HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԼՀԿ-ի աշխատողներ, նիսյա չուզեք»,- պահանջում են Ախթալայի մթերային խանութների սեփականատերերը

Հանքարդյունաբերող Մաքսիմ Հակոբյանի «Մասկո Մայն» ընկերությանը պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Մարտուն Հակոբյանը տևական ժամանակ է հրաժարվում է լեռնահարստացման կոմբինատի աշխատողներին, Ախթալայի բնակչությանը և լրատվամիջոցներին միջազգային շուկայում պղնձի գների անկման հետևանքով ԼՀԿ-ում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն հաղորդելուց: 

Մարտուն Հակոբյանի քարտուղարուհուց այսօր տեղեկացանք, որ ԼՀԿ-ն մամուլի պատասխանատու չունի: Փաստորեն ընկերությունից որևէ տեղեկատվություն կարող ենք ստանալ միայն տնօրեն Մարտուն Հակոբյանից, իսկ վերջինս համառորեն հրաժարվում է ընդունել կամ հեռախոսով խոսել մեզ հետ: Քանի որ ԼՀԿ-ն մասնավոր ձեռնարկություն է, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը այսօր մեզ խորհուդ տվեց ԼՀԿ-ից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել դատարան:

«Դա նորություն չէ, որ ԼՀԿ-ի տնօրինությունը աշխատանքի թափանցիկություն չի ապահովում: Ես իմ հանդիպումների ժամանակ ընկերության տնօրենին մի քանի անգամ հայտնել եմ, որ մարդիկ տեղեկացված չեն: Մարդը եթե ինֆորմացիայի պակաս ունի, ամեն ինչ մտածում է: Պարոն Հակոբյանը պետք է աշխատողներին ներկայացնի ԼՀԿ-ում տիրող իրավիճակը, այդ թվում նաև, թե ինչ է սպասվում ԼՀԿ-ին: Ընկերությունում չկարգավորված խնդիրներ կան: Հանքում աշխատող հանքագործի աշխատավարձը էականորեն պետք է տարբերվի այլ ոլորտի աշխատողների աշխատավարձից, սակայն չի տարբերվում: Այս մասին նույնպես Մ. Հակոբյանը բացատրություն չի տալիս հանքափորներին»,- ասում է քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Քաղաքապետի ասելով՝ 700 աշխատողներից այս պահին ԼՀԿ-ում աշխատում է 435 մարդ, 265 մարդ կրճատվել է. «Ես մտածում եմ, որ էսպես շարունակվի, կամ Աստված չանի հիմնարկը փակվի, սոցիալական աղետ է սպասվում Ախթալայում, որովհետև Ախթալան ստեղծվել է հանքերի շուրջ: Փակվելու մասին առայժմ խոսակցություն չկա, բայց մարդիկ լսել են, որ Արմանիսում «Սագամար» ՓԲԸ-ն փակվեց, և անհանգիստ են: Ախթալայում բնակչությունը շատ հուսալքված է»,- բացատրեց Հ. Խաչիկյանը:

ԼՀԿ-ի տնօրինությունը արդեն երրորդ ամիսն է՝ չի վճարում իր աշխատողների աշխատավարձը: Ընկերության աշխատողները իրենց ընտանիքներին կերակրելու համար այդ ամիսներին պարտքով սնունդ են վերցրել Ախթալայի մթերային խանութներից: Աշխատողների պարտքերը կուտակվել են խանութներում՝ խուճապ ստեղծելով տերերի մոտ: Հունվարի 22-25-ը Ախթալայում տիրում էր պայթունավտանգ իրավիճակ: ԼՀԿ-ի աշխատողների՝ սննդի մեծ պարտքերի պատճառով փակվել էին քաղաքի Սարահարթ թաղամասի «Վալերիկ Բեժանյան», «Ռուզան Խաչիկյան» Բարիտ թաղամասի «Ռուդիկ Փարսադանյան» ԱՁ-ների մթերային խանութները:

Վ. Բեժանյանի խանութը տեղավորված է Ախթալայի Աբովյան 21 շենքի առաջին հարկում: «Սարահարթ թաղամասի բոլոր խանութները փակ են եղել: Միայն Գագիկ Մամաջանյանի խանութն է աշխատել: Չենք կարողանում աշխատել: Շատ-շատ են մեր պարտքերը: Ոսկի եմ դրել լոմբարդում, փող եմ վերցրել, որ էս մի քանի օրն էլ յոլա գնանք, մինչև թոշակը տան: Իմ պարտքատերերը հիմնականում աշխատում են լեռնահարստացման ֆաբրիկայում և հանքում: Հիմնարկի աշխատողներին աշխատավարձ չեն վճարում, նրանք էլ արդեն 2 ամիս է մեզ իրենց պարտքերը չեն վճարում: ԼՀԿ-ի շուրջ 300 աշխատողներ են իմ խանութին պարտք: Էլ գումար չունեմ, վսյո, կարող է ես մի շաբաթ հետո փակեմ խանութը, գնամ Ռուսաստան: Բացարձակ եկամուտ չեմ ստանում: Օրվա հացի եկամուտ եմ ստանում, 22 տարի է, սեղանիկից եմ սկսել, տնակ եմ դրել առևտուր արել, հետո էս փոքր տարածքը տվեցին, աշխատեցի»,- պատմեց անհատ ձեռներեց Վալերի Բեժանյանը, ով անհաջողությունից գրեթե արտասվում էր:

Նրա խանութից սննդամթերքի գնումների պայուսակը ձեռքին դուրս եկող Լաուրա Ռամազյանն ասաց, որ խանութին 50 հազար դրամից ավելի սննդի պարտք ունի: «Բա մենք ինչ անենք: Հա, Վալերիկը մեզ հետ պայմանագիր չունի նիսյա սննդամթերք տալու: Մենք նեղանում ենք պետությունից: Երեք երեխաս չեն աշխատում, ամուսինս չի աշխատում, ես չեմ աշխատում, ինչ անենք: Էս պահին ուրիշից 1000 դրամ է պարտք եմ վերցրել, որ խանութից սնունդ առնեմ: Ամուսինս երկար տարիներ ԼՀԿ-ի գլխավոր տեխնոլոգն է եղել: Եկան, ասին մենք մասնագետ ունենք, քո աշխատանքը մեզ պետք չի: Աշխատանքից ազատվելուց երկրորդ ամսում ինսուլտ ստացավ: Հիմա ամուսնուս 50 հազար դրամ թոշակով ենք ապրում, հետն էլ Երևանում ուսանող տղայիս եմ պահում: Ի՞նչ անենք, ասեք»,- ասաց Ռուզաննան:

«Ժողովուրդը փող չի ստանում, ստպված մեզանից նիսյա ուտելիք են տանում: Երեք օր խանութը փակեցի: Մենք էլ առաքիչներից ենք ապրանքը նիսյա վերցնում, բաժանում: Գոնե չգիտենք՝ պարտքը երբ կտան: Մեզանից սնունդը մենակ տանում են: Ես էլ ուժ չունեմ, ինքա՞ն կարամ պարտքով ապրանք վերցնեմ, անվճարունակ բնակչությանը բաժանեմ: Իմ մոտ բնակչության պարտքը 5-6 մլն դրամ է, եթե ոչ ավել: Դրա համար էլ գրել, պատին փակցել եմ՝ նիսյա չկա: Բա ի՞նչ անեմ: Այսօր բնակիչների լույսերն էլ են անջատում: Գոնե ԼՀԿ-ի ղեկավարությունից մի մարդ գա, տենա ինչ է կատարվում»,- հայտնեց անհատ ձեռներեց Ռուզաննա Խաչիկյանը:

Անհատ ձեռներեց Ռուդիկ Փարսադանյանն էլ իր խանութի տեսանելի տեղում փակցրել էր «ԼՀԿ-ի աշխատողներ նիսյա չուզեք» հայտարարությունը: «Մեր Բարիտ թաղամասում ինչքան ԼՀԿ-ի աշխատողներ կան, իմ խանութին պարտք են: Ամիս-ամիս նրանք պարտքով սնունդ են վերցրել, աշխատավարձի ստանալուց հետո բերել են տվել, էլի պարտքով ուտելիք տարել: Էսօրվա դրությամբ առևտրիս 60-70 տոկոսը նիսյա է գնում»,- դժգոհեց Ռուդիկը: Մեր այցելության պահին Ռուդիկի խանութում գնորդներ չկային: « Փող չունի ժողովուրդը, գան ի՞նչ անեն: Մարդիկ մտածում են՝ գան նիսյայի վրա նիսյա ավելացնեն, բա հետո որտեղի՞ց պետք է վճարեն: Իմ մոտ առևտուրը աշխուժանում է այն ժամանակ, երբ ԼՀԿ-ում աշխատավարձ են վճարում: Դա տևում է մի քանի օր»,- բացատրեց Ռուդիկը:

Վաճառողուհի Անահիտն էլ մեզ բացատրեց, որ իրենց խանութը անցած 3 օրերին աշխատել է սովորական ռեժիմով: «Ընդհանրապես բնակիչները մենակ հաց են տանում: Կառավարությունը շատ լավ գիտի, թե հայ ժողովուրդը ինչպես է ապրում, էնպես չի, որ միայն Ախթալայում են վատ ապրում: Արդեն 2-3 ամիս է մեզ էլ պարտքեր չեն վճարում: Մարդ կա՝ Ռուսաստանից եկել է, փողը արժեզրկվել է, նա էլ ի վիճակի չի իր պարտքերը մարելու: Մարդ կա՝ պարտքի պատճառով Ախթալայից փախել է: Ոչ թոշակառուն է էսօր կարողանում լավ ապրել, ոչ նպաստառուն, ոչ այն մարդը, որ մտնում է հանք ու դուրս գալիս»,- ասաց Անահիտը:

«Էսօր էլ եմ առավոտյան ԼՀԿ-ի հաշվապահի հետ խոսել, էնպես չի, որ իրենք հուսակտրում են ամբողջությամբ: Իրենք ասում են՝ մենք փողի ենք սպասում, որպեսզի աշխատավարձի պարտքերը վճարենք»,- հայտնեց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Իր աշխատասենյակի պատերից դուրս Ախթալայի սոցիալական աղետալի վիճակից անտեղյակ Մարտուն Հակոբյանը շարունակում է լռել իրեն վստահված ԼՀԿ-ի մասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter