HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

80-ամյա կինն իրեն համարում է վաշխառության զոհ

80-ամյա Քնարիկ Մուրադյանը պարտքով գումար վերցնելու, դատարանում հայտնվելու և տունը կորցնելու վտանգի մասին պատմելիս անընդհատ արտասվում էր և ընդհատում խոսքը: 2011թ-ին տիկին Քնարիկի մորաքրոջ թոռան Ֆրանսիայում անհապաղ բուժում ստանալու համար անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար: Հեռուստացույցի վազող տողով հայտարարություն են տեսել, որ «Շերլի-Ռութ» ՍՊԸ-ն գրավով վարկեր է տրամադրում: Զանգահարել են հայտարարությունում նշված համարով, հանդիպել «Շերլի-Ռութ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուզաննա Ադամյանին: Վերջինս նրանց ծանոթացրել է Մուշեղ Վարթաբեդյանի հետ, ով տիկին Քնարիկին և նրա քրոջը՝ Լուսիկ Մուրադյանին պատկանող 1 սենյականոց բնակարանի գրավադրման դիմաց պետք է տրամադրեր նախատեսված գումարը:

«Պայմանագրով տրամադրել են 8000, իսկ իրականում՝ 4100 ԱՄՆ դոլար»,-Քնարիկ Մուրադյան

Կենտրոն նոտարական գրասենյակում նոտար Նունե Սարգսյանի վավերացմամբ 25.02.2011թ.-ին կնքվել է փոխառության պայմանագիր, ըստ որի Մուրադյանները գրավադրել են իրենց պատկանող 1 սենյականոց բնակարանը՝ առանց տոկոսի տրամադրվող 2 մլն 925 հազար 680 դրամի դիմաց (այդ պահի փոխարժեքով՝ 8000 ԱՄՆ դոլար): Պայմանագրում նշված գումարի չափը, սակայն, Քնարիկ Մուրադյանը պնդում է, որ չի ստացել: Նա ներքին համաձայնության է եկել Ռուզաննա Ադամյանի և Մուշեղ Վարթաբեդյանի հետ, որ իրեն կտան 5000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած 3000 ԱՄՆ դոլարը կհաշվեն որպես տոկոս՝ 6 ամսվա կտրվածքով՝ ամսական 10 տոկոս հաշվարկով: Ըստ պայմանագրի՝ գումարի մարման ժամկետը 2011թ-ի օգոստոսի 25-ն է եղել:

 

Քնարիկ Մուրադյանը նշում է, որ ստիպված է եղել ստորագրել կեղծ փաստերով կազմված պայմանագրի տակ, քանի որ մորաքրոջ թոռնուհու անհապաղ բուժման անհրաժեշտությունը ճնշել է իրեն, երիտասարդ աղջկա առողջությունն ավելի կարևոր է համարել: Պայմանագիրը ստորագրելուց հետո Ռուզաննա Ադամյանը Քնարիկին հրավիրել է «Շերլի-Ռութ» ՍՊԸ-ի գրասենյակ՝ գումարը ստանալու:

«5000 դոլարը բզկտեցին իրար մեջ, վերջում մեզ տվեցին 4100 ԱՄՆ դոլար: Մուշեղ Վարթաբեդյանը գումարը տվեց Ռուզաննա Ադամյանին, նա էլ հաշվեց, 4100 դոլար տվեց մեզ, իսկ 900-ը վերցրեց իրեն: Դեռ ավելին՝ այնքան թրծված են այդ հանցավոր գործի մեջ, որ Մուշեղը Ռուզաննային հուշում էր, թե բա քո ծառայության դիմաց փողը չես վերցնո՞ւմ: 15 հազար դրամ էլ վերցրին՝ ծառայության համար»,- պատմում է Քնարիկ Մուրադյանը:

Տոկոսավճարի հանձնման-ընդունման ակտ է կազմվել անտոկոս տրամադրված գումարի համար

Գումարը տրամադրելուց անմիջապես հետո կողմերի միջև կազմվել է փոխառության պայմանագրով սահմանված ամենամսյա տոկոսավճարի հանձնման-ընդունման մասին ակտ: Այդ փաստաթղթում հստակ նշված է, որ կողմերը կազմել են ակտն այն մասին, որ Մուրադյանները հանձնել, իսկ Վարթաբեդյանը ստացել է 250 ԱՄՆ դոլար՝ որպես ամենամսյա տոկոսավճար:

Ակտին կցված է նաև Մուշեղ Վարթաբեդյանի գրավոր ստացականը, որում նշված է ամեն ամսվա 24-ը՝ 14 ամիսների կտրվածքով: Ակտը կազմվել է միայն փետրվար ամսվա համար, իսկ մարտից սկսած ուղղակի նշված են ամսաթվերը, որոնցից մեկի կողքին Մուշեղ Վարթաբեդյանը ստորագրել է:

Քնարիկ Մուրադյանը հայտնում է, որ իրենք 2011թ.-ի փետրվարից մինչ 2012թ.-ի մարտը Մուշեղ Վարթաբեդյանին ամսական վճարել են 250 ԱՄՆ դոլար՝ որպես տոկոս. «14 ամիս շարունակ մենք պարտաճանաչ աշակերտի նման տարել, ամիսը 250 դոլար մուծել ենք Մուշեղ Վարթաբեդյանին: Ընդհանուր առմամբ մենք նրան վճարել ենք 3500 ԱՄՆ դոլար: Եւ այնքան խորամանկ էր այդ մարդը, որ ամեն անգամ տարբեր տեղեր էր պայմանավորվում՝ գումարը փոխանցելու համար. տարբեր փողոցներում: Այդ պատճառով չենք էլ հետևել, որ ամեն անգամ ստորագրի ամսաթվի կողքին»,- ասում է Քնարիկ Մուրադյանը:

14-րդ ամսում՝ 2012թ.-ի ապրիլին, Վարթաբեդյանը հրաժարվել է ամսական վճարվող 250 ԱՄՆ դոլարից և պահանջել մայր գումարն ամբողջությամբ: Ավելին՝ դատարանի միջոցով Մուշեղ Վարթաբեդյանը  պահանջել է Քնարիկ և Լուսիկ Մուրադյաններից հօգուտ իրեն բռնագանձել 2 մլն 925 հազար 680 դրամը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած 26.08.2011թ-ից մինչ պարտավորության փաստացի դադարման օրը:

 

Մուրադյանները դատարանում հայցվոր Վարթաբեդյանին առաջարկել են վճարել ևս 1500 ԱՄՆ դոլար, և պարտավորությունը համարեն ավարտված, ինչին վերջինս չի համաձայնել:

Վարթաբեդյանը սկզբում հերքել, հետո հաստատել է Մուրադյաններից գումար ստանալը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության ժամանակ Քնարիկ Մուրադյանը նշել է, որ իրենք 14 ամիս շարունակ ամսական 250 ԱՄՆ դոլար են վճարել Վարթաբեդյանին՝ որպես տոկոսավճար: Մուշեղ Վարթաբեդյանը կտրականապես հերքել է այդ փաստը՝ նշելով, թե ինքը որևէ գումար չի ստացել Մուրադյաններից:

Քնարիկ Մուրադյանը դատարանին է ներկայացրել տոկոսավճարի հանձնման-ընդունման մասին ակտը, որից հետո միայն Մուշեղ Վարթաբեդյանը միջնորդությամբ հաստատել է գումար ստանալու փաստը: Վերջինս, սակայն, միջնորդության մեջ նշել է, թե Մուրադյաններն իրեն ընդամենը 500 ԱՄՆ դոլար են փոխանցել, այն էլ որպես փոխառությամբ ստացած պարտքի գումարի մարում, այլ ոչ տոկոսավճար:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը վճիռը կայացնելիս հիմք է ընդունել Վարթաբեդյանի միջնորդությունն այն դեպքում, երբ փաստաթղթում հստակ նշված է տոկոսավճարի հանձնման-ընդունման ակտ, այլ ոչ թե մայր գումարի մարման ակտ:

Այսպիսով՝ դատարանը բավարարել է Մուշեղ Վարթաբեդյանի հայցը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արդեն երկրորդ անգամ է բեկանում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկում նոր քննության: Այժմ գործը կրկին առաջին ատյանի դատարանում է՝ նոր քննության փուլում:

Մուշեղ Վարդապետյանը գումար բռնագանձելու պահանջով առաջին անգամ չէ, որ դատարանում է

Լուսանկարը՝ Մուշեղ Վարթաբեդյանի ֆեյսբուքյան էջից

Մուշեղ Կիրակուսի Վարթաբեդյանը սիրիահայ է, 2003թ.-ին տեղափոխվել է Հայաստան, ՀՀ քաղաքացի է: Ըստ Դատական տեղեկատվական համակարգի էջի՝ Մուրադյանները միակը չեն, որ ֆինանսական վեճ են ունեցել Վարթաբեդյանի հետ: Մեկ այլ գործով Մուշեղ Վարթաբեդյանը 28.03.2013թ. հայց է ներկայացրել ընդդեմ Թորոս Սեմիրզյանի, Լուսինե Ադյանի, Հռիփսիմե Ղասաբյանի, Սիրվարդ Մելքոնյանի՝ 21.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, ինչպես նաև նշված գումարին 2010 թվականի նեյոմբերի 27-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը հաշվեգրել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ: Հետագայում, սակայն, Վարթաբեդյանը հրաժարվել է հայցից:

Ընկերությունների պետական ռեգիստրում Մուշեղ Վարթաբեդյանի անունով գրանցված են «ԷՄ.ՎԻ.ԱՐ.» ՍՊԸ-ն և երկու Ա/Ձ, որոնցից մեկը հաշվառումից հանված է: «Հետքը» կապվել էր Վարթաբեդյանի փաստաբան Վահե Մնացականյանի հետ, ով ասաց, որ Մուշեղ Վարթաբեդյանը մի քանի օր ժամանակ է խնդրում՝ մտածելու, թե արդյոք ցանկանում է մեկնաբանություն տալ: Պայմանավորված օրը փաստաբան Վահե Մնացականյանը հայտնեց, որ Վարթաբեդյանը ցանկանում է խոսել, բայց փաստաբանի ներկայությամբ, իսկ փաստաբանները նիստի են և չեն կարող հանդիպում կազմակերպել:

Հաղորդում հանցագործության մասին

Քնարիկ Մուրադյանը դիմել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ հաղորդելով վաշխառության մասին: 80-ամյա կինը հույս ունի, որ Հայաստանի իրավական համակարգը կարող է քննությամբ ապացուցել վաշխառության փաստը: Հակառակ դեպքում, 1 սենյականոց բնակարանից զրկվելով, ինքը, անկողնային հիվանդ քույրը, մորաքույրը, մորաքրոջ որդին և մորաքրոջ թոռը կհայտնվեն փողոցում:

«Ես չգիտեմ մեր գործն ինչ կլինի, բայց ուզում եմ բոլորն իմանան այդ հանցավոր գործարքի մասին, որ չխաբվեն այդ մարդուն: Չգիտեմ, թե քանի-քանի հոգու են նման կերպ խաբել»,- ասում է տիկին Քնարիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter