HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավագանու առաջիկա նիստերից մեկում կհաստատվի Գյումրու քաղաքաշինական կանոնադրությունը

Գյումրու հասարակական մայթերը դեռեւս 90-ականներից գրաված ժամանակավոր համարվող կառույցների տերերին, պտուղ-բանջարեղենի, հազար ու մի մանրուքի առեւտրով զբաղվողներին վարչական պատասխանատվության ենթարկելու եւ տարածքից հեռացնելու մեխանիզմը տեղական իշխանությունների կողմից դեռ իրագործելի չէ: «Մենք բանաձեւը գիտենք,- ասում է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Ասատրյանը,- սակայն ելնելով քաղաքում տիրող սոցիալական վիճակից՝ առայժմ չենք կարող կիրառել»:

2015թ-ի օգոստոսի 31-ին Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից կազմված հանձնաժողովը վարչական ստուգումներ է իրականացրել Գյումրու քաղաքապետարանում եւ նշել մի շարք բացթողումներ, որոնց վերացման համար սահմանել է 20-օրյա ժամկետ: Հանձնաժողովն արձանագրել  է՝ չի պահպանվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը, համաձայն որի՝ բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն ՀՀ օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

Քաղաքապետարանում տեղյակ են շուկայամերձ հատվածներում, Հաղթանակի փողոցում գտնվող որոշ խանութների դիմացի մայթերին առավոտյան ժամը 10-ից մինչեւ 17-ը իրականացվող չարտոնված բացօթյա առեւտրի մասին, սակայն արդեն 20 տարի արմատացած խնդիրն արմատախիլ անել չեն կարողանում: Երբեմն-երբեմն ոստիկանության միջոցով փորձեր արվում են հատկապես Հաղթանակի փողոցի շուկայամերձ հատվածն ազատել պտուղ-բանջարեղենի վերավաճառողների տիրապետությունից, սակայն դա տեւում է ամենաշատը երկու օր:

«Ոչ թե չենք կարող ադմինիստրատիվ խիստ միջոցներ կիրառել, այլ զուտ սոցիալական բունտ չբարձրացնելու համար չենք գնում կտրուկ քայլերի: Մի տեղից հանում ենք, մեկ էլ տեսնենք մեկ այլ տեղում են կանգնած վաճառում: Օրենքն արգելում է նաեւ խանութների դիմաց ապրանքների ցուցադրությունը՝ լինի դա սննդամթերք, թե տնտեսական ապրանք, բայց դեռեւս չենք կարողանում հասնել նրան, որ խանութի ապրանքը չհանեն լցնեն մայթերին: Մի տեղ արգելում ենք, մի օր չեն հանում, հաջորդ օրը կրկին նույն պատկերն է: Մի քիչ էլ խիստ ես խոսում, նեղվում են, թե ի՞նչ եք ուզում, ուզում եք մենք էլ թողնենք գնա՞նք քաղաքից: Ընդհանուր վիճակը պիտի բարելավվի, որ օրենքի կիրառումն էլ մեր կողմից ագրեսիվություն չդիտվի դիմացինի կողմից: Ասում ենք՝ գիտե՞ս, որ կարող ես վարչական տույժի ենթարկվել, անմիջապես մեզ մեղադրում են անմարդկայնության մեջ»,-ասում է Ռոբերտ Ասատրյանը:

ՏԻՄ պաշտոնյայի փոխանցմամբ, առայժ որոշակի հաջողություների հասել են սգո պարագաների վաճառակետերի կահավորման հարցում: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի  5-րդ մասով սահմանված դրույթների համաձայն՝ սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է վարագուրված լինեն:

Օրենքն արգելում է նաեւ սգո պարագաների օբյեկտից դուրս ցուցադրությունը՝ այդ թվում եւ ծաղկեպսակների: Մգեցված ապակիներ կամ մուգ վարագույրներ պետք է կախված լինեն նաեւ սգո սրահների եւ սգո պարագաների վաճառքի կետերում: Քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժինը պարտավոր է վերահսկել նաեւ այս ոլորտը: Տվյալ օբյեկտների տերերը պատճառաբանում են, որ եթե ծաղկեպսակը դրսում չդնեն, ապա եկամուտ չեն ունենան: Երեք անգամ զգուշացվելուց հետո կարգազանցներին սպառնում է վարչական տույժ՝ սկսած 200 հազար դրամից:

Գյումրու քաղաքապետարանին հանձնարարվել է ՀՀ կառավարության 23.11.2003թ. N1910-Ն որոշմամբ հաստատված «Գերեզմանատների շահագործման ընդհանուր կանոնների» 9-րդ կետի համաձայն համայնքի գործող գերեզմանատների համար սահմանված կարգով կազմել եւ հաստատել գերեզմանատան հողերի օգտագործման հատակագիծը: Համայնքի գերեզմանատների մոտ տեղադրել գերեզմանատան հատակագիծը:

«Գյումրիի առաջին գերեզմանատունը փակ է, երկրորդ գերեզմանատան մասին բազմիցս է բարձրաձայնվել, քանի որ թաղումները կամայակնորեն են կազմակերպվել եւ դուրս են եկել գերեզմանատունը շրջափակող հիմնական պարիսպներից՝ հայտնվելով Գյումրի-Արմավիր մայրուղու եզրին, իսկ Շիրակի գերեզմանատանը երկրաշարժից հետո թաղումները կատարվել են տարերայնորեն եւ որոշակի կարգավորումներ ենք հիմա փորձում կատարել, 2-րդ գերեզմանատանը ջրահեռացման խնդիր ունենք: Պրոբլեմներ, այո՛, կան, աշխատելու ենք քիչ-քիչ կարգավորել, դե հատակագծի հարցն էլ կլուծենք»,-ասում է Ռոբերտ Ասատրյանը:

ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման հետ կապված եւս վարչական վերահսկողություն իրականացնող խմբի կողմից արձանագրվել են թերացումներ: Ռոբերտ Ասատրյանն ասում է, որ ամեն տարի բավական մեծ գումարներ են ծախսվում, այդ նպատակով բյուջեից տարեկան հատկացվում է 15 մլն դրամ, որից 5,5 մլն դրամը՝ միայն լուսաֆորները սարքին վիճակում պահելու համար:

«Նախկինում ճանապարհային ոստիկանությունն ուներ մասնագիտացված բաժին, որն էլ իրականացնում էր այդ ամբողջ աշխատանքը: Ես չգիտեմ՝ ինչու այդ պարտականությունը վերցվեց ոստիկանության վրայից եւ տրվեց համայնքներին, - ձեռքերն է տարածում զրուցակիցս,- մենք երկու անգամ նամակով դիմել ենք ներքին գործերի նախարարությանը, որ վերցնեն մեր վրայից էդ գործառույթը, սակայն պատասխան չենք ստացել: Երեւանի հետ պետք չէ համեմատել Գյումրին, եթե մայրաքաղաքային բյուջեն իրեն կարող է թույլ տալ նման բան, մենք չենք կարող»:

Արձանագրված երեւի կարեւորագույն բացերից մեկն էլ քաղաքաշինական կանոնադրության բացակայությունն էր: Ռոբերտ Ասատրյան ասում է՝ բացը լրացրել ենք, առաջիկա ավագանու նիստերից մեկում այն կահաստատվի: Համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը գլխավոր հատակագծից հետո համարվում է երկրորդ կարեւոր փաստաթուղթը:

«Դա շատ լուրջ փաստաթուղթ է եւ հապճեպ կազմել չէր կարելի,- ասում է Ռոբերտ Ասատրյանը,-համապատասխան մասնագետներ ենք ընդգրկել, որպեսզի կանոնադրությունը լինի քիչ թե շատ էնպիսի վիճակում, որ համապատասխանի ՀՀ քաղաքաշինական օրենքներին եւ հաշվի ենք առել տեղական առանձնահատկությունները: Գյումրին տարբերվում է մյուս բնակավայրերից, դա նշանակում է, որ նրա քաղաքաշինական կանոնադրությունն էլ պիտի տարբերվի մյուսներից: Երկրաշարժից հետո տնակները որտեղ ասես տեղադրվել են, ստեղծված տնակային ավանները լիովին վերացված չեն, բերել ինչ-որ մի կոնկրետ կանոնակարգ կիրառել Գյումրու նկատմամբ ճիշտ չէր լինի, դրա համար, որպեսզի մենք հետագայում խուսափենք կանոնադրությունում փոփոխություններ կատարելուց, ավելի լավ է մի քիչ ուշ ընդունենք, սակայն հաշվի առնենք բոլոր նրբությունները»:

Սովորաբար նախարարությունն ընդունում է կանոնադրության օրինակելի ձեւ, որի դրույթները չի կարելի խախտել, բայց դրա փոխարեն հնարավոր է լրացումներ կատարել, որոնք չեն մտնի հակասության մեջ բուն կանոնադրության հիմնական դրույթների հետ: Ռ.Ասատրյանն ասում է, որ իրենց լրացումները հիմնականում կապված են եղել կանաչ գոտների հստակեցման, այդ վայրերում գտնվող տնակներից ձերբազատման, ապօրինի կառույցների օրինականացման հետ: Քաղաքաշինական կանոնադրությունը հնարավորություն կտա այսուհետ առավել հստակ որոշումներ կայացնել քաղաքը կառուցապատելիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter