HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսնուս երեխան

Բազմաթիվ պատմվածքների, էսսեների, հրապարակախոսությունների և թարգմանությունների հեղինակ Ջալալ Ալ Ահմադը ծնվել է 1923թ. Թեհրանում, հոգևորականի ընտանիքում: Բարձրագույն կրթություն ստացել է Թեհրանի համալսարանի Գրականության ֆակուլտետում: Ինչպես մի քանի պատմվածքներում, այնպես էլ «Ամուսնուս երեխան» ստեղծագործությունում, գլխավոր հերոսը կին է: Պատմվածքն անպաշտպան, անճար կնոջ մենախոսություն է , որը մեղավոր և անմեղ է միաժամանակ: Հերոսուհու կերպարում արտացոլված է այդ ժամանակի իրանցի կնոջ հավաքական կերպարը: Հայտնի արձակագիր լինելուց  բացի Ջալալ Ալ Ահմադը նաև իր ժամանակի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն էր: Նա մահացել է 1969թ.` թողնելով գրական հարուստ ժառանգություն:

Լավ, ի՞նչ անեմ: Ամուսինս չի կամենում ընդունել երեխայիս: Երեխա, որ իրենը չէ, որը նախկին ամուսնուցս է: Նախկին ամուսինս ինձ ապահարզան է տվել ու երեխայի խնամքին չի էլ ուզում խառնվել: Ուրիշն ի՞նչ կաներ իմ փոխարեն: Ախր, ես էլ պիտի ապրեմ: Եթե այս մեկն էլ ինձանից երես թեքի, ի՞նչ եմ անելու: Երեխայիցս ազատվելու ի՞նչ հնար գտնեմ: Ուրիշ ի՞նչ կարող է անցնել ինձ նման կնոջ մտքով, որի աչքը փակ է, բերանը՝ խուփ, ոչ մի ճար ու ճամփա էլ չգիտի: Գուցե մանկական խնամքի կենտրո՞ն տանեմ կամ մեկի՞ն տամ: Բայց ո՞ւմ: Ո՞վ կընդունի իմ երեխային: Ինչպե՞ս կարող եմ վստահ լինել: Իսկ եթե ասեն` սպասի, կամ թուք ու մուր տան` հազար անուն կպցնելով ինձ ու երեխայիս: Չեմ ուզում էդպես լինի:

Հենց նույն օրը` երեկոյան, երբ գործերս ավարտելուց հետո մերոնց տուն գնացի, ամեն ինչ պատմեցի բարեկամներիս ու հարևաններիս: Մեկը, չեմ հիշում` ով, ասաց. «Ուրեմն երեխայիդ մանկական խնամքի կենտրոն տար կամ հանձնիր մանկատուն և ...»: Չէի լսում` ինչ են խոսում: Մեկ էլ ականջիս հասավ մորս ձայնը. «Կարծում ես` կընդունե՞ն: Հը~մ»: Չնայած նման բան իմ մտքով էլ էր անցել, բայց հարևանի կնոջ խոսքերից սիրտս ճմլվեց: Մտածեցի` բայց փորձե՞լ եմ ու չե՞ն ընդունել, հետո մորս ասացի. «Երանի կարողանայի այս գործը գլուխ բերել»: Սակայն ես ծանոթներ չունեի, վստահ չէի, որ ինձ կլսեն: Եթե չընդունեին, այլևս անհնար կլիներ որևէ բան ձեռնարկել: Ասես աշխարհի դարդն ու ցավն ինձ էին տվել: Փոքրիկիս արտաբերած թոթով խոսքերը միտս ընկան: Էլ չկարողացա ինձ զսպել ու բոլորի առաջ հեկեկացի: Ծայրահեղ վատ վիճակում էի: Հարևանուհիներից մեկը մրմնջաց. «Լացում էլ է, չի ամաչում...»: Մայրս օգնության հասավ: Սիրտ տվեց, հուսադրեց: Երևի ճիշտ էր ասում. նախ դեռ ջահել եմ, ինչո՞ւ պիտի մի երեխայի համար այսքան տառապեմ, հատկապես որ ամուսինս նրան չի ընդունում: Հետո էլ, եթե ամուսնուս հետ հաշտ լինեմ, դեռ երեք-չորս երեխա կարող եմ ունենալ: Ճիշտ է, սա առաջնեկս է, չպիտի նրա հետ այդպես վարվեմ, բայց հիմա բանը բանից անցել է, այլևս մտածելն անիմաստ է: Ավելի լավ է` վեր կենամ,գնամ, անելիքս անեմ: Ամուսինս զուր չի ասում. «Չեմ ուզում տանը մի ուտող բերան էլ ավելանա»: Երկար-բարակ որ մտածում եմ, հասկանում եմ նրան: Ես էլ չէ՞ նրա երեխաներին հարազատի պես չեմ սիրում: Ես էլ նրանց եմ բեռ համարում: Ինձ համար էլ նրանք են ուտող բերան: Նա էլ է մարդ, իրավունք ունի իր տանն իմ երեխայի ներկայությանը դեմ լինելու: Չէ, իմ երեխայի չէ, մի որձ էշի քուռակի, ինչպես ինքն է ասում: Առաջին երկու օրը խոսակցության թեման անընդհատ երեխան էր: Երկրորդ օրը երեկոյան երկար խոսեցինք: Չէ, ոչ թե զրուցեցինք, այլ նա էր անդադար խոսում: Ես լսում էի: Միայն վերջում հարցրի. «Լավ, ի՞նչ ես ուզում` անեմ»: Չպատասխանեց: Մի քիչ մտածելուց հետո ասաց. «Ես չգիտեմ, ինչ ուզում ես` արա: Ես չեմ կամենում էդ հետ գցածին կամ մի որձ էշի իմ սեղանի գլխին տեսնել»: Ընտրություն անելու հնարավորություն չունեի:  Էդ գիշերը մոտս չեկավ: Երրորդ գիշերն էր, որ միասին էինք, բայց հետս չէր խոսում: Գիտեի` դիտմամբ էր անում, որ երեխայիս հարցերը շուտ լուծեմ: Առավոտյան՝գործի գնալուց առաջ, ասաց. «Կեսօրին, երբ վերադառնամ, էդ լակոտին տանը չտեսնեմ»: Հանձնարարությունը ստանալուց հետո միանգամից խաղաղվեցի, չհասկանալով` ինչու: Ինձանից ոչինչ կախված չէր: Չադրաս հագա, բռնեցի երեխայիս ձեռքը և ամուսնուս հեռանալուց հետո տնից դուրս եկա:

Երեխաս համարյա երեք տարեկան էր: Շատ սիրուն էր քայլում: Վատն այն էր, որ երեք դժվարին տարիներն արդեն անցյալում էին: Հեշտացել էր նրան պահելը: Գիշերներն էլ պետք չէր արթուն մնալ: Բայց ոչինչ անել չէի կարող: Մինչև ավտոկայան ոտքով գնացի: Նրան էլ էի կոշիկներ հագցրել: Ամենալավ շորերն էի ընտրել: Պստլիկ, երկնագույն բաճկոնակ էր ու տաբատ. նախկին ամուսինս էր գնել: Սկզբում մտածեցի` ինչո՞ւ եմ նոր շորեր հագցնում, բայց սիրտս չտարավ: Ի՞նչ էի անելու, եթե պահեի: Ամուսնուս ձեռքը քարի տակ չէր, եթե նոր երեխա ունենայի, կառներ: Հագցրի, մազերը սանրեցի: Շատ լավիկն էր: Մի ձեռքով նրա դաստակն էի բռնել, մյուսով` չադրայիս փեշերը: Դանդաղ էի քայլում, այլևս պետք չէր կշտամբել նրան` ստիպելով արագ քայլել: Վերջին անգամ էր, որ ձեռքը բռնել էի: Մի երկու-երեք անգամ կոնֆետ ուզեց: Ասացի. «Հիմա ավտոբուս ենք նստելու, երբ իջնենք, քեզ համար կակա կառնեմ»: Հիշում եմ, ամեն օրվա նման անդադար հարցեր էր տալիս:

Մի ձիու ոտք էր խրվել ջրափոսի մեջ, մարդիկ էին շուրջը հավաքվել: Համառեց`գրկեմ, որպեսզի տեսնի` ինչ է կատարվում: Գրկեցի: Տեսավ` ձիու վիրավոր ոտքից արյուն է հոսում: Երբ իջեցրի գրկիցս, ասաց. «Մալիկ, ոտը ախ էլ ալել»: Պատասխանեցի. «Հա, բալես, իր մամային չի լսել, դրա համար էլ ոտքը ախ է արել»: Քայլեցինք մինչև ավտոկայան: Կես ժամ սպասեցինք մինչ համապատասխան ավտոբուսի գալը: Երեխան անհանգիստ էր: Ես էլ էի հոգնել: Նրա հարցերը հունից հանում էին ինձ: Մի քանի անգամ ասաց. «Մալիկ, բա ի՞նչ ենք անելու: Ատո չի գալիս: Կակա չե՞ս ալնելու»: «Հիմա ավտոբուսը կգա, երբ իջնենք, քեզ կակա կառնեմ»,-պատասխանեցի նորից: Վերջապես երրորդ համարի ավտոբուսը եկավ: Նստեցինք, մինչև Շահի հրապարակ հասնելը երեխաս շարունակում էր խոսել ու հարցեր տալ: Ասաց. «Մալիկ, տե՞ղ ենք գնում»: Չգիտեմ` ինչու, պատասխանեցի`գնում ենք պապայի մոտ: Նայեց երեսիս, հետո հարցրեց. «Ո՞ր պապայի»: Էլ համբերություն չունեի: Խիստ տոնով ասացի. «Ջանս, ինչքան ես խոսում, եթե էդպես շարունակես, կոնֆետ չեմ առնի, հա»: Հիմա սիրտս մղկտում է: Ինչո՞ւ  վերջին պահին կոտրեցի փոքրիկիս սիրտը: Տնից դուրս գալուց առաջ ինքս ինձ խոստացել էի չբարկանալ, չխփել երեխային, չկշտամբել: Ինչպես է սիրտս մղկտում: Ինչո՞ւ լռեցրի նրան: Նա սսկվեց: Վարորդի օգնականը ծամածռություններ էր անում, խոսում հետը: Երեխաս սկսեց ծիծաղել. աշխուժացավ: Բայց ես ուշադրություն չէի դարձնում ոչ այդ տղային, ոչ էլ փոքրիկիս, որն անընդհատ երեսիս էր նայում: Շահի հրապարակում ավտոբուսն արգելակեց, իջանք: Երեխաս դեռ ծիծաղում էր: Հրապարակում խառնաշփոթ էր. շատ մարդիկ ու մեքենաներ կային: Ես վախենում էի որևէ բան ձեռնարկել: Մի քիչ քայլեցինք: Մոտ կես ժամ: Մեքենաները քչացան: Մոտեցանք հրապարակին: Տասը շահիանոց հանեցի գրպանիցս, տվեցի երեխային: Նա զարմացած ինձ նայեց: Չգիտեր` ինչ է փողը: Հրապարակի մյուս կողմում մի մանրավաճառ կար, դդմի սերմեր էր ծախում: Մատով ցույց տվեցի, ասացի. «Գնա, կոնֆետ գնիր: Գիտեմ` կարող ես,գնա»: Փոքրիկը նայեց փողին, նայեց ինձ, ասաց. «Մալիկ, դու էլ ալի»: Պատասխանեցի. «Չէ, ես էստեղից քեզ կհետևեմ: Գնա, տեսնեմ կարո՞ղ ես գնալ»: Նա նորից փողին նայեց: Երկմտում էր: Չգիտեր` ինչպես են որևէ բան գնում: Ակնապիշ` աչքերիս էր նայում: Զարմանալի, տարօրինակ հայացք էր: Սիրտս ճմլվեց: Վատ զգացի: Շատ վատ: Քիչ էր մնում` մտափոխվեի: Նույնիսկ հետո, երբ թողեցի նրան ու փախա, կամ երբ լաց եղա հարևանների առաջ, այդքան խորը ցավ չզգացի, ինչպես այդ պահին: Էլ չէի դիմանում: Տարօրինակ հայացք էր: Երեխաս շվարել էր, կարծես ինչ-որ բան էր ուզում հարցնել: Աչքերի մեջ նայել չէի կարողանում: Ակամայից ասացի. «Գնա, փողը տուր նրան, ասա` ինձ դդմի սերմեր տվեք»: Նա նայեց մանրավաճառի կողմը, և ամեն անգամվա նման, երբ լացելու համար պատճառ էր փնտրում, ասաց. «Մալիկ, ես սելմել չեմ ուզում, թամիչ եմ ուզում»: Ինքնատիրապետումս կորցնում էի: Եթե փոքրիկը մի քիչ էլ ձգձգեր կամ արտասվեր, հաստատ կմտափոխվեի: Բայց նա չարտասվեց: Բարկացա: Գոռացի. «Չամիչ էլ ունի,գնա, ինչ ուզում ես,գնիր: Գնա, շուտ արա»: Եվ մայթեզրով հոսող առվի վրայով անցկացրի նրան, ձեռքս մեջքին դնելով թեթև հրեցի. «Դե գնա, ուշ է»: Փողոցը դատարկ էր: Կառքեր կամ ավտոբուսներ չէին երևում: Երեխաս երկու-երեք քայլ գնալուց հետո շրջվեց, ասաց. «Մալիկ, թամի՞չ էլ կա»: «Հա, կա, ջանս, ասա տասը շահիի չամիչ տվեք»: Գնաց: Հասել էր փողոցի մեջտեղը, երբ անսպասելիորեն մի մեքենա հայտնվեց` ազդանշան տալով: Սարսուռ անցավ մարմնովս, և առանց մտածելու` ինձ նետեցի փողոց, գիրկս առա երեխային, վազեցի դեպի մայթ ու մտա մարդկանց մեջ: Քրտինքը հոսում էր վրայիցս: Հևում էի: Երեխաս հարցրեց. «Մալիկ, ի՞նչ է եղել»: «Ոչինչ, ջանս: Մեքենան արագ էր սլանում, իսկ դու դանդաղ էիր քայլում, քիչ էր մնում` տակն ընկնեիր»: Քիթը քաշեց, ուզում էր լացել: Հետո ասաց. «Լավ, մալիկ, իջեցրու գրկիցդ, էս անգամ ալագ կքալեմ»: Եթե այդ խոսքերը չասեր, չէի հիշի` ինչու եմ այդտեղ եկել: Սթափվեցի` դեռ արցունքները աչքերիցս չմաքրած: Հիշեցի ամուսնուս, որը բարկանալու էր ինձ վրա: Համբուրեցի երեխայիս: Վերջին համբույրն էր: Իջեցրի գրկիցս, ականջին շշնջացի. «Արագ գնա, մեքենա կգա»: Այս անգամ ավելի արագ էր քայլում` փոքրիկ քայլերն շտապ-շտապ փոխելով, և ես շունչս պահել էի. աստված չանի, կարող էին ոտքերը փաթ ընկնել: Երբ անցավ փողոցը, շրջվեց ու ինձ նայեց: Ես` բռիս մեջ հավաքած չադրայիս փեշերը, պատրաստվում էի հեռանալ: Երբ շրջվեց, տեղում քարացա: Չէի ուզում` հասկանար, որ լքում եմ իրեն: Բայց քարանալուս պատճառը միայն դա չէր: Նման էի գողի, որը գողոնը բռի մեջ էր պահել: Անշարժացել էի այն անգամվա նման, երբ ամուսնուս գրպաններն էի տնտղում, նախկին ամուսնուս, և հենց այդ պահին նա ներս մտավ: Քրտինքի մեջ կորել էի: Կախեցի գլուխս, հազար տեսակ ցավ էր պտույտ տալիս գլխումս: Քիչ էր մնացել, երեխաս մոտենում էր վաճառողին: Գործս ավարտել էի: Երեխաս ողջ-առողջ փողոցի մյուս մայթին էր հասել: Այդ պահից սկսած ինձ թվաց` երբևէ երեխա չեմ էլ ունեցել: Վերջին անգամ էի նրան տեսնում, ու թվում էր` ամուսնուս երեխային եմ հետևում: Հաճույք էի ստանում նրան նայելով, բայց այնպես, ինչպես հաճույք կստանաս ուրիշի երեխային դիտելով: Խցկվեցի ամբոխի մեջ: Հետո սարսափը համակեց ինձ: Քիչ էր մնում կանգ առնեի հմայվածի պես: Իսկ եթե մեկը թաքուն հետևած լինե՞ր ինձ: Այդ մտքից մազերս բիզ-բիզ կանգնեցին, քայլերս ավելի արագացրի: Երկու փողոց ներքև ինձ նետեցի նեղ, երկրորդական փողոցներն ու նրբանցքները և փախա: Հանկարծ մի տաքսի արգելակեց ուղիղ իմ թիկունքում: Մտածեցի` հիմա ինձ կբռնեն: Ուղն ու ծուծով դողում էի: Հաստատ մի ոստիկան խաչմերուկից հետևել էր ինձ` նստելով առաջին պատահած տաքսին: Չգիտեմ ինչպես` պտտվեցի: Տաքսու ուղևորները վճարեցին վարձը և պատրաստվում էին հեռանալ: Խորը շունչ քաշեցի: Ակամայից, առանց նայելու` որտեղ եմ, առանց հասկանալու` ինչ եմ անում, ինձ գցեցի տաքսու մեջ և դուռը շրխկոցով փակեցի: Վարորդը հռհռաց, և մեքենան պոկվեց տեղից: Չադրայիս փեշը մնացել էր դռան տակ: Երբ տաքսին հեռացավ այդ փողոցից, վերագտա վստահությունս, դուռը հանգիստ բացեցի, քաշեցի չադրայիս փեշը և դուռը կրկին փակեցի: Հենվեցի նստարանին, խորը շունչ քաշեցի: Երեկոյան այդպես էլ չկարողացա տաքսու գումարը պոկել ամուսնուցս:

Պարսկերենից թարգմանեց Նունե Հովհաննիսյանը  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter