HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքների խոշորացումը նախադրյալներ ստեղծեց ավագանու ինստիտուտի կայացման համար

Երեկ` փետրվարի 23-ին, Թումանյանի համայնքապետարանում տեղի ունեցավ 2016 թ·-ի փետրվարի 14-ի ընտրության արդյունքում ձեւավորված Թումանյան համայնքի ավագանու անդրանիկ նիստը: Նիստին մասնակցում էր նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, նիստը նկարահանում էին տեղական հեռուստաընկերությունները, նաեւ ուղիղ հեռարձակում էր ապահովված: Թումանյան համայնքում միավորված 1 քաղաքային եւ 6 գյուղական բնակավայրերի՝ Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան, բնակչությունը համակարգչով կարող էր հետեւել ավագանու աշխատանքին:

Նորընտիր ավագանու անդամները հանդիսավոր երդվեցին առաջնորդվել Սահմանադրությամբ եւ օրենքներով, գործել ի նպաստ համայնքի: Մարզպետը տեղեկացրեց, որ ավագանու կազմում գործելու են մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներ:

Խոշորացված 3 համայնքների ավագանու կազմը, ինչպես նաեւ ընտրված համայնքների ղեկավարներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատեց փետրվարի 19-ին:  Ըստ այդմ՝ 2016 թ·-ի փետրվարի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Թումանյան համայնքի ավագանին ունի 9 անդամ, որոնք ընտրվել են 6 բնակավայրից: Ավագանու կազմում Թումանյան քաղաքն ունի 3 անդամ, Լորուտը` 2, իսկ մնացած 4 համայնքները՝ մեկական անդամ: 241 բնակիչ ունեցող Աթան գյուղից ավագանու 1 անդամ էր առաջադրվել, որը բավարար ձայներ չի հավաքել: Մինչդեռ 173 բնակիչ ունեցող Ահնիձորը ավագանու կազմում կներկայացվի մեկ անդամով:

Օրերս Երեւանում հյուրընկալված Լեհաստանի նախագահի խորհրդական, Եվրոպայի խորհրդի ֆինասական եւ տարածքային հարցերով փորձագետ Պավել Սվիանեւիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ խոշորացված համայնքների ողջ բյուջեն համայնքային կենտրոնում ծախսելը բացառելու համար պետք է բոլոր բնակավայրերը պատշաճ կերպով ներկայացված լինեն համայնքում, կարողանան կոալիցիաներ կազմել:

Թումանյան համայնքում միավորված 6 բնակավայրերից ոչ մեկը ավագանու կազմում մեծամասնություն չի կազմում, հետեւաբար մեկ համայնքում միավորված բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու համար ավագանու անդամները որոշումները կկայացնեն կոալիցաներ կազմելու, փոխհամաձայնությունների եւ փոխջիջումների տարբերակով: Միաժամանակ, այս համայնքում ընդգրկված բոլոր բնակավայրերը կունենան վարչական ղեկավար, քանի որ բնակչության թվաքանակով ամենափոքր գյուղում՝ Ահնիձորում, բնակչության թիվը 100-ը գերազանցում է: Հետեւաբար, կարող ենք ասել, որ այս համայնքում նման մտահոգություներ չեն լինի:

Ինչպես նշել ենք մեր նախորդ հրապարակման մեջ, առաջին անգամ ՏԻՄ ընտրությունները կարեւորվեցին ոչ այնքան համայնքի ղեկավարի, որքան համայնքի ավագանու ընտրություններով՝ վերջապես ավագանին կենսունակ, գործող մարմին դարձնելու հնարավորություն է ստեղծվել: Բնակավայրերում համաչափ զարգացումն ապահովելու առումով շահերի բախումն սպասելի է ե'ւ տարբեր բնակավայրերից ընտրված ավագանիների միջեւ, ե'ւ համայնքի ղեկավարի ու ավագանու միջեւ:

Այդ իմաստով լավատեսական կանխատեսումների հիմք չի ստեղծում խոշորացված երեք համայնքներից հատկապես Դիլիջանի ավագանու կազմը (համայնքային կենտրոնը Դիլիջան քաղաքն է): ԿԸՀ-ն փետրվարի 19-ին հաստատեց համայնքի ավագանու կազմը` 15 անդամ, որից 10-ը Դիլիջան քաղաքից են ընտրվել: Այս համայնքում  միավորված 6 բնակավայրերը միասին ավագանու կազմում ունեն 5 անդամ, որից 3-ն ընտրվել են Թեղուտից, 1-ը` Հաղարծինից եւ 1-ը՝ Գոշից:

Dilijan-2016
Create pie charts

Ընդ որում, 2968 ընտրող ունեցող Հաղարծին գյուղից առաջադրված 4 թեկնածուներից 2-ը լիարժեք հնարավորություն ունեին ավագանու կազմում ընդգրկվելու, սակայն մեկին է հաջողվել անհրաժեշտ քանակի ձայներ հավաքել: Գոշից մեկ թեկնածու էր առաջադրվել, երբ կարող էին երկուսը լինել: Սա խոսում է այն մասին, որ նշված գյուղերում լրջորեն չեն վերաբերվել հարցին եւ բավարար աշխատանք չի իրականացվել այդ ուղղությամբ: Դիլիջան համայնքում միավորված Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղերն ավագանու կազմում անդամներ չունեն: 432 բնակիչ ունեցող Հովք գյուղից ընդհանրապես ավագանու թեկնածու չէր առաջադրվել:

Դիլիջան համայնքում ընդգրկված 6 համայնքները, սակայն, կունենան վարչական ներկայացուցիչ, քանի որ ՏԻՄ մասին օրենքում ԱԺ-ի 24.11.2015թ·-ին կատարած փոփոխությունների համաձայն՝ «բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 100-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի մեկ վարչական ներկայացուցիչ»:

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում (նստավայրը` Շինուհայր) միավորված 8 գյուղերից՝ Սվարանց, Հալիձոր, Տաթեւ, Խոտ, Հարժիս, Տանձատափ, Քաշունի, ավագանու կազմում ներկայացված են 6-ը: ԿԸՀ-ի հաստատած 11 հոգանոց ավագանու կազմում 5 անդամ ունի Շինուհայրը, 2 անդամ՝ Խոտ համայնքը եւ մեկակական հոգի ընտրվել են Տաթեւ, Հարժիս, Սվարանց, Հալիձոր համայնքներից: Մեր նախորդ հրապարակման մեջ նշել ենք, որ այս համայնքում միավորված 8 գյուղերից երկուսը՝ Տանձատափը եւ Քաշունին, ավագանու թեկնածուներ չեն առաջադրել: Փոքրաթիվ ընտրողներ ունենալու  պատճառով նրանք չեն կարող ավագանի ընտրել, նույն պատճառով չեն ունենա նաեւ վարչական ղեկավարներ:

ՏԻՄ օրենքում Ազգային ժողովի 24.11.2015 թ·-ին կատարած փոփոխությունների համաձայն՝ «այն բնակավայրերում, որտեղ 100-ից պակաս հաշվառված բնակիչ կա՝ վարչական ներկայացուցչի լիազորություններից բխող գործառույթների իրականացումն ապահովում է համայնքի աշխատակազմը»:

Այսպիսով՝ Շինուհայրից ընտրված 5 ավագանու անդամներն ավագանու կազմում մեծամասնություն չեն կազմում եւ դարձյալ նպաստավոր որոշումներ ունենալու եւ համայնքի ղեկավարին հակակշռելու համար համար ընտրելու են կոալիցիաներ կազմելու տարբերակը:

Ամփոփելով 3 խոշորացված համայնքներում փետրվարի 14-ի ՏԻՄ ընտրության արդյունքները՝ կարող ենք արձանագրել հետեւյալը՝

1. համայնքների խոշորացումը նախադրյալներ ստեղծեց ավագանու ինստիտուտի կայացման համար: Առաջին անգամ ավագանին, հիմնականում, ձեւավորվեց լիարժեք ընտրապայքարի արդյունքում, ընդ որում մրցակցությունը ոչ միայն թեկնածուների միջեւ էր, այլեւ բնակավայրերի՝ ավագանու կազմում հնարավորինս մեծ թվով ավագանու անդամներ ունենալու համար: Դրանով վերջ դրվեց համայնքներում ընդունված տոհմային կառավարմանը կամ ընտանեկան ավագանուն:

2. Շահերի բախում առաջացավ միավորվող բնակավայրերի միջեւ, որն ապահովեց ե՛ւ մրցունակ ընտրություններ, ե՛ւ ավագանին հակակշիռ դարձավ համայնքի ղեկավարին:

3. Կոշտ ընտրապայքարն ավագանու կազմից դուրս մղեց կանանց, որոնց մեծամասնությունը փոքր բնակավայրերում ընդգրկվել էր ընտանեկան, բարեկամական կապերի արդյունքում: Միաժամանակ փաստվեց, որ կանայք պատրաստ չեն ակտիվ մրցապայքարի, իսկ ընտրողները նախապատվությունը տալիս են տղամարդկանց: Խոշորացված 3 համայնքերի ավագանու կազմում միայն 1 կին ավագանի կա՝ Թումանյան համայնքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter