HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Բժիշկները սխալվում են, բայց չեն դատվում

121 բժշկի սխալի դեպք է արձանագրվել, միայն 1 բժիշկ է պատիժ կրել

Նախորդ 6 տարիների ընթացքում բժշկական սխալի համար Հայաստանում ընդամենը մեկ բժիշկ է պատիժ կրել քրեակատարողական հիմնարկում: Բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդի մահվան կամ ծանր առողջական վնասի պատճառման (ՀՀ քր. օր. 130) հոդվածով 27 գործ և 32 բժիշկ հայտնվել են դատարանում: Նրանցից 28-ը դատապարտվել են ազատազրկման, բայց 19-ը համաներմամբ պատժի կրումից ազատվել են, իսկ 8-ի նկատմամբ դատարանը որոշել է պայմանականորեն չկիրառել նշանակված պատիժը, սահմանելով փորձաշրջան՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի: Մեկ բժիշկ արդարացվել է, իսկ մեկ այլ բժշկի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արարքի մեջ հանցակազմ չլինելու պատճառով: Երկու բժշկի նկատմամբ էլ նշանակվել է պատիժ՝ 100.000 ՀՀ դրամի չափով:

Բժշկի սխալի վերաբերյալ դատական գործերը
Create your own infographics
ՀՀ քրեական օրենսգիրք, Հոդված 130. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է հիվանդի մահ կամ առողջական ծանր վնաս:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ ՀՀ քր. օր. 130 հոդվածով հարուցված գործերը համարվում են հանրային մեղադրանքի, այսինքն՝ անկախ նրանից՝ տուժողը բողոքում է, թե ոչ, քրեական հետապնդում իրականացվում է հարուցված գործով: Ինչը նշանակում է, որ տվյալ հանցագործությունը հանրային վտանգավորության է: Չնայած դրան՝ բժիշկները պատժի կրումից ազատվում են համաներմամբ կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ մասնավորապես հանրային մեղադրանքի հոդվածով հանցագործությունների դեպքում պետք է շատ զգույշ լինել՝ պատիժը պայմանական կերպով չկիրառելու (Քր. օր. 70 հոդված) վճիռ կայացնելիս:

«Պայմանական կերպով պատիժը չկիրառելու վերաբերյալ դատական վճիռ կայացնելիս դատավորն ինքն է որոշում՝ ազատի ամբաստանյալին պատժից, թե ոչ: Այսինքն՝ նման վճիռները հայեցողական են, բայց դա չպետք է չարաշահել: Դատական քաղաքականությունը ձևավորվում է դատական պրակտիկայի հիման վրա, և գերագույն դատարանի կողմից տրված ուղղությամբ: Վճռաբեկ դատարանն է սովորաբար որոշում դատական քաղաքականությունը՝ եղած նախադեպերով: Բայց չի բացառվում, որ դատական քաղաքականությունը որոշվի նաև հեռախոսով. ներքին հրահանգներ գնա դատարաններին: 70-րդ հոդվածը մի կողմից հումանիստական ակտ է, բայց մյուս կողմից չի բացառվում, որ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կա»,- ասում է Արա Ղազարյանը:

27 դատական գործից 19-ի նկատմամբ կայացվել է համաներմամբ բժշկին պատժից ազատելու վճիռ: Իրավաբան Արա Ղազարյանի պնդմամբ՝ մեր երկրում չափից շատ համաներում է կիրառվում, ինչը բանտերը թեթևացնելու անուղղակի եղանակ է. «Անընդունելի է երկու-երեք տարին մեկ համաներում կիրառելը: Հանցավորության աճը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Համաներումը պետք է այնպես կիրառել, որ տուժողների իրավունքները չխախտվեն»,- ասում է իրավաբանը:  

«Հետքն» ուսումնասիրել է 2009-2014թթ.. ՀՀ քր. օր. 130 հոդվածով քննված դատական գործերը: Ներկայացնենք բժշկի՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մի քանի դեպք՝ վերցված դատական գործերից, որոնք ծանր առողջական վնաս կամ մահ են պատճառել հիվանդներին, սակայն բժիշկները համաներվել են կամ պայմանականորեն ազատվել պատժից:

«Աբովյան ծննդատուն» ՊՓԲԸ-ի նորածնային բաժանմունքի հերթապահ բուժքույր Ռոմելա Սաշայանը 2007թ. հունիսի 5-ին, ժամը 01:00-ի սահմաններում եռացած ջրով լցված պոլիէթիլենային շիշը դրել է Թամարա Բլբուլյանի նորածին երեխայի` Լիաննա Ղևոնդյանի ոտքերի տակ, որի հետևանքով շշից հոսած եռացած ջրի անմիջական ներգործությամբ երեխայի աջ ոտնաթաթի և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մատների 3-րդ աստիճանի թերմիկ այրվածքների հետևանքով անզգուշությամբ պատճառվել է առողջության ծանր վնաս` ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան 1/3-ի կայուն կորստով:

Նկարի հեղինակ՝ Մարիամ Մուղդուսյան

Բանակ զորակոչվելուց առաջ Շահեն Ջամալյանը 2008թ. օգոստոսի 21-ին հետազոտվել է «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում։ Էլեկտրասրտագրության կաբինետի բժշկուհի Ռիմա Սուքիասյանը, սխալ մեկնաբանելով զինակոչիկի էլեկտրասրտագրի եզրակացությունը, չի արձանագրել նրա սրտի հիվանդությունը, այն է՝ Վոլվ-Պարկինսոն-Ուայտ համախտանիշ, նախասիրտ-թոքային կարճված հաղորդչականություն, ձախ փորոքի հետին պատի վրա իշեմիկ փոփոխություններ:

Շահեն Ջամալյանը ՀՀ Մարտունու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը և զորակոչվել բանակ: Ծառայության ընթացքում զինվորը 5 անգամ (31.03.2009թ., 16.04.2009թ. 25.07.2009թ., 09.08.2009թ. և 05.11.2009թ.) դիմել է գումարտակի բուժկետ` նշելով, որ սրտի շրջանում ցավեր ունի: Բուժկետի պետ-բուժակ, ենթասպա Ալվարդ Մնացականյանը Ջամալյանին ախտորոշել է «նևրոզ» հիվանդությամբ։ Ալվարդ Մնացականյանն իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ կերպով` գումարտակի հրամանատարին չի զեկուցել զինվորի հիվանդության մասին, Ջամալյանին չի ուղարկել զորամասի բուժկետ` հետազոտման: Չստանալով համապատասխան բուժում՝ Շահեն Ջամալյանը 2009թ-ի նոյեմբերի 5-ին մահացել է։

Նկարի հեղինակ՝ Մարիամ Մուղդուսյան

4-ամյա Վալերի Սեյրանյանը 2011թ. սեպտեմբերի 4-ի գիշերը վատ է զգացել և մի քանի անգամ փսխումներ ունեցել, իսկ առավոտյան գանգատվել է որովայնի և աջ ոտքի ցավերից: Ժամը 11:00-ի սահմաններում, երեխայի մայրը` Ելենա Գալստյանը, ով աշխատում է ՀՀ Ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկայում որպես բուժքույր, նրան տարել է ՀՀ ոստիկանության հոսպիտալ: Նույն օրը, երեխային վիրահատության նախապատրաստելու ժամանակ, բժիշկ Դավիթ Բուդաղյանը վերակենդանացման բաժանմունքի բուժքույր Թամարա Եվդոկիմովային ցուցում է տվել միացնել կաթիլային ներարկման ֆիզիոլոգիական լուծույթը, իսկ ինքը զուգահեռաբար բացել է թթվածինը և միացրել նարկոզի սարքը, մոնիտորը` հիվանդի վիճակին հետևելու համար:

Բուժքույր Թամարա Եվդակիմովան գնացել է բուժքրոջ աշխատասենյակ, որտեղ էլ առանց կարդալու դեղամիջոցի վրա առկա գրառումը «նատրիումի քլորիդ» ֆիզոլոգիական լուծույթի փոխարեն վերցրել է «կալիումի քլորիդը», որն էլ ներերարկային ներարկել է երեխային: Այդ պահին վիրահատարան է մտել նույն բաժանմունքի հերթապահ բժիշկ Ավետիս Բաբախանյանը, ով տեսնելով երեխայի վատ վիճակը, փորձել է ներերակային կաթիլների հոսքը արագացնել: Մոտենալով ներարկվող լուծույթին՝ Բաբախանյանը նկատել է, որ կաթում է կալիումի քլորիդ և փակել է հեղուկի հոսքը: Այդ պահին բժիշկները հեռացրել են նշված լուծույթը, սակայն մոնիտորի վրա նկատվել է երեխայի սրտի կանգ: Բժիշկը շարունակել է վերակենդանացման աշխատանքները, բայց ապարդյուն, ժամը 16:30-ին գրանցվել է երեխայի մահ:

Գործերի կեսից ավելին նույնիսկ դատարան չեն հասնում

Ըստ ոստիկանության «Հետքին» տրամադրած տվյալների՝ 2010-2014թթ.-ին արձանագրվել է 121 բժշկական սխալի դեպք, որից 22-ն ուղարկվել է դատարան, 54-ը՝ կարճվել, 2-ը՝ կասեցվել, 43-ը նախաքննության փուլում են:

բժշկական սխալ
Create your own infographics

Կան դեպքեր, երբ նույնիսկ քրեական գործն են դժվարությամբ հարուցում, և տուժողները ստիպված են լինում բազմաթիվ դիմում-բողոքների միջոցով հասնել քրեական գործի հարուցման որոշմանը: Նմանատիպ մի դեպքի մասին «Հետքն» անդրադարձել էր. 27-ամյա երիտասարդը մահացել էր «Բառալգետաս» դեղամիջոցի հետևանքով առաջացած անաֆիլակտիկ շոկից: Տուժողի իրավահաջորդի փաստաբանը գլխավոր դատախազին ուղղված բազմաթիվ դիմում-բողոքներից հետո է հասել քրեական գործի հարուցման որոշմանը՝ դեպքից 2 ամիս անց:

Բժշկի՝ մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով քրեական գործերը կարճելիս՝ քննչական մարմինները հիմնականում հիմք են ընդունում բժշկական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը: Փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բժիշկներ, ովքեր շատ հաճախ իրենց կոլեգայի դեմ եզրակացություններ չեն գրում: Այսպիսով՝ բժիշկները պաշտպանություն են գտնում փորձագիտական, քննչական ու դատական մի քանի ատյաններում: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը գրեթե անհնար է Հայաստանում:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը կարծում է, որ ժամանակն է այս հոդվածով քննվող գործերի համար նոր դատական քաղաքականություն մշակել. «Եթե պայմանականի կիրառման աճով բժշկական սխալների թիվը մեծանում է, ապա դատական քաղաքականությունը պետք է փոխվի և ավելի խստացվեն բժիշկի սխալի վերաբերյալ վճիռները: Ի վերջո՝ դատական քաղաքականություն մշակելիս, հաշվի են առնում նաև հասարակության տրամադրությունները: Այստեղ հասարակությունն էլ երևի անելիք ունի. քաղաքականության մշակման վրա կարող է բողոքի ակցիաներով ազդել, եթե դրա անհրաժեշտությունը կա»,- ասում է Արա Ղազարյանը:

Հայաստանում տարեցտարի ավելանում են բժշկական սխալի հետևանքով մահվան և առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter