HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավետիսյանների բարեկամուհին դատարանում պնդում էր, որ միայն մի հատ «գմփոց» է լսել

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական արտագնա նիստը՝ տուժողների իրավահաջորդների հարցաքննությամբ:

Սպանված Սերյոժա Ավետիսյանի դուստրը՝ Լուսինե Ավետիսյանը, պատճառաբանելով վատ ինքնազգացողությունը, խնդրեց հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Նույն միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Լուսինե Ավետիսյանի փաստաբանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ մեղադրողը հրապարակեց տուժողի իրավահաջորդի նախաքննական երեք ցուցմունքները:

Իր ցուցմունքներում Լուսինեն նշել է, որ ամուսնացած է եւ ապրում է Երեւանում: Քույրերից Անահիտը եւս ամուսնացած է, բնակվում է Շիրակի մարզի Ողջի գյուղում, մյուս քույրը՝ Աիդան, ամուսնացած չի եղել: Եղբայրը՝ Արմենը, ամուսնացել է 2012-ին, հարսը՝ Արաքսյան, Լոռու մարզից է: Հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը, 1990-ականներից զբաղվել է արտագնա աշխատանքով, մայրը՝ Հասմիկ Ավետիսյանը, մի որոշ ժամանակ շուկայում միրգ է վաճառել, քույրն աշխատել է ծաղկի խանութում որպես ձեւավորող, հարսը չի աշխատել՝ խնամել է երկու մանկահասակ երեխաներին, եղբայրը որեւէ կայուն աշխատանք չի ունեցել, ռադիոտեխնիկա է նորոգել, նաեւ` բջջային հեռախոսներ, դեպքից մեկ ամիս առաջ երեք ամսով գտնվել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի:

Մոր հետ Լուսինեն խոսել է դեպքից մեկ օր առաջ՝ հունվարի 11-ի երեկոյան: Հաջորդ օրը առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում կրկին զանգահարել է մորը, սակայն հեռախոսահամարն անհասանելի է եղել: Այնուհետեւ զանգահարել է եղբորը, որը չի պատասխանել: Փորձել է կապվել տան մյուս անդամների հետ՝ ապարդյուն: Անհանգստացել է, զանգահարել է մորաքրոջ տղային եւ խնդրել, որ գնա իրենց տուն ու տեղեկություններ ճշտի ընտանիքի անդամներից: Զարմիկը պատասխանել է, որ ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա: Ճշմարտությունը Լուսինեն իմացել է միայն, երբ ամուսնու հետ Երեւանից մեկնել է Ողջի գյուղ:

Լուսինեի ամուսինը` Եգոր Ադամյանը, եւս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց՝ խնդրելով հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Եգոր Ադամյանը Ավետիսյանների սպանության լուրը լսել էր կնոջ քրոջ ամուսնուց: Դատարանում հրապարակվեցին նաեւ տուժողների մյուս իրավահաջորդի՝ Անահիտ Կոշտոյանի ցուցմունքները: Անահիտը նույնպես, ինչպես եւ քույրը, հարազատների սպանության մասին լուրն իմացել էր միայն դեպքից ժամեր անց՝ ամուսնուց:

Դատարանում բավական բուռն ընթացավ վկա Կարինե Ավետիսյանի հարցաքննությունը: Վերջինս Սերյոժա Ավետիսյանի եղբոր աղջիկն է եւ բնակվել է նույն բակում: Կարինեն նշեց, որ չնայած իր եւ հորեղբոր բնակարանները բաժանված են մի հաստ պատով, սակայն մարդկային աղմուկ, կրակահերթի ձայներ չի լսել, իր լսածն ընդամենը մի «գմփոց» է եղել:

«Մտածեցի, թե երկրաշարժ է, լույսը վառեցի, նայեցի ժամացույցին, ժամը 06:20 էր, շալը գցեցի վրես դուրս եկա, բայց քանի որ դուրսը շատ մութ էր, առաջ չգնացի: Երեւի մի րոպեի չափ կանգնել եմ, հետո մտել եմ տուն ու քնել եմ: Առավոտը 8:40-ին տնից դուրս եմ եկել, օր էրթամ գործի»,-հայտնեց վկան: Կարինեն բակով անցնելով` որեւէ արտառոց բան չի նկատել, բակի դարպասների մոտ նկատել է տղամարդու թաշկինակ, կիսաբաց դուռը եւս Կարինեին չի անհանգստացրել, վկայի ասելով` մեկ-մեկ պատահում է, որ բակի դուռը չեն կողպում: Չեն փակել նաեւ Ամանորի տոնական օրերին, իսկ ընդհանրապես ով վերջինն է եկել, նա էլ կողպել է ընդհանուր բակի դարպասը:

Կարինեն բակից դուրս գալիս դուռը փակել է: Փողոցում հանդիպել է հարեւաններից Սերգեյ Ուլյանովին, հարցրել` արդյո՞ք զգացել է երկրաշարժի ցնցումները եւ ստացել բացասական պատասխան: Աշխատանքի վայրում Կարինեն կրկին անդրադարձել է իրեն արթնացրած ուժեղ ձայնին եւ փորձել գործընկերներից պարզել` ի վերջո, եղե՞լ է երկրաշարժ, թե իրեն պարզապես թվացել է: Կեսօրին զանգահարել է քույրը եւ տեղեկացրել, որ հորեղբոր ընտանիքի բոլոր անդամներին գիշերը սպանել են:

Փաստաբաններից Լուսինե Սահակյանին հետաքրքրեց` արդյո՞ք վկան բացի իրեն արթնացրած ուժեղ ձայնից այլ ձայներ չի լսել՝ ասենք` երեխայի ձայն: Վկա Կարինե Ավետիսյանը նկատեց, որ այն պահին, երբ ուզեցել է տուն մտնել, մի պահ երեխայի լացի ձայն է լսել, որը չի կրկնվել: «Դուք չանհանգստացա՞ք, չուզեցի՞ք իմանալ, թե ինչ է կատարվում հարեւան տանը, ինչու՞ չարթնացրեցիք Ավետիսյաններին»,-հետաքրքրվեց Լուսինե Սահակյանը: «Դե երեխա էր, լացեց, անցավ, հո չէի էրթա մարդկանց զարթնցնե, թե երեխեն ինչի գուլա,-պարզաբանեց վկան,-համ էլ դուրսը շատ մութ էր, ես շատ կվախենամ, ընբես մութ էր, օր հնարավոր չէր առաջ էրթալ: Ես դառե նորից տուն եմ մտել ու քնել եմ, որովհետեւ առավոտը գործի էի»:

Փաստաբանին տարօրինակ թվաց, որ ժամանակին երկրաշարժ տեսած, իսկ այդ պահին էլ երկրաշարժից անհանգստացած անձը չի շտապել ապահովության նպատակով արթնացնել հարազատներին: Պատճառաբանությունը, թե դրսում ոչ մի լույս չէր վառվում, ըստ փաստաբանի` չէր համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ քրեական գործի, բակը լուսավորված է եղել տոնածառի փոքրիկ լույսերով:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը հետաքրքրվեց վկայից, թե ոչ մի անսովոր բան չի՞ նկատել, երբ անցել է Ավետիսյանների դռան մոտով: Վկան նկատեց, թե կախված լվացքը թույլ չի տվել որեւէ բան տեսնել: Իրավապաշտպանը փորձեց ճշտել, թե ինչ բարձրության վրա է եղել կախված լվացքը եւ որքանով է խանգարել տեսադաշտին: Բանն այն է, որ Ավետիսյանների մուտքի դռան պատուհանը կոտրած է եղել եւ կողքից անցնողի համար դժվար կլիներ դա չնկատել: Բացի այդ, լվացքի պարանին կախված էին երեխայի հագուստներ, որոնք դժվար թե կարողանային ծածկել դուռն այնպես, որ ոչ մի բան չերեւար:

Վկան մի պահ բորբոքվեց եւ հայտարարեց, թե ինքն անմարդկային չէ, եթե մի բան լսած կամ նկատած լիներ, չէր թողնի ու հանգիստ սրտով գնար աշխատանքի: Պատասխանելով դատավորի հարցին` վկան ասաց, որ իրենց բակում երբեք ջրի ծորակ չի եղել, ինքնահոս ջուր չի եղել նաեւ բնակարանում: Ջուրը թե ինքը, թե Ավետիսյանները ստացել են պոմպի միջոցով: Կարինեն պնդեց, որ դեպքի օրը տուն է վերադարձել ժամը 15-ի սահմաններում, բակում տեսել է հորեղբոր կնոջը պատուհան սրբելիս, մի քիչ զրուցել են, եւ ինքը մտել է իր տուն: Հարցաքննության ընթացքում վկան մի քանի անգամ շեշտեց, որ ինքը շատ վախեցած է եւ արդեն մեկ տարի է սեփական տանը չի բնակվում:

Այնուհետեւ հարցաքննվեց վկա Ռուզաննա Հակոբյանը: Վերջինս աշխատում է թաղում գործող խանութում, որը գտնվում է Մյասնիկյան 184 հասցեում: Հունվարի 12-ին, ժամը 10-ին սովորականի նման բացել է խանութը: Թաղում որեւէ իրարանցում, անսովոր բան չի նկատել: Խանութը բացելուց մեկ ու կես ժամ հետո եկել է Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, շատ հուզված վիճակում, խնդրել է իրեն զանգահարել շտապօգնություն եւ հայտնել, որ քրոջ ընտանիքը գազից խեղդվել է:

Նկատենք, որ Ավետիսյանների բնակարանում կատարված սպանդին առաջինը ականատես է եղել Հասմիկ Ավետիսյանի քույրը, ով առավոտյան սովորության համաձայն գնացել էր սուրճ խմելու: Ռիտա Պետրոսյանն Ավետիսյաններին հայտնաբերել է սեփական անկողիններում եւ առաջին պահին մտածել է, թե ընտանիքով թունավորվել են գազից: Նախորդ նիստին հարցաքննված Ռիտա Պետրոսյանը նշել էր, որ առաջին վայրկյաններին ոչ արյուն է տեսել, ոչ էլ հատակին ընկած պարկուճները:

Ռուզաննա Հակոբյանը զանգահարել է Գյումրու շտապօգնության կայան եւ խնդրել բրիգադ ուղարկել, ասել է, որ 188 հասցեում բնակվող Ավետիսյանները թունավորվել են գազից: Վկայի հիշելով` առաջինը դեպքի վայր եկել է շտապօգնությունը, այնուհետեւ որոշ ժամանակ անց հայտնվել են ոստիկանները:

Գյումրու շտապօգնության կայանի աշխատակցուհի, բուժքույր Գայանե Մելիքյանը հարցաքննվող հաջորդ վկան էր: Նա պատմեց, որ կեսօրին կանչ է գրանցվել, որ Մյասնիկյան փողոցում գազից թունավորում է եղել: Կանչը գրանցվելուց հետո իրենց բրիգադը մեկնել է դեպքի վայր: Դիմավորող չի եղել, ըստ ունեցած հասցեի` փորձել են ինքնուրույն գտնել դեպքի վայրը: Վկան բաց դարպասից ներս է մտել, մոտենալով տանը՝ տեսել է, որ դուռը բաց է: Տան սենյակներում մութ է եղել, եւ վկան գործի է դրել ձեռքի տակ եղած լապտերը: Առաջին իսկ սենյակում անկողնում պառկած մի կնոջ է հայտնաբերել՝ այտին արյան հետքեր, անմիջապես անցել է հաջորդ սենյակ, որտեղ հայտնաբերել է անկողնում պառկած տղամարդու եւ կնոջ՝ նույնպես արյան հետքերով: Երրորդ սենյակում անկողնու կողքին տեսել է հատակին ընկած տղամարդու՝ գլխին հրազենի վերքով:

Անկողնում պառկած կինը եւս անշարժ է եղել: Վկան հետ է տարել վերմակն ու հայտնաբերել փոքրիկ Սերյոժային, որին սկզբում մահացած է կարծել, շապիկը վեր բարձրացած է եղել ու բուժքույրը տեսել է մարմնի վրա բացված վերքերը: «Մեկ էլ զգացի, որ երեխան շնչում է, անմիջապես զանգել եմ ոստիկանություն, ասել եմ, թե ինչ է կատարվել ու հայտնել եմ, որ երեխային տանում ենք մանկական հիվանդանոց, հետո փաթաթել եմ փոքրիկին ու դուրս եմ եկել»,-հայտնեց վկան:

Այսօր կայացած նիստի ընթացքում հարցաքննվեցին նաեւ շտապօգնության վարորդ Վարդան Պետրոսյանն ու Ավետիսյանների կրտսեր դստեր ամուսինը՝ Արթուր Կոշտոյանը: Դատակոչված վկաների թվում էր նաեւ Անդրեյ Նիկիշինը՝ ամբաստանյալ Վալերի Պերմյակովի վաշտի հրամանատարը, ով չէր ներկայացել դատական նիստին: Դատավոր Հարություն Մովսեսյանը հայտնեց, որ մինչեւ դատական նիստը սկսելը դատարանը գրություն է ստացել, որով պարզաբանվում է Նիկիշինի եւ մի քանի այլ ծառայողների զորամասից բացակայությունը: Դատարանում հրապարակված գրության բովանդակությունից պարզ է դառնում, որ վերջիններս դեռ 2015թ. ապրիլ-մայիս ամիսներին հանվել են զորամասի անձնակազմի ցուցակից:

Դատարանը քննեց վկա Արտյոմ Դանչինին, ով այդ ժամանակահատվածում ժամանակավոր զբաղեցրել է գումարտակի հրամանատարի պաշտոնը: Դանչինը պատմեց, որ Գյումրիում տեղակայված ռազմաբազայում ծառայելու նպատակով հիմնականում ընտրվել են Չիտայում գտնվող ուսումնական զորամասերում ծառայողները, այդ թվում եւ Պերմյակովը:

Ըստ Դանչինի` Հայաստան ծառայության տեղափոխվող զինվորականները պետք է համապատասխանեն մի քանի չափորոշիչների, պետք է ունենան 1-ին եւ 2-րդ կարգի հոգեբանական կայունություն, բժշկի կողմից հաստատված փաստաթուղթ, որ ոչ իրենք, ոչ իրենց հարազատներից որեւէ մեկը հաշվառված չեն նարկոդիսպանսերում եւ հոգեբուժարանում, փաստաթուղթ այն մասին, որ որեւէ անգամ չեն ենթարկվել քրեական պատասխանատվության, չունեն դատվածություն, ոստիկանություն բերման չեն ենթարկվել:

Ամբաստանյալի նկարագրի հետ կապված` վկան բացասական բան չասաց, նկատեց, որ որեւէ արտառոց արարքով աչքի չի ընկել, դժգոհություններ եւ բողոքներ չեն եղել: Դեպքի գիշերը Պերմյակովը հերթապահել է: Գիշերը ժամը 3:30-ի սահմաններում վկային զեկուցել են, որ հերթապահը լքել է տարածքը: Պերմյակովին նախ փնտրել են ռազմաբազայի տարածքում, հետո ձյան վրա հետքեր են նկատել, որոնք դուրս են տարել բազայից: Վկա Անդրեյ Դանչինը նշեց, որ Պերմյակովին փորձել են գտնել շների օգնությամբ, հասել են մինչեւ Բուլվարային թաղամասում գտնվող ռեստորանի տարածք: Այն, որ Գյումրիում նման դեպք է տեղի ունեցել ու կասկածվողն էլ հենց Վալերի Պերմյակովն է, Դանչինն իմացել է կեսօրին: Երեկոյան իրեն հայտնել են, որ դադարեցնի փնտրտուքները, քանի որ դրանով զբաղվում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter