HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

ՏԻՄ ընտրություններ՝ կարևոր և անվերահսկելի

2015 թ·-ի մայիսի 17-ի տեղական հանրաքվեի արդյունքներով միավորված 3 համայնքներն այս շաբաթ՝ փետրվարի 14-ին, ընտրելու են մեկ միասնական տեղական իշխանություն՝ համայնքի ղեկավար եւ ավագանի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) Հայաստանի երեք խոշորացված համայնքներում՝ Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Տաթեւ, Լոռու մարզի Թումանյան, որպես համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել 6 քաղաքացի:

Դիլիջան համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը (ՀՀԿ) եւ Ժորա Սահաբալյանը: Թումանյան համայնքում՝ Թումանյանի քաղաքապետ Լեւոն Զավարյանը (ՀՀԿ), որը մրացակից չունի, եւ Տաթեւ համայնքում առաջադրվել են 3 թեկնածու՝ նախկին Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը (ՀՀԿ) եւ Շինուհայր գյուղից ինքնառաջադրված երկու անկուսակցականներ՝ Իգոր Աբրահամյան, Վաշամ Բագրատյան:

Այդուհանդերձ, համայնքի ղեկավարի ընտրության դեպքում, լուրջ մրցապայքարի մասին խոսել չարժե նույնիսկ Դիլիջան եւ Տաթեւ համայնքներում: Ճիշտ է, իշխանություններն այս ընտրություններում դե յուրե չեն կիրառել Սահմադրությամբ թույլատրելի՝ անուղակի ընտրության տարբերակը, սակայն առաջադրված թեկնածուների ընտրության առումով արդեն կատարել են այդ քայլը:

Բայցեւայնպես, առաջին անգամ ՏԻՄ ընտրությունները կարեւորվում են ոչ այնքան համայնքի ղեկավարի, որքան համայնքի ավագանու ընտրություններով: Այս հրապարակման մեջ կներկայացնենք Դիլիջան համայնքի ավագանու պատկերը՝ փորձելով կանխատեսել, թե ինչպիսին կլինի տեղական ինքնակառավարումը խոշորացված համայնքում, կառավարման նոր մոդելը որքանո՞վ կգոհացնի այդ համայնքների բնակիչներին եւ որքանով կարդարանան նրանց սպասելիքները կամ կցրվեն մտահոգությունները:

Համայնքները խոշորացնելու դեպքում հավանական է համարվում շահերի բախման քաղաքականության շնորհիվ հակակշիռներ ստեղծել համայնքի ղեկավարի եւ ավագանու միջեւ՝ վերջապես ավագանին կենսունակ, գործող մարմին դարձնելու համար: Շահերի բախում ստեղծել նաեւ տարբեր բնակավայրերից ընտրված ավագանիների միջեւ՝ բնակավայրերում համաչափ զարգացումն ապահովելու առումով: Սակայն առաջադրված ավագանու թեկնածուների կազմը լավատեսական կանխատեսումների  հիմք չի ստեղծում:

Դիլիջան համայնքում միավորվելու են Դիլիջան քաղաքը եւ 6 գյուղական համայնքներ՝ Հաղարծին, Գոշ, Աղավնավանք, Թեղուտ, Խաչարձան, Հովք:

թեկնածուներ-ՏԻՄ
Create pie charts

Այս համայնքում առաջադրվել է ավագանու 32 թեկնածու, որից 22-ը Դիլիջան քաղաղաքի բնակիչներ են: Նրանցից 10-ը՝ Դիլիջան համայնքի ավագանու անդամներն են: Մյուս 6 համայնքները միասին առաջադրել են 10 թեկնածու: Թեղուտ եւ Հաղարծին համայնքները՝ 3-ական թեկնածու, Աղավնավանք համայնքը՝ 2-ական թեկնածու եւ 1-ական թեկնածուներ՝ Գոշ եւ Խաչարձան համայնքները:

Այս ՏԻՄ ընտրություններն իրականացվելու են գործող Ընտրական օրենսգրքով, որտեղ ավագանիների համար քվոտաներ չկան սահմանված: Դիլիջան համայնքում, բնակչության թվով պայմանավորված, ավագանին կազմված կլինի 15 անդամից (ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 130-ի 5-րդ կետի՝ 10,000-ից մինչեւ 70,000 ընտրող ունեցող համայնքում ավագանին կունենա 15 անդամ):

Դիլիջան համայնքում միավորված Հաղարծին եւ Թեղուտ գյուղերում, կարծում ենք, գերագնահատել են իրենց հնարավորությունները` երեքական թեկնածու առաջադրելով: Մեզ հայտնի չէ նշված գյուղերի ընտրողների թիվը, սակայն բնակչության քանակը նկատի ունենալով կարող ենք ասել, որ երկու գյուղերը 3 թեկնածուով մասնակցելու դեպքում կարող են մասնատել իրենց ձայները եւ չապահովել անցողիկ միավորը: Հովք համայնքը, որը 432 բնակիչ ունի՝ ընդհանրապես ավագանու թեկնածու չի առաջադրել, իսկ Աղավնավանքը, որը 344 բնակիչ ունի՝ 2 թեկնածու է առաջադրել: Նկատի ունենալով, որ նախորդ ընտրություններում ավագանու համար անցողիկ շեմը 350 ձայնն է եղել, նշանակում է, որ առնվազն այս երկու համայնքներն ավագանու կազմում ներկայացված չեն լինի:

Դիլիջան համայնքում ընդգրկված բոլոր 6 գյուղերը կունենան վարչական ներկայացուցիչ, քանի որ ՏԻՄ մասին օրենքում ԱԺ-ի 24.11.2015 թ·-ին կատարած փոփոխությունների համաձայն՝ «բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ»: Միավորված համայնքների ղեկավարներին իշխանությունները խոստացել են վարչական ղեկավարներ նշանակել` ընտրությունները չտապալելու համար:

Չնայած իր կարեւորությանը, այս ՏԻՄ ընտրությունները բացառիկ են նաեւ նրանով, որ ոչ մի կազմակերություն դիտորդություն չի իրականացնելու: ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ  ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով որեւէ տեղական հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել: Այդ բացը որոշակիորեն կլրացնեն լրագրողները` շրջելով ընտրատեղամասերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter