HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյան. «Եթե դիպվածն ինձ չգամեր հաշմանդամի սայլակին, ես երբեք չէի տեղափոխվի Բեռլին»

Դուռը բացում է փոքրամարմին, ժպտերես տանտիրուհին ու գյումրեցու ջերմությամբ ներս հրավիրում: «Արտակ, աղջիկներն էգան,-Գայանեն տնավարի մեզ հրում է տան հյուրասենյակի հատված,-արեք, ներս անցեք, զգացեք ինչպես ձեր տանը»: Բեռլինի Շպանդաու շրջանից Լիխտենբերգ հասնելու համար մեկ ժամից մի քիչ ավելի ենք ծախսել գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյանի հետ հանդիպելու համար: «Հոգնե՞լ եք»,-հարցն ինձ է ուղղված: «Չէ հա, Արտակ ջան, ճամփեքին լիքը նայելու բան կար,-ծիծաղում եմ,-էս էլ հո Գյումրի-Երեւան ճանապարհը չէր, որ անգիր արածի նման անցնում ենք ու պատուհանից դուրս նայելու հավես էլ չի մնում»:

Արտակը սայլակով բավական հմտորեն է տեղաշարժվում հյուրասենյակի ոչ այնքան ընդարձակ տարածքում: «էս հեչ, ես վստահ եմ, որ քայլելու եմ»,-Արտակը չտվածս հարցի պատասխանն է հնչեցնում: «Գիտեմ, որ անցյալի հիշողությունները ոչ միշտ են հաճելի, բայց եթե դեմ չես լինի, զրույցը հենց էդ չարաբաստիկ օրից էլ սկսենք»,-հարցնում եմ: «Չէ, իհարկե,-Արտակը պատրաստակամ է,-մի քիչ նեղվում եմ ամեն անգամ էդ օրերը հիշելիս, բայց դե առանց դրա էլ չի լինի, որովհետեւ փաստորեն էդ օրվանից հետո իմ կյանքը բաժանվեց «առաջ» ու «հետո»-ի: Գիտե՞ս, շատերը մինչեւ հիմա համոզված են, որ բեմն էր փլվել, բայց իրականում երկաթյա կոնստրուկցիաներն էին շրջվել ուժեղ քամուց»:

2008թ. մայիսի 26-ի առավոտը ոչ մի բան էլ չէր գուժում՝ ո՛չ լավ, ո՛չ վատ: Երեւանյան սովորական մի օր էր՝ ամռան շնչով հագեցած: Անկախության 90-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր փորձն էր մեծ համերգից առաջ: Բեմի վրա 120 մարդ կար՝ հիմնականում երեխաներ: Համերգային մասի փորձն ընթացքի մեջ էր, երբ հանկարծակի բարձրացած քամին շրջապտույտի մեջ առավ տարածքում ամեն ինչ: Արտակն այդ պահի հետ կապված հիշում է երեխաների խուճապը, փլվող երկաթների աղմուկը, ուժեղ հարված ողնաշարին, գլխին ու գիտակցության մթագնում:

«3,5 տոննա ծանրության երկաթյա կոնստրուկցիաներն էին փլվել, որոնք պարզվեց շատ վատ էին ամրացված եղել: Ես բազմաթիվ համերգների եմ մասնակցել եւ տեսել եմ, թե դրանք ինչպես են ամրացվում, ինչ տիպի նախազգուշական միջոցներ են ձեռք առնվում: Դրանք ոչ միայն ուղիղ ձեւով կանգնեցնում են, այլեւ հավելյալ տրոսներով ամրացնում են, մի բան, որ մեր բեմի դեպքում չէր արվել: Դա արվում է անպայման՝ հաշվի առնելով քամիներով առատ մեր տարածաշրջանը: Բացի դրանից, մի մեծ միջոցառման նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, էդքան մարդ կար մի տեղ հավաքված, միայն 80 հոգի երեխաներ էին, պիտի ԱԻՆ-ից մարդիկ լինեին, շտապօգնության մեքենա պետք է հերթապահեր՝ դրանք էլ չկային: Ու փորձանքը մի փոքրիկի կյանք արժեցավ, ինձ էլ գամեց սայլակին, շատերն էլ թեթեւ վնասվածքներ էին ստացել»,-Արտակը մտախոհ հայացքը հառում է դեմքիս:

Երեխան մահացել է հետագայում՝ ներքին արյունահոսությունից: Զրուցակիցս ասում է, որ եթե այդ ժամանակ տարածքում շտապօգնության խումբ հերթապահեր, բժիշկ լիներ, գուցե ինքն էլ առաջին օգնություն ասվածն ավելի շուտ ստանար, այդ փոքրիկին էլ չթողնեին տուն գնալ, այլ տեղափոխեին հիվանդանոց: «Դե երեխա էր, հարցրել են՝ լա՞վ ես, ասել է՝ հա, մենակ փորս կցավա, թողել էին գնացել էր տուն, հետո է պարզվել, որ փայծաղն է պայթել ու ներքին արյունահոսությունից էլ մահացել է: Իմ էլ ոտքս էր կոտրվել, ողնաշարս էր վնասվել, գլուխս, կողերս, կոնքս,-զրուցակիցս մի պահ լռում է,-բայց ես միշտ ասում եմ՝ ամենամեծ կորուստն այդ երեխայի մահն էր»:

Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի մեներգիչ, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի մեներգիչ Արտակ Կիրակոսյանի բուժումը Հայաստանում կազմակերպելու առնչությամբ կարծես թե խնդիրներ չեն ծագում այդ ժամանակ: Բայց դա բուրգի միայն երեւացող մասն էր:

«Իմ՝ Հայաստանում եղած ողջ ժամանակահատվածում, կարելի է ասել, սթրեսի մեջ եմ եղել: Եթե այս դեպքը պատահեր եվրոպական որեւէ երկրում, պետական միջոցառման ժամանակ, պետությունը բուժման ամբողջ ծախսը կվերցներ իր վրա, իսկ ես ամեն անգամ սթրեսի մեջ էի ընկնում, երբ մտնում էին պալատ ու ինձնից հիվանդասենյակի վարձ ուզում, այս կամ այն դեղորայքը ճարելու հարց բարձրացնում: Հայաստանի հիվանդանոցներում գիտեք չէ՞ ոնց է, ինչ պետք է՝ բժիշկը գրում տալիս է ձեռքդ, պիտի գնաս դեղատներից առնես: Աչքերս բացել եմ վիրահատությունից հետո եւ նման բաներ եմ լսել: Ցավը, հուսահատությունը, մշուշոտ ապագան, երբ քեզ, ճիշտ է, ասում են, թե կլավանաս, բայց դա ասում են ոչ այնքան վստահ՝ «դե կքայլես, մեր տղա», մոտավորապես նման տոնով»:

Արտակը կրտսեր որդու՝ Վահեի հետ

Ողնաշարի վիրահատությունն իրականացրել էր պրոֆեսոր Եղունյանը, ով էլ վստահեցրել էր Արտակին, որ անպայման քայլելու է: Չնայած բոլոր հավաստիացումներին՝ Արտակի ընկերները խորհուրդ են տալիս նրան հիվանդության փաստաթղթերն ուղարկել Գերմանիա՝ համոզվելու համար, որ Հայաստանում ստացած բուժումն արդյունավետ է: Գերմանիայի Հայդերբերգ քաղաքի կլինիկայից Արտակը ստանում է առաջարկ իրենց մոտ հետազոտվելու եւ վերականգնողական կուրս անցնելու: Նշված է լինում նաեւ նախնական գումարը՝ 46 հազար եվրո:

«Ես գերմաներեն չէի հասկանում, աչքիս դեմ մենակ էդ թիվն էր, մտածում էի՝ որտեղից եմ ճարելու էդ 46 հազար եվրոն, որ հետազոտություն անցնեմ: Թղթերը ցույց տվեցի Գագիկ Մանասյանին՝ էդ օրվա միջոցառման պատասխանատուին: Իմ բուժումը դրսում կազմակերպելու համար երաժիշտ ընկերներս երկու բարեգործական համերգ կազմակերպեցին Երեւանում եւ Գյումրիում: Հավաքվեց 21 հազար եվրո, որ ինձ հանձնելուց հետո Մանասյանը հայտարարեց, թե էսքանը կարող ենք քո համար անել: Գագիկ Ծառուկյանն անձամբ իր կողմից 1 մլն դրամ էր տվել, իր կուսակցությունից էլ էին գումարներ փոխանցել: Պակասող 25 հազար եվրոն տվեց «Գոհար» երաժշտանոցի հիմնադիր Հարութ Խաչատուրյանը: Մարդ, ով իրականում ոչ մի կապ չուներ այս պատահարի հետ, բայց ով մշտապես կանգնած էր կողքիս ու աջակցում էր: Մարդ, ով առաջին օրվանից պնդում էր, որ մեկնեմ Գերմանիա բուժում ստանալու, եւ որ ծախսերն ինքը կհոգա, իսկ ես դրա փոխարեն 11 ամիս ապարդյուն պայքարեցի, որ սեփական երկրից աջակցություն ստանամ, էն էլ՝ ապարդյուն»:

Գայանեն բացում է հյուրասենյակի դուռը. «Հը՞, չհոգնեցի՞ք, թխվածքի հետ ի՞նչ եք խմելու՝ թեյ, սուրճ, հյութ, ասեք իմանամ, որ պատրաստեմ, մի 15 րոպեից բերեմ, ձեզ էլ շատ չխանգարեմ»,-մերժում չընդունող տոնով, ասելիքն ասելով ու «ինչ մտքովդ կանցնի՝ բեր» պատասխանը լսելով՝ Գայանեն գնում է խոհանոց: «Այ, հիմա հասկանում եմ, թե ով է քեզ այդքան ուժ տալիս»,-խորամանկորեն ժպտում եմ՝ ակնարկելով տանտիրուհուն: Արտակը համաձայնվում է՝ նշելով, թե Գայանեն դարձել է իր կյանքի թալիսմանը:

«էս ամբողջ ընթացքում ինքն է ինձ ուժ տվել,-ասում է Արտակն ու շարունակում պատմությունը,-մի խոսքով, 2009թ. ապրիլին որոշվեց, որ պետք է մեկնեմ Գերմանիա: Հայդերբերգի կլինիկայում ասացին, որ պետք է վիրահատվեմ: Ես անակնկալի եկա, չնայած վիճակս էլ մի բանի նման չէր էդ ժամանակ: Ես չէի կարողանում ուղիղ նստել, թեպետ վիրահատությունից հետո վեց ամիս պառկել եմ Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնում, անցել ֆիզիոթերապիա, սակայն արդյունքն այնքան չնչին էր, որ առանց օգնության չէի կարողանում ոչ մի բան անել»:

Արտակին Հայդերբերգի կլինիկայում բացատրում են, որ եթե անհապաղ չվիրահատեն, ապա գլուխն ուղղակի կկպնի ծնկներին, որ ինքը չի կարողանալու ուղիղ նստել: Հայաստանում արված վիրահատության ժամանակ գործածված երկաթները եղել են հին, ողնաշարը մետաղական բարակ լարերով է ձգված, որոնք կայուն չեն եւ արդեն սկսել են քանդվել, դրան ավելացրած՝ ոսկրահատիկներ են մնացել ողնուղեղի մեջ:

«Պրոֆեսոր Եղունյանի ասած «յուվելերնի» վիրահատությունը ոչ թե թերի էր, այլ, մեղմ ասած, անկատար,-Արտակը հոգոց է հանում,-հետո, իհարկե, հասկացա, որ մեր մասնագետները լավն են, բայց էն սարքավորումները, որով իրենք աշխատում են, շատ հին են: Էն, որ իմ ողնուղեղի մեջ ոսկրահատիկներ են թողել, պարզապես դրանք հանելու սարքը Հայաստանում չկա, էդքան բան: Մենք ուղղակի չունենք էն բոլոր գերժամանակակից սարքավորումները, որոնք կան Գերմանիայում»:

2009թ. մայիսի 8-ից մինչեւ օգոստոսի 3-ը Արտակը եղել է գերմանացի բժիշկների հսկողության ներքո: Նրան վիրահատել են երկրորդ անգամ, փոխել ողնաշարը ձգող մետաղական կոնստրուկցիաները: Ֆիզիոթերապիայի համապատասխան կուրսն անցնելուց հետո Արտակը վերադառնում է Հայաստան: Նախապես նշված 46 հազար եվրո գումարն ընթացքում դարձել էր 67 հազար եվրո: Արտակը Հայդերբերգի կլինիկայում նաեւ միզապարկի վիրահատության է ենթարկվում, որը սկզբում նախատեսված չէր:

«Միզապարկի մինի վիրահատություն եմ ստացել, որը նախատեսված չէր: Գերմանացիները որ տեղեկացան, թե Հայաստանում ինչ մեթոդով են դատարկում միզապարկը, որակեցին «Նոյի թվի մեթոդ», իմ միզապարկը կծկվել, դարձել էր մի բուռ: Կլինիկայում ամեն ինչ արեցին, որ դեղորայքով ֆունկցիան վերականգնեին՝ չկարողացան, վերջը ստիպված եղան բոտոքս ներարկել: Այդ ամբողջ ընթացքում իմ ընտանիքն ապրում էր Հայդերբերգում, դա էլ իր հերթին արժեցավ 6 հազար եվրո, եւ այս բոլոր հավելյալ գումարներն իմ փոխարեն վճարում էր Հարութ Խաչատուրյանը: Ես իմ ամբողջ կյանքում երախտապարտ եմ լինելու այդ մարդուն»,-ասում է զրուցակիցս:

Բեռլինյան համերգներից

Հայաստանից Գերմանիա հասած հաշմանդամի սայլակը գերմանացիները Արտակին խնդրում են թողնել իրենց մոտ որպես թանգարանային նմուշ՝ բացատրելով, որ ողնաշարի խնդիր ունեցողներին տեղաշարժվելու նման միջոցները հակացուցված են:

«Հարութն ինձ համար 1600 եվրոյով նոր սայլակ գնեց, որի միայն բարձն արժեր 600 եվրո: Հայաստան վերադառնալուց հետո նա Երեւանում ինձ համար տուն վարձեց, որովհետեւ Գյումրիում ես տնակում էի ապրում, իսկ այն բնակարանը, որտեղ նախկինում ապրում էի, տանտերերը ցանկանում էին վարձով տալ, բացի դրանից էլ՝ ես արդեն սայլակով էի ու ինձ հարմար չէր այնտեղ բնակվելը: Հարութը նաեւ Երեւանում թերապիստ վարձեց, հետո վճարում էր, որ վեց ամիսը մեկ գնամ Գերմանիա միզապարկի բոտոքսը ստանալու: Լիքը ծախսեր, լիքը անհարմարություններ, որոնք ինձ, ի վերջո, մղեցին Հայաստանը լքելու մտքին: Եթե դիպվածն ինձ չգամեր հաշմանդամի սայլակին, ես երբեք չէի տեղափոխվի Բեռլին ապրելու»:

Հայ միգրանտներին Գերմանիայի կառավարությունը ձգտում է բնակեցնել մայրաքաղաքից դուրս

Գայանեն սուրճի սեղան է դնում: Առաջարկում եմ հարցազրույցը շարունակել սեղանի շուրջ՝ ժամանակ չկորցնելու համար, որովհետեւ կես ժամից պետք է լինենք Պաուլ Գերհարդի անվան ավետարանչական եկեղեցում եւ մասնակցենք հայ քահանայի կողմից տրվող պատարագին:

Բեյրութի համերգին

Մինչեւ Բեռլին տեղափոխվելը Արտակը խնդրում է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարին մասնակցել լիբանանյան համերգներին: «Բեյրութի համերգը ինձ համար վերածնունդ էր,- ասում է Արտակը,-հետո որոշեցի, որ մենահամերգ տամ իմ հարազատ օպերայի թատրոնի բեմում: Դիմեցի ղեկավարությանը, որ հոկտեմբերին ուզում եմ մենահամերգ տալ, մերժեցին՝ պատճառաբանելով, թե բեմը զբաղված է Սայաթ-Նովա ներկայացման փորձերով: Միանգամից թեւաթափ եղա, հիասթափվեցի ամեն ինչից: Մի կողմից հասկանում էի, որ եթե հնարավորություն ունենային չէին մերժի, մյուս կողմից էլ, ելնելով իմ վիճակից, շատ զգայուն էի դարձել, ամեն ինչ սրտիս մոտ էի ընդունում: Հետո կային բազմաթիվ խնդիրներ՝ կապված իմ բուժման ընթացքի հետ, որի համար շարունակում էր վճարումներ կատարել Հարութը Խաչատուրյանը, այդ ամենը գումարվեց ու ես որոշեցի, որ վերջ՝ տեղափոխվում եմ Բեռլին: Բեյրութի համերգներից հետո, հոկտեմբերի 5-ին ես՝ կնոջս ու երկու երեխաներիս հետ եկա Գերմանիա՝ ապրելու, բուժվելու, վերականգնվելու»:

Բեռլինում, երբ դիմում են կացության համար, նրանք առաջարկում են բնակվել մայրաքաղաքից 850 կմ հեռավորության վրա գտնվող մի քաղաքում: Դա օտար երկրում բնակվելու հետ կապված առաջին սթրեսն էր: Արտակին ծանոթներից մեկն ասել էր, թե եթե պիտի Բեռլինում չապրես, ավելի լավ է վերադառնաս Հայաստան:

«Հետո իմացանք, որ վերջին տարիներին հայ միգրանտներին Գերմանիայի կառավարությունը ձգտում է բնակեցնել մայրաքաղաքից դուրս: Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ որոշումն ընդունվել է՝ կապված նախկինում հայերի կողմից այնքան տարածված գողությունների հետ, չեմ կարող ասել,- զրուցակիցս ուսերն է թոթվում,- գերմանացիք էնքան քաղաքավարի ժողովուրդ են, քեզ մի էնպիսի պատճառ են ասում, որ չվիրավորվես, դրա համար էլ այդ որոշման հետ կապված բուն շարժառիթը չգիտեմ: Մենք ուղղակի փաստաբան վարձեցինք, ով էլ կարգավորեց Բեռլինում մեր կացություն ստանալու հարցը»:

Փորձություններն օտար հողում սրանով չեն ավարտվում: Արտակը շատ շուտ պարզում է, որ Գերմանիան նամակագրության երկիր է, այստեղ ամեն մի հասարակ հարցի հետ կապված դու նամակ ես ստանում կամ ինքդ պիտի դիմես նամակով:

«Ես լեզուն չգիտեի ու որպեսզի ավելի արագ անցնեմ էդ փուլը դարձել էի ինքս իմ փոստատարը: Թարգմանիչ մի ռուս կնոջ էի վարձել ժամը 10 եվրոյով, իր հետ էի գնում բոլոր վայրերը: Տանում էի նամակներն ու խնդրում, որ պատասխանի օրն ասեն ես գնամ վերցնեմ: Երեւի տարօրինակ մարդու տպավորություն էի թողնում կամ էլ խղճում էին՝ տեսնելով, որ սայլակով եմ, ասում էին՝ լավ, մի 2-3 ժամ սպասի պատասխանը կստանաս: Երբ անցնում ես նամակագրության այդ փուլը, դու երկրում բնակվելու թույլտվություն ես ստանում: Հետո անցնում ես մեկ այլ մակարդակ ու հարկ է ունեցածդ բոլոր թղթերը տանել այնտեղ: Դու պիտի պարտադիր գրանցվես, բժշկական քարտ հանես, մասնակցես գերմաներեն լեզվի դասընթացների, քննություն հանձնես անպայման, որից պարզ կդառնա, թե որքանով ես տիրապետում իրենց լեզվին, գիտե՞ս, արդյոք, երկրի հիմնական օրենքները եւ այլն: Հետո պիտի պարտադիր հանես բանկի քարտ, որ քեզ փող փոխանցեն, պիտի տուն գտնես որոշակի գումարի սահմաններում: Լիքը սթրեսներ, որոնց միջով անցնում է ցանկացած միգրանտ»:

Արտակն ասում է, որ Եվրոպա տեղափոխվող յուրաքանչյուր միգրանտ պետք է պատրաստ լինի անցնելու բազմաթիվ փորձությունների միջով, որոնք կարող են տեւել տարիներ: Կան մարդիկ, ովքեր չդիմանալով ՝ վերադառնում են իրենց երկրներ: Կան մարդիկ, ովքեր 10-13 տարի է` Գերմանիայում են, սակայն չունեն բնակվելու իրավունք, կան մարդիկ, որ այդ իրավունքը ստանում են 4 կամ 5 տարի անց: Փուլերը միգրանտների համար նույնն են, արդյունքն է տարբեր:

«Հիմա որոշ ընթացակարգեր արագացված են, բայց շատ բաներ էլ շատ խստացրել են՝ կապված փախստականների էս մեծ հոսքի հետ: Մարդիկ կան, որ գալիս են սխալ անուն-ազգանունով, դե միգրացիոն ծառայությունը պետք է անպայման ստուգի իսկությունը, սկսում են փնտրել, դա կարող է տարիներ տեւել: Լինում է, որ էդպես էլ չեն գտնում ու երեւի զզված`ապրելու իրավունք են տալիս,-Արտակը ծիծաղում է,-լինում է, որ հայտնաբերում են կեղծիքն ու տվյալ անձը վտարվում է երկրից»:

Ամեն պահի զգում ես, որ օտար ես այս երկրում

Արտակի հետ զրույցն ավարտում ենք ճիշտ ժամանակին: Մենք ընդամենը կես ժամ ունենք եկեղեցի հասնելու համար, պատարագը պետք է սկսվի ժամը 15-ին: Պատվիրված տաքսիներից մեկում ես ու Գայանեն իմ խնդրանքվ միասին ենք նստում, որպեզի կարողանանք ճանապարհին զրուցել: Հարցնում եմ, թե ինչպիսի զգացողություններ ունի հայրենիքից հեռու ապրելով, արդյո՞ք շատ բան է փոխվել:

«Օդում եղած հոտերն էլ չեմ տարբերում,-Գայանեն ծիծաղում է,-կամ գուցե ինձ է թվում, չգիտեմ, որ դուրս եմ գալիս, օդում եղած հոտերը չեմ զգում, ոնց որ էստեղի ուտելիքների մի մասը, որ ուտում ես, համ չունի, էդպես էլ օդը: Ես մտածում եմ, թե երեւի դեպրեսիայից է, որ էս երկրում շատ է, գուցե իմ հետ է մի բան կատարվում, բայց ես միակը չեմ, էլի մարդիկ են ասել այդ մասին»:

Գայանեն, ինչպես եւ Արտակը, կրթությամբ երաժիշտ է: Հայաստանում աշխատել է երգ-երաժշտության ուսուցչուհի: Բեռլին տեղափոխվելուց հետո, որպեսզի կարողանա բարձր վարձատրվող աշխատանք ստանալ ու իր մասնագիտությամբ աշխատել, յուրացնում է մաթեմատիկայի գաղտնիքները:

Լիխտենբերգի կիրակնօրյա հայկական դպրոց

«Գերմանիայի օրենքներով ուսուցիչը պետք է երկու առարկա դասավանդի: Ես որ դիմում էի համալսարանում սովորելու համար, ինձ առաջարկեցին ընտրել որեւէ բնագիտական առարկա: Որոշեցի մաթեմատիկան ընտրել՝ մտածելով, թե թվեր են հիմնականում, շատ դժվարություններ չեմ ունենա լեզվի իմաստով, բայց սխալվեցի: Արդեն 3-րդ սեմեստրն է ու պիտի խոստովանեմ, որ անչափ դժվար է ամեն ինչը տրվում»:

Գերմաներենին Գայանեն բավարար չափով տիրապետում է, այնքան, որ կարողանում է հաղորդակցվել, շփվել, նամակներ գրել ու պատասխանել, սակայն բարձրագույն կրթական մակարդակի առումով դեռ կաղում է:

«Դու ամեն պահի զգում ես, որ օտար երկրում ես, քեզ լիարժեք չես զգում, մանավանդ, որ հասկանում ես՝ քեզ վերեւից են նայում: Իմ դիպլոմն այստեղ, ճիշտ է, 100 տոկոսով ճանաչել են, բայց արի ու տես մինչեւ նորից իրենց բարձրագույնը չավարտեմ, չեն թույլատրելու դասավանդեմ: Մեր ընտանիքում միայն փոքր տղաս է, որ իրեն Գերմանիայում իր տանն է զգում»,-Գայանեն ժպտում է, սակայն աչքերում կուտակված թախիծ կա:

Բեռլին տեղափոխվելու ժամանակ տղաներից ավագը՝ Յուրան, 10 տարեկան էր, Վահեն՝ 4 տարեկան: Յուրան մինչեւ հիմա էլ չի համակերպվում օտարության հետ, նրան անընդհատ ձգում են Հայաստանը, Երեւանը, իր նախկին դասընկերները:

«Յուրաս չի համակերպվում էստեղի սառնության հետ, ինքն արդեն մեծ էր, որ եկանք, ինքը Հայաստանում էդ ջերմությունը տեսել էր, իսկ Վահեն փոքր էր: Այնպես ստացվեց, որ անցած տարի երկու շաբաթով այցելեցինք Հայաստան: Փոքրս մի համեմատություն արեց, թե՝ է՞ս է ձեր Հայաստանը, ոնց որ լեգոներս ջարդված, քանդած, թափած լինեն: Չէր հավանել, անընդհատ հարցնում էր՝ երբ պիտի հետ գնանք մեր Դոյչլանդը: Իսկ Յուրայի մոտ հետ գալուց հետո կարոտն ավելի խորացավ»:

Գայանեն ասում է, որ Գերմանիայում մեծացող սերնդին այլեւս հայ կոչելը դժվար է: Արտակը Լիխտենբերգի շրջանի կիրակնօրյա հայկական դպրոցի տնօրենն է, որտեղ դասավանդում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, երգ-երաժշտություն եւ պար: «Երբեմն, երբ Արտակն իրեն վատ է զգում, ես իրեն փոխարինում եմ ու տեսնում եմ, թե որքան կոմպլեքսավորված են մեր երեխեքն անգամ միմյանց հետ շփվելիս: Էստես մեծացող սերնդի համար հայրենիք, Հայաստան ասվածը վերացական երեւույթ է, իրենք խոսում են հայերեն, սակայն մտածողությունն արդեն հայկական չէ»,-նկատում է զրուցակիցս:

Յուրա Կիրակոսյան

Մենք արդեն եկեղեցու մոտ ենք: Կիրակոսյանների ավագ զավակը մեզ դիմավորում է մուտքի մոտ: Խոշոր, սեւ ձիթապտուղ հիշեցնող աչքերով, լուսավոր ժպիտով ու հայերին բնորոշ թախծոտ հայացքով պատանին ջերմորեն սեղմում է ձեռքս: Յուրայի հետ զրույցը կարճ է տեւում՝ ժամանակի սղության պատճառով: 15-ամյա պատանին հաստատում է մոր ասածները՝ այո, կարոտում է Հայաստանը եւ մտադիր է հետագայում տեղափոխվել այնտեղ ապրելու: «Ինձ այստեղ չի բավարարում էն ջերմությունը, որ կա Հայաստանում, էն  «ջիգյարը», «ջանը», որ էնտեղ էնքան շատ է: Էստեղ շատ սառն է, մարդիկ ջերմ չեն, ընկերություն ասվածն էլ էստեղ ուրիշ է,-բացատրում է Յուրան,-ու ես որոշել եմ, որ անպայման բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադառնալու եմ: Սա իմ հայրենիքը չէ, իմ հայրենիքը Հայաստանն է»:

Հ.Գ. Հանդիպումը Կիրակոսյանների ընտանիքի հետ 2015թ. նոյեմբերին էր: Մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 18-ին, տեղեկություն տարածվեց, որ Բեռլինի Լիխտենբերգ շրջանի կիրակնօրյա դպրոցի տնօրեն, գերմանաբնակ հայ տենոր Արտակ Կիրակոսյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով՝ հայ մշակույթը արտերկում ներկայացնելու եւ հանրահռչակելու, ինչպես նաեւ հայապահպանության գործում ունեցած իր ներդրման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter