HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Մանուչարյան. «Թումանյանում պետք է ակտիվ ավագանի լինի»

Գայանե Սարգսյան

Փետրվարի 14-ին Թումանյանի տարածաշրջանի միավորվող 7 համայնքներում կանցկացվեն համայնքի ղեկավարի ու ավագանու ընտրություններ: Ինչպես ավելի վաղ «Հետքը» տեղեկացրել էր, համայնքի ղեկավարի թեկնածություն էին ներկայացրել երկու մասնակից՝ Թումանյան համայնքի ներկայիս քաղաքապետ Լևոն Ձավարյանը և համայնքապետարանի մասնագետ Էդգար Խաչատրյանը, որն ավելի ուշ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել:

Ավագանու 9 տեղի համար կպայքարի 14 մասնակից: Ընդ որում, Թումանյան համայնքից թեկնածություն առաջադրել է 3, Լորուտից՝ 4, Ահնիձորից՝ 2,  Շամուտից՝ 2, Աթանից, Մարցից, Քարինջից՝ 1-ական թեկնածու:

«Բոլոր համայնքներից թեկնածու ունենք, ինչը շատ կարևոր է իրենց համայնքի խնդիրները բարձրաձայնելու համար»,- նշում է Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը:

Թե ինչո՞վ է պայմանավորված համայքնապետի ու ավագանու ընտրություններում հատկապես 6 գյուղական համայնքների բնակիչների պասիվությունը, վարչության պետը դժվարանում է ասել. «Դե, նոր աշխատանք է, կարող է այդ 6 գյուղապետերից ոչ մեկն իրեն չի տեսնում, որ կարող է նստել այդ 7 համայնքը ղեկավարել: Կարող է տեսնում են, որ տվյալ թեկնածուն՝ Ձավարյանը, որոշակի հարգանք է վայելում ու մտածում են, որ իրենք դնեն՝ կպարտվեն, դրա համար չեն դնում…»:

Նկատում ենք, որ եթե միավորվող 7 համայնքի ղեկավարի պաշտոնում իրենց չէին տեսնում, համայնքների խնդիրներին լավատեղյակ լինելով՝ կարող էին ավագանու տեղի համար առաջադրվել:

 «Հնարավոր է, որ համայնքի ղեկավարը որպես ներկայացուցիչ իրենց նշանակի, դրա համար իրենք ավագանի չեն դրել: Համայնքի ղեկավարն ու ավագանին են որոշելու,    թե ում նշանակեն ներկայացուցիչ տվյալ համայնքում, որը և կզբաղվի համայնքի խնդիրների բարձրաձայնմամբ»,- ասում է զրուցակիցս:

Փետրվարի 14-ին կայանալիք ընտրություններից հետո, երբ կձևավորվի համայնքի նոր աշխատակազմը, գյուղական համայնքապետարանների աշխատակիցներն աշխատանքից կազատվեն: 7 համայնքներում համայնքապետարանների աշխատակիցների ներկայիս թիվը 45 է, Տ. Մանուչարյանի դիտարկմամբ՝ կրճատումները կկազմեն 10-15 մարդ, աշխատավարձերի խնայված գումարը՝ շուրջ 50 մլն դրամ:

Ընտրություններից հետո գյուղական համայնքները կունենան երկու հիմնական աշխատող. ներկայացուցիչ ու օպերատոր: Վերջինս կսպասարկի ամենատարբեր հարցերով դիմող բնակիչներին, փաստաթղթային շրջանառություն կիրականացնի կենտրոնի՝ Թումանյանի հետ, որպեսզի բնակիչները Թումանյան գնալ-գալու որևէ խնդիր չունենան: Օպերատորների աշխատանքի կազմակերպման համար գերմանական «Ջիթիզեթ» կազմակերպության կողմից տեղերում ստեղծված են բոլոր պայմանները՝ վերանորոգված սենյակներից մինչև ժամանակակից սարքավորումներ: Թումանյանում միջազգային կազմակերպությունն ավելի շռայլ է գտնվել. ստեղծել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Դ. Մանուչարյանը վստահեցնում է, որ համայնքապետարան դիմող բնակիչներն այսուհետ սենյակից սենյակ շրջելու կարիք չեն ունենա. բոլոր հարցերի պատասխանները կտրվեն սպասարկման գրասենյակում:

Նորընտիր ավագանու նիստերը կանցկացվեն Թումանյանի Սմարթ կենտրոի դահլիճում: Նիստերին հետևելու հնարավորություն կունենան բոլորը. նիստերն օնլայն կհեռարձակվեն:

Դեռևս հանրաքվեի նախաշեմին գյուղական համայնքներում արված մեր հարցումների ժամանակ բնակիչները մտավախություն էին հայտնել, որ խոշորացումից հետո իրենց համայնքները կմոռացվեն, որ ամեն ինչ կարվի Թումանյանի համար: Այս մտավախությունը, ՏԻՄ վարչության պետի կարծիքով, հիմքեր չունի. «Թումանյանի քաղաքապետն էլ է նշել, մենք էլ ենք տեսել, որ Թումանյան համայնքը ճանապարհների խնդիր համարյա չունի: Ուզում եմ ասել՝ այդ գումարները Թումանյան բերես դնես էլ, ծախսելու ինչ-որ տեղ էլ չկա: Հիմնական խնդիրը գյուղական  համայնքներում է: Էսօր երևի քաղաքի բնակիչներն ավելի շատ նեղվեն, որ Թումանյանի քաղաքապետն արդեն ուշադրությունը շեղելու է  գյուղական համայնքների վրա,- ասում է Տ. Մանուչարյանը,- հիմա դիտելու ենք որպես մեկ համայնք: Մի ծրագրով կարող է  երեք համայնքի հարց լուծվի, մյուս ծրագրով մտածեն մյուս երեքի մասին: Հաստատ ոչ մի համայնք դուրս չի մնա, ոչ մեկը չի անտեսվի ու բնակչության կողմից էլ դժգոհություն չի առաջանա»:

Բյուջեի համաչափ բաշխման հարցում ՏԻՄ վարչության պետը կարևորում է հատկապես համայնքի ավագանու դերը: «Ինչո՞ւ որոշվեց, որ բոլոր համայնքներից ներկայացուցիչներ լինեն ավագանու կազմում: Որ կարողանան իրենց համայնքների շահերը ներկայացնեն: Պետք է ակտիվ ավագանի լինի: Այստեղ չպետք է լինի այն ձևական կողմը, որ գյուղերում կա. թույլ ավագանիների օղակ, որը չի խառնվում ոչ մի բանի»,- ասում է նա:  

Գյուղական համայնքների հաջորդ մտավախությունը որոշ դպրոցների ու մանկապարտեզների միավորման առիթով էր:  

«Ներկա պահին եթե Լորուտում գործող մանկապարտեզ կա, միանշանակ, դա չի փակվելու: Դեռ կարող է մտածվի, որ եթե ընդլայնելու հնարավորություն ունի, ընդլայնվի, որպեսզի կարողանա ընդունել նաև Շամուտի ու Աթանի 10-15 երեխայի: Այս գյուղերը միանշանակ հնարավորություն չունեն և չէին էլ ունենալու մանկապարտեզ,- նկատում է վարչության պետն ու անցնում դպրոցներին,-դպրոցների մասին դեռևս ոչ մի խոսք չկա: Ընդամենը կա այսպիսի կարծիք.  այն գյուղերում, որտեղ մի դասարանում նստում են, ասենք, առաջին, չորրորդ, յոթերորդ դասարանի 3 երեխա, կրթական որակը միանշանակ չի բավարարի: Ու, օրինակ, եթե Լորուտի դպրոցի շենքը մեծ է, շատ հնարավոր է Աթանի 5 ուսուցիչն էլ տեղափոխվեն այդտեղ, տրանսպորտային միջոց աշխատի, երեխեքն էլ գան իրենց 10-15 հոգանոց դասարանի հետ նստեն, հաստատ ավելի լավ ուսում ստանան: Սա զուտ մտածելով, զուտ լոգիկայով շատ ճիշտ բան կլինի: Բայց քանի դեռ այդ ամենը ստեղծված չի, դեռ վաղ է խոսել այդ մասին»,- ասում է Դավիթ Մանուչարյանը:

Թումանյանի փնջի միավորումից հետո հնարավոր ռիսկերը գնահատելով՝ Դ. Մանուչարյանը միակ խնդիրը տեսնում է հարկերի հավաքագրման ցուցանիշի նվազման մասով. «Կարելի է ասել՝ որևէ ռիսկային խնդիր չենք տեսնոմ: Միակ խնդիրն այն է, որ հարկերի հավաքագրման նվազում կարող է դիտվել, բայց ես գտնում եմ, որ դա ժամանակավոր բան է լինելու, մի քանի ամիս հետո էլի իր հունի մեջ կմտնի: Իմ կարծիքով՝ համայնքի ներկայացուցիչներն էլ պետք է մի քիչ ավելի խիստ կարգը դնեն: Չեմ ասում՝ մարդկանց գան ստիպեն, պահանջեն: Մարդուն պետք է սովորեցվի, որ ամեն ամիս հողի վարձը մուծեն: Մի քանի տարի հետո մենք այս թեմայով էլ չպետք է խոսենք, պետք է ավելի գլոբալ հարցերի շուրջ մտածենք, իսկ հարկը պետք է ավտոմատ ձևով հավաքվի»:

Այս տարի Լոռու մարզում նախատեսվում է ևս մեկ փունջ ստեղծել՝ Սարչապետ կենտրոնով: Սարչապետում, սակայն, ապրիլի 17-ին համայնքի ղեկավարի ընտրութունններ են նշանակված: ՏԻՄ վարչության պետի կարծիքով՝ այն չի անցկացվի: «Եթե խոշարացվելու է, ընտրություն է լինելու: Բնականաբար, ցանկալի չի, որ նույն տարածքում երկու անգամ ընտրություն իրականացվի: Նախարարությունում տեղեկացված են, ինձ թվում է այդ հացը կլուծեն»,- ասում է նա:

                                                                                          

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter