HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանը խոշտանգում է որակում պաշտպանյալի վիճակը. նա դիմել է ՄԻԵԴ

Հիվանդ կալանավոր. «Չեմ ապրի մինչև մարտի երեքը»

 «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Տիգրան Հարությունյանին ուղեկցող ոստիկանները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի դահլիճ բարձրացրեցին մեծ դժվարությամբ հենասայլակով:

Նա շուրջ մեկ տարի գտնվում է կալանքի տակ, չնայած ունի մի շարք ծանր հիվանդություններ, որոնց մասին «Հետքը» գրել է «Ահազանգում է փաստաբանը. «Մարդու հետ գործ ունենք, նույնիսկ կենդանու հետ այդպես չեն վարվում» հոդվածում: Ըստ բժշկական փաստաթղթերի, նա ունի տուբերկուլոզ, շաքարային դիաբետ, օրական  ընդունում է 65 միավոր ինսուլին պարունակող դեղամիջոց Լանտուս տեսակի, ունի սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիա, Ֆլեգմոնան ճարպաբջջանքի սուր թարախային բորբոքում, Էպիլեպսիա՝ 20 տարեկանից, ուռուցքային գոյացություն կոկորդում:

Մինչ դատական նիստը սկսվելը տեղեկացանք, որ Տիգրան Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է, ու շտապօգնության բրիգադ է կանչվել: Տիգրան Հարությունյանի եղբայրը Իշխան Հարությունյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչու են կես մարդ դարձած եղբորը պահում կալանքի տակ. «11 խցում մենակ ա, գիտեմ, որ սողալով ա զուգարան գնում: Տեսաք, թե ոնց Տիգրանին բարձրացրեցին դահլիճ, 15.000 դրամի համար մարդուն սենց կտանջե՞ն»,-ասաց նա՝ նշելով, որ ամեն անգամ իրենք են շաքարախտի դեղեր հասցնում եղբորը ու անհրաժեշտ իրեր:

49-անյա Տիգրան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել իրացնելու նպատակով անհայտ անձից մարիխուանա ձեռք է բերելու համար, որը, ըստ մեղադրանքի, 15.000 դրամով վաճառել է իր բնակարանի դիմաց: Տիգրան Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում: Փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն պատմել է, որ նախաքննության ժամանակ իրեն 3 օր իրեն ինսուլին չեն տվել, նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: «Ենթադրում եմ, որ նրան պահում են, որ խոստովանի իր չկատարած մեղքը: Կալանքը դիտարկվում է որպես շանտաժի միջոց»,-կարծիք հայտնեց փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը:

Գործով անցնում են ևս երկու մեղադրյալներ, ովքեր, ըստ մեղադրանքի, մարիխուանա են գնել Տիգրան Հարությունյանից: Նրանց նկատմամբ կիրառվել է ստորգրություն չհեռանալու մասին խափանման միջոցը: Երկու երիտասարդները չցանկացան, որպեսզի իրենց անուններն ու լուսանկարները հրապարակվեն:

Այս գործը մտել է դատարան դեռ անցյալ տարվա մայիս ամսից, սակայն, ըստ էության, դատաքննությունը դեռ չի սկսվել, դեռ չի որոշվել դատաքննության կարգը:

Այս անգամ էլ դատական նիստը սկսվեց ու հետաձգվեց: Պատճառն այն էր, որ դատախազ Ա.Դոլինյանը՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից տեղափոխվել էր այլ աշխատանքի: 

Նախագահող  դատավոր Լևոն Ավետիսյանը նիստը հետաձգեց շուրջ մեկ ամսով՝ մինչև մարտի 3-ը: Դա լսելով՝ կալանավորը շշուկով ասաց. «Չեմ ապրի մինչև մարտի երեքը»:

Նիստի հետաձգումից հետո «Հետքը» զրուցեց Տիգրան Հարությունյանի պաշտպան Արմեն Մուխսիկարոյանի հետ: Վերջինը տեղեկացրեց, որ ՄԻ Եվրոպական դատարան է դիմել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով: «Այն, որ Տիգրան Հարությունյանն այսքան ժամանակ գտնվում է խցում միայնակ, առանց մշտական խնամքի ու հսկողության, ինքնին խոշտանգում է: Խափանման միջոցը պետք է անհապաղ փոխվի: Իսկ եթե այդքան շատ են ուզում նրան կալանքի տակ պահել, ուրեմն պետք է ապահովեն մեկ բժիշկ ու մեկ բուժքույր»,- ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ եթե որևէ բան պատահի Տիգրան Հարությունյանին, պատասխանատվությունը կրելու է Հայաստանի Հանրապետւթյունը: 

Մինչ ՄԻԵԴ դիմելը, փաստաբանը միջնորդել է գործով դատախազին, «Նուբարաշեն» ՔԿՀ պետին, առողջապահության նախարարին ու արդարադատության նախարարին, որ բժշկական զննություն արվի, տրվի եզրակացություն, որ Տիգրան Հարությունյանի առողջական վիճակն ու կալանքը անհամատեղելի են: Ըստ փաստաբանի, առողջապահության նախարարությունից նամակը վերահասցեագրվել է ՔԿՎ-ին, նույնը կատարել է նաև դատախազությունը: Փաստաբան Մուխսիկարոյանը պատասխան է ստացել  ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից ու Արդարադատության նախարարությունից: «Թվարկում են հիվանդությունները, վերջում գրում մի նախադասություն, որ Տիգրան Հարությունյանը հրաժարվում է բուժումից և հետազոտություններից»: Փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը վստահեցրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը. «Նա որևէ տեղ չի գրել, չի ստորագրել, որ հրաժարվում է բուժ. զննությունից: Տիգրան Հարությունյանը ոչ թե հրաժարվում է, այլ ընդհակառակը՝ պահանջում է հետազոտություն և բուժում: Իմ պաշտպանյալը պարզապես հրաժարվել է որոշակի դեղերից, որոնք իրեն սուր ցավեր են պատճառում: Պատճառն այն է, որ մի քանի հիվանդություն ունի: Մեկի համար նախատեսված դեղորայքը մյուս հիվանդության համար հակացուցված է»,-պարզաբանեց Արմեն Մուխսիկարոյանը:

Մեկնաբանություններ (1)

Արմեն Մուխսիկարոյան
Տիգրան Հարությունյանը 05.03.2015թ-ից մինչև 18.03.2015թ-ն գտնվել է ստացյոնար բուժման մեջ Աբովյանի ՏԱԿ-ում, թոքախտի համար, հիվանդանոցից դուրս չի եկել և չէր էլ կարող՝ հիվանդանոցը հսկվում է և դուրս գալը բացառվում է, սակայն 11.03.2015թ-ին ըստ մեղադրականի էդգար Զարգարյանին Երևանում Ռուբինյաց փողոցի վրա վաճառել է ապօրինի ապրանք: Ահա ինչու է անհրաժեշտ արագացված արույթով գործը ավարտելը: Այլուրեականությունը քննիչները այլևս չեն ճշտում: Կարևորը խոստովանելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter