HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յունիբանկ». կիպրոսյան օֆշորներից դեպի ոչ ռեզիդենտ Glovery Holding LTD

2001թ.-ից Հայաստանում գործող «Յունիբանկը», ըստ գրեթե  բոլոր ֆինանսական ցուցանիշների, մտնում է հայաստանյան բանկերի առաջին տասնյակի մեջ: Սակայն «Յունիբանկի»  իրական բաժնետերերին հանրությունը չի ճանաչում, որովհետև բանկի ղեկավարները սեփականատերերի մասին տեղեկությունները խճճել են օֆշորներում: 

Իրավաբանորեն ձևակերպված փաստաթղթերում «Յունիբանկ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը Կիպրոսում 2009թ. գրանցված «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունն էր: Կիպրոսի ընկերությունների ռեգիստրից մեր ձեռք բերած փաստաթղթերի համաձայն, սրա 100 % բաժնետերը Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերություն էր՝ «Նորբոն Ինվեսթմենթ Լիմիթիդը»: Վերջինի պաշտոնական սեփականատերը Կիպրոսում բնակվող բրիտանացի Էդվարդ Դ՛ Անջելոն է (Edward D’ Angelo):

Սակայն ոչ պաշտոնապես բանկը կապում են «Յունիբանկի» խորհրդի նախագահ, ռուսաստանաբնակ գործարար, բանկիր Գագիկ Զաքարյանի հետ:

Գագիկ Զաքարյանը ռուսաստանյան ԱԲ «Յունիաստրում բանկ» ԲԲԸ-ի նախագահն է: Ռուսաստանյան «Յունիաստրում բանկ»-ում նա նաև միջնորդավորված բաժնեմաս ունի: Իսկ միջնորդավորումը դրսևորվում է հետևյալ կերպ.

ռուսաստանյան «Յունիաստրում բանկ»-ի բաժնետերը Կիպրոսում գրանցված Boc Russia Holdings Limited ընկերությունն է, որում Զաքարյանը 10 % բաժնեմաս ունի: Եվս 10 %-ին էլ տիրապետում է հայաստանյան «Յունիբանկ»-ի խորհրդի անդամ, ռուսաստանյան «Յունիաստրում բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պիսկովը:

Մնացյալ 80 % բաժնեմասը Կիպրոսի բանկն է տնօրինում (Bank of Cyprus): Այդ բանժեմասի համար 2008թ.-ին Bank of Cyprus-ը վճարել էր 450 մլն եվրո:

Կիպրոսի բանկի խոշոր բաժնետերը՝ 18,1% բաժնեմասով Կիպրոսի ժողովրդական բանկն է (Cyprus Poopular Bank Ltd, (Laiki Bank)): Համաձայն ռուսաստանյան «Յունիաստրում բանկի» կայքի տեղեկատվության՝ մնացյալ բաժնեմասը տնօրինում են 100-ից ավելի բաժնետերեր:

Ռուսական «Վեդոմոստի» թերթը գրել է, որ Bank of Cyprus-ն ուզում է վաճառել ռուսաստանյան «Յունիաստրում» բանկի իր բաժնեմասը: Կիպրոսյան բանկի կորուստները 2014-ին կազմել են 303 մլն եվրո, որից 299-ը՝ ռուսական գործարքների հաշվին:

Փորձեցինք հայաստանյան «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանից ճշտել իրական բաժնետերերի մասին տեղեկությունները: Հարցազրույցից նա հրաժարվեց: Գրավոր հարցրել էինք, թե ով է բրիտանացի Edward D’ Angelo-ն, ինչ առնչություն ունի բանկի հետ և ում շահերն է նա ներկայացնում:

«Հայտնում ենք, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ի շահառուներն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը»,-մեր գրավոր հարցմանն ի պատասխանան՝ նշել է «Յունիբանկ» ՓԲԸ –ի  հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Թե ով որքան բաժնեմաս ունի բանկում, բանկի ղեկավարությունը խուսափել է պատասխանել:

Սակայն բոլորովին վերջերս «Յունիբանկը» նոր բաժնետեր է գրանցել: Այն է՝ ոչ ռեզիդենտ Glovery Holding LTD-ն: Մեր հարցմանն ի պատասխան, թե ովքեր են անհայտ ծագման Glovery Holding LTD-ի բաժնետերերը և որքան մասնակցություն ունեն, բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից ստացել ենք հետևյալ պատասխանը. ««Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետեր`  «Գլովերի Հոլդինգ Էլ ԹԻ ԴԻ» ոչ ռեզիդենտ ընկերության երկու մասնակիցները` Գագիկ Զաքարյանն ու Գեորգի Պիսկովը, «Յունիբանկի» հիմնադիրներն ու անուղղակի նշանակալից մասնակիցներն են»:

Ավելին, այս տարի «Յունիբանկը» ՓԲԸ-ն վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության և որոշում կայացրեց նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացնել բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: «Յունիբանկը» հայտել է, որ գործընթացի ավարտից հետո բանկը հանդես կգա կապիտալի համալրման վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ:  

«Բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և իրական ժողովրդական բանկ դառնալու  ռազմավարությամբ: IPO-ի գործընթացը համապատասխանում է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին և նպաստում բանկն առավել հանրային, վստահելի դարձնելուն,  աշխատանքի թափանցիկության ու կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը»,- հարցման պատասխանում գրել է բանկը: 

2014 թվականի վերջին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նվազագույն ընդհանուր կապիտալի մասին պահանջը հասցրեց 30 մլրդ դրամի (2017 թվականից): «Յունիբանկին»  նաև հարցրել էինք, թե ինչպե՞ս կանդրադառնա այս որոշումը բանկի գործունեության վրա, երբ բանկի կանոնադրական կապիտալը շուրջ 22 մլրդ է կազմել, ի՞նչ միջոցներից բանկը պետք է համալրի իր կանոնադրական կապիտալը և արդյոք նախատեսվո՞ւմ են բանկի բաժնետերերի փոփոխություն այս հիմքի վրա:

«Այժմ հայաստանյան «Յունիբանկի» կապիտալը կազմում է շուրջ 22 մլրդ դրամ: Կապիտալի համալրումը բանկը նախատեսում է իրականացնել բանետիրոջ ներդրումների և բանկի շահույթի հաշվին, դիտարկվում է նաև արժեթղթերի տեղաբաշխման հնարավորությունը»,-պատասխանել է «Յունիբանկը»:

Այս տարվա փետրվարի 10-ին բանկի սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, որը հնարավորություն է տալիս սկսել բանկի բաժնետոմսերի շրջանառությունը բորսայում: Այս հարթակում ցուցակվելու համար ընկերության բաժնետոմսերի ազատ շրջանառվող մասը պետք է կազմի նվազագույնը 10%: 

Այս պահի դրությամբ, համաձայն ընկերության կայքի, «Յունիբանկի» ուղղակի նշանակալի մասնակիցը Glovery Holding LTD-ն է, որին պատկանում է բանկի բաժնետոմսերի 92,5 %-ը: Բանկի  անուղղակի նշանակալից մասնակիցներն են Glovery Holding LTD-ն ընկերության երկու մասնակիցներ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը:

Անհասկանալի է, թե ինչու են տարբեր օֆշորային ընկերություններով «խաղարկում» բանկի բաժնետոմսերը, եթե այդչափ պարզ է բաժնետերերի կառուցվածք:  

Լուսանկարում՝ ձախից՝ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter