HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակի» կամ հակառակը

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը դիմել է ոստիկանություն՝ Մարգարիտա Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Վերջինս էլ հայցով մտել է դատարան եւ պահանջում է, որ «Հրապարակը», իր մասին տպած հրապարակումներից մեկը հերքելուց զատ, զրպարտության համար իբրեւ փոխհատուցում իրեն վճարի 2 միլիոն ՀՀ դրամ:

Անցել է շուրջ 7 ամիս, սակայն վերոնշյալ դրվագներից եւ ոչ մեկով դեռեւս հանգուցալուծում չկա:

Դրվագ I. զրպարտությո՞ւն

Մարգարիտա Խաչատրյանը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահն է: Նրա որդին 1998թ. մայիսին բանակում մահացել է, պաշտոնական վարկածով՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, բայց իրական պատճառը, ինչպես մայրն է ասում, մինչ օրս անհայտ է:

«Դրանից հետո բանակն ինձ համար դարձավ քարկոծման թիրախ: Իրականացրել եմ տարբեր ակցիաներ, բայց, ի վերջո, համոզվել եմ, որ քարկոծելով բանակում զոհերի թիվը չի պակասում. պետք է մտնել բանակ, օգնել զինծառայողներին, փորձել ինչ-որ բան փոխել»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նշում է, որ այս տարիների ընթացքում որեւէ լրատվամիջոցի կամ լրագրողի հետ խնդիրներ առհասարակ չի ունեցել, վերջիններիս վերաբերվել է սիրով՝ ակնկալելով, որ միասին բանակին կաջակցեն՝ թույլ չտալով, որ սեւազգեստ մայրերի թիվն ավելանա:

«Բայց իմ գործունեության արդյունքը միանգամից ստացա «Հրապարակ» օրաթերթից, որի հետ կապված ոչ մի խնդիր ոչ մի անգամ չեմ ունեցել»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը:

Այս տարվա ապրիլի 21-ին «Հրապարակ» օրաթերթն առաջին էջում տպագրել է մի նյութ, ըստ որի՝ Մարգարիտա Խաչատրյանը, որ պարբերաբար ստուգայցեր է կատարում ՀՀ զորամասերում, աչքի է ընկնում իր կոպիտ վարքագծով. զորամասերում թերություններ, խախտումներ հայտնաբերելիս զերծ չի մնում հայհոյանքներից:

«Մեր տեղեկություններով՝ վերջին այցերից մեկի ժամանակ ԼՂՀ զորամասերից մեկում վիճաբանություն է սկսվել Մարգարիտա Խաչատրյանի եւ հրամանատարական կազմի միջեւ, եւ բանը հասել է նույնիսկ քաշքշոցի ու ծեծի: Սակայն տիկին Մարգարիտան հերքեց դա. «Տենց բան չկա, բալես, ինձ գլխի վրա են ընդունել: Ես բալա եմ տվել, ես Տանջոյի մաման եմ, ու հլը չկա տենց մարդ, որ Տանջոյի մամային ասի՝ քամին գա քեզի: Ես քսան հատ մեդալ եմ ստացել, եթե ինձ քաշքշեին, ես մեդալակիր չէի ըլնի»»,- փոխանցելով Մ. Խաչատրյանի խոսքերը՝ գրել էր օրաթերթը:

«Երբ «Հրապարակի» լրագրողը զանգեց ինձ, ես ասացի՝ ազիզ ջան, ո՞նց կարող էր նման միջադեպ լինել, եթե ես այս տարի դեռ որեւէ զորամաս չեմ այցելել. առաջին շրջայցս սկսելու եմ 6 օր հետո՝ ապրիլի 26-ին: Ուզո՞ւմ ես, համեցիր, կարող ես միանալ մեզ»,- պատմում է Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նշում, որ եթե լրագրողը գոնե հրապարակեր նաեւ իր այս խոսքերը, նույնիսկ ընթերցողը կհասկանար, որ «քաշքշոցի ու ծեծի» մասին միջադեպն ուղղակի հորինված է: Բայց քանի որ «Հրապարակի» համար «կարեւորը միայն տիրաժն է, տպել են չստուգված, կեղծ տեղեկություն»:

«Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասում է. «Մենք վստահելի աղբյուրից ունեցել ենք ինֆորմացիա, որը ոչ փաստաթղթով կարող ես ապացուցել, ոչ էլ մենք ներկա ենք եղել այդ միջադեպին: Զորամասում ծառայողներից մեկն է պատմել մեր լրագրողին, բայց ես ասել եմ՝ մինչեւ չզանգեք Մարգարիտա Խաչատրյանին, մենք այդ ինֆորմացիան չենք կարող տպել: Մեզնից հասնում էր ճշտելը, ներկայացնել երկու տեսակետ, մնացածը թող ընթերցողը որոշի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Դա է մեր ամբողջ արածը. մի հատ անմեղ, սովորական, շարքային լուր»:

Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանն էլ, անդրադառնալով իրենց հայցադիմումի կապակցությամբ «Հրապարակի» ներկայացրած պատասխանին, նշում է, որ դրանում իբրեւ վերոնշյալ հոդվածի վերնագիր նշվել է՝ «Ծեծկռտո՞ւք է եղել»: Մինչդեռ տպագիր թերթում նյութը հրապարակվել է առանց վերնագրի:

«Այսինքն՝ վերնագիր ավելացնելով եւ հարցական նշան դնելով՝ նրանք դատարանին հրապարակումը փորձում են ներկայացնել որպես մի երեւույթ, որը հանել են քննարկման՝ մոտեցնելով Տիգրան Արզաքանցյանի գործին, որի շրջանակներում հենց հարցական նշանի առկայության պատճառով դատարանը որոշում կայացրեց հօգուտ թերթի (խոսքը «ԱԺ պատգամավոր Տ. Արզաքանցյանն ընդդեմ «Իրավունք» թերթի» դատական գործի մասին է - հեղ.): Բայց «Հրապարակի» նյութը քննարկում չէ, դրա բովանդակությունը հաստատում է, որ եղել է քաշքշոց եւ ծեծ»,- ասում է փաստաբան Թումասյանը:

Նա հիշեցնում է, որ համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի՝ ծեծը հանցագործություն է, իսկ «առանց փաստերի որեւէ մեկին հանցագործության մեջ մեղադրելու իրավունք ոչ ոք, այդ թվում լրատվամիջոցը չունի»:

«Տվյալ պարագայում ստացվում է, որ Մարգարիտա Խաչատրյանը կամ տուժողն է, կամ հանցագործը: Իսկ «Հրապարակի» հոդվածի ընդհանուր բովանդակությունից հասկացվում է, որ ծեծողն ինքն է»,- հավելում է փաստաբանը:

«Իսկ ոչի՞նչ, որ Մարգարիտա Խաչատրյանի մասին մամուլը հեղեղված է այդպիսի պատմություններով: Նույնիսկ ինքն ասուլիս է տվել եւ ասել՝ ես ծեծող կնիկ եմ»,- հակադարձում է Արմինե Օհանյանը:

Հայցադիմումի պատասխանում «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է նաեւ 2007 թ. դեկտեմբերի ասուլիսում Մարգարիտա Խաչատրյանի խոսքերից հետեւյալ հատվածը. «Ցանկացած սպանության գործով դուք ինձ կտեսնեք դատարանում: «Զինվոր եւ օրենք» հ/կ նախագահ եղած ժամանակահատվածում ինձ տեսել եք նախագահի նստավայրի մոտ եւ Մատաղիսի գործով դատավարությանը: Ես ծեծող կանանցից մեկն եմ, իմ մոտ օբյեկտիվությունն է. եթե վիշտ տեսած մայրը կանգնած, նրա աչքի առաջ երկու սպանված զինվոր են հանում, նրանցից յուրաքանչյուրի մեջ նա իր որդուն է տեսնում... »:

Դավիթ Թումասյանն ասում է, թե Մարգարիտա Խաչատրյանի վերոնշյալ խոսքից հասկացվում է, որ նա ոչ թե մարդ, այլ դռներ ծեծող է, որպեսզի փորձի գտնել ծառացած խնդիրների լուծումը:

«Այդ ինչ ասելու բան է. 1000 մարդ կա, որ պատմում են, թե ում եւ ոնց է քաշքշել ու ծեծել Մարգարիտա Խաչատրյանը: Մարդիկ պատմում են, թե ինչեր է նա արել դատարաններում եւ զորամասերում, ինչպես է Մատաղիսի գործով մեղադրողի ճկույթը կոտրել: Բայց մեր կյանքի, գործի նպատակը նրա կերպարի բացահայտումը չէ: Մենք ընդամենը պետք է նայենք լրագրողական բարեխղճության տեսակետից, թե ինչքանով է բարեխիղճ եղել լրագրողը»,- ասում է Արմինե Օհանյանը: Նրա կարծիքով իրենք գործել են լրագրողական էթիկայի սահմաններում:

«Պատկերացրեք՝ լրագրողը զանգում է մեկին եւ հարցնում՝ ճի՞շտ է, որ դուք զբաղվում եք մարմնավաճառությամբ: Պատասխանում է՝ ոչ: Հաջորդ օրը թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ տվյալ մարդը մարմնավաճառ է, բայց ինքն ասում է, որ նման բան չկա: Կոպիտ օրինակ եմ բերում, բայց սա նույն բանն է, ինչ «Հրապարակն» է արել: Սրա ի՞նչն է բարեխիղճ, միեւնույն է՝ մարդուն վիրավորում ես, խաղում նրա պատվի ու արժանապատվության հետ»,- ասում է փաստաբան Թումասյանը:

Նրա խոսքերով՝ իրականում բարեխղճություն դրսեւորել են իրենք, քանի որ դատարանին չեն միջնորդել օրաթերթի դեմ կիրառել հայցի ապահովման միջոց եւ արգելանքի տակ դնել նրա ֆինանսական միջոցները: Թումասյանը որեւէ միտում կամ ճնշման միջոց չի համարում այն, որ իբրեւ փոխհատուցում պահանջում են 2 մլն դրամ՝ օրենքով զրպարտության դեպքում սահմանված տուգանքի վերին շեմը, քանզի դատարանը, ըստ փաստաբանի, հայցը կարող է բավարարել մասնակիորեն եւ լրատվամիջոցին տուգանել՝ ասենք, կես միլիոն դրամով:

«Վերջին հաշվով, նշանակություն չունի, թե գումարն ինչքան կլինի, քանի որ դա մարդու պատվի եւ արժանապատվության հարցն է, որը գնահատման ենթակա չէ»,- ասում է փաստաբանը: Մարգարիտա Խաչատրյանն էլ ավելացնում է, թե հաղթելու դեպքում, անկախ գումարի չափից, այն նվիրելու է զինվորներին:

Իսկ միայն հերքման պահանջ ներկայացնելը, Դավիթ Թումասյանի գնահատմամբ, բավարար չէր լինի, «քանի որ անբարեխիղճ լրագրողները բավականին շատացել են, իսկ նյութական պատասխանատվությունը նրանց կամ խմբագրությանը հավելյալ առիթ կտա մտածելու՝ արժե արդյոք տպագրել չստուգված եւ վարկաբեկող տեղեկատվություն»:

Կենտրոնի դատարանը ձգձգում է գործի քննությունը: Թերեւս պատճառն այն է, որ նոյեմբերի 15-ին Սահմանադրական դատարանը որոշելու է վիրավորանքի եւ զրպարտության մասին օրենքի սահմանադրականության հարցը:

Փաստաբան Թումասյանն ասում է, թե կախված սույն գործի վերջնական ելքից՝ հնարավոր է, որ նոր հայցադիմումներ ներկայացնեն «Հրապարակի» դեմ, «որովհետեւ օրաթերթը միայն սրանով չսահմանափակվեց. շարունակեցին Մարգարիտա Խաչատրյանի մասին տպագրել չստուգված տվյալներ եւ հերյուրանքներ»:

«Դատարան դիմելն իրենց իրավունքն է: Մենք էլ կարծում ենք, որ շատ վատ է, երբ կինը, որդեկորույս մայրը, այն էլ հասարակական կազմակերպության ղեկավար, կարող է նման պահվածք դրսեւորել եւ դրանից հետո վատ չզգալ, ներողություն չխնդրել, այլ հակառակը՝ դիմել դատարան ու փորձել թերթի դեմ ուրիշ եղանակներով պայքարել»,- ասում է Արմինե Օհանյանը:

Դրվագ II. խուլիգանությո՞ւն

«Հրապարակ» օրաթերթում նշյալ լուրի տպագրվելու հենց նույն օրն առավոտյան Մարգարիտա Խաչատրյանն այցելել է խմբագրություն:

«Անակնկալ ներխուժում է, կարմրճտած գոռում, տղամարդավարի հայհոյում, քացով խփում է աթոռներին, պատռում թերթերը, հարձակվում խմբագրի ու խմբագրակազմի վրա, ջրով լի բաժակը շպրտում խմբագրի ուղղությամբ, բարեբախտաբար բախվելով պատին՝ բաժակի փշուրները հատակին են թափվում. «Թողեք խփեմ սրան»… »,- ահա այսպես է «Հրապարակի» լրագրող Ֆելիքս Եղիազարյանը թերթի հաջորդ օրվա համարում նկարագրել «Մարգարիտա Խաչատրյանի եւ իր տիկնանց շքախմբի» այցելությունը:

Այս ամենի, ինչպես նաեւ լրագրողներից մեկին հարվածելու եւ խմբագրի ձեռքը ճանկռելու համար (որը հետագայում արձանագրվել է դատաբժշկական փորձաքննությամբ) նույն օրը հաղորդում է ներկայացվում ոստիկանության Կենտրոնական բաժին:

«Այդ նույն օրը հետաքննչականը եկավ, բա՝ տիկին Մարգարիտա, բողոք կա, Դուք էլ բերեք բողոք գրեք: Ասացի՝ ոչ, ես ոչ մի բողոք չեմ գրում»,- հիշում է Մարգարիտա Խաչատրյանը եւ պատմում մինչ այդ խմբագրություն կատարած իր այցելության մանրամասները, որն էլ դարձել էր «հետաքննչականի գալու» պատճառ:

«Մտել եմ «Հրապարակ», ինձ հետ եղել են «Պաշտպան» ՀԿ նախագահ Անահիտ Գրիգորյանը եւ իմ վարորդը՝ Վաչիկ Եղիազարյանը, որն ընդհանրապես ոչ մի բանի չի խառնվել, իսկ Անահիտն ասել է՝ մենք եկել ենք հերքում տալու… Սկզբից որ մտնում ես խմբագրություն, երկու շարքով համակարգիչներ են դրված, աղջիկները նստած աշխատում էին: Ես բարեւել եմ, հարցրել՝ որտեղ է գլխավոր խմբագիրը, եւ առաջացել նրա մոտ… Սեղանի մի կողմում ես էի, մյուսում՝ Արմինե Օհանյանը՝ կողքին երկու երիտասարդ կանգնած: Եթե ես փորձեի նրան մոտենալ, պետք է այդ տղաներին շրջանցեի: Ես չէի կարող ու Արմինե Օհանյանին մատով չեմ կպել, չեմ մոտեցել: Կամ եթե գնացած լինեի վիճաբանության մեջ մտնելու, ջարդուփշուր անելու, կսկսեի համակարգիչներից, ոչ թե կմտնեի սենյակ, որտեղ իրենք նստած էին»,- պատմում է Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նշում է, որ երբ գլխավոր խմբագրից պահանջել է հերքում տպագրել, վերջինս ասել է՝ եթե նույնիսկ զենք էլ պահես ճակատիս, չեմ հերքելու:

«Այդպես չի եղել. Արմինե Օհանյանն ասաց՝ ես նման բաներ շատ եմ տեսել, նույնիսկ իմ գլխին զենք են պահել, այնպես որ չես վախեցնի քո հայհոյանքներով եւ անեծքներով»,- պատմում է «Հրապարակի» լրագրող Արամ Պաչյանը եւ հավատացնում, որ Մարգարիտա Խաչատրյանը խմբագրություն է այցելել ոչ թե երկու, այլ երեք անձի (մեկ տղամարդու եւ երկու կնոջ) ուղեկցությամբ:

«Ներս մտան 4 հոգով, հարցրին գլխավոր խմբագրին, ու սկսեց (Մարգարիտա Խաչատրյանը) սեռական բնույթի ահավոր հայհոյանքներ տեղալ Արմինե Օհանյանի հասցեին: Անընդհատ քաշում էր, ես ու Ֆելիքսն էլ Արմինեին էինք պահում, որ չխփի: Լուսինեն փորձում էր հանգստացնել, նրան հարվածեց: Ահավոր ագրեսիա էր, մարդը չէր տիրապետում իրեն, բայց ով էլ այդքան հախուռն հայհոյեր, այդ վիճակում կլիներ,- պատմում է Արամ Պաչյանը:- Հետո երեխեքը ջուր տվեցին, շփեց Արմինեի ուղղությամբ. բոլորս «լողացանք»: Բաժակն էլ շպրտեց Արմինեի վրա: Չգիտեմ, թե ոնց եղավ, որ չկպավ»:

«Արմինե Օհանյանն ինձ ասաց՝ ինչ ես սեւ շորերդ դրոշակ դարձրել, տղայիդ արյունը ծախեցիր… Ես չեմ թաքցնում, ես անիծել եմ, ասել եմ՝ կոկորդը կկրծեմ այն մարդու, ով իմ տղայի անունը կտա եւ կասի՝ նրան վաճառում ես: Ասել եմ՝ իմ տղային հանգիտս թողեք, իմ տղան կապ չունի նրա հետ, որ դու սուտ տեղեկատվություն ես դրել քո թերթում եւ չես ուզում հերքել»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը:

Խմբագիր Օհանյանը, սակայն, վստահեցնում է, որ նման բան չի եղել. «Նախ, հերքման պահանջ չի եղել. մտել է, սկսել հայհոյել ու ջարդել: Երկրորդ, մենք շատ մեղմ ենք եղել նրա նկատմամբ ու շատ բարեկիրթ»:

«Հրապարակ» օրաթերթը կատարվածը ներկայացնող հոդվածի հետ հաջորդ օրը հրապարակել է նաեւ միջադեպի մասին «պատմող» լուսանկար (տես առաջին լուսանկարը), որի հետին պլանում աշխատակիցներից մեկը համակարգչի մոտ նստած աշխատում է:

Սրանից ելնելով՝ փաստաբան Դավիթ Թումասյանն ասում է. «Տրամաբանական չէ. եթե հարեւանությամբ կռիվ կամ խուլիգանություն լիներ, ինչպես իրենք են ներկայացնում, տվյալ անձը հանգիստ նստած չէր աշխատի: Նրա ուշադրության կենտրոնում կլիներ կռիվը, առնվազն կթեքվի այդ ուղղությամբ»:

Իսկ Մարգարիտա Խաչատրյանը հավելում է. «Եթե ծեծկռտուք եղած լիներ, իրենք ոչ թե այդ նկարը կդնեին, որ կանգնած զրուցում եմ, այլ միանշանակ ծեծուջարդի նկարը կդնեին, զապիսն էլ կանեին»:

«Որովհետեւ այնքան խայտառակ աժիոտաժ, այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ նույնիսկ լրագրողներ են, բայց չֆայմեցին, չհասցրին դիկտաֆոն միացնել եւ նրա սեռական հայհոյանքները ձայնագրել: Տղաները եւ ամբողջ խմբագրությունը կանգնած էր, որ չգա ինձ հասնի. ոչ ոք չգնաց ֆոտոապարատ բերի: Ես 3 անգամ բղավեցի՝ ֆոտոապարատ բերեք… Նույնիսկ ոչ ոք չֆայմեց ոստիկանություն զանգել, ես եմ անկյունում կանգնած այդ աղմուկի մեջ զանգել ոստիկանություն»,- պատմում է Արմինե Օհանյանը:

Հաղորդման հիման վրա կատարված քննության արդյուքնում իրավապահները որոշել են քրեական գործ չհարուցել: Այս որոշման դեմ խմբագրության՝ դատարան ներկայացրած բողոքը բավարարվել է: Իրավապահներն իրենց հերթին դիմել են Վերաքննիչ դատարան, սակայն այս ատյանը եւս համարել է, որ քրեական գործ հարուցելու հիմքերը բավարար են: Արդյունքում դատախազությունը խմբագրություն ուղարկած գրությամբ հայտնել է, որ ոստիկանության Կենտրոնի բաժնում խուլիգանության հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Այս մասին ընթերցողներին տեղեկացնելով՝ «Հրապարակը» գրել է, թե դժվար է ասել՝ գործն ինչ ընթացք կստանա. «Նմա՜ն գործեր են «ջրվել» ոստիկանության ու դատախազության թեթեւ ձեռքով»: Սակայն թերթն իր պայքարի օրինակով փորձում է ցույց տալ, որ «լրագրողների ու մամուլի հետ չի կարելի բռնության, անօրինականության լեզվով խոսել՝ լինես զոհվածի մայր, թե ՀՀ գլխավոր դատախազ»:

Մեկնաբանություններ (5)

Սուբյեկտիվ կարծիք
Նվիրում եմ լրագրող Արմինե Օհանյանին ՄԻ ԴԱՏԻՐ -Դատաստանը միայն այն է, որ կոչվում է Ահեղ, և այդ Դատաստանն այն դատի արդյունքն է որտեղ դու հրավիրված ես որպես ամբաստանյալ: Ամբաստանողի մասնագիտությունը երկրիս վրա քայլողիդ չի վերապահված: Դու դատավորը չես, առավել ևս` դատախազը: Եթե Վերին Ատյանում քեզ տեղ է հատկացվել, ապա հատկացվել է սոսկ ամբաստանյալի` տեղը:Բայց դու միամիտ ես: Դու չես նախապատրաստվում այդ Ահեղ Դատաստանին, չես ձգտում փորձ ձեռք բերելու, փորձ. որ վաղը պետք է գալու քեզ որպես ամբաստանյալի: Երկրի երեսին դատաստաններ ես կառուցել ու դատ ես (բեմադրում) և օրեցօր դատն այդ արհեստավարժ մատներիդ ներքո (ծաղկում են), (փթթում), դառնում տոն, փառատոն, տոնավաճառ, դիմակահանդես, ու... դատում ես մերձավորիդ: Դու արդար ես ու բոլորը մեղավոր են: Դու հալածիալ ես, բոլորը հալածողներ են: Դու արդարն ես, բոլորը դժխեմ են: Դու հրեշտակն ես, բոլորը նեռ են: Չխաչված` վիրակապ ես ուզում վերքերիդ համար: Չմեխված` աքցան ես պահանջում` մեխերից ազատվելու, նեցուկ ու շարժասանդուղք պահանջում` խաչից իջնելու համար: Հոգ չէ, որ ոչինչ չես արել. ուզում ես, որ քեզ համար անեն ամեն բան: Ոչ ոքի չփրկած փրկություն ես պահանջում: Մեղքերի մեջ թաթախված` ուրիշին ես դատում. Մի' դատիր. քե'զ են դատելու, ով' միամիտ մեղավոր...
Aro
Es verjers cragrov mi kadrer tesa,vor@ veraberum er Margarita Xa4atryanin, kareli e shat meknabanutyunner tal, tesa et kin@ et dzneri mej Qelbajari sareri mej,et chanaparhov u djvar chanaparhov, u karcum em Nra gorc@ shat petq a mer banakin, mer erkrin, u es u Duq ekeq xonarhvenq ajd knoj arjev... menq enpes darum enq aprum,vor kaskacum enq nuynisk lav u pitani gorc anoxnerin, u vayrahachum enq Nranc...
Arshak
Մեկնաբանությունը... ինչ կա անհասկանալի...օրինակ լինում է դեպքեր երբ մարդու զավակը ուռուցքից մահանալուց հետո իր ունեցվածքը նվիրաբերում է ուռուցքով հիվանդների բուժմանը....և այդպես շատ օրինակներ կարելի է բերել ...իսկ տիկին Մարգարիտաին անձամբ չեմ ճանաչում,բայց ինձ թվում է նա էլ որդու մահվանից հետո նվիրվել է այս գործին որպեսզի մեր ժոզովրդի այլ զավակներ էլ անհայտ պատճառներով չզրկվեն կյանքից,կամ չտուժեն ոչ կանոնադրական հարաբերություններից...կամ էլ իր հոգու պարտքն է տալիս աստծուն
ՄԱՅՐ
Մարգարիտա Խաչատրյան, ոչ ձեր անձի մասին պատկերացում ունեմ, ոչ էլ խմբագրի, ոչ էլ ուզում եմ իմանալ, թե իրականում ինչ է պատահել.Միայն մի բանի վրա եմ զարմանում, թե բանակային որդի կորցնելուց հետո, ինչ էլ մի սիրտ ու հավես ես ունեցել հասարակական ակտիվ աշխատանքի.Պատճառ մի բեր, թե ուզում էիր բանակին օգնել, համոզիչ չէ. Ճիշտ է, մեռնողի հետևից ոչ ոք չի մեռնում, շարունակում է ապրել, բայց այդ? աստիճան.Բերեք հազար ու մի պատճառներ ու բացատրություններ, միևնույն է, որպես ՄԱՅՐ, քեզ չեմ հասկանա ու արդարացնի, քո զոհված տղայի անունը հասարակական խոսակցության առարկա դարձնելու համար, անկախ նրանից խմբագիրը ճիշտ է ասում, թե սուտ.
Arshak
Ամոթ է զրպարտել մի ակտիվ կնոջ ,որըօբյեկտիվորեն ներկայացնում է բանակի իրական վիճակը առանց ավելորդ գույնազարդման,առկա թերությունները համարձակորեն ներկայացնում է և հետևում դրանց վերացմանը,իսկ լավին լավ է ասում,ոչ թե այլ գրանտակեր կազմակերպությունների նման խեղաթյուրում են իրավիճակը.... դրա համար էլ նրանից զգուշանում են անբարեխիղճ սպաները,իսկ իշխանությունները գնահատում են ըստ պատշաճի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter