HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաթերցի հովիվ. «Հմի անասուն պահելու խաթեր գնամ Արդվի մալաղոնդի՞»

Երեկ առավոտյան Լոռու մարզի Ծաթեր-Այգեհատ միջհամայնքային ճանապարհով բարձրահասակ ու թիկնեղ մի երիտասարդ տղամարդ ոչխարն արոտի էր տանում: Ոչխարները, երթևեկության կանոներին հավատարիմ, մայրուղու եզրով որոճալով, հանդարտ ընթանում էին դեպի Այգեհատ: Հոտաղը չոմբախը ձեռքին հետևում էր ոչխարի ընթացքին: Ճանապարհաեզրերին ու դաշտերում խոտի հետք չէր երևում, ամենուր ձյուն էր, սակայն ոչխարները հոտոտելով ինչ-որ բան էին գտնում ծամելու:

Սեյրան Վիրաբյանն ասաց, որ ծաթերցի է: Ծաթերից Այգեհատ ճանապարհը մոտ 5 կմ է: Ոչխարների բերանը մի բան գցելու համար Սեյրանն ամեն օր հատում է այդ ճանապարհը. «Տանում եմ Այգեհատի դաշտերի եզրերին արածացնելու: Հնգերովի ենք պահում էս ոչխարը, կեսը հնգորինս ա, կեսն՝ իմը: Էս 80 ոչխարից մի 30 հատն ա իմը»: Սեյրանը համակ ուշադրությամբ հետևում էր, որ ոչխարները չմտնեն այգեհատցիների աշնանացան դաշտերը: «Արդյունավե՞տ ա ոչխար գործը»,- հարցրի: «Գեղի գործ ա, էդ էլ որ անենք ոչ, ի՞նչ տենք անի, ուզում ա արդյունավետ լինի, ուզում ա արդյունավետ չլինի: Ինչ տենք անիլ: Կարա՞նք գնանք սովիցը քարիցն ընկնենք, գոյատևում ենք: Երկու հատ էլ կով ունեմ: Չէ, մթերքը շուկա չեմ կարում տանեմ, էնա որ կարենամ, ավելի լավը կլինի: Երեսի զոռով ապրում ենք»,- պատասխանեց Սեյրանը:

Ասաց նաև, որ ապրում է մոր և քրոջ հետ: Հարցրի կնոջ ու երեխաների մասին: «Դեռ ամուսնացած չեմ, 35 տարեկան եմ: Կհարմարվի էլի, մի հետ էլ կամուսանանամ»,- արդարացավ նա: Սեյրանն ասաց, որ իր աշխատանքով պահում է մորը, այրիացած քրոջն ու նրա անչափահաս երեխային. «Դե հմի մեր տան տնտեսության համար եմ չարչարվում: Տունը մերն ա, էլածը մերն ա: Հո մերս ու քիրս էլ ձեռքները ծալած նստած չեն: Գյուղի կյանքը լավն ա, փառք Աստծո: Երկու հեկտար էլ հող ունեմ: Չէ, չեմ կարողանում մշակեմ»: Սեյրանը դժգոհեց, թե ձմեռը ոչխարները մի բան էլ չեն տալիս, իսկ ամառը գառն են տալիս, կաթն են տալիս ու վերջացավ, գնաց:

Հարցրի վարկառու լինելու մասին.

-Վարկն ինձ պետքը չի, փառք Աստծո: Մի քիչ էլ տուկատ ապրենք, մեր քրտնքովն ապրենք,- պատասխանեց նա:

-Սեյրան, խելքդ տվել ես ոչխարին, մոռացել ես կանանց էլ, ամուսնանալն էլ,- կատակեցի: Սեյրանը լռում էր:

-Սեյրան, սիրած աղջիկ չե՞ս ունեցել,- հարցրի:

-Չէ դեռ, կունենամ էլի, կամուսնանամ: Էս հմի ե՞րբ տեք տելեվիզրը գցի,- իրեն նկարելիս հարցրեց նա:

-Ուզում ես քեզ տելեվիզրով ցույց տա՞ն:

-Չէ հա, ուզում եմ ո՞րն ա, մթա թե էնա գիտես, էլ ինձ տեհած չեմ հայելումը:

-Հիմա ֆերմեր ես կոչվու՞մ,- հարցրի:

-Օյիննի եմ, ֆերմեր եմ: Երեսուն ոչխարով ու երկու կովով ֆերմեր ա լինու՞մ, այտա: Մարդիկ կան 100 կով ունեն, ես ինչ գիտեմ ինչեր ունեն: Տեխնիկա ունեն: Խու մեր ղայդի չեն: Ես իմ գործը յոլա եմ տանում, ոչ քու ումուդն եմ ընկնում, ոչ նրա ումուդը: Փառք Աստծո, յոլա եմ գնում:

- Կարողանու՞մ ես քո եկամուտով անասուններիդ թիվն ավելացնես:

-Դե հմի խոտհարք չունենք, հանդ չունենք: Տենում ես, հլե թուքսուզ շան ղայդի գնում եմ խալխի արտերի կողքին ոչխարն արածացնում: Ծաթերը հանդ չունի: Արոտավայր չունենք վափշե: Ամառն էլ, է,՜ 60-70 կմ հեռու սար ենք տանում, որ մթա թե պահիլ տենք: Հանդ չունենք, ինչ անենք: Էն ա էս դաշտերն ա: Հենա՜յ, հանդն Արդվունն ա: Արդվեցի ըլեմ, իմ չափ հարուստ մարդ չի ըլի, 100 տոկոսով:

-Դե արդվեցի մի աղջիկ ուզի, Սեյրան:

-Չէ, ես մալաղոնդի՞ եմ գնում: Իմ գեղին սովոր եմ, իմ գեղումն էլ կապրեմ:

-Որ գնաս Արդվի, մի տուն սարքես, էնտեղից էլ մի սիրուն աղջիկ ուզես, տնավորվես, մալաղոնդի կկոչվե՞ս:

-Չէ, չէ: Ես իմ գեղիցն ու՞ր եմ դուրս գալի, որ հմի էլ գնամ Արդվի: Արոտավայր կա՞, կա ոչ: Հմի անասուն պահելու խաթեր գնամ Արդվի մալաղոնդի՞: Կարող է էգուց-էլօր մի ուրիշ գործ բաց լինի, մի ուրիշ տեղ աշխատենք: Պարտադիր ա՞ ապրանք պահենք, որ հարուստ լինենք: Ի՞նչ գիտես երկիրը միշտ էսենց տի գնալ: Գիդվալ չի:

Հրաժեշտ տցեցի Սեյրանին: Մղարթից հետվերադարձին նկատեցի, որ Սեյրանը ոչխարներին դեռ արածեցնում է Այգեհատ գյուղին կպած դաշտերում: Վարորդը մեքենայի ազդանշանով հրաժեշտ տվեց նրան: Սեյրանը հեռվից թափահարեց ձեռքը: Գյուղացի Սեյրանը հարստանալու համար իր հայրենի Ծաթեր գյուղից հարևան Արդվի գյուղում բնակություն հաստատելը անպատվություն համարեց: Հարստանալու և լավ ապրելու համար որքան հայեր լքեցին Հայաստանը:

Մեկնաբանություններ (5)

Վահրամ
Փայլուն...
Միշա Լոռեցի
Քեզ հաջողություն եվ առողջություն ՍԵՅՐԱՆ ջան !!!! Իսկ հարստությունը ԴՈՒ էս Ծաթերի համար։
Արդվեցի
Արդվի մի քանի ծաթերեցի կա, աշխատող են ու զրուցասեր - ամեն մինը մի իսկական փիլիսոփա, մեզ հերիք են անում Լարիսա ջան: Հոդվածը լավն էր:
Anna
Sheep husbandry can become a profitable business if a shepherd has 200-300 sheep. The processors require large quantities of milk consistently delivered . Besides milk, sheep give us 30 kg of wool annually.
Սուսաննա
Լավն էր...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter