HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հայարփին անչափահաս երեխաների հետ 4 ամսից կհայտնվի փողոցում, եթե աջակցողներ չգտնվեն

Երտասարդ կինը արագ քայլքից շնչակտուր լինելով՝ ներողություն է խնդրում սպասեցնելու համար եւ անմիջապես նետվում բացելու կողպած դուռը: «Երեխեքիս տունն եմ թողել, վրեքը փակել խանութ էի գնացել՝ վերասյա հաց ու որոշ բաներ բերելու, էն էլ չտվեցին՝ պարտքս շատ էր»,- տեղեկացնում է Հայարփին: Ներս մտնելուց մայրը ձայն է տալիս փոքրիկներին, որ չվախենան: Սենյակում կիսախավար է, Հայարփին հետ է քաշում լուսամուտը փակող վարագույրը: Երեխաներից ավագը փոքրիկին գրկած տեղավորվել է փայտե վառարանի մոտ: Մեր մուտքը ուրախացնում է հատկապես կրտսերին, որ ձեռքերն անմիջապես մեկնում է մոր կողմը:

Հունվարի 26-ից Հայարփին (Հայարփի Հովհաննիսյան) ու երկու անչափահաս երեխաները զրկված են էլեկտրաէներգիայից: Երեկոներն ընտանիքն անցկացնում է մոմի լույսի տակ: Հայարփին ասում է, որ էլցանցի աշխատակիցը՝ Արթուրը, անջատել է հոսանքը՝ պատճառաբանելով, թե դեկտեմբեր ամսվա համար 34 հազար դրամի պարտք ունի, եւս 20 հազար դրամ էլ հունվար ամսվա պարտքն է կազմում:

«Բայց դա անհնար է, որովհետեւ էս տանը պլիտա (էլեկտրական վառարան) չկա, որ վառեի՝ լույսն էդքան գրեր: Ոչ լվացքի մեքենա ունեմ, ոչ սառնարան, հեռուստացույցն էլ էնքան վատ է ցույց տալիս, որ հազարից մեկ ենք միացնում,- հուսահատված բացատրում է Հայարփին,- ես չեմ հասկնա, թե էդ գումարն ուրդեղից են հանել, ում են իմ գծով հոսանք տվել, որ էսօրվա օրը պարտքը թողել են վրես: Էս տան մեջ ընդամենը մի հատ լամպոչկա է վառել»:

Կնոջ պատմելով՝ նոյեմբեր ամսին ինքը էլեկտրական վառարանով է տաքացրել եւ հոսանքի դիմաց վճարել ընդամենը 16 հազար դրամ: Դեկտեմբերից սկսած փայտե վառարանն են վառել: Վառելիք տրամադրել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն եւ հարեւանությամբ գործող պլաստիկե իրերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության տնօրենը:

«Վահան Թումասյանը մի երկու անգամ փայտ է տվել, պլաստիկի ցեխից էլ իրանց մնացորդներն եմ բերել, հենց հըմի էդ կվառենք: Էդ պլիտեն քրոջս էր, որ վառելիք ունեի արդեն, պլիտեն հետ եմ տվել, ինչի՞ս էր պետք, ավելորդ ծախս էր, մանավանդ, որ մենակ էս մի փոքր տեղը կտաքցնենք, էստեղ կուտենք, էստեղ էլ կքնինք»,- խոսելիս Հայարփին ընդհատ-ընդհատ է շնչում, ասում է՝ մի թոքի հաշվին եմ ապրում, աջ թոքս շարքից դուրս է եկել:

«Ձախ ձեռս էլ ուժ չի տա, կոտրվել է, անցած ձմեռ ընկա սառած բիդոնի վրա, թեւս մնաց տակս: Ես մի որոշ ժամանակ չէի էլ հասկացել, որ կոտրել եմ, հետո մի ամիս էլ անցավ մինչեւ դիմեցի սոցիալական ծառայություն, թուղթ են տվել, որ որպես անապահով անվճար վիրահատվեմ, հիմի էլ հեչ ուժ չի տա: Անցած երեք տարին դաշտերը գնացել գործ եմ արել, բայց հիմի էդ էլ չեմ կարող, ծանր գործ դժվար եմ անում»:

29-ամյա Հայարփին երկու ամուսնությունից երկու զավակ ունի՝ 10-ամյա Արտյոմը եւ երկամյա Էմիլին: Ամուսիններից առաջինը հեռացել է, երբ տղան եղել է մեկ տարեկան, իսկ երկրորդ ամուսինը սեփական աղջնակին ընդհանրապես չի տեսել: Երեխաները ոչ մի աջակցություն սեփական հայրերից չեն ստանում: Կրթություն եւ մշտական աշխատանք չունեցող միայնակ մայրը ընտանիքը պահում է երեխաների համար տրվող 29 հազար դրամ նպաստով: Միակ աջակիցը Հայարփիի քույրն է, ով ամուսնացած է, ունի իր սեփական ընտանիքը:

Տնակը, որտեղ ապրում են Հովհաննիսյանները, իրենց չի պատկանում: Հայարփին ժամանակին ունեցել է սեփական տնակ, սակայն երեխաներին հանապազօրյա հացով ապահովելու նպատակով, որպես շինանյութ վաճառել է: Ներկայիս կացարանը պատկանում է հեռավոր մի ազգականուհու, ով պատիժն է կրում Աբովյան քրեակատարողական հիմնարկում եւ շուտով հայտնվելու է ազատության մեջ: Ազգականուհին լուր է ուղարկել, որպեսզի Հայարփին 4 ամսից ազատի տնակը:

«Երեխեքիս հետ դուրսն եմ մնալու, ոչ փող ունեմ, որ գնամ վարձով ապրեմ, ոչ էլ հայրական տուն: Մի մայր ունեի, իմ հետ էր ապրում, էն էլ մահացել է: Չգիտեմ, գոնե մի դոմիկ տային գնայի մնայի, մանավանդ որ տուն ստանալու հույս էլ չկա, ոչ հերթացուցակներում կամ, ոչ էլ ինչ-որ արտոնություն ունեմ»,- զրուցակցիս աչքերն արցունքոտվում են:

Փոքրիկ Էմիլիան մանկապարտեզ չի հաճախում, Արտյոմը սովորում է գիշերօթիկ դպրոցում: Մայրն ասում է, որ սոցիալական վատ վիճակի պատճառով է երեխային ուղարկել գիշերօթիկ դպրոց: Արտյոմն այս տարվանից սկսել է հաճախել նաեւ «Դեպի առաջ» բարեգործական կրթական կենտրոն: Ընտանիքին նման թշվառ վիճակում առաջինը հայտնաբերել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանը:

«Ես դպրոցից տուն գուկայի, ընձի մոտեցավ մի տղամարդ, հարցրեց, դու ում տղեն ես, ըսի Հայարփիի, հարցրեց, թե ուրդեղ կապրիմ, ես բերեցի մեր տուն, ցույց տվեցի, ըդորից հետո մեզի գրանցեցին իրանց մոտ,- պատմում է Արտյոմը,- ես էլ արդեն կենտրոն կերթամ, շատ լավ է, տաք է, ուտելիք կուդան: Բայց հմի օր հիվանդ եմ, չեմ էրթա, օր մյուսներին չվարակեմ: Հենց լավցա անպայման էլի կերթամ»:

Փետրվարի 1-ին Հայարփին Արտյոմին դպրոց չի ուղարկել, ասում է՝ հիվանդ է, հազում է: Ջերմություն չունեն, սակայն հազում են նաեւ մայրն ու փոքրիկ Էմիլիան: Հայարփին  ցույց է տալիս տնակի երկրորդ սենյակը, որն հիմնականում փակ են պահում առնետների պատճառով: «Օր է եղել երեխուս գրկած սաղ գիշեր նստել եմ էս կռեսլոյին, որ հանկարծ վրան չբարձրանան: Քանի օր առաջ էլ տունն ուտելու բան չէր գտել՝ մի հատ օճառ ունեի, էդ է կրծել: Մի խոսքով ահավոր վիճակ է»,- Հայարփին հոգոց է հանում:

Տունը, որը լքելու պահանջ է դրվել տանտիրոջ կողմից, չունի զուգարան, բաղնիք, խոհանոց եւ այլ հարմարություններ: Ջուրը Հայարփին դույլերով բերում է հարեւանի բակից: Առկա կահույքը նույնպես չի պատկանում Հայարփիին: «Ես էստեղ ընդամենն ունեմ մի հատ փոքր մահճակալ, մեկ էլ մի հատ փոքր պահարան, անգամ ամանեղենն իմս չէ: Բայց իմ հոգսն էս պահին ոչ թե դա է, այլ կացարանի հարցը, որ լուծվի, մեկ էլ լույսս միացնեն, կզարմանամ, թե ինչ խղճով են էդ փողն իմ վրա գրել, ես 29 հազար դրամ նպաստ կստանամ, 54 հազար էլցանցին ուրդեղի՞ց տամ, 30 հազար դրամ էլ խանութին եմ պարտք»:

Հրաժեշտ տալիս Հայարփին բակում գտնվող մոտավորապես 6 քմ տարածքով երկաթյա մի շինություն է ցույց տալիս, որտեղ երեխաների հետ որոշ ժամանակ ապրել է մինչեւ ազգականուհու տուն տեղափոխվելը: «Էս պզտիկ դոմիկը կտեսնի՞ք, վրեն էլ իմ հասցեն է, վախտմ առաջ երեխեքիս հետ ըստեղ եմ ապրել, հանկարծ որ մի քանի ամսից տան հարց չլուծվավ, էլի ստիպված պիտի էղնիմ տեղափոխվել ըստեղ: Ես գնալու տեղ չունիմ»:

Մեկնաբանություններ (11)

Ալեքսանդր
Ինչպես կարելի է օգնել այս ընտանիքին? 094801501
Երանուհի Սողոյան
Հարգելի Ալեքսանդր, կարող եք կապվել ինձ հետ խմբագրության միջոցով, ես կօգնեմ ձեզ այցելելու Հայարփիի ընտանիքին
ARTAVAZD
vortex aprum ays @ntaniq? vor marzum?
Երանուհի Սողոյան
Ընտանիքն ապրում է Գյումրիում, Շիրակի մարզ: Գյումրեցի բազմաթիվ անօթևաններից մեկ է
mahmouzian
what is the phone of shirak center ngo thank you mahmouzian
vartan
They must be helped, and assisted, and very soon. They can not be left in such conditions. .
Ara
Poor kids. Their only fault is being born to idiots.
mahmouzian
thank you .let see what we can do . mihran
Hetq
http://shirakcentre.org/hy/feedback/......+(374 312) - 66992, +(374 312) - 52539, +(374 91) - 451337, +(374 55) - 066992
Երանուհի Սողոյան
Հարգելի Մեսրոպ Էքմէքճեան, սա Հայարփիի հեռախոսահամարն է 041038203 կարող եք իր հետ կապվել, կամ խմբագրության միջոցով ինձ հետ
Մեսրոպ էքմէքճեան
Հարգելի Երանելի Սողոյան . ինչպէս օգնենք տեղեկացրեք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter