դե ինքն ինչո՞վ ա պակաս Հայկուշի աղջկերքից, ովքեր աստծո ամեն օրը կոֆեաղացը ֆռռացնելով բալկոնում նստած, աչք չեն կտրում ակումբ ելումուտ անող ջահելներից…

Նոր տարվան կինոմեխանիկ Ջիվանն էր սպասում, որովհետև էդ օրերին ինչքան ասես, հնդկական կինո էր բերում, անգամ ցերեկային սեանս էլ էր դնում. Էլ «Ծաղիկը փոշու մեջ», էլ «Գիտան ու Զիտան», Էլ Պարոն 420»: Ու չնայած համր ֆիլմեր չէին, միևնույն է, Ջիվանն իր պարտքն էր համարում կանգնել դահլիճի մի ծայրում ու մեկնաբանել: Եթե հանկարծ ֆիլմի սկզբում դրամատիկ պահ լիներ, Ջիվանը հանգստացնում էր դահիճում նստածներին. «Չվախեք, տա գլխավոր հերոսն ա, էսքան շուտ չի մեռնելու…»:

Նոր տարուն պահետապետ Հայկան էլ էր անհամբեր սպասում, որովհետև «չեթֆերներով» Այնախլուի գինի էր ծախում: Ամեն գնորդի համոզելու համար, որ կատար տըքցնող գինի ա «մալիրովաննի» կրուշկով հյուրասիրում էր, ինքն էլ նրա հետ խմում, ու օրվա վերջում, ոնց էլ հաշվում էր, պակսորդ էր տալիս…

Նոր տարին կարևոր իրադարձություն էր գործակատար Էդիկի համար, ով մի քանի արկղ խուրմա էր ստանում, և միշտ տակից էր ծախում, ամեն հաճախորդի համոզելով, թե պահել էր իրենց տուն տանելու համար, բայց դե եթե շատ ա ուզում.. Խուրման կարող ա բաժաներ, բայց «Կարակում», «Գրիլյաժ» կոնֆետներն ինքը կիո-կիլո կշռում էր, լցնում թերթի կուլոկների մեջ: Քանի տարի առևտրի ֆրոնտում էր, արդեն սովորել էր, թե ոնց մարդկանց խաթրն առնի, բա նախագահ կա, բրիգադիր, ֆերմայի վարիչ… Դե նրանք էլ, աստված տվել չէր խնայել, ամենքը մի-մի գառ, ռամկով մեղր ու մոթալի պանիր էին ուղարկում ռայկոմի քարտուղարին, գործկոմի նախագահին, բայց մի կիլոկ շոկոլադի պատճառով կարող ա սպառնային, թե կոոպերատիվի փայատերերի ժողովում ձեն չեն տա: 

Գյուղում նոր տարվա ամենապահանջված մարդը վարսավիր Մուշեղն էր, ով դոմինոյի խաղը չընդհատելու համար հաճախորդներից շատերին տուն էր ուղարկում, ասելով, թե հերթ պիտի պահեք «Մի ժամից կկաս»::

 Էս ամենը, սակայն, Վանիի հեչ պետքը չէր, քանի որ չէր մոռացել, թե տարիներ շարունակ ոնց էր հավատում Ձմեռ պապին մինչև որ մի օր նրան նամակ գրեց, խնդրելով, որ ամառը քաղաքից եկած տղու հոկիդեյ շալվարից իր համար բերի:

Հունվարի1-ի առավոտ շուտ ձեռքը կամաց սահեցրեց բարձի տակով և մի պահ թվաց, թե շունչը կտրվում է, հանկարծ ձեռքը ինչ որ փաթեթի կպավ, հետ քաշեց. «Երևի մերս էլի վախս չափելու համար մոմաթերթի մեջ փաթաթած դանակ մկրատ ա դրել բարձի տակ»,- միանգամից անցավ մտքով և տեղից վեր բարձրացավ, որ մորը ձեն տա, թե ինքն արդեն գիշերները մենակ զուգարան ա գնում ու վախ չափելու կարիքը չունի: Ձեռքը տարավ, որ որպես իրեղեն ապացույց, դանակը, մկրատը հանի, տեսավ, որ փաթեթը փափուկ էր, միանգամից բարձը շպրտեց, ուշադրություն չդարձնելով անգամ, որ այն կողքին քնած եղբոր դեմքին ըկավ, գրկեց «Զանգեզուր» թերթի մեջ խնամքով փաթաթած…հոլիդեյ շալվարը:

Այդ օրը նա ուրախությունից հորն օգնեց, որ շշերի մեջ լցնեն տնական օղին ու հատիկ- հատիկ բերանները անձեռոցիկներով փաթաթեց, խոստացավ, որ արձակուրդներին մի տետր հայոց կարտագրի, բազապատկման աղյուակն անգիր կանի ու ինքն իրենով հիացած գյուղամեջ վազեց: Չնայած փողոցում շատ մարդ կար, բայց ոչ ոք առանձնապես նրա վրա ուշադություն չդարձրեց, մինչև, որ հանդիպեց թարմ հացը գրկին …Քազարանի Ժենուն. ոնց էր ուզում մի բարի գործ անել, նրա ձեռքից վերցրեց հացն ու ոգևորված նրան տուն ուղեկցեց: Երբ տեղ հասան, Ժենին խնձոր հյուրասիրեց: Վանին մի ձեռքով իրեն պարզած խնձորը վերցրեց, միաժամանակ գլուխը դռնից ներս խցկեց , գուցե տանը ուրիշ մարդ կա, թող տեսնեն իր նոր հագ ու կապը:

Հանկարծ կարի մեքենայի վրա աչքովն ընկան իր շալվարի կտորի ց մնացորդներին: Մի պահ վարանեց, ապա ավելի մոտեցավ կարի մեքենային, որի վրա մոր շորից մնացած մի քանի կտորներ էին, զամոկը…Նոր հիշեց, որ գիշերը, երբ 12-ին ընտանիքով սեղան էին նստել, մայրը խալաթով էր, հագին չէր գրպաններով էն շորը, որ միշտ կրում էր, երբ ինչ որ տեղ էր գնում կամ էլ՝ նոր տարուն…

Չիմացավ ոնց տուն հասավ, ձեռքերն արյունլվիկ անելով բնական եղևնուց քանդեց բոլոր խաղալիքները և հանգստացավ միայն էն ժամանակ, երբ տոնածառի վրա միայն բամբակներն էին մնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter