HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երբ օգնության է գալիս դիմացինի անպատասխանատվությունը

Կառավարությունն այսօր չեղյալ է ճանաչել «ՀՀ ՊՆ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված եւ ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու եւ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշումը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է լուծվի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015 թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Ըստ հիմնավորման, նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: 

Փաստորեն, գործադիրը հետ է կանգնել մարզահամերգային համալիրը վաճառելու քայլից: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ դրան կառավարությունը գնացել է ոչ թե սեփական խոհեմության, այլ գնորդի անպատասխանատվության արդյունքում:

Ինչպես գրել ենք նախկինում, օգոստոսի 13-ին կառավարությունը որոշել էր համալիրը ՊՆ-ից վերցնելու եւ 30 մլն դոլարով օտարելու մասին: Գնորդը «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն էր, որը հիմնադրվել էր այդ որոշումից օրեր առաջ՝ հուլիսի 20-ին: Հիմնադիրը Արմեն Զավենի Գեւորգյանն էր, որի մասին «Հետքը» նախկինում նույնպես գրել է: Սակայն ՊՆ-ի եւ այս ՍՊԸ-ի միջեւ պայմանագրի օրը՝ սեպտեմբերի 1-ին, իրավաբանական անձանց պետռեգիստրում ՍՊԸ-ի 100 տոկոսի փայատեր էր գրանցվել ամերիկահայ Վահագ Դինո Ավադիսյանը: Վերջինս ներգրավված է եղել տարբեր բիզնես-նախագծերում. մասնավոր ներդրողների կողմից կառուցապատման նախագծերի ֆինանսավորում, անշարժ գույքի առքուվաճառք, շոու-բիզնես: Սակայն Ավադիսյանի անունը պարբերաբար շրջանառվել է ֆինանսական խարդախությունների համատեքստում, իսկ նրա գործողություններից տուժած ներկայացող մարդկանց թիվը դժվար է հաշվել (նրանցից ոմանք անմիջապես արձագանքեցին «Հետքի» հրապարակմանը՝ թողնելով մեկնաբանություններ), չնայած հենց Ավադիսյանն է բողոքել, թե իրեն գող, խարդախ ու սուտասան են անվանել:

2014-ի փետրվարին Ավադիսյանը ձերբակալվել էր Լոս Անջելեսում, քանի որ մեղադրվում էր Ալաբամա նահանգի Բոլդուին շրջանի դատախազության կողմից չգրանցված արժեթղթերի վաճառքի, չգրանցված գործակալի կողմից արժեթղթերի վաճառքի եւ արժեթղթերի վաճառքին առնչվող խարդախության մեջ: Մարզահամերգային համալիրը գնելու գործարքի ժամանակ քրեական հետապնդումը Դինոյի հանդեպ չէր ավարտվել, ավելին՝ նա հետախուզման մեջ էր, քանի որ չէր ներկայացել դատարան:  

Հիմա հասկանանք, թե ինչու գործարքն այդպես էլ չի ավարտվել, ու համալիրը մնացել է ՀՀ-ին: Կառավարության օգոստոսի 13-ի որոշման 3-րդ կետով պաշտպանության նախարարին հանձնարարվել էր որոշումն ուժի մեջ մտնելուց հետո (19.08.2015) մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առքուվաճառքի պայմանագիր, ինչը, փաստորեն արվել է սեպտեմբերի 1-ին: Սակայն նույն կետի համաձայն՝ պայմանագրի դրույթներն ուժի մեջ էին մտնելու գնորդի կողմից վաճառքի գինը՝ 30 մլն դոլարին համարժեք դրամը, եւ գույքի արժեքի որոշման գումարը՝ 2.120.000 դրամը, վճարելուց հետո: Ընդ որում՝ վճարումները պիտի արվեին պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրում: Գումարները պիտի փոխանցվեին «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: Ստացվում է, որ հոկտեմբերի ընթացքում Ավադիսյանը պիտի վճարած լիներ այս գումարները եւ իրավունք կունենար տիրապետել գույքը: Բայց քանի որ իր այդ պարտավորությունը չի կատարել, պայմանագիրն ուժի մեջ, բարեբախտաբար, չի մտել:

Ասում ենք բարեբախտաբար, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ կլիներ Երեւանի խորհրդանիշներից մեկը դարձած եւ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող մարզահամերգային համալիրի հետ, եթե դրան տիրեր կասկածելի համբավ ունեցող ինչ-որ գործարար, որի հանդեպ քրեական գործն ավարտված էլ չէ:

Ի՞նչ են մտածել կառավարությունում կամ ՊՆ-ում, երբ իմացել են Վահագ Դինո Ավադիսյանի անցյալի ու ներկայի մասին («Հետքն» այս թեմային անդրադարձավ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին): Մի՞թե առավելագույնը 4 տարում ավելի քան 100 մլն դոլար ներդնելու խոստումներն այդքան ապշեցրել էին գործադիրին, ՊՆ-ին ու, ընդհանրապես, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը («ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ն պարտավորվել էր նորոգել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում եւ ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որն, ըստ կառավարության, առաջինն էր լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Այն ներառելու էր հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն): Կարելի է ասել, որ վաճառողներն իսկապես շատ էին ուրախացել, ուղղակի հաշվի չէին առել, թե ում հետ գործ ունեն: Եվ հենց այս պատճառով ի դժբախտություն վաճառողների ու ի բարեբախտություն շարքային քաղաքացիների՝ գործարքը ձախողվեց:

Հարց է ծագում նաեւ, թե ինչու է կառավարությունը միայն հիմա արձագանքում այս խնդրին, եթե պայմանագիրն ուժի մեջ չի մտել դեռ հոկտեմբերին: Այսինքն՝ սահմանված ժամկետը (30 աշխատանքային օրը) լրանալուց անմիջապես հետո ՊՆ-ն այս հարցը պիտի մտցներ կառավարություն եւ օգոստոսի 13-ի որոշումը չեղյալ ճանաչվեր (շեշտենք, որ դրանում նշվում էր նաեւ ՊՈԱԿ-ը լուծարելու մասին): Սակայն անհասկանալի է նաեւ սեպտեմբերի 1-ի պայմանագիրը լուծելու մասին կառավարության որոշումը, քանի որ այդ հարցն ինքնըստինքյան լուծվել է պայմանագրի ուժի մեջ չմտնելով: 

Չնայած համալիրը մնացել է ՊՆ-ի կազմում գործող «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ի հաշվեկշռում, չի բացառվում դրա օտարման հերթական փորձը տեսանելի ապագայում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter