HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձևական բան է». Թումանյանի բնակիչը չի ուզում մասնակցել համայնքապետի ընտրությանը

Խոշորացված Թումանյան համայնքի համայնքապետի փետրվարի 14-ի ընտրության համար Հանրապետական կուսակցության Մոտկորի տարածքային կառույցի ղեկավար, Թումանյան համայնքի գործող համայնքապետ Լևոն Ձավարյանի հետ համայնքապետի թեկնածու է գրանցվել Թումանյան համայնքի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ Էդգար Պետրոսյանը։

Լևոն Ձավարյանը

«Ինձ թվում է՝ ինքը կհանի իր թեկնածությունը: Քանի որ համայնքապետի թեկնածու շատ մարդ կար դնող, Լորուտից, Մարցից, եթե դնեին, էն ժամանակ կարող է ինքը ընտրվելու շանս ունենար: Բայց հիմա քանի որ իմ դեմ մենակ է մնացել, նա շանս չի կարող  ունենալ»,- բացատրեց Լևոն Ձավարյանը: Թե ով է խոչընդոտել Լորուտի և Մարցի՝ ինքնառաջադրմամբ համայնքապետի թեկնածու դառնալու մտադրություն ունեցող մարդկանց, Լևոնը չասաց: 

Սակայն տարածաշրջանում հայտնի է, որ նման հարցերը առանց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջամտության չեն լուծվում: Հունվարի 29-ին շատ թումանյանցիներ հուսահատությամբ էին խոսում խոշորացված Թումանյան համայնքի սպասվող ՏԻՄ ընտրությունների մասին: «Ընտրությունից հետո ոչինչ էլ չի փոխվելու, ամեն ինչ մնալու է նույնը»,- ասաց Զավեն Ապրեսյանը:

Երվանդ Շեկոյանը 61 տարեկան է: Նա տառապում է հիպերտոնիա հիվանդությամբ: Երվանդը իր ընտանիքի գոյությունը պահելու համար մոտակա անտառի թափուկներից ամեն օր քարշ տալով փայտ է տանում տուն: Փայտը մանրացնում և վաճառում է հարևաններին, կամ մայրուղով անցնող մարդկանց։

Երվանդ Շեկոյանը

- Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր համայնքները միացել են Թումանյան համայնքին: Տեղյա՞կ եք,- հարցրի Երվանդին:

- Տեղյակ չեմ, բայց կտեղեկանամ: Թեկնածուների մասին էլ չեմ տեղյակ: Մեկը հին քաղաքապետը կլինի, -ասաց  Երվանդը:

- Մեկն էլ Ձեր քաղաքապետարանի աշխատակազմից Էդգար Պետրոսյանն է,- տեղեկացրի։

- Ուրեմն  հասկանալի է, լավ: Չեմ էլ ուզում ընտրությանը մասնակցեմ: Ձևական բան է, հաստատ ձևական է: Հա, հաստատ, եթե ընտրությանը մեկը մեկին ընկեր ա, մոտիկ ա, ուրեմն հաստատ դա ձևական բան է: Ընտրությունից, հա, ոչինչ չի փոխվելու,- ասաց Երվանդը և իր բեռը քաշելով հեռացավ:

Էդգար Պետրոսյանը 

Քաղաքապետի թեկնածու Էդգար Պետրոսյանը արդեն 2 տարի է՝ աշխատում է Թումանյանի համայնքապետարանում որպես քաղաքաշինության մասնագետ: Նա ծառայել է բանակում,  ատամնատեխնիկի մասնագիտություն է ձեռք բերել Վանաձորի պետական բժշկական քոլեջում, ապա ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բնապահպանության բաժինը: Էդգարի ասելով՝ քաղաքապետ դառնալու համար իր թեկնածություւնն առաջադրել է ժողովրդի մասին մտածելով: Էդգարը մեզ հավատացնում էր, թե քաղաքապետ Լևոն Ձավարյանին աջակցելու համար չէ առաջադրել իր թեկնածությունը։ «Դե ներկա պահին սկզբնական փորձ ա սա ինձ համար:  Հիմնականում աշխատած չեմ նման բարձր պաշտոնում, բայց տեսնենք էլի, փորձնական եմ դրել  թեկնածությունս, կընտրվեմ, կընտրվեմ, չեմ ընտրվի՝ ինչ կարող եմ անել»,- բացատրեց  թեկնածուն:

«Հնարավոր է՞ մինչև ընտրություն թեկնածությունդ հանես»,- հարցրի Էդգարին: «Եսիմ, ներկա պահին մտադրություն չկա թեկնածությունս հանելու»,- պատասխանեց նա:

Թեկնածու Լևոն Ձավարյանը Թումանյանի համայնքապետ է աշխատում 1996թ.-ից: Նրա ասելով՝ խոշորացված Թումանյան համայնքը կունենա 5 հազար բնակիչ: «Ես Ձեզ պարզ ասեմ՝ Մոտկորի համայնքերում ահավոր վիճակ է, ահավոր: Դրանք  աղքատ և քանդված գյուղեր են: Էդ 6 գյուղից մանկապարտեզ կա Լորուտում և Քարինջում, որոնք ժամանակավոր մի 4-5 ժամով երեխաներին զբաղեցնում են և վերջ: Մտնում ես Աթան, Շամուտ, Ահնիձոր գյուղերի գյուղապետարաններ, ոնց որ մի հատ ավերակ մտնես»,- պատմեց Լ. Ձավարյանը:

Վերադառնալով շուրջ  20 տարի իր կողմից ղեկավարված Թումանյան համայնքին՝ Լևոնը իրեն գովեց. «Գազը  մշտական է, փողոցները հիմնականում ասֆալտապատված են, խմելու ջուրը մշտական է, փողոցային լուսավորությունը վերականգնել եմ, գազն էլ եմ վերականգնել, հո գազ չի եղել էստեղ: Բոլոր բարձրահարկ շենքերի տանիքները վերանորոգվել են, կուլտուրայի պալատը վերանորոգված է, կուլտուրայի տանը SMART սենյակ եմ սարքել՝ ավագանու նիստերը օնլայն հեռարձակվելու համար: Մանկապարտեզը վերանորոգված գործում է»,- ասաց նա:  

«Թումանյանը սոցիալական լուրջ խնդիրներ ունի»,- հիշեցրի Լ. Ձավարյանին։ «Ունենք, ամբողջ Հայաստանում էդ խնդիրը կա, հո մենակ իմ մոտ չի: Անցյալ, թե նախանցյալ տարի շվեյցարա-հոլանդական Դիակոնիա կազմակերպությունը բացեց կարի արտադրամաս, մի 12 կին է աշխատում:  Նրանց հետ բացելու ենք ծերերի կենտրոն և ճամբար»,- պատասխանեց Լ. Ձավարյանը:

Թումանյանի  բնակիչության թիվը կազմում է 1800 մարդ, նախկինում կազմել է 2800 մարդ: Քաղաքում ներկայումս աշխատանք ունեն 130-ը: «Հիմա, ճիշտն ասած, որ պետք է լինում աշխատող էլ չենք ճարում: Մեր ժողովուրդը հիմնականում Երևանում և Վանաձորում են աշխատում: Հիմնականում արդեն դուրս եկած են»,- բացատրեց Լ. Ձավարյանը:  

Թումանյան համայնքի բյուջեն կազմում է 35 մլն դրամ: Լևոն Ձավարյանի ասելով՝ համայնքը դրանով հազիվ յոլա է գնացել. «Հիմա որ էդ 6 համայնքներն էլ միանան, ընդհանուր բյուջեն դառնում է մի 110 մլն. դրամ: Ես մոտավոր հաշվարկ ունեմ, մոտ 50 մլն. դրամը կհատկացվի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձին»,- բացատրեց  Լևոնը:  Մնացած 50 մլն. դրամը քաղաքապետի թեկնածուն ընտրվելուց հետո որոշել է հատկացնել Մոտկորի 6 համայնքերի զարգացմանը: Լևոնի ասելով՝ էսօր Լորուտը, Քարինջը, Մարցը ջուր չունեն և օրվա մեջ կես ժամ ջուր են ունենում: Նա որոշել է այս տարի 25 մլն դրամը հատկացնել Քարինջի և Լորուտի ջրագծի վերականգնմանը, մյուս տարի էլ բյուջեից 25 մլն դրամ կդնի Մարցի ջրագիծը վերականգնելու համար,  իսկ դրան հաջոդող տարում կվերականգնի Աթանի ջրագիծը: «Ասում եմ՝ 4 տարի եմ ղեկավարելու, 200 մլն դրամի էդ գյուղերում երբ է գործ արվել: Հիմա նախատեսել ենք Մոտկորում կաթի վերամշակման արտադրամաս կառուցել: Էն լավ ժամանակը Մոտկորում կաթի լիտրը 90 դրամ է լինում, ջրի լիտրը՝ 150-200 դրամ»,- հայտնեց Լ. Ձավարյանը:

Վերջինս նկատել է, որ Մարցի բնակչության կեսը, իսկ Լորուտում՝ որոշ մարդիկ իր թեկնածությանը թերահավատ են նայում: Ահնիձորում ընտրվելու խնդիր չունի, իսկ Քարինջն  իր նկատմամբ ընդհանրապես թերահավատ չէ: «Կարելի է ասել՝ էտենց թաղում չկա, որ ես Քարինջ չգնամ: Քարինջը մեզնից մոտիկ է»,- բացատրեց  Լ. Ձավարյանը:

Ազգուշ Մոսինյանը

Հունվարի 29-ին Թումանյանի 2-րդ փողոցում մոտ մեկ կմ քայլելուց հետո հանդիպեցի մեկ բնակչի՝ Ազգուշ Մոսինյանին: Երբ հարցրի նրա ապրելակերպի մասին, Ազգուշն սկսեց արտասվել: «Ի, ոնց պետք է ապրենք, ոչ մի բան չունենք, արի գնանք տես»,- ասաց նա: Ազգուշի ասելով՝ ամուսին շատ լավ է եղել  իր հետ, հիմա էլ է շատ լավ, բայց երբ Ռուսաստանի Դաշնության Կեմիրովո քաղաքում աշխատել է ու փող չեն տվել, ընտանիքը հայտնվել է ծայրահեղ վատ վիճակում: Ամուսնու բացակայությամբ 59-ամյա Ազգուշը հարևան գյուղերի դաշտերից կարտոֆիլ է հավաքել, հնձած արտերից էլ՝ ցորեն և մի կերպ գլուխը պահել է: Տունը տաքացնելու համար էլ իր այգու ծառերն է կտրել: «Գնացել եմ մեր համայնքապետի կնոջը՝ Հայկուշին պատմել եմ իմ վիճակը, ասաց ընտրություններից հետո պետք է բյուջե ունենանք, կգաք: Եսիմ օգնություն կլինի, թե չի լինի»,- ասաց Ազգուշը:

Ազգուշի ասելով՝ երկրորդ փողոցում բոլորն են վատ ապրում: «Էս մեր կողքի հարևանուհու ամուսինը և ջահել տղան մահացել են: Մենակ է ապրում, սպասում է, թե ով պետք է ուտելու մի բան տա, որ ուտի»,- պատմեց  մեր զրույցին ներկա Ազգուշի հարևանուհին: Կանայք ասացին նաև, որ 2-րդ փողոցի վրա գտնվող 28 տներից միայն 10 բնակարանում է մարդ ապրում՝ այն էլ ծերեր, 18 ընտանիքներ արտագաղթել են: Երկրորդ փողոցի բնակիչները դեռ տեղյակ չէին փետրվարի 14-ի խոշորացված  Թումանյան համայնքի համայնքապետի ընտրություններից:  

Հ.Գ.

Հունվարի 29-ին Մոտկորի գյուղեր գնացող ճանապարհները տեղացած առատ ձյան պատճառով անանցանելի էին: Մեզ չհաջողվեց  հատել  սառույցով պատված  ճանապարհը և հասնել Քարինջ, Մարց, Լորուտ և մյուս գյուղեր: Քարինջ գյուղ չհասած՝ ճանապարհի կեսից ստիպված հետ վերադարձանք: Թեկնածու Լևոն Ձավարյանին չէր հաջողվել բացել Մոտկորի 6 գյուղեր գնացող  ճանապարհը:  

Մեկնաբանություններ (2)

Լոռեցի միամիտ
((Թումանյան համայնքի բյուջեն կազմում է 35 մլն դրամ: Լևոն Ձավարյանի ասելով՝ համայնքը դրանով հազիվ յոլա է գնացել. «Հիմա որ էդ 6 համայնքներն էլ միանան, ընդհանուր բյուջեն դառնում է մի 110 մլն. դրամ: Ես մոտավոր հաշվարկ ունեմ, մոտ 50 մլն. դրամը կհատկացվի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձին»,)) - Սրանով ամեն ինչ ասվում է արդեն: Գյուղերի չնչին բյուջեների հաշվին քաղաքապետարանի աշխատավարձն է ավելացվելու:
Լոռեցի միամիտ
Լույսի նման պարզ է դառնում որ արդեն հանգչող գյուղերը հիմա ավելի արագ կդառնան գյուղատեղեր, անկախ դատարկ խոստումներից: Ըստ երեւույթին նպատակն էլ հենց այդ է՝ այնտեղ նախատեսված է ոսկու հանքեր բացել (տես ,,Հետք,, - ի հրապարակումները), բողոք ու աղմուկ չի լինի: Ստալինը ասում էր՝ ,,Չկա մարդ, չկա պրոբլեմ,, – սրանցն ավելի սարսափելի է՝ մարդազրկել երկիրն ու անպատիժ քանդել: Այվազ վարդանը դրա մասնգետն է՝ իր ծննդավայրն է ապրուստից զրկել ու ամայության դատապարտել, Լոռին ինչու պիտի խնայի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter