HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երեւանը՝ գազանավթային գիգանտ Քաթարի ազգային փոխադրողի նոր վերջնակետ

Քաթարի ազգային փոխադրող «Qatar Airways» ընկերությունը այս տարվա մայիսի 15-ից կսկսի իրականացնել Դոհա-Երեւան-Դոհա չվերթը: Այս մասին իր պաշտոնական կայքում հայտարարել է քաթարական ավիաընկերությունը:

«Qatar Airways Group»-ի գլխավոր գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքերը (Akbar Al Baker) նոր չվերթի մասին ասել է, որ դրա ուղեւորները հնարավորություն կունենան իրենց ընկերության գլոբալ ցանցի միջոցով կապվել աշխարհի հետ: Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանը, որն աշխարհում ամենանոր հաբն (տարանցիկ թռիչքների կենտրոն) է, բացվել է 2014-ի ապրիլին: Այստեղից «Qatar Airways»-ը թռչում է 6 աշխարհամասերի ավելի քան 150 ուղղություններով: Հատկանշական է, որ քաթարական ազգային փոխադրողը Մերձավոր Արեւելքի երկրներից գրասենյակ չունի միայն Հայաստանում (դեռեւս) եւ Իսրայելում: 1993-ին հիմնադրված եւ 1994-ից թռիչքներ կատարող ընկերությունը ներկայում շահագործում է 175 օդանավ:

Ավիափոխադրողի հաղորդագրության մեջ նշվում է, որ Երեւանը Հայաստանի վարչական, մշակութային եւ արդյունաբերական կենտրոնն է, որը հանգստի եւ գործարար նպատակներով ժամանողներին առաջարկում է հարուստ ու բազմատեսակ պատմություն. «Կովկասյան լեռների ֆոնով Երեւանը աշխարհի հնագույն, մշտապես բնակեցված քաղաքներից է, եւ ոտքի վրա հեշտությամբ կարելի է ուսումնասիրել նրա տարաբնույթ ճարտարապետությունն ու մթնոլորտը»:

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը բարձր է գնահատել «Qatar Airways»-ի արհեստավարժ թիմի պատրաստվածությունը եւ բարեկամական տրամադրվածությունը. «Ուրախ եմ, որ մեր՝ երկու տարի շարունակվող բանակցությունները եղան արդյունավետ»:

Քաթարից Հայաստան չվերթները կիրականացվեն «Airbus A320» ինքնաթիռով, շաբաթական 4 անգամ: Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին՝ Դոհայի ժամանակով 20:25-ին (մեր ժամով՝ 21:25-ին), օդանավը կմեկնի Քաթարի մայրաքաղաքից եւ շուրջ երեք ժամվա թռիչքից հետո՝ արդեն երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ ու երկուշաբթի օրերին՝ 00:40-ին, կհասնի Երեւան: Հետադարձ չվերթը կլինի նույն գիշեր՝ Երեւանի ժամանակով 03:25-ին. Դոհայում վայրէջքը՝ տեղական ժամանակով 05:30-ին:   

«Qatar Airways»-ը կդառնա Մերձավոր Արեւելքի երկրներից Հայաստան եկող 10-րդ ավիաընկերությունը: Երեւանի հետ հաղորդակցվող մյուս ընկերություններն են. «Geogian Airways» (Վրաստան), «Atlasjet Airlines» (Թուրքիա), «Middle East Airlines» (Լիբանան), «Arkia Israeli Airlines» (Իսրայել), «Iraqi Airways» (Իրաք), «Mahan Air», «Iran Aseman Airlines» (երկուսն էլ՝ Իրան), «FlyDubai», «Air Arabia» (երկուսն էլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ): Հիշեցնենք, որ 2014-2015 թթ. Երեւանն ու Աբու Դաբին իրար էր կապում ԱՄԷ-ի «Etihad Airways» ավիաընկերությունը, որն անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից դադարեցրեց թռիչքները դեպի Հայաստան:   

Քաթարից՝ պլաստմասսա, դեպի Քաթար՝ կենդանիներ

Ընդամենը 11,5 հազար քկմ տարածք ունեցող Քաթարը, որի ափերը ողողում են Պարսից ծոցի ջրերը, բնական գազի պաշարներով 3-րդն է աշխարհում եւ 6-րդը դրա արտահանմամբ: Իսկ նավթի ու նավթամթերքի արտահանմամբ աշխարհում զբաղեցնում է 21-րդ տեղը: Այս երկիրը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջինն է աշխարհում:

Քաթարի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1997-ին: Այդ երկրում ՀՀ-ն ներկայացնում է ԱՄԷ-ում մեր երկրի դեսպանը (համատեղության կարգով, նստավայրը՝ Աբու Դաբի): Իսկ ՀՀ-ում Քաթարի Պետության դեսպանի նստավայրը Թեհրանում է:

Երկու երկրներն առանձնապես աչքի չեն ընկնում մեծ ապրանքաշրջանառությամբ, որը 2013-2014 թթ. կազմել է տարեկան շուրջ 800 հազ. դոլար: Հայաստանը 2013 թ. Քաթարից ներկրել է 329 տոննա պլաստմասսա եւ դրանից իրեր (550 հազ. դոլար արժողությամբ), փոխարենն այդ երկիր է արտահանել 67 տ ընդհանուր քաշով եւ 263 հազ. դոլար արժողությամբ կենդանի կենդանիներ: 2014-ին ներկրվել է 198 տ պլաստմասսա (272 հազ. դոլարի) եւ արտահանվել 150 տ կենդանի (498 հազ. դոլարի):

Ստորեւ ներկայացնում ենք 2010-2014 թթ. Հայաստանի արտահանումները դեպի Քաթար եւ ներկրումներն այդ երկրից ԱՄՆ դոլարով (տվյալները՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից):  

Լուսանկարում՝ «Զվարթնոց» օդանավակայանը (հեղ. Արմեն Գասպարյան), կոլաժը՝ «Հետքի»

Մեկնաբանություններ (4)

Արմինե
Ներողություն, իսկ հատկապես Ի՞ՆՉ կենդանիներ: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ վայրի մուֆլոնների և բուծարանի հավերի արտահանման համեմատության ժամանակ այդ հարցն առանցքային է:
Հայկ
Հայաստանը Մերձավոր Արևելքի մեջ չի մտնում
Վահե
ՄԱԿ-ը Հարավային Կովկասը դիտարկում է Մերձավոր Արեւելքի մաս:
Վահե
Վիճակագրության մեջ չի մանրամասնվում, թե դրանք ինչ կենդանիներ են, բայց կարելի է ենթադրել, որ մահմեդական երկիր, ամենայն հավանակությամբ, ոչխարներ կառաքվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter