HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էլցանցի աշխատակից. «Մենք էդքան անխիղճ չենք, որ «դոմիկում» ապրողի լույսն անջատենք»

Երանուհի Սողոյան

Գյումրու տնակային թաղամասերում հանդիպած երկրորդ ընտանիքը Սարգսյաններինն է, որ պարտքի պատճառով երկու շաբաթից ավելի զրկված է էլեկտրաէներգիայից: Կուտակած պարտքը մեծ չէ ՝ ընդամենը 1600 դրամ, սակայն Սարգսյաններն այն վճարել չեն կարողանում: Տանտիրուհին՝ Ռուզան Մաթոսյանը ցույց է տալիս երկու մասից բաղկացած կիսադատարկ կացարանը, որտեղ ջեռուցման ու սնունդ պատրաստելու միակ միջոցը փայտով վառվող վառարանն է:

Ենթադրյալ խոհանոցում գործածության համար ոչ պիտանի գազօջախն է: Լվացարանի մի հատվածում իրար վրա դարսված է ապակե սպասքը, առավել տարողունակ կաթսաները, դույլերն ու տապական պարզապես դրված են գետնին: Նույն անմխիթար վիճակն է տան սանհանգույցում: Սարգսյանների ննջարանում մեկ մահճակալ է դրված: «Էդ էլ օժիտս է,- տեղեկացնում է Ռուզանը,- մնացածն ինչ կտեսնիս՝ մերը չէ, հա, մեկ էլ ամանեղենն է իմս»:

Սարգսյանները Գյումրու «Ավտոկայան» կոչվող տնակային թաղամասի104 տարածքի 301 տնակը վարձակալում են ամիսը 6 հազար դրամով: Տանը փոքրահասակ երեխաներ չկան: Ռուզան Մաթոսյանը ծնունդով ախուրյանցի է, ամուսինը՝ Էդվարդ Սարգսյանը, Գյումրու բնակիչ է: 50-ամյա ամուսինները հանդիպել ու ամուսնացել են 4 տարի առաջ՝ Ախուրյանում:

«Երկուսս էլ էդ ժամանակ ֆերմերի մոտ կաշխատեինք, ես կով կկթեի, ամուսինս էլ եղբոր հետ անասուն կպահեր, ֆերմայում էլ կապրեին»,- պատմում է Ռուզանը:

Ամուսնությունից հետո նորաստեղծ ընտանիքը մոտ 4 տարի վարձակալական հիմունքներով բնակվել է Ախուրյանում: Վարձը վճարել չկարողանալու պատճառով (ամիսը 10 հազար դրամ) տեղափոխվել են Գյումրի, որտեղ մատչելի գնով (ամիսը 6 հազար դրամ) արդեն երրորդ ամիսն է, «դոմիկ» են վարձակալել:

Տնակում ամուսինների հետ բնակվում է նաեւ Էդվարդի հաշմանդամ եղբայրը՝ 45-ամյա Արտյոմ Սարգսյանը:

Ռուզանն ասում է, թե ամուսնությունից հետո Էդվարդն արգելել է իրեն կով կթել՝ պատճառաբանելով, թե խանդում է: Ինքը՝ Էդվարդը, մշտական աշխատանք չունի, չի աշխատում նաեւ էպիլեպսիայով հիվանդ եղբայրը: Մանկությունից հաշմանդամ է նաեւ Ռուզանը եւ ընտանիքի միակ կայուն եկամուտը հաշմանդամության համար տրվող 27 հազար դրամ նպաստն է:

«Պարտք շատ ունինք, երեւի մի 300 հազար դրամ, ոսկեղենս բանկն է մնացել, հնարավորություն չկա, որ հանենք՝ հազիվ տոկոսները կուտանք,- ասում է Ռուզանը,- տեգրս էլ հիվանդ է, դեղի փող է չունինք, որ դեղ առնինք, էս տան վարձն էլ վերջին ամիսը տալս է ղրկել, թե չէ ըստեղից էլ դուրս կհանեին: Խանութում էլ պարտք ունինք, մեկ էլ էն նախկին վարձով տան հետ կապված հըլը փող ունինք տալու հազար դրամ պարտք էր մնացել վրեքս, 10 հազարը ճարեցինք տվեցինք, 20 հազարն էլ հըլը բդի տանք, օր կոշիկներս մնացել է ընդեղ՝ կրնանամ կոշիկներս վերցնեմ»:

Սարգսյաններն անօթեւանի կարգավիճակ չունեն, իրենց պատկանող բնակարանը վաճառել են շատ տարիներ առաջ: Չունեն նաեւ կայուն եկամուտ եւ աշխատանք: Եւս մեկ խնդիր ունեն այս ընտանիքի տղամարդիկ՝ կորցրել են անձնագրերը:

Արտյոմն անձնագիր չունի, իր հիշելով կորցրել է բնակարանը վաճառելուց հետո վարձով տնից տուն տեղափոխվելիս: Դա է նաեւ պատճառը, որ չեն կարողացել ժամանակին հաշմանդամության կարգ հանել:

«Հերս, օր մահացավ, մենք պարտքով թաղում էրեցինք, հետո ստիպված եղանք տունը ծախելու, օր պարտքերը տանք, էն ժամանակ 1400 դոլարով ենք ծախել երկու սենյականոց տունը: Մենք Մանուշյանի վրայի ուսիլիտ էրած շենքերը կապրեինք: Մերս էլ մի վեց-յոթ տարի առաջ է մեռել: Ես մե վախտմ քրոջս տունը կապրեի, Վարդաքար է նշանված, էս վերջին տարիներն ախպրոս ընտանիքի հետ եմ: Պրոստո գործ չկա, այ քուր ջան, օր էղնի, ես էլ կաշխատիմ»,- ասում է Արտյոմ Սարգսյանը:

Իսկ տանտերը անձնագրից «ազատվել է» մեկ տարի առաջ: Էդվարդն այցելության պահին տնակում չէր, հեռախոսով զրույցի ժամանակ անձնագրի մասին նշեց, որ այն կորցրել է Արմավիրում, երբ հորեղբոր հետ գնացել էր աշխատելու: Էդվարդը նաեւ խոստովանեց, որ անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել էր դեռեւս 2013 թ-ին եւ ինքն այնքան էլ շատ չի մտահոգվել ժամկետն անցած անձնագրի կորստի համար, թեեւ հայտարարություն ոստիկանությունում տվել է: Եղբայրները պնդում են, որ նոր անձնագիր ստանալու համար իրենց հարկավոր է 30 հազար դրամ:

Ռուզանն ասում է, որ հիմնական աջակցությունը ստանում են ամուսնու քրոջից եւ հորեղբորից: «Ամուսինս օր անձնագիր ունենար, գոնե խոպան կերթար, հըմի ըսպես չի կրնա երկրից դուրս գա, մեր ամուսնությունն էլ է անզագս, որովհետեւ ինքը անձանգիր չուներ՝ ըսպես մնացել ենք»,-նեղսրտում է զրուցակիցս: Շաբաթվա բոլոր օրերը չափահաս այս անձինք անց են կացնում միանման. տանտերն օրվա մեծ մասը գնում է հորեղբոր տուն, կնոջ ասելով՝ հեռուստացույց դիտելու, ինչ-որ գործեր է այնտեղ անում, մեկ-մեկ էլ հորեղբոր կնոջ եփած ճաշից երեկոյան բաժին է բերում տանեցիներին: Ռուզանն ու հիվանդ տեգրը հիմնականում տանն են մնում:

Էլեկտրաէներգիայի պարտքը Սարգսյանները պատրաստ են վճարելու, բայց թե երբ, իրենք էլ չգիտեն: Հսկիչ-էլմոնտյոր ներկայացած Հռիփսիմե Բադեյանը հեռախոսազրույցի ժամանակ նախ ժխտեց անջատումների փաստը՝ նշելով. «Մենք էդքան անխիղճ չենք, որ «դոմիկում» ապրողի լույսն անջատենք՝ էն էլ 1600 դրամի համար, դուք երեւի ինչ-որ բան խառնել ենք,- զրուցակցիս ձայնը վրդովված է,-կոնկրետ ես էն մարդն եմ, որի ենթակայության տակ գտնվող տարածքներում ամենաքիչ անջատումներն են: Որովհետեւ ես իմ բնակիչներին ճանաչելով փոխհամաձայնության եմ գալիս, որ ժամանակացույց կազմենք՝ քիչ-քիչ մուծեն: Մենք խնդիրներ ունենք հատկապես վարձով ապրողների հետ: Որովհետեւ կթողնին կերթան՝ առանց մուծում անելու, էդ պարտքը կմնա կամ տանտիրոջ, կամ իմ վրա»:

Մի քանի ճշտումներից հետո տիկին Բադեյանն ի վերջո հիշում է Սարգսյաններին.

«Դե ես հասցեները դոմիկների տերերի անուններով գիտեմ, ի՞նչ իմանամ, թե իրանք վարձով ում կուդան: Տարվա մեջ կարող է էդ դոմիկը մի երեք անգամ էլ վարձով տան, ես չեմ կարող հետեւել ու իմանալ, թե ով է հերթական վարձակալը,- նկատեց զրուցակիցս,- Սարգսյանների լույսն անջատել ենք դեկտեմբեր ամսվա պարտքի համար, ընդ որում ես էդ փողն իմ գրպանից մուծել եմ, որովհետեւ իրանք խոստացել էին, որ նպաստից կմուծեն: Սաղ մի ամիս իմ օգնականս գնաց-եկավ, էդ փողը չկարողացանք դուրս բերել ու հըլը պարզ չէ էլ, թե հունվարի պարտքն ինչքան է: Վերջին անգամ տիկին Ջեման գնացել, տեսել էր, որ տունը քանիմ հոգով հավաքված նստած կխմեն, էդ որ իմացա, ասի անջատեք: Եթե մարդը խմելու փող ունի, հաստատ էն 1600 դրամը կունենա, որ մուծում կատարի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter