HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հասարակությունից մեկուսացվածը

Կիսաբաց դռնից նախ երեւում է տարօրինակ չափի մի գլխարկ, որի տակից սեւին են տալիս խոշոր, պղտոր ակնախոռոչները: Հետո ծխի միջից՝ կարծես չուզենալով, հայտնվում է ողջ մարմինը՝ մրակոլոլ հագուստի փեշերը ծածանելով: Ձեռքերը բռունցքված են կիսաթեւ ժակետի գրպաններում: Մոտենում է մանրաքայլ, դժկամությամբ՝ ցեխի ու կովի թրիքի խյուսանման զանգվածների վրա ուշադրություն չդարձնելով:

Կնոջ տարիքը դժվարանում եմ որոշել՝ մտածում եմ կլինի երեւի մի 70 տարեկան: Ամենասիրունն անունն է՝ Շահանդուխտ, մնացյալը ծածկված է մրի հաստ շերտի տակ՝ զրկելով անվան տիրոջը կանացի նրբությունից: Որոշակի հեռավորության վրա կանգ է առնում՝ տեղում անհանգիստ հենվելով մի ոտքից մյուսին: Խնդրում եմ, որ մի քիչ էլ մոտենա՝ հասկանալով, որ մարդկանցից՝ այն էլ անծանոթ, որոշակի հեռավորություն պահելը պարտադրված սովորություն է: Տնակից աղիողորմ կլանչոցներ են հնչում: Մրոտված պատուհանի քիչ թե շատ մաքուր հատվածին քիթը հպած հաչում է անհայտ գույնի ու ծագման չորքոտանին:

«Շունս է,-բերանը գրեթե չբացելով, ատամների արանքից սվսվացնելով՝ ի վերջո խոսում է Շահանդուխտը,-կարող է քեզի խածեր (կծեր-հեղ.), ըդուր համար չթողի դուրս գա»: Կանգնել ենք դեմդիմաց ու լռում ենք: Դժվարանում եմ անգամ հարցնել, թե ինչու է այդ վիճակում: Հիշում եմ հոռոմցի Թամարին: Համեմատության մեջ հասկանում եմ, որ նախկին ակնարկիս հերոսուհին ինչ-որ տեղ շահեկան վիճակում է՝ իրենով հետաքրքրվող քույր ու եղբայր ունի: Շահանդուխտը մնացել է անտեր-անտիրական, անգամ պարզ հաղորդակցվելն է մոռացել:

«Տիրություն անող հարազատ մարդ չունի»,-հնչում է ուղեկցիս ձայնը: Երիտասարդ կինն անվանակիցս է: Երանուհին  անցած ամռանը ընտանիքով Գյումրի է տեղափոխվել Լոռու մարզի Աքորի գյուղից: Աշխատում են ֆերմեր Ալբերտ Նալբանդյանի մոտ: Շահանդուխտի հետ ծանոթացել են այստեղ: «Էս ձեւի «երեւույթի» ես հեչ մի տեղ հանդիպած չկայի»,-ձեռքը մեկնելով դեպի Շահանդուխտը՝ նկատում է Երանուհին: «Ոչ կլվացվի, ոչ կլողնա, տարրական հիգիենիան ի՞նչ  է՝ իրա մոտ լրիվ կբացակայե, դրա համար էլ, քուր ջան, չթողեցի, որ դոմիկ մտնես՝ խոլեռա կընգնիս: Համ էլ տեսար՝ ինչ ծուխ ու մուր էր, ներս մտնեիր, հետո պիտի շորերդ թողնեիր Շահանդուխտին նվեր»,-Երանուհին ծիծաղում է:

Շահանդուխտի դեմքն անտարբերություն է արտահայտում, ոչ մի զգացմունք՝ ո՛չ լավ, ո՛չ վատ, դասը չսովորած ծույլ աշակերտի հնազանդությամբ սպասում է, թե երբ իրեն հանգիստ կթողնեմ ու կհեռանամ: Բավական դժվարությամբ ճշտում եմ ազգանունը՝ Մկրտչյան (քանի որ խոսում էր ատամների արանքից՝ շրթունքները գրեթե չհեռացնելով, Մկրտչյանն իր մոտ հնչում էր որպես Միկիչյան-հեղ.), տարիքի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ուսերն է թոթվում. «Չգիտեմ, քուրս գիտեր, էն էլ մահացավ»: Անձնագրի միջոցով ճշտել չի հաջողվում՝ ֆերմայի տերը սեփական նախաձեռնությամբ տարել էր փոխելու, քանի որ վավերականության ժամկետն ավարտվել էր 2010-ին:

Մեզ է միանում Երանուհու ամուսինը՝ Վազգենը: Ասում է՝ ես անձնագիրը տեսել եմ, 54 տարեկան է: Հիմա էլ իմ հերթն է չհավատալու՝ մի՞թե կենսակերպը կարող է այդ աստիճան այլակերպել մարդուն: Ամուսինները պատմում են, որ Շահանդուխտի ընտանիքը Գյումրի տեղափոխվել է Արագածոտնի մարզի գյուղերից, նախքան երկրաշարժը: Շահանդուխտի պնդմամբ՝ իրենք Գյումրի են եկել Վրաստանից, թե կոնկրետ որտե՞ղ է ինքը ծնվել՝ չի հիշում: Ունեցել է քույր ու եղբայր, որոնք մահացել են:

Նախքան երկրաշարժն ապրել են Մանուշյան փողոցում գտնվող շենքերից մեկում, հետո բնակարանի փոխհատուցում են ստացել նորակառույց Անի թաղամասում: Հետագայում այդ բնակարանը վաճառել են: «Ինչո՞ւ» հարցին Շահանդուխտը պատասխանում է. «Մորս էր պետք, հիվանդ էր, իրա համար ծախեցինք»: Բնակարանը կորցնելուց հետո տնակ են ձեռք բերել եւ տեղափոխվել ներկայիս անասնաֆերմայի տարածք, որ ժամանակին փայտամշակման արհեստանոց է եղել:

Շահանդուխտը հարցերիս կցկտուր է պատասխանում՝ մի քանի բառով, նախադասությունները կիսատ-պռատ կառուցելով՝ դրանց շարունակությունը կռահելու պարտականությունը թողնելով ինձ վրա: Օգնության են հասնում Երանուհին ու Վազգենը՝ պատմելով այն, ինչ գիտեն Շահանդուխտի մասին եւ ինչին ականատես են եղել ֆերմայում աշխատանքի անցնելու վեց ամիսների ընթացքում: Ասում են՝ օգնում ենք ինչով կարող ենք, բայց լավ կլիներ տեղական իշխանություններն էլ ուշադրություն դարձնեին, փորձեին միայնակ մնացած կնոջը գոնե ծերանոցում տեղավորել:

19 հազար դրամ թոշակ է ստանում Շահանդուխտը, որից հազար դրամը փոստի աշխատակիցները տալիս են տաքսու վարորդին, որ թոշակը հասցնի տեղ: Ամուսինները դժվարացան ասել՝ նշված գումարը աղքատությա՞ն նպաստ է, թե՞ հաշմանդամության համար տրվող նպաստ՝ ուղղակի հստակ է մի բան, որ ամեն ամիս Շահանդուխտը 18 հազար դրամ եկամուտ է ունենում: Թոշակը կամ նպաստը 54-ամյա կինը ծախսում է ուտելիքի վրա:

Գնումներ կատարում է Երեւանյան խճուղու սկզբնամասում գործող խանութից: Շահանդուխտին արգելում են ներս մտնել, սովորաբար կինը վաճառողին է փոխանցում, թե ինչ է ցանկանում գնել, սպասում է դրսում, մինչեւ իր ուզածը կբերեն: «Փողը կվերցնեն ձեռքից, ինչ հին ապրանք էղնի՝ կուդան,-մտահոգվում է Երանուհին,-դե մենք էդքան ժամանակ չունինք, որ հետեւից ֆռանք կամ հետը խանութ էրթանք, կմտածեմ, որ տեղ-տեղ էլ կխաբեն էս խեղճ կնգան: Անցած ամիս թոշակը ստացել էր, գնացել մի 7 հատ երշիկ էր առել, 20 հատ հավկիթ, մակարոն, հաց: Ու էդ ինչ որ կառնի, կտեւե 2 օր՝ շների, կատուների հետ կուտե, կպրծնի: Վայթեմ կենդանիներն ավելի շատ կուտեն, քան ինքը»:

«Կատուներն իրանից լավ գիտեն թոշակի օրերը,-կատակում է Վազգենը,-հենց փողը ստացած գուկա՝ դեմ կվազեն, մինչեւ էդ էլ խելոք կշարվեն դոմիկի դեմը: Անշառ կնիկ է, պրոստո շատ մեղք է, որ էս վիճակի մեջ է: Գոնե ծերանոց տեղափոխեին, էնտեղ կոկիկ կհագցնեին գոնե, փողոցները չէր թափառե, զիբլանոցներից բան-ման չէր բերե, կուշտ կուտեր, նորմալ կքներ»:

Ծերանոցի անունը լսելիս Շահանդուխտը խուճապահար թափահարում է ձեռքերը, իսկ աչքերում արտասուք է հայտնվում. «Չէ՜, չէ՜, չեմ էրթա, ծերանոց չեմ էրթա…էնտեղ մարդ է մեռել, ես ծերանոց չեմ էրթա ազիզ ջան»: Ասում եմ, լավ, չես ուզում, մի գնա, բայց գոնե լվացվի, Գյումրիում բարեգործական բաղնիք կա, գնա լողացի: «Լողնամ՝ գրիպ կընգնիմ»,-նեղսրտում է Շահանդուխտը: Խնդրում եմ հանել գլխարկը: Սեւ թաղիք հիշեցնող մազերի խուրձը երեք տարվա ընթացքում ոչ մի անգամ սանրի երես չի տեսել: «Կըսեմ՝ մկրատ առնիմ, մազերդ խուզեմ, չի համաձայնվիմ»,-նկատում է Երանուհին:

Շահանդուխտը նախորդ օրն է դեմքն ու ձեռքերը լվացել: Տարածքի հարեւանությամբ բենզալցակայան կա, որի աշխատակից Էդգարը խղճում է կնոջը եւ ամսվա մեջ 2-3 անգամ տաք ջրով դեմքն ու ձեռքերը լվանալու հնարավորություն ընձեռում: Նաեւ գումար է տալիս: Զրուցակիցս ասում է, որ երբ Շահանդուխտը վերադառնում է լցակայանից՝ ձեռքում սեղմած 1000 դրամանոց է միշտ լինում:

«Մի օր մտա, տեսա առանց վերմակ կքնի, ըստեղ մեզնից առաջ աշխատողներ էին եղել, իրանք վերմակ ու բարձ էին թողել, բերել տվել եմ Շահանին, ասի, եթե տերերը գան, ես փողը կուդամ իրանց, կուրտկա է եղել տվել եմ: Ինքն աղբանոցներից կհավաքե, կհագնի, հետո էլ կվառե, թե չէ իրան ո՞վ պիտի շոր տա: Էստեղի աշխատողներից եմ իմացել, որ հունվարն ու փետրվարը եթե կանցնե, ուրեմն կապրի, ամառը որովհետեւ ըստեղ չի մնա, ոտքով սաղ քաղաք ման գուկա, կհասնի մինչեւ Անի թաղամաս, թե ինչ կենե, չի էնե, իրիգվան նոր հետ գուկա: Ֆերմայի տերն էլ՝ Նալբանդյանը, ինչով կրնա կօգնե: Հըմի օր ցուրտ է, առավոտները կելնի, լուսամուտի վրա էն կլոր ծակը կտեսնի՞ս, օր մե քիչմ մաքուր է, ներսից էդ կլոր տեղը կմաքրե, կնստի դեմը, մեզի կնայե, թե մենք անասունը ինչխ կջրենք: Տաք եղանակին կնստի պարսպի մոտ անցնող ավտոներին կնայե, մեկ-մեկ էլ կերգե»:

Զրույցի ընթացքում ժպիտ Շահանդուխտի դեմքին հայտնվում է միայն մեկ անգամ, երբ հարցնում եմ կենդանիներից, որոնց հետ ապրում է: Ասում է` կատու պահում եմ, որովհետեւ մուկ է բռնում: Երբեւէ ամուսնացած չի եղել: Երանուհին կատակում է, թե Սանո անունով սիրած է ունեցել, բայց չեն ամուսնացել, տղան ուրիշին է ընտրել: Խոսակցության վերջին մասը լցնում է Շահանդուխտի համբերության բաժակը: «Ես սիրած չեմ ունեցել, Սանոն ո՞վ է, օր ընձի սիրեր, ես ազապ եմ»:

Մեկնաբանություններ (4)

Երանուհի Սողոյան
Ընթերցողները խնդրում են Շահանդուխտի հասցեն, պիտի ասեմ, որ նա ապրում է Գյումրու Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող անասնաֆերմայի տարածքում: Եթե ցանկություն կա այցելելու ու կոնկրետ որևէ օգնություն ցուցաբերելու` զանգահարեք խմբագրություն և կապվեք ինձ հետ:
Արթուր Քերոբյան:
Հարգելի հայրենակիցներ, բոլորիս այս իրական փաստն դրդում է մարտահրավերի: Եթե մեզնից յուրաքանչյուրն գիտի լավություն անել անշահախնդիր կերպով, ապա անպայման այսպիսի մարդկանց պետք է օգնի: Եվ դրանից հետո մենք կարող ենք, ինքներս մեզ, ստուգելու և պարզելու համար, թե ինչպիսին է մեր մեջ գտնվող էությունն, այն ժամանակ պատասխանն ինքստինքյան ի հայտ կգա: Թե չէ մեր կյանքում հաճախ հանդիպում են մեզ, որոշ մարդիկ, ովքեր մատնանշում են իրենց արած լավություններն այս, կամ այն մարդուն և դրանով իրենց համարում՝ մտահոգ ու մարդասեր անձնավորություններ: Ողջունելի է, եթե մեզնից յուրաքանչյուրն, կամենար ստուգելու ինքն իրեն, թե որքանով է պատրաստ անշահախնդիր լավություն անելու: Ուրեմն, լավություն անել է պետք հենց, այս կնոջն, որպեսզի մենք, մեր մեջ սփոփանք ունենանք: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ և հուսով եմ, որ կգտնվեն իրոք իսկական, բարի մարդիկ, որոնք օգնության ձեռք կմեկնեն այս կնոջն:
Արթուր Քերոբյան
Մոնիկա Գրիգորյան, ցավոք սրտի հասցեն չգիտեմ, բայց արդեն հեղինակն այս տեքստի՝ Երանուհի Սողոյանն, կատարել է հետևյալ գրառումներն մեկնաբանությունների շարքում,- Ընթերցողները խնդրում են Շահանդուխտի հասցեն, պիտի ասեմ, որ նա ապրում է Գյումրու Երևանյան խճուղու սկզբնամասում գտնվող անասնաֆերմայի տարածքում: Եթե ցանկություն կա այցելելու ու կոնկրետ որևէ օգնություն ցուցաբերելու` զանգահարեք խմբագրություն և կապվեք ինձ հետ,- շնորհիվ խմբագրության կատարած աշխատանքների և հատկապես՝ Երանուհի Սողոյանի բարիդրացիական դրսևորումների, մենք բոլորս տեղեկացված ենք լինում այլևայլ մանրամասնություններին, որոնք ազգիս խնդիրներն են, պարտավորեցնող են ճիշտ ընկալող մարդկանց համար: Այս և այլ նմանատիպ խնդիրներին, պետք է շուտափույթ լուծում տրվի: Շնորհակալություն Ձեզ, ձեր բարի գործերի համար: Համոզված եմ, որ այդպիսով շատ խնդիրներ են լուծվել և շարունակվում են լուծվել Ձեր իսկ գրագետ բացահայտումների ու վերլուծությունների, այն դարձնելով ավելի դյուրին, մատչելի՝ ընթերցողներիս համար:
Կարինե
մարդ էսպիսի բաներ է կարդում ուզում է ամոթից մեռնել բա սա պետություն է՞ բա սա իշխանությւոններ ե՞ն Շահանդուխտը ամենքիս ամոթն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter