HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մակերեսային հետաքննության հետեւանքը

Նելլի Գալուստյանին 2007-ի փետրվարի 5-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Քր.օր.-ի 132 հոդվածով (մարդկանց վաճառք):

Ըստ մեղադրանքի` Ն. Գալուստյանը, «նախնական համաձայնության գալով քրոջ եւ մոր` Նոնա եւ Վալենտինա Գալուստյանների, եղբոր` Իգոր Գալուստյանի, ինչպես նաեւ Արմավիր քաղաքի բնակիչ Անահիտ Վարդանյանի հետ, եղբորը, որը 23.08.05 թ.-ից փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել Գայանե Մանուկյանի հետ, 2005 թ. հոկտեմբերին նշանադրել է եւ դրանից մոտ մեկ ամիս անց` նոյեմբերի 8-ին, հարսանիքը իբրեւ Կիպրոսում անելու պատրվակով, խարդախությամբ Դուբայ քաղաք է տեղափոխել 1987 թ. ծնված Անի Պողոսի Թորոսյանին, որտեղ էլ, նրա վիճակի խոցելիությունը օգտագործելու միջոցով, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարկադրաբար ավելի քան վեց ամիս նրան ներգրավել են պոռնկության մեջ կամ ավելի քան վեց ամիս ենթարկել են սեռական շահագործման եւ այդ կերպ ստացել շուրջ 150 000 ԱՄՆ դոլարի նյութական օգուտ»:

Ինչպես երեւում է, դատախազության Հատուկ կարեւոր գործերով ավագ քննիչ Ն. Միսակյանը «բացահայտել» է հանցագործությունը եւ նույնիսկ կարողացել հաշվարկել, թե «զոհին» օգտագործելով` ինչպես է փախստականներ Գալուստյանների ընտանիքը վեց ամսվա ընթացքում 150.000 դոլար աշխատել:

Դատախազության վարույթում մարդկանց վաճառքի հոդվածով հարուցված գործերից եւ ոչ մեկում այսպիսի մեծ գումարների մասին դեռ խոսք չի եղել: Չնայած` գործեր կային, որտեղ մեկ տասնյակից ավելի զոհեր կային, եւ նրանց տարիներ շարունակ շահագործել էին:

Իսկ նման մեծ թիվ հաշվարկելն ու մեղադրանքում գրելը պարզ բացատրություն ունի. Վալենտինա Գալուստյանին Արմավիրի քննչական օպեր-լիազոր Նվերն ասել է` էդ ո՞նց է, որ ես վարձով եմ ապրում, իսկ դուք, փախստական հալով, երեք բնակարան ունեք:

«Իսկ Անիի մորը` Լիանային, եւ նրա սիրեկան Վալոդիկին իմ ներկայությամբ ասել է` հաստ երակի վրա եք ընկել, ինչքան կարող եք, կթեք, միեւնույն է` իրենք Ձեր աղջկան չեն պահելու»,-ասում է Վալենտինան:

«Մենք աշխատող մարդիկ ենք»

1988 թ. Միշա եւ Վալենտինա Գալուստյանները երեք երեխաների հետ Բաքվից տեղահանվում են: Սկզբում ապրում են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Չերկեզկ քաղաքում: Նրանք կորցրել էին իրենց տունը, բայց իրերը կարողացել էին տեղափոխել:

«Մենք շատ լավ էինք ապրում, ամուսինս տուրիստական մեքենա էր քշում, ես էլ մանկաբարձուհի էի, մեծ տուն ունեինք, երկու սեփական մեքենա, ծանոթացել էինք Բաքվում, ես Ղարաբաղի Վաղուհաս գյուղից եմ, գնացել էի Բաքու` սովորելու: Ամուսնացա, մնացի»,- պատմում է Վալենտինա Գալուստյանը:

Չերկեզկում որոշում են գալ Հայաստան` հայերի մեջ ապրելու: «Եկանք, վարձով սկսեցինք ապրել Երեւանում, հետո իմացանք, որ Բաղրամյանում փախստականներին հողամաս են տալիս: Ամուսինս ասաց` գնանք վերցնենք, տուն կկառուցենք: Սկսեցինք տունը կառուցել, կարողացանք միայն առաջին հարկը կառուցել: Դժվար ժամանակներ սկսվեցին Հայաստանում: 1990-93 թթ. ամուսինս գնաց որպես ֆիդայի, Շահումյանում էր, հետո` Ղարաբաղում, Շուշիի կռիվներին է մասնակցել: Մարմնի մեջ մինչեւ հիմա բեկորներ կան, ականջները վատ են լսում: Վատ ժամանակները սկսվեցին, մենք էլ սկսեցինք եղած շինանյութը ծախել, որ ապրենք: Ամուսինս ասաց` գնամ Ռուսաստան, աշխատեմ, փող բերեմ, տունը կառուցենք: Համ էլ տղայիս տասնութն էր լրանում, վախենում էի գնա բանակ, իրեն էլ կկորցնեմ, որովհետեւ երկու եղբայրներս զոհվեցին Մարտակերտի շրջանում` մեկը Թալիշում, մյուսը` Մատաղիսում: Ու ընտանիքով գնացինք Սարատով, էնտեղ հարազատներ ունենք»,- շարունակում է Վալենտինան:

Երեք տարի անց` 1996-ին, Գալուստյանները ետ եկան Բաղրամյան: «Ասում էինք` ռուսների մեջ ի՞նչ ապագա, տղաս էլ ռուս աղջիկների հետ էր ամբողջ օրը, հարբեցող էր դառնում: Ետ եկանք, տղաս միանգամից գնաց բանակ: Տունը չսարքեցինք Բաղրամյանում, եկանք Հոկտեմբերյանում 1500 դոլարով երկու սենյականոց տուն առանք: Մեծ աղջիկս` Նոնան, բարձրագույն կրթություն էր ստացել, ռուսական բանասիրականն է ավարտել, դպրոցում տեղ չկար. ռուսերեն պիտի դաս տար: Գործկոմում մտավ աշխատանքի, հայերեն չգիտեին երեխեքս, ռուսական կրթություն ունեին: Երեխեքս խնդիրներ ունեին, հայերեն դժվար էին խոսում, ամաչում էին: Նոնան ամուսնացավ, մի տղա ունեցավ, բայց բաժանվեց, երեխային ինքն է պահում: Իր ընկերուհու հետ սկսեց գնալ Դուբայից ապրանք բերել` շոր, բջջային հեռախոսներ, ու էդպես ապրում էինք: 36 տարեկան է հիմա: Բանակից հետո տղաս գնաց Մայկոպ` լավ կահույքագործ է, ամուսինս գնում է Ռուսաստան, աշխատում, ետ գալիս: Մեր ուժերով սկսեցինք ապրել: Մենք աշխատող մարդիկ ենք, պարապ չենք մնում: 2003-ին Նոնան Բանգլադեշում տուն առավ:

Դուբայում նա ծանոթացավ մի արաբի հետ ( նավապետի տղա է ) եւ ամուսնացավ: Էդ արաբը Մոսկվայում էր սովորել եւ ռուսերեն խոսում է: Ունի ընկերություններ: Նրանք են մեզ պահում: Նոնան նրա գրասենյակի գործավարն է` բարձր աշխատավարձով: Հիմա երկու երեխա ունի: Տղաս էլ է գնում էնտեղ, մեքենաներ է բերել Հայաստան եւ վաճառել, սկսեցինք լավ ապրել: Քննիչը մեզ հենց դա է ասում` էդ ո՞նց է, որ փախստական լինելով էդպես լավ եք ապրում, երեք հատ տուն ունենք: Իսկ տղաս ամուսնացավ մեկի հետ, պարզվեց` էդ աղջիկը հղի է, տղաս հիվանդ է եւ իրենից երեխա չի ծնվում: Ես էլ ասացի` Իգոր, ոչինչ, երեխա է, թող բերի, ես կպահեմ, մեկ է քեզանից չի լինում: Լավ աղջիկ էր: Էդ աղջիկը մի օր ասաց, որ ինքը չի ուզում ապրի Իգորի հետ, իրեն երեխայի հայրանունն էր պետք, ու բաժանվեցին: Տղա երեխա էր, քառասունքը լրացավ, երեխու մայրը վերցրեց երեխուն, գնաց: Խնդրում էի, որ մնա, բայց չմնաց: Ասաց` Իգորի հետ չեմ կարողանա ապրեմ: Հետո Իգորը եկավ, ասաց, որ մի աղջկա հետ է ծանոթացել ու պիտի ամուսնանա: Քսան տարեկան է` Անի անունով, գեղեցիկ աղջիկ էր: Մենք չէինք ուզում, ասում էինք` Նոնայի հետ էդպես պատահեց, Իգորը մի անգամ էդպես եղավ, երեխեքս քայքայվեցին, ես չէի ուզում: Բայց ինքը ասաց, որ սիրում է Անիին: Ասաց` հայր չունի, բայց լավ աղջիկ է: Ասացի` լավ, քո գործն է: Գնացինք նշան դրեցինք, մատանի դրեցինք, ասացի` մի քիչ ապրեք, քույրերդ էլ կգան, կտեսնեն, հետո կզագսավորենք»,- շարունակում է Վալենտինան:

Նշանադրությունից չորս օր հետո Իգորին եւ Անիին ծնողները ճանապարհում են Դուբայ` աղջկա մոտ: Ճանապարհողների մեջ էր նաեւ Անիի մայրը` Լիանա Թորոսյանը:

«Հինգ օրից հետո աղջիկս զանգեց, ասաց` գիտե՞ս ում հետ է Իգորը: Ես էլ սաստեցի, ասացի` ոչ մեկին չեք հավանում, քո եղբայրն է հավանել, ինքը պիտի ապրի հետը, քո ի՞նչ գործն է, ասաց` էդ աղջիկը երեք ամսվա հղի է: Ես էլ ասացի` էս տղաս ի՞նչ բախտ ունի, ում հետ ամուսնանում է, հղի է լինում: Ասացի` ո՞նց թե հղի է: Աղջիկս ասաց, որ հա՛մ ծխում է, հա՛մ էլ խմում է: Գիշերը տեսել է մի շիշ կոնյակ է խմել: Երբ Նոնան հարցրել է` ինչու՞ ես խմում, ասել է. «Մի քանի անգամ հղի եմ եղել, խմել եմ, վիժել»: Աղջիկս ասաց` տես, թե ձեր գլխին ինչ է բերելու»,- հիշում է Վալենտինան:

Իգորին խանութ գնալիս բռնում են եւ արտաքսում Դուբայից, որովհետեւ վիզայի ժամկետը լրացել էր: Անիին էլ են արտաքսում վիզայի ժամկետը անցնելու համար: Վերջինիս ետդարձի տոմսը գնում է Նոնան եւ հետը նաեւ վաճառելու համար ապրանք է ուղարկում:

«Մենք մեր դիմացի շենքում տուն ենք վարձում եւ կահավորում, Անիին ու Իգորին ասում եմ` այստեղ մեր աչքի դեմը ապրեք, մենք էլ կնայենք, կօգնենք: Փարաքարում մի հողամաս էին ծախում, ասացինք առնենք, ամուսինս Իգորենց համար տուն կսարքի: Գնացինք հարցրինք, տասը հազար ուզեցին: Ասացի` Իգոր, տանը միայն յոթ հազար դոլար ունենք, չենք կարող առնել: Անիին էլ կանչեցի, առանձին ասացի` էս յոթ հազարը տալիս եմ, պահի, Իգորին չեմ տալիս, որովհետեւ կտանի կծախսի, կխմի կամ պարտք կտա, տղաս էլ խմող է, ասացի` պահի, կամաց-կամաց կհավաքեք, էդ հողամասը կառնենք, տուն կսարքենք: Անին ասաց` չեմ տա, ես կպահեմ»,- ասում է Վալենտինան:

Անիին աշխատանքի են տեղավորում «Վագաս» սրճարանում, որտեղ նա օրական ստանում էր 5-10 հազար դրամ: «Ասացի` ես ուտելիքը տալիս եմ, թռի-վռի մի արեք, հավաքեք էդ փողը, որ հողամասն առնենք: Մի օր էլ Իգորը գնում է Մեղրիից ապրանք ստանալու, Անին տնից կորում է, չկա: Զանգում է նրա փոքր քույրը, ասում է` Վալյա տատի, Անին Ռոսիայի դեմը մեկի հետ ծանոթացել է, հետը ման է գալիս: Ասացի` աղջիկ ջան, սուս մնա, տունը կռիվ չգցես: Մեր տանը անընդհատ խոսակցություններ է լինում: Սեպտեմբերի 28-ին նրան բռնում ենք ուրիշ տղայի հետ, նա ասում է, որ էդ տղային է սիրում: Ես ասացի, որ վերջ` Իգորը գնում է Ռուսաստան: Ասում է` գնում է, թող գնա: Էդ գիշերը տանը ինչ եղել է, հավաքել է, տարել իր մոր տուն: Էդ տանը նաեւ վաճառելու ապրանք կար, դա էլ ամբողջովին տարել է: Մայրը զանգեց, ասաց` ինչու՞ աղջկաս Իգորի հետ չեք ուղարկում: Մենք գնացինք իրենց տուն, ասացինք, թե իր աղջիկը ինչեր է անում: Նա ասաց` դեռ չգիտեք, թե ձեր գլխին ինչ եմ բերելու, դուք չգիտեք, թե ես ով եմ»: Էդ 7 հազար դոլարն էլ է վերցրել: Նոր տարուն գնացել էի աղջկաս մոտ Դուբայ, վերադարձա: Մի քանի օրից մեկ էլ հինգ հոգով մտան, հեռախոսները վերցրեցին, ամուսնուս բրդեցին գցեցին, մեզ ոչ մի բան չեն ասում, մենք էլ չգիտենք, թե ինչ է կատարվում: Նելլիին տարան գաղութ»:

Շինծու մեղադրանք

Վալենտինա Գալուստյանի մոտ կա մի ձայնագրություն, որտեղ Անիի եւ նրա մոր խոսակցությունից հստակ երեւում է, որ այս մեղադրանքն ամբողջովին շինծու է: Այս ձայնագրության մասին դատախազության քննիչները գիտեն, սակայն չեն ուզում լսել: Նրանք առայսօր գործով մեղադրյալ ներգրավված Վալենտինա Գալուստյանին նույնիսկ չեն կանչել հարցաքննության: Ահա այսպես են աշխատում դատախազության քննիչները` գործով մեղադրյալներից մեկի նկատմամբ հետախուզում են հայտարարում, մյուսին չեն հարցաքննում, երրորդին կալանավորում են:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ս. Թադեւոսյան ), բավարարելով դատախազության միջնորդությունը, որոշում է կայացրել եւ երկու ամիս ժամանակով կալանավորել Նելլի Գալուստյանին, այնուհետեւ կալանքի ժամկետը երկարացրել եւս երկու ամսով: Նելլին արդեն երեք ամիս «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է:

«Սա միակողմանի եւ մակերեսային հետաքննության արդյունք է»,- համոզված է փաստաբան Հովիկ Արսենյանը, որը Նելլի Գալուստյանի շահերը ստիպված է պաշտպանել երկրորդ անգամ, որովհետեւ դատախազության աշխատակիցները Նելլիի մորը` Վալենտինա Գալուստյանին, համոզել էին հրաժարվել Հովիկ Արսենյանի ծառայությունից:

«Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանությունում ասացին` էս ա փաստաբան կա, նրա հետ կարող եք պայմանավորվել: Մի տարիքով մարդ էր` Վահան Ենգիբարյան անուն-ազգանունով, մի խաբեբա, 1500 դոլար ուզեց, արագ գնացինք ոսկիները գրավ դրեցինք, բերինք տվեցին դրան: Հետո տեսանք, որ էս մարդը նրանց կողմից է աշխատում, հրաժարվեցինք, փողն էլ մնաց իր մոտ: Հետո մեր ծանոթներից մեկը եկավ, ասաց` քննիչը ծանոթս է, գնաց մոտը, եկավ, ասաց` թող Անիի մերը դիմումը հետ վերցնի, գործը փակենք: Մի ծանոթ ունենք, նա գնաց էդ կնոջ` Լիանայի մոտ, եկավ, ասաց` երեսուն հազար դոլար փող է ուզում դիմումը հետ վերցնելու համար»,-պատմում է Վալենտինա Գալուստյանը:

Գալուստյաններն իրենց շահերը պաշտպանելու համար պայմանավորվում են փաստաբան Հովիկ Արսենյանի հետ:

«Գնացել էի դատախազություն, քննիչ Ն. Միսակյանը եւ նրա ղեկավար Միրզոյանն ասացին` նրանից հրաժարվիր, դա ավանտյուրիստի մեկն է, մենք նրան դատել ենք, հրաժարվիր, աղջկադ մի քանի օրից կազատենք: Հետո հարցրեց, թե ինչքան փող է վերցրել Արսենյանը: Իրար հետ խոսում էին Հովիկի մասին, իբրեւ իրար հետ են խոսում, բայց ես լսում էի: Հրաժարվեցինք Արսենյանից, ստորագրեցինք, որ հրաժարվում ենք: Ստորագրում ենք` հուսով, որ աղջկաս բաց կթողեն: Մեկ էլ ինչ-որ վկա են բերում, աղջկաս դեմ ցուցմունք է տալիս: Քննիչը ասում է` դե մի բան պիտի վերցնեք Ձեզ վրա»,- պատմում է Վալենտինա Գալուստյանը:

«Քրեական գործով նյութերը միակողմանիորեն են նախապատրաստվել, չեն ստուգվել «տուժող» ճանաչված Անի Թորոսյանի եւ նրա մոր` Լիանա Առաքելյանի կողմից ներկայացված փաստական տվյալները: Իսկ առաջադրված մեղադրանքից անհասկանալի է, թե Նելլի Գալուստյանը ինչ հանցավոր գործողություն է թույլ տվել: Անի Թորոսյանի թիկունքում կանգնած է մի հանցավոր թիմ, լավ կլինի քննչական խումբը զբաղվի նրանցով»,- ասում է Ն. Գալստյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը:

Հարկ ենք համարում նշել, որ Գալուստյանների ընտանիքի դեմ այս գործը սարքվել է այն բանից հետո, երբ նրանք իրենց վրա «նալոգ» դրած Արմավիրի Վալոդիկ անունով հեղինակության (Անիի մոր սիրեկանը) դեմ բողոքով դիմել են ոստիկանություն: Դատախազությունը չի փորձել պարզել «նալոգ դնելու» հանգամանքը, անգամ առայսօր հարցում չի արել ոստիկանության վեցերորդ վարչություն` պարզելու, թե 2006-ի օգոստոսին որպես ամուսիններ ներկայացած Անի Թորոսյանին եւ Իգոր Գալուստյանին ինչու՞ են հարցաքննել եւ ազատ արձակել: Մինչեւ ինչ-որ մեկի հեքիաթի հիման վրա սարքված գործը վարույթ ընդունելը եւ քննչական գործողություններ կատարելը դատախազության քննիչները պարտավոր են ստուգել բազմաթիվ փաստեր` առանց մարդկանց արժանապավությունը վիրավորելու եւ իրավունքները ոտնահարելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter